Երևանի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերությունը մեծ տեղ է զբաղեցնում տնտեսության մեջ։ Մայրաքաղաքի արդյունաբերության տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ի կառուցվածքում շուրջ 52,0 % է. այստեղ են արտադրական հզորությունների գրեթե կեսը, շինարարական ոլորտի 88,0 %-ը, թողարկվում է արդյունաբերական արտադրանքի 49,0 %- ը (մշակող արդյան 61,0 %-ը), իրականացվում է մանրածախ ապրանքաշրջանառության 84,0 %-ը, հանրային ծառայությունների՝ 91,0 %-ը, այդ թվում՝ հյուրանոցային ծառայությունների՝ 89,9 %- ը, տրանսպորտային ծառայությունների՝ 89,1 %-ը, ֆինանսական գործունեության՝ 97.0 %-ը, անշարժ գույքի հետ կապված գործառույթների՝ 87,0 %-ը, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի ծառայությունների՝ 99,0 %-ը, արտահանման՝ 52,0 %-ը, ներմուծման՝ 82,0 %-ը։ Երևան քաղաքի արդյունաբերական արտադրանքի կառուցվածքի մեջ զգալի բաժին է կազմում մշակող արդյունաբերությունը՝ 86,0 %, իսկ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրությունն ու բաշխումը և հանքագործական արդյունաբերությունը՝ համապատասխանաբար՝ 13,1 % և 0,9 %։ Մշակող արդյունաբերության արտադրանքի ընդհանուր ծավալում սննդամթերքի տեսակարար կշիռը 42,3 % է, պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությանը՝ 4,25 %, հրատարակչական և պոլիգրաֆական գործունեությանը՝ 4,16 %, քիմիական արդյունաբերությանը՝ 3,87 %, ծխախոտի արտադրատեսակների արտադրությանը՝ 2,9 % (2011 թվական)։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի տնտեսության մեջ փոքր բաժին է զբաղեցնում գյուղատնտեսությունը։ Երևանի գյուղատնտեսությունը մասնագիտացած է անասնաբուծության և բուսաբուծության մեջ։ ՀՀ գյուղատնտեսական համախառն արտադրանքում Երևանի բաժինը մոտ 0,7 % է (2011 թվական) և այլն։

Տրանսպորտ և կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ՀՀ, այնպես էլ Երևանի տնտեսության ամենակարևոր ճյուղերից են տրանսպորտն ու կապն։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի մետրոպոլիտենի ոչ պաշտոնական լոգոն

