Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգի
Տեսակկենդանաբանական այգի
Երկիր Իսրայել
ՎարչատարածքԵրուսաղեմ
Հիմնվել է1940
Մակերես25 հեկտար
Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգիը գտնվում է Իսրայելում
Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգի

Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգի (1990-ական թվականներից պաշտոնական անվանումը, Տիշ ընտանիքի անվան Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգի (եբրայերեն՝ גן החיות התנ"כי בירושלים על שם משפחת טיש‎, արաբ․՝ حديقة الحيوان الكتابية في أورشليم القدس‎‎)), կենդանաբանական այգի Երուսաղեմում։ Գտնվում է Արևմտյան Երուսաղեմի Մալխա միկրոշրջանում։ Հիմնադրվել է 1940 թվականին Երուսաղեմի հրեական համալսարանի կենդանաբանության պրոֆեսոր Ահարոն Շուլովի կողմից։

Կենդանաբանական այգու առանձնահատկությունն այն է, որ այստեղ ներկայացված են Թանահում հիշատակված Իսրայել երկրի կենդանիների հավաքածուն (որի հետ էլ կապված է կենդանաբանական այգու պատմական անվանումը)։ Կենդանաբանական այգին հայտնի է նաև անհետացող կենդանատեսակների բուծման բնագավառում ձեռք բերված հաջողություններով[1]։ Այստեղ ցուցադրվում են 200-ից ավելի կենդանատեսակներ։

Բիբլիական կենդանաբանական այգին Իսրայելում ժողովրդականություն վայելող ամենատեսարժան վայրերից մեկն էր 2005-2007 թվականներին։ 2009 թվականին ունեցել է ռեկորդային թվով այցելուներ (738000 այցելու)։ Համարվում է Իսրայելի տեսարժան վայրերից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմի կենդանաբանական այգին 1940-ականներին, հավանաբար, Շմուելյա Հա-Նավի փողոցում

Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգու պատմությունը սկսվում է 1940 թվականի սեպտեմբերից, երբ քաղաքի կենտրոնում՝ Ռաբբի Կուկա փողոցում, հայտնվեց փոքրիկ «կենդանի անկյուն»[2][3], որտեղ պահվում էին մի զույգ կապիկներ և անապատային վարան։ Կենդանաբանական այգին հիմնադրվել է Երուսաղեմի հրեական համալսարանի կենդանաբանության պրոֆեսոր Ահարոն Շուլովի կողմից Սկոպուս լեռան վրա։ Շուլովը նպատակադրվել էր իր ուսանողների համար ստեղծել հետազոտությունների հարթակ, հավաքել կենդանիներ, սողուններ և թռչուններ, որոնք հիշատակված են Աստվածաշնչում[3][4], և ինչպես ինքն է գրել 1951 թվականին, քանդել այն «անտեսանելի պատը», որն առկա է Սկոպուս լեռան բանական էակների և զանգվածային հասարակության միջև[5]։

Իր գոյության սկզբում կենդանաբանական այգին մի շարք դժվարությունների հանդիպեց՝ կենտրոնանալով Աստվածաշնչում հիշատակված կենդանիների հավաքագրման մտադրության վրա։ Դրանցից մեկը այն էր, որ շատ կենդանիների, սողունների և թռչունների անունների թարգմանությունները հաճախ անհասկանալի էին, օրինակ՝ նեշեր (եբրայերեն՝ נשר‎), սովորաբար թարգմանվում է որպես «արծիվ», բայց կարող է նշանակել նաև «արծվառյուծ»[2]։ Եվ որ ավելի կարևոր է Աստվածաշնչում հիշատակված կենդանիների մեծ մասը ոչնչացել են բնական միջավայրի փոփոխության, անօրինական որսի և թունաքիմիկատների օգտագործման և ծնելիության ցածր մակարդակի պատճառով[6]։ Կենդանաբանական այգու նախագծողները որոշեցին դուրս գալ Աստվածաշնչում հիշատակված կենդանիների շրջանակից և ընդգրկել կենդանիների այնպիսի տեսակներ, որոնց գոյությունը վտանգված է ողջ աշխարհում[2]։

Կենդանի անկյան առկայությունը տեղիք տվեց մոտակա տների բնակիչների բողոքներին, հոտի, աղմուկի և փախած կենդանիներից եկող վտանգների պատճառով։ Բողոքների շնորհիվ և քաղաքային իշխանությունների օժանդակությամբ Ահարոն Շուլովը Շումել Հա-Նավի փողոցի մոտակայքում գտավ 4,5 հեկտար հողատարածք կենդանաբանական այգու համար, որը 1948-1967 թվականների ժամանակահատվածում հայտնի էր «Մանդելբաումի դարպասներ» անվանումով։ 1941 թվականին կենդանաբանական այգին տեղափոխվեց այդ տարածք։ Այստեղ հարևանները նույնպես դժգոհում էին, բայց կենդանաբանական այգին այստեղ գործեց հետագա վեց տարիների ընթացքում[2]։

