Զաբար[2][3] (մալթայերեն՝ Ħaż-Żabbar, պատմական անվանումը՝ Zabbaria[4]), քաղաք Մալթայի հարավարևելյան մասում։ Բնակչության թվաքանակով երկրում զբաղեցնում է հինգերորդ տեղը[5]. 2014 թվականի մարտի վերջերին քաղաքում ապրում էր 15.404 մարդ[6]։
Սկզբնապես լինելով Զեյթուն քաղաքի թաղամասերից մեկը՝ Զաբարը 18-րդ դարի վերջերին առանձնացվել է, առանձին քաղաքի կարգավիճակ ստսցել և Մալթայի ասպետների ուխտի վերջին մեծ մագիստրի՝ Ֆերդինանդ ֆոն Հոմպեշի պատվին անվանվել Città Hompesch: 1997 թվականին Զաբբարը բարեկամացել է իտալականՊալերմոյի մետրոպոլիսի մեջ մտնող Վիլլաբատե քաղաքի հետ։
Հնագիտական պեղումների արդյունքները վկայել են, որ քաղաքի ներկայիս տարածքն ու նրա շրջակայքը բնակեցված են եղել դեռևս նախապատմական ժամանակներում։ Մարդիկ այստեղ ապրել են նաև հին և միջին դարերում։ Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1565 թվականին՝ Մալթա կղզու թուրքական պաշարման առնչությամբ։ Հետագայում Մալթան կառավարած Սուրբ Հովհաննեսի ուխտի ասպետները պարսպապատել, ամրացրել են բնակավայրը, որի չափերը էական փոփոխություններ չեն կրել հաջորդած դարերում՝ Նապոլեոն Բոնապարտի, Մեծ Բրիտանիայի տիրապետության շրջաններում։