Երվանդ Մանարյանի հուշարձան
![]() | |
![]() | |
| Տեսակ | հուշարձան |
| Ստեղծում | 2024 |
| Երկիր | |
| Բնակավայր | Երևան |
Երվանդ Մանարյանի հուշարձան, բրոնզաձույլ քանդակ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի առջևի մայթին։ Նվիրված է դերասան, ռեժիսոր, սցենարիստ, Հայաստանի ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանին։ Տեղադրվել է 2024 թվականին՝ դերասանի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակի հիմքում է «Հարսնացու հյուսիսից» կինոֆիլմի այն դրվագը, որում Երվանդ Մանարյանը սլանում է մոտոցիկլետով։ Նրա ձեռքում «Անհաղթ աքլոր» ներկայացման կերպարն է[2], կողքին մեղվի մարմնով տիկնիկի տեսքով պատկերված է Երվանդ Մանարյանի ընկեր և գործընկեր Ռուբեն Բաբայանը։ Ըստ քանդակի հեղինակ Արմենակ Վարդանյանի՝ Բաբայանն այդպես է պատկերվել, քանի որ մեղուն աշխատասիրության խորհրդանիշ է, իսկ Բաբայանը Երվանդ Մանարյանից հետո տիկնիկային թատրոնը ղեկավարում է 25 տարի[1]։
Քանդակի ստեղծումը տևել է մոտ ութ ամիս։ Քանդակը պատվանդան չունի, տեղադրվել է մայթի հարթության վրա։ Դա արվել է, որպեսզի անցորդները կարողանան «շփվել» քանդակի հետ, նստել, կանգնել և լուսանկարվել[1]։
Քանդակը ձուլված է բրոնզից, բարձրությունը 2,8 մետր է[3]։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քանդակագործ՝ Արմենակ Վարդանյան
- Ճարտարապետ՝ Միքայել Միսակյան[3]
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձանը տեղադրելու որոշումը կայացվել է Երևանի ավագանու՝ 2024 թվականի մայիսի 14-ի նիստին[4]։ Արձանը պատրաստելու և տեղադրելու աշխատանքներն իրականացնելու համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 65 մլն դրամ[3]։
Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 31-ին։ Ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնյաներ, արվեստագետներ և արվեստասերներ։ Ելույթ են ունեցել ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը[1]։
Քանդակը բացել է դերասանի որդին՝ գրող, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Ազգային տիկնիկային թատրոնի դիմաց կանգնեցվեց Երվանդ Մանարյանի արձանը». Armenpress. 2024-10-31. Վերցված է 2024-11-13-ին.
- ↑ «Հայտնի է՝ որտեղ կտեղադրվի և ինչ տեսք կունենա Երվանդ Մանարյանի արձանը». 08 Օգոստոս, 2024.
- ↑ 3,0 3,1 3,2 «Կենսուրախ հայ մարդու կերպարը՝ արձանում․ Երևանում հանդիսավորությամբ բացվեց Երվանդ Մանարյանի արձանը». civic.am. Վերցված է 2024-11-13-ին.
- ↑ «Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը կտեղադրվի Հովհ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի հարակից տարածքում». Armenpress. 2024-05-14. Վերցված է 2024-11-13-ին.


