Զադուր Բահարյան
| Զադուր Բահարյան | |
|---|---|
| Ծնվել է | տարեթիվն անհայտ է |
| Ծննդավայր | Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | 1915 թվական |
| Մահվան վայր | Սեբաստիայի մոտակայք, Դիարբեքիրի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
| Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
| Ազգություն | հայ |
| Կրոն | |
| Կրթություն | Այնթապի քոլեջ, Բազելի Շո դը Ֆոն ադվենտիստական դպրոց (Շվեյցարիա) |
| Ազդվել է | Թեոդոր Էնթոնի |
| Մասնագիտություն | ուսուցիչ, միսիոներ-ավետարանիչ |
Զադուր Գ.[Ն 1] Բահարյան (ծննդյան թվականն անհայտ է, Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1915, Սեբաստիայի մոտակայք, Դիարբեքիրի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու հայ ավետարանիչ և միսիոներ, որին անվանել են և մինչ այժմ հիշատակում են, հատկապես ադվենտիստական աղբյուրներում, որպես «Հայ Յոթերորդ օրվա ադվենտիստական շարժման ռահվիրա», «Անատոլիայի Ադվենտիստական առաքելության հայր», «Լևանտի Մեծ առաքյալ» և «Երկրորդ Պողոս (առաքյալ)»։ Եղել է ամբողջ Օսմանյան կայսրության մեջ առաջին հայ ադվենտիստը, երկրորդ ադվենտիստը՝ Թեոդոր Էնթոնիից հետո, ինչպես նաև Մերձավոր Արևելքի առաջին բնիկը, որը ձեռնադրվեց որպես ՅՕԱ եկեղեցու ծառայող։ Հանդիսանում է Լևանտում ադվենտիստական տպագրական և թարգմանական գործի հիմնադիրը։ Մեծ ներդրում է ունեցել Փոքր Ասիայում, Կ.Պոլսում և այլ շրջաններում Ադվենտիզմի կայացման և տարածման գործում, հատկապես հայերի շրջանում։ 1915 թվականին նահատակվել և դարձել է Հայոց ցեղասպանության զոհ[1][2]։
Ծանոթություն Ադվենտիզմին
[խմբագրել | խմբագրել կոդը]Բահարյանի մանկության մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Հայտնի է միայն, որ նա ծնվել է Օսմանյան կայսրության Կիլիկիայի Ադանա քաղաքում, որտեղ որոշ ժամանակ որպես դպրոցական ուսուցիչ է աշխատել[3]։
Առաջին անգամ նա լսել էր ադվենտիզմի մասին Այնթապի քոլեջում ուսանելու տարիներին՝ իր հոր ուղարկած գրքույկներից, որի տանը վարձով ապրում էր Թեոդոր Էնթոնին՝ առաջին ադվենտիստը Թուրքիայում, որը վերադարձել էր 1889 թվականին[4]։
Երբ 1890 թվականին Զ. Բահարյանը ամառային արձակուրդների ժամանակ՝ հունիս ամսին, տուն վերադարձավ, կապ հաստատեց Էնթոնիի հետ[5]՝ նրանից վերցնելով ադվենտիստական հայտնի ջատագովներ Ուրիա Սմիթի «Դանիել և Հայտնություն» և Ջոն Էնդրյուսի «Շաբաթվա պատմությունը» գրքերը, որոնք զուգորդվելով Էնթոնիի բացատրությունների հետ համոզեցին Բահարյանին ընդունել ադվենտիզմը[6]։ Հենց նույն թվականի ամռանն էլ Բահարյանը մկրտություն ընդունեց[7][8]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթության ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Հենրի Հոլսերը՝ ՅՕԱ եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի առաքելության նախագահը, ծանոթացավ Բահարյանին հետ, համոզեց նրան մեկնել Շվեյցարիա և կրթություն ստանալ Շո դը Ֆոնի ադվենտիստական դպրոցում, ուր նա ժամանեց 1890 թվականի սեպտեմբերի 16-ին[5], և մնաց այնտեղ 18 ամիս։
Այդ ընթացքում Բահարյանը ոչ միայն ադվենտիստական աստվածաբանություն է ուսանել, այլև «իր ժամանակի մի մասը նվիրելով գրասենյակային աշխատանքին, նա թարգմանել է մի շարք աստվածաշնչյան ընթերցումներ հայերեն և ուղարկել դրանք նամակագրության հետ միասին Փոքր Ասիայի տարբեր մասեր»[9]։
