Երևանի օրթոպեդիայի և տրավմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երևանի օրթոպեդիայի և տրավմոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ Ք․ Պետրոսյանի անվան, հիմնվել է 1945 թվականի օգոստոսին (մինչև 1959 թվականը անվանվել է Երևանի օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության ինստիտուտ)։ Կազմակերպման գործում կարևոր դեր են խաղացել Ք․ Պետրոսյանը, Ս․ Հովհաննիսյանը, Ի․ Իսահակյանը, Ս․ Մուշեղյանը, Հ․ Աստվածատուրյանը, Ա․ Թոխյանը, Լև Ռախմանը, Ս․ Պետրոսյանը։

Առաջին տարիներին հիմնական խնդիրն է եղել պատերազմի հաշմանդամների հաշվառումը և ստացիոնար բուժման կազմակերպումը։ Հետագայում ստեղծվել են տրավմատոլոգիական, մեծահասակների օրթոպեդիական, նյարդա-վիրաբուժության, ծնոտ-դիմային վիրաբուժության բաժանմունքներ, ավելի ուշ վերջին երկուսը առանձնացվել են որպես Երևաևի բժշկական ինստիտուտի ինքնուրույն կլինիկաներ։ 1975 թվականին գործում Էին 6 լաբորատորիա, բուժական ֆիզկուլտուրայի, ֆիզիոթերապիայի կաբինետներ, ռենտգենյան և փորձառական բաժանմունքներ։ Ուսումնասիրվում են ոսկրերի փակ ու բաց կոտրվածքների, կենտրոնական ու ծայրամասային նյարդային համակարգի վնասվածքների, երեխաների և մեծահասակների բնածին ու ձեռքբերովի ձևախախտումների (դեֆորմացիա), պոլիոմիելիտի մնացորդային երևույթների, արթրոզների բուժման և կանխարգելման հարցերը, մշակվում հյուսվածքների վերականգնման, պատվաստման և պահածոյացման նոր մեթոդներ։ 1945—1975 թվականներին բուժվել են ավելի քան 86 հազար, վիրահատվել՝ 34 հազար հիվանդ։ 1949-1967 թվականներին հրատարակվել են 9 հատոր գիտական աշխատությունների ժողովածուներ, պաշտպանվել են դոկտորական յոթ և թեկնածուական երեսունվեց դիսերտացիաներ։ 1975 թվականին աշխատում էին բժշկական գիտությունների 5 դոկտոր և 18 թեկնածու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 580 CC-BY-SA-icon-80x15.png