Եփրատի բարդի
Եփրատի բարդի | |
![]() Եփրատի բարդի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մալպիգիածաղկավորներ (Malpighiales) |
Ընտանիք | Ուռազգիներ (Salicaceae) |
Ցեղ | Բարդի (Populus) |
Տեսակ | Եփրատի բարդի (P. euphratica) |
Միջազգային անվանում | |
Populus euphratica | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Բարդի Եփրատի (լատիներեն՝ Populus euphratica), ուռազգիների ընտանիքին պատկանող բարդի ցեղի բույս։
Փոքր ծառ է, մինչև 10-12 մ բարձրությամբ, գորշամոխրավուն, ճաքճքված կեղևով և մոխրասպիտակ, մերկ ընձյուղներով։ Բողբոջները թավոտ են։ Տերևները կաշվեկերպ են, մոխրակապտավուն և մերկ։ Այս ծառատեսակը հետաքրքիր է այն բանի շնորհիվ, որ մեկ ծառի վրա կարելի է տեսնել ամենաբազմազան ձևի տերևներ․ ձվաձև, ռոմբաձև, լայն դելտայանման, երկարավուն նշտարաձև, ամբողջաեզր ու բլթակավոր և այլն։ Այս հետաքրքիր երևույթը տարատերևություն է կոչվում։ Բաժանասեռ է։ Արական կատվիկներն ունեն 3-5սմ երկարություն, 25-30 առէջ։ Իգական կատվիկներ երկարությունը 4-5 սմ է։ Պտուղը տուփիկ է։ Չափազանց ջերմասեր է, շոգադիմացկուն և լուսասեր, պահանջկոտ է խոնավության նկատմամբ, արտակարգ դեկորատիվ բույս է։ Կեղևի մեջ խեժանութեր է պարունակում, որոնք օգտագործում են ժողովրդական բժշկության բնագավառում։ Բազմանում է սերմերով և վայրակներով։ Վատ է տանում օդի չորությունը[1]։
Մեր հանրապետության սահմաններում հանդիպում է միայն Մեղրիում, իսկ ընդհանրապես տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Աֆղանստանում, Հնդկաստանում, Փոքր Ասիայում։ Աճում է ծովի մակերևույթից մինչև 1000մ բարձրության վրա[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է, որը հանդիպում է Արաքս գետի հունի երկարությամբ, դրա մեջ թափվող գետերի ափին և Մեղրու ֆլորիստիկական շրջանում։ Հայտնի է մեկ պոպուլյացիա Երևանի ֆլորիստիկական շրջանում և Ուրծի լեռնաշղթայի կիրճում։ Աճման վայրերի պայմանների փոփոխությունը, կապված հատկապես տարածքների ինտենսիվ յուրացման հետ, կարող է առաջացնել բնակության շրջանի կրճատում։ Քանի որ տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծառերը, «Սովետական Գրող»Հրատարակչություն, Երևան-1983
- ↑ Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|
|