Դրա շնորհիվ 6 ամսվա ընթացքում ավելի քան 10 000 էջեր ուղարկվեցին Փոքր Ասիայի 12 բնակավայրերում բնակվող մոտ 300 մարդկանց, որի արդյունքում հետ են ստացել հետաքրքրվող անձանց կողմից 59 նամակ[5][10]։
Վերադարձից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1892 թվականի մարտին Բահարյանը վերադարձավ Կոստանդնուպոլիս՝ անմիջապես անցնելով ավետարանչական աշխատանքին և իր տանը ստեղծելով խումբ, որտեղ ուսումնասիրում էին Աստվածաշունչը։
Համագործակցելով Թեոդոր Էնթոնիի հետ՝ երկու աշխատողները ձեռք բերեցին տպագրության թույլտվություն և անմիջապես թարգմանված նյութերը հանձնեցին տպագրական մեքենային՝ հրատարակությունների համար։ Քանի որ գրականության զգալի քանակություն սկսեց փոստով առաքվել ամբողջ երկրով մեկ, շուտով կեղծ մեղադրանքների պատճառով երկու տղամարդիկ էլ բանտարկվեցին՝ դառնալով բազմաթիվ բանտարկություններից առաջինը։ Այս անգամ թուրք պաշտոնյաները հասկացան, որ նրանք օրինական թույլտվություններ ունեն և 4 օր անց ազատ արձակեցին նրանց։

1892 թվականին Բահարյանը և Թեոդոր Էնթոնին Կոստանդնուպոլսում անցկացրին առաջին ավետարանչական ժողովները, որոնց արդյունքում Ամերիկյան աստվածաշնչային ընկերության հույն գրական ավետարանիչներից մեկը դարձավ առաջին նորադարձը։ Մի քանի ամիս անց եկեղեցուն միացան ևս 6 նորադարձներ, որոնցից մեկը հետագայում դարձավ Բահարյանի կինը։
1893 թվականին ավետարանչական ժողովներ անցկացվեցին նաև Օվաջիկում, Պարտիզակում, Հալեպում (ներկայիս Սիրիայի տարածքում) և Ալեքսանդրետտայում (ներկայիս Իսկենդերուն), որտեղ նախապես տարածված հրատարակությունները մեծ հետաքրքրություն էին առաջացրել։
Նորադարձների և մկրտությունների թվի աճին զուգընթաց կազմավորվեցին եկեղեցական խմբեր, իսկ Շաբաթօրյա դպրոցի դասերը, բրոշյուրներն ու գրքերը նպաստեցին նորադարձների ընդունված հայացքների ամրապնդմանն ու համայնքների համախմբմանը։
Այս գործունեությունը ծավալվում էր լուրջ դժվարությունների պայմաններում։ Նրանք ամենուր բախվում էին ընդդիմության և հալածանքների, հաճախ ձերբակալվում ու բանտարկվում, սակայն ազատ արձակվելուց հետո կրկին շարունակում էին իրենց քարոզչական ծառայությունը։ Երբ ավետարանական պատգամն առաջին անգամ ներկայացվեց Օվաջիկում, գյուղում մեծ իրարանցում առաջացավ․ բնակիչները երկու անգամ վտարեցին միսիոներներին և քարկոծեցին այն տունը, որտեղ նրանք բնակվում էին և անցկացնում իրենց ժողովները։
1894 թվականին[Ն 2] Զադուր Բահարյանը դարձավ Մերձավոր Արևելքից առաջին բնիկը, որը ձեռնադրվեց Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու հովվական ծառայության[11]։ Ձեռնադրության արարողությունը կատարել է Հ. Հոլսերը, ինչից հետո նրանք երկար շրջակայություն կատարեցին Փոքր Ասիայում, որի ընթացքում 3 նոր եկեղեցիներ հիմնադրեցին Կոստանդնուպոլսում, Օվաջիկում և Պարտիզակում, ինչպես նաև խումբ Ալեքսանդրետտայում (այժմ՝ Իսքենդերուն)։
Ադվենտիստական «Advent Review and Sabbath Herald» թերթում 1894 թվականի ապրիլ և մայիս ամիսներին հրապարակված հոդվածներում պատմվում էին աշխատանքի առաջընթացի մասին բազմաթիվ հետաքրքիր պատմություններ։

Դժվարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]23 տարի տևած միսիոներական ծառայության ընթացքում Զադուր Բահարյանը բանտարկվել է ավելի քան 30 անգամ[12]։ Հաճախ նրա ձերբակալությունները տեղի են ունենում կեղծ մեղադրանքներին հիման վրա, և դատարանի քննությունից հետո, նման իրավիճակներում, նա բազմիցս արդարացվել է[13]։
Հենրի Հոլսերը դեռ 1894 թվականին «Review and Herald»-ում գրել էր.