Ահարոն Շուլովը կնոջ Յոհեվեդի հետ պիթոնը ձեռքին

1947 թվականին կենդանաբանական այգին տեղափոխվեց[3] Հրեական համալսարանի կողմից Սկոպուս լեռան վրա հատկացված հողատարածք, որտեղ գտնվեց մինչև 1950 թվականը։ Այս տարածքից օգտվելու ժամանակահատվածը համընկավ 1948 թվականի Արաբա-իսրայելական պատերազմի հետ։ Պատերազմի սկսվելուց հետո կենդանիների խնամքն ու կերակրումը հիմնականում կատարվում էր գիշերը, քանի որ ցերեկային ժամերին կենդանաբանական այգու աշխատակիցները կարող էին հարմար թիրախ դառնալ թշնամու դիպուկահարների համար։ Երուսաղեմի պաշարման ժամանակ բնակչության սննդամթերքի պաշարները նվազեցին, իսկ գիշատիչ կենդանիներին կերակրելու համար կենդանաբանական այգու աշխատակիցները որսում էին աղբավայրերում թափառող շներին։ Սակայն գիշատիչներից շատերը սատկեցին, տնօրենի կարծիքով կենդանիների որոշ ոչ վտանգավոր տեսակներ, որոնք կարող էին ինքնուրույն գոյատևել , ազատ բաց թողնվեցին[2][7]։ Այս ամենի արդյունքում կենդանաբանական այգու գրեթե ողջ հավաքածուն կորավ և ոչնչացավ։

Պատերազմի ավարտին կրակի դադարեցման մասին Իսրայելա-հորդանանյան համաձայնագրի շրջանակներում սահմանափակվեց մուտքը Սկոպուս լեռան տարածք[2]։ Միավորված ազգերի կազմակերպությունը օժանդակեց կենդանաբանական այգուն Արևմտյան Երուսաղեմի Գիվաթ Կոմունի շրջանում 15 հեկտար հողատարածք հատկացնելու հարցում։ Ըստ Շուլովի՝ երբ կենդանաբանական այգին տեղափոխվեց Ռոմեմ, այնտեղ մնացել էին երկու գայլ, մեկ բորենի, մեկ առյուծ և մեկ ընձառյուծ[8] (այլ տեղեկություններով կենդանաբանական այգու հավաքածուում մնացել էր 18 կենդանի)[2][9]։

1950 թվականի հոկտեմբերի 5-ին Ռոմեմում բացված կենդանաբանական այգին գոյատևեց մինչև 1991 թվականը, դառնալով երուսաղեմցիների սիրված հաստատություններից մեկը։ Նրա այցելուների շուրջ 30 տոկոսը կազմում էին հյուսիսայի Երուսաղեմի հարեդիմ համայնքի ընտանիքի անդամները և մուսուլմանական ընտանիքները Արևելյան Երուսաղեմից, բնակչության այս երկու խմբերն էլ չէին մասնակցում քաղաքի մշակութային միջոցառումներին։ Կենդանաբանական այգու տարածքը աճեց հասնելով մինչև 28 հեկտարի, իսկ կենդանատեսակների թիվն ավելի քան 200-ի, ներառյալ Աստվածաշնչում հիշատակված 130 տեսակների մեծ մասը, այդ թվում անցյալ դարերում Պաղեստինի տարածքից անհետացած տեսակներ։ Այլ կենդանաբանական այգիների հետ փոխանակումների, նվիրատվությունների ու կենդանիների բուծման բնագավառում ձեռք բերված հաջողությունների շնորհիվ 1967 թվականին կենդանաբանական այգու հավաքածուն գերազանցեց 500-ը (այլ տեղեկություններով երկու տասնամյակում աճել է հասնելով մինչև 700 օրինակի)։ Սակայն Վեցօրյա պատերազմի ժամանակ կենդանաբանական այգին նորից տուժեց 110 կենդանիներ սպանվեցին արկերից և պատահական գնդակներից[3]։ Հետագայում կենդանաբանական այգին տեղափոխվեց Երուսաղեմի Թել Արզա թաղամաս։