1901 թվականին Երևանը երկաթուղով կապվել է Թիֆլիսի, իսկ 1906 թվականին՝ Ջուլֆայի հետ։ Առաջին ավտոմեքենան Երևան մուտք է գործել 1913 թվականին, նույն թվականին քաղաքը հեռախոսաֆիկացվել է՝ 80 հեռախոսահամարով։ Բեռնաուղևորափոխադրումներն իրականացվում են ավտոմոբիլային և էլեկտրատրանսպորտով։ Երևանն ունի երկթուղային կայարան, որն օդանավակայանի հետ ապահովում է կապն արտաքին աշխարհի հետ։ Երևան քաղաքի տրանսպորտի ապահովման համար օրական գործում են 413 ավտոբուս, 2670 միկրոավտոբուս և 88 տրոլեյբուս։ Երևանում տրամվայ գործել է 1933 թվականից, իսկ 1980-ական թվականների վերջերից տրամվայի ցանցի երկարությունը հասել է 96 կմ-ի։ 2004 թվականից տրամվայը Երևանից հանվել է, գծերն ապամոնտաժվել են։ Տրոլեյբուսի երթևեկությունը Երևանում սկսվել է 1949 թվականին։ 1980-ական թվականների վերջերին տրոլեյբուսի երթուղիների երկարությունը հասել է 256 կմ-ի, որից գործում է 72 կմ-ը (5 երթուղի) (2012 թվական)։ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում կա 89 տրոլեյբուս։ Բացօթյա սրճարան Երևանի մետրոպոլիտենի (1999 թվականից՝ Կարեն Դերիրճյանի անվան) շինարարությունն սկսվել է 1972 թվականին։ Առաջին գիծը՝ 11,47 կմ երկարություն, շահագործման է հանձնվել 1981 թվականին՝ «Բարեկամություն», «Սարալանջի» (այժմ՝ «Մարշալ Բաղրամյան»), «Երիտասարդական», «Լենինի հրապարակ» (այժմ՝ «Հանրապետության հրապարակ») և «Սասունցի Դավիթ», 1983-1996 թվականներին՝ «Գործարանային», «Հոկտեմբերյան» (այժմ՝ «Զորավար Անդրանիկ»), «Շենգավիթ», «Սպանդարյան հրապարակ» (այժմ՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ») և «Չարբախ» կայարանները։ Շահագործվող գծի երկարություն 13,4 կմ է, ուղևորահոսքը՝ 50 հազար մարղ/օր (2012 թվական)։ Երևանի մետրոպոլիտենի զարգացման հեռանկարային սխեմայի (ճարտարապետներ՝ Է. Պապյաև, Ֆ. Մարկոսյան, ճարտարագետ՝ Է. Ստեփանով) համաձայն՝ մետրոյի ցանցը կլրացվի դեպի Աջափնյակ, Նոր Արեշ, Սեբաստիա, Նորքի զանգված տանող ուղիներով։ Երևանի ճոպանուղին գործել է 1967-2004 թվականներին։ Այն ուղիղ տրանսպորտային կապ է ապահովել Հերացու փողոցից դեպի Նորք։ Երևանը Հայաստանի գլխավոր օդային դարպասն է՝ «Զվարթնոց» միջազգային օդակայանով, որը 2011 թվականին փոխադրել է 1,6 միլիոն ուղևոր։

Կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանում են սևեռված Հայաստանի բջջային և համացանցային կապի ոլորտում բարձրակարգ ծառայություններ մատուցող բոլոր խոշոր ընկերությունների (Վիվա-ՄՏՍ, Բիլայն, Յուքոմ) կենտրոնական գրասենյակները, իսկ կապի ծառայություններից ստացված հասույթը 2008 թվականի ընթացիկ գներով, առանց ավելացված արժեքի հարկի, կազմել է 156,56 միլիարդ դրամ։

Առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտուրը զբաղեցնում է Երևանի տնտեսության մեծ մասը։ 2010 թվականին մանրածախ առևտրի շրջանառությունը Երևանում կազմել է 980 միլիարդ դրամ, որը 2009 թվականի համեմատությամբ ավելացել է շուրջ 9 %-ով։ 2010 թվականին Երևանում միջին հաշվով մեկ բնակչին ընկնող առևտրի տարեկան շրջանառությունը կազմել է 876 հզ դրամ, որը 2009 թվականի համեմատությամբ ավելացել է շուրջ 9 %-ով։ Մեկ բնակչին ընկնող առևտրի շրջանառությունը հանրապետության միջին ցուցանիշը գերազանցել է 244,6 %-ով։ Մանրածախ առևտրի օբյեկտների թվաքանակում (11.210, 2010 թվական) մեծ է խանութների (8772) և կրպակների (2278) տեսակարար կշիռը, որոնք կազմում են հանրապետության՝ համապատասխանաբար՝ 67 % և 39 %-ը։ 2005-2010 թվականներին այդ օբյեկտների քանակն ավելացել է 1853 միավորով։ Հանրապետության արտահանման ընդհանուր ծավալում 2005 թվականին Երևանին բաժին է ընկել 59,02 %-ը, 2007 թվականին՝ 57,75 %-ը, 2008 թվականին՝ 55,3 %-ը, 2010 թվականին՝ 53 %-ը։ 2005-2010 թվականներին, ներմուծման ծավալների աճին զուգընթաց, դիտվել է ներմուծման ծավալների տեսակարար կշռի աճ, որը հանրապետության ներմուծման ընդհանուր ծավալում կազմել է՝ 2005 թվականին՝ 69,8 %, 2006 թվականին՝ 71,9 %, 2008 թվականիև՝ 82,0 %, 2010 թվականին՝ 80,7%։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։