| Բոլոր դաշտերից Թուրքիան ամենաոգեշնչողն է եղել։ Այնտեղ հանդիպող դժվարությունները ամենամեծն են, այնուամենայնիվ, մեր աշխատանքի նկատմամբ մշտական հետաքրքրություն և աճ է նկատվում։ Եղբայրներ Բահարյանը և Էնթոնին անցյալ տարվա ընթացքում մի քանի անգամ բանտարկվել են և արգելվել է հանրային հանդիպումներ անցկացնել։ Եղբայր Բահարյանը երկու անգամ հարձակման է ենթարկվել ամբոխի կողմից։ Այնուամենայնիվ, Տերը հրաշալիորեն պաշտպանել է նրանց, և նրանք դեռևս նույնքան ակտիվ են հանդիպումներ անցկացնելու հարցում, որքան աշխատողները այն դաշտում, որտեղ նման դժվարություններ չկան[14]։ |
Վախճանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Զադուր Բահարյանը մահացել է Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի հուլիսին[12]։ 1914-1915 թթ. Օսմանյան կայսրությունում մեծագույն ճգնաժամը ապրեց նաև Ադվենտիստական եկեղեցին։
Միլդրեդ Օլսոնի կողմից հավաքագրած տեղեկությունների համաձայն՝ Լևանտի առաքելության նախագահը հանձնարարեց Բահարյանին միսիոներական այց կատարել Թուրքիայի ներքին շրջանները՝ մեկտեղ այցելելով այնտեղի ադվենտիստներին։ Չնայած որ որոշ ադվենտիստներ խնդրեցին չեղարկել այդ որոշումը կամ չկատարել այն, քանի որ դա անչափազանց վտանգավոր էր, Բահարյանն իր պարտքը համարեց կատարել այն։
Սակայն, երբ Բահարյանը հասավ այնտեղ, եկեղեցու հետևորդներդն արդեն կամ սպանվել, կամ էլ աքսորվել էին։ Բահարյանը ձերբակալվեց զինվորների կողմից, բանտարկվեց, խոշտանգման ենթարկվեց, ինչից հետո պետք է ուղարկվեր Կոստանդնուպոլիս։
Այդ ճանապարհին՝ Սեբաստիայից մոտ 20 մղոն հեռավորության վրա, զինվորները կանգ առան և պահանջեցին Բահարյանին դրժել և ուրանալ քրիստոնեությունը։ Բահարյանը մերժեց այդ պահանջը, և երբ նա ծալեց իր ձեռքերը հաղորդի համար՝ մեջքին արձակված փամփուշտով սպանվեց։ Նրա մարմինը գցվեց մոտակայքում, իսկ շորերը հանվեցին և տարվեցին շուկա։[15][16]։
Հուշեր և վկայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլդրեդ Օլսոնը՝ լինելով նախկին միսիոներ Լիբանանում, այնտեղ ծանոթացել էր երկու հայերի հետ, որոնք 1914-1915 թվականների հալածանքներից խուսափելով Բեյրութ էին փախչել։ Նրանք անձամբ ծանոթ են եղել Բահարյանի հետ, նրա գործունեությանը, ինչպես նաև հենց նրանից լսել են Էնթոնիի հետ աշխատանքի մասին և այլն։
Նրանցից հավաքագրած տեղեկությունների հիման վրա Միլդրեդ Օլսոնը 1996 թվականին գրառել է Զադուր Բահարյանի կենսագրությունը, որը, թեև համառոտ է ու վերաշարադրում է արդեն հայտնի բազմաթիվ փաստերը, այնուամենայնիվ՝ լրացնում է որոշ կարևոր բացթողումներ՝ ամբողջացնելով այն։[16]
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զադուր Բահարյանի կողմից փոխանցված պատմությունները կապված ադվենտիստների գործունեության հետ տպագրվել են «Advent Review and Sabbath Herald» ադվենտիստական պաշտոնական թերթի ավելի քան 150 համարներում[17], որոնք, հատկապես ադվենտիստական համատեքստում, կարևոր փաստագրական և պատմական արժեք են ներկայացնում։
Տե՛ս նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ամբողջական հայրանունը հայտնի չէ։ Ադվենտիստական թերթերում նշվել է որպես Zadour G. Baharian, սակայն արևմտահայերենից անգլերեն անունները տառադարձելիս «գ»-ով են գրվել նաև այլ տառերով սկսվող անուններ (օրինակ՝ Կարապետը՝ Garabed )։
- ↑ Նույն 1894 թվականի մարտի 12-ին՝ Հ. Հոլսերի այցի ժամանակ, Կոստանդնուպոլսում պաշտոնապես բացվեց առաջին Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Baharian, Zadour G. (d. 1915) - Adventist Encyclopedia». www.encyclopedia.adventist.org. Սվեն Հագեն Ջենսեն (անգլ.՝ Sven Hagen Jensen). 14 հուլիսի 2022 թվական.