Կենդանաբանական այգին կառավարվում է ոչ առևտրային կորպորացիայի կողմից, որտեղ ընդգրկված են ներկայացուցիչներ Երուսաղեմի Հրեական համալսարանից, Երուսաղեմի քաղաքապետարանից և Իսրայելի տուրիզմի ու կրթության նախարարությունից։ Սակայն կենդանաբանական այգին քիչ միջոցներ ուներ։ 1983 թվականին տնօրենի պաշտոնից ազատված Շուլովը հաճախ կատարում էր տնօրենի պարտականությունները անվճար։ Բացի այդ Երուսաղեմի կենդանաբանական այգին շատ հարցերում զիջում էր Թել Ավիվի և Հայֆայի համանման այգիներին[2]։

Թեդդի փիղն իր անունը ստացել է Երուսաղեմի քաղաքապետի և կենդանաբանական այգու դրամահավաքի կազմակերպիչ Տեդդի Կոլլեկի պատվին

1965 թվականին Երուսաղեմի քաղաքապետ դարձած Տեդդի Կոլլեկը դարձավ կենդանաբանական այգու գլխավոր աջակիցներից մեկը, որը միջոցներ էր հավաքագրում նրա համար Երուսաղեմի հիմնադրամի միջոցով[10]։ Կոլլեկը աջակցում էր կենդանաբանական այգու ավելի ընդարձակ տարածք տեղափոխելու և գերժամանակակից հաստատություն դարձնելու գաղափարին, ինչպես նաև զբոսաշրջային գրավչություն ապահովել հրեական աշխարհիկ ու կրոնական և արաբական ընտանիքների համար։ 1990 թվականին (այլ տեղեկություններով 1980-ական թվականների սկզբին), Երուսաղեմի հիմնադրամի աջակցությամբ նյու յորքյան Տիշ ընտանիքը համաձայնվեց վճարել 5 միլիոն դոլար, 30 միլիոն դոլարանոց նախագծի իրականացման համար։ Եվս 10 միլիոն ստացվեց ստացվեց Ռոմեմում գտնվող հողատարածքի վաճառքից, որտեղ բնակելի տների շինարարություն էր իրականացվում։ Իրենց ներդրումները ունեցան նաև Երուսաղեմի քաղաքապետարանը, Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը, Երուսաղեմի հիմնադրամը և այլ մասնավոր հովանավորներ[11]։ 1991 թվականին փակվեց Ռոմեմում գտնվող կենդանաբանական այգին, իսկ 1993 թվականին երկու տարվա նորոգումից հետո Մալհայի հովտում իր դռները բացեց նոր կենդանաբանական այգին, որը գտնվում էր քաղաքի կենտրոնից 7 կիլոմետր հարավ արևմուտք[2][11]։ Կենդանաբանական այգու նախնական բացումը տեղի է ունեցել 1993 թվականի փետրվարի 28-ին, իսկ պաշտոնական բացումը կայացել է 1993 թվականի սեպտեմբերի 9-ին[12]։ Ներկայումս այն կրում է Երուսաղեմի Տիշ ընտանիքի կենդանաբանական այգի ժամանակակից անվանումը։ Այնուամենայնիվ հանրության շրջանում լայն տարածում է գտել Բիբլիական (կամ Նոր Բիբլիական) կենդանաբանական այգի անվանումը[7]։

Դիզայն և նախագծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական լիճ, որի ձախ կողմում սիամանգի տաղավարն է

Miller-Blum & Associates Landscape Architect-ի կողմից նախագծված և Moriah Jerusalem Development Corporation-ի[12] կողմից կառուցված կենդանաբանական այգին զբաղեցնում է 25 հեկտար տարածք հովտում, որը շրջապատված է բլուրների վրա տեղակայված Մալհա և Գիվաթ Մասուա թաղամասերով[13]։ Հաստատվել է կենդանաբանական այգու տարածքը մինչև 400 հեկտարի հասցնելու ծրագիր[14]։ Այգու բնապատկերը զարդարում են Իսրայելի տարածքում աճող ծառեր և թփեր, որոնցից շատերը հիշատակվում են Աստվածաշնչում։

Կենդանաբանական այգին հիմնականում կառուցված է երկու մակարդակների վրա։ Մեքենայացված շարժակազմի միջոցով այցելուները շրջանաձև երթուղով տեղափոխվում են ստորին մակարդակից դեպի վերին մակարդակ։ Այգին հասանելի է նաև հաշմանդամների համար, յուրաքանչյուր շարժակազմում կա մեկ հաշմանդամի անվասայլակ[15]։

Այգու գնացքը

Ստորին մակարդակի գլխավոր օբյեկտը համարվում է արհեստական լիճը, որտեղ կան երկու կղզիներ, որոնցում էլ ներկայացված են կապիկների տարբեր տեսակներ[16]։ Լիճը սնվում է մի քանի ավազաններից և ջրվեժներից[12], որոնք սկսվում են «Մովսեսի ժայռ» անվանումով արհեստական ջրվեժից։ Ջուրը վերամշակվում է և ստորգետնյա համակարգի միջոցով նորից մղվում դեպի Մովսեսի ժայռ[11]։