- ↑ «Baharian, Zadour G.», Seventh-day Adventist Encyclopedia (SDAE), երկրորդ վերանայված հրատ., 1996 թվական, 751; A. W. Spalding, Origin and History of Seventh-day Adventists (Hagerstown, MD: «Review and Herald Publishing Association», 1869 թվական), էջ 87
- ↑ Հենրի Հոլսեր (մայիսի 15, 1894 թվական). «Cilicia» (PDF). Advent Review and Sabbath Herald. Vol. 71, no. 20. էջ 308. Վերցված է 2026 թվականի հուլիսի 13-ին.
- ↑ Ք. Դ. Մակ-Մուդի (անգլ.՝ C. D. AcMoody) (օգոստոսի 12, 1909 թվական). «The Turkish Mission, Past History» (PDF). Advent Review and Sabbath Herald. Vol. 86, no. 32. էջ 17. Վերցված է 2026 թվականի հուլիսի 13-ին.
- 1 2 3 Զ. Գ. Բահարյան (21 հունիսի, 1892 թ.). «The Third Angel's Message in Constantinople» (PDF). Advent Review and Sabbath Herald. Vol. 69, no. 25. էջ 390. Վերցված է 2026 թվականի հուլիսի 13-ին.
- ↑ Emma Howell Cooper, The Great Advent Movement, revised and enlarged 1968 (Hagerstown, MD: Review and Herald Publishing Association, 1849), 207.
- ↑ Միլդրեդ Թոմփսոն Օլսոն (2004 թվականի հունիսի 22). «In Search of People: How the Adventist Message Entered Turkey» (PDF). Advent Review and Sabbath Herald. Vol. 181, no. 30. էջ 11. Վերցված է 2026 թվականի հուլիսի 14-ին.
- ↑ “Turkey,” Seventh-day Adventist Encyclopedia (SDAE), 6,519
- ↑ Հենրի Հոլսեր (21 հուլիսի, 1891 թ.). «Asia Minor» (PDF). Advent Review and Sabbath Herald. Vol. 68, no. 29. էջ 454. Վերցված է 2026 թվականի հուլիսի 14-ին.
- ↑ ՅՕԱԵԳՎ, «Year's work in foreign fields», «Յոթերորդ օրվա ադվենտիստների տարեգիրք, 1892» (անգլ.՝ «Seventh-day Adventist YearBook, 1982»), Բաթլ Քրիկ, «Review and Herald Publishing Company», էջ 67։
- ↑ Հենրի Հոլսեր (ապրիլի 10, 1894 թ.). «The Mission Field. Constantinople» (PDF). Advent Review and Sabbath Herald. Vol. 71, no. 15. էջ 230. Վերցված է 2026 թվականի հուլիսի 13-ին.
- 1 2 «Gedenken an Adventisten als Opfer des armenischen Völkermords vor hundert Jahren». www.adventisten.de. Դանիել Հայնց. 11 հոկտեմբերի, 2015 թվական.
- ↑ Զադուր Գ. Բահարյան (9 նոյեմբերի, 1905 թվական). «News From Haran—1» (PDF). Advent Review and Sabbath Herald. Vol. 82, no. 45. էջ 14. Վերցված է 2026 թվականի հուլիսի 14-ին.
- ↑ H. P. Holser, “The Central European Field,” Advent Review and Sabbath Herald, 17 ապրիլի 1894 թվական, 244
- ↑ «Medz Yegern - Adventist Encyclopedia». www.encyclopedia.adventist.org. Հովարդ Ա. Մունսոն (անգլ.՝ Hovard A. Munson IV). 13 ապրիլի 2022 թվական.
- 1 2 Միլդրեդ Թոմփսոն Օլսոն (2004 թվականի հունիսի 22). «In Search of People: How the Adventist Message Entered Turkey» (PDF). Advent Review and Sabbath Herald. Vol. 181, no. 30. էջ 13. Վերցված է 2026 թվականի հուլիսի 13-ին.
- ↑ ARH - Zadour Baharian