Այգու արևմտյան վերջնամասում վեր է բարձրանում փայտե երկհարկանի տեղեկատվական կենտրոնը նավակի տեսքով, որը ըստ մտահղացման հիշեցնում է Նոյյան տապանը։ Այն իր մեջ ներառում է լսարան, գեղարվեստի պատկերասրահ, նվերների խանութ, խորտկարան և համակարգչային կայան, որը տեղեկատվություն է տրամադրում Աստվածաշնչում հիշատակված կենդանիների վերաբերյալ[17]։

Ֆրանսիացի քանդակագործ Նիկի դե Սեն-Ֆալլի քանդակները Նոյյան տապան քանդակների այգում

Կենդանաբանական այգու տարածքում կան մի քանի խորտկարաններ և սրճարաններ, ողջ այգու տարածքում տեղադրված են նստարաններ և սեղաններ զբոսախնջույքների համար։ Կան նաև երեխաների համար նախատեսված կենդանաբանական թեմատիկայով մարմնամարզական «ջունգլիներ» և քանդակների այգի, որտեղ գտնվում են ֆրանսիացի քանդակագործ Նիկի դե Սեն-Ֆալլի նախագծված և դեկորատիվ քարերով, հայելիներով ու խճաքարով պատրաստված կենդանիների 23 քանդակներ[18], որոնք իրենցից ներկայացնում են նաև մագլցման խաղալիքներ, իսկ շվեյցարացի քանդակագործ Մարիո Բոտտայի կողմից նախագծվել և պատրաստվել է Նոյյան տապանի ստորգետնյա քանդակը[11][19]։ Երեխաները կարող են դիտել կենդանիների մասին 3D-ֆիլմեր կենդանաբանական այգու մուտքի մոտ գտնվող փոքրիկ կինոդահլիճում[20]։

Կենդանաբանական այգու ավանդական ենթակառուցվածքները, որոնք բաղկացած էին ցանկապատերից և վանդակներից, փոխարինվել են բաց տարածությամբ, որոնք առանձնացված են այցելուներից առուներով, ջրանցքներով, փոսերով, կամրջակներով և ապակե պատուհաններով, մեծավանդակները ապահավված էին փակ ապաստաններով, վատ եղանակին պատսպարվելու համար[11]։ Միակ տեղամասը որտեղ հանրությունը կարող էր շփման մեջ մտնել կենդանիների հետ, դա լեմուրների երկիրն էր, «շփման ավազանը» Wet Side Story ջրաշխարհում և մանկական կենդանաբանական այգին, որտեղ երեխաները կարող էին կերակրել և խաղալ թզուկ այծերի, ոչխարների, ճագարների և ծովախոզուկների հետ։

Սահարյան օրիքսներ

Կենդանիները և թռչունները բնակվում են բնական միջավայրում, աֆրիկյան սավանաներից մինչև մերձարևադարձային խոնավ ջունգլիներ և մկների ու ուտիճների ստորգետնյա աշխարհ։ Տափաստանային մկնորս բազեների ցուցադրությունը նախատեսվում էր կատարել Երուսաղեմի Մորաշա շրջանի տների տեսքով կառուցված կացարաններում, որոնք ի սկզբանե համարվում էին այդ թռչունների բնակալման արեալ։ Աստվածաշնչում հիշատակված յուրաքանչյուր կենդանու կամ թռչնի տեղեկատվական ցուցանակի վրա ավելացված է բիբլիական բանաստեղծություն եբրայերենով, արաբերենով և անգլերենով[21]։

Կենդանաբանական այգու «կուլիսներում» գործում է բժշկական կենտրոն կենդանիների համար, վիրաբուժական, վերականգնողական և բուժական սենյակներով, լաբորատորիայով և կարանտինի բլոկով, որտեղ ստուգվում է նոր ընդունվող և այլ կենդանաբանական այգիներ ուղարկվող կենդանիների առողջական վիճակը և հիվանդությունների առկայությունը։ Այս բժշկական կենտրոնը սպասարկում է կենդանաբանական այգու բոլոր կենդանիներին, բացառությամբ, փղերի, ընձուղտների, ռնգեղջյուրների, գետաձիերի և բիզոնների, որոնց բժշկական սպասարկումը իրականացվում է իրենց ցուցադրության տարածքներում[22]։

Ավտոկայանատեղիում տեղավորվում են 500 տրանսպորտային միջոցներ[11]։ Կենդանաբանական այգու հիմնադրի պատվին այգու երկայնքով անցնող փողոցը կոչվել է Ահարոն Շուլովի անվամբ[23]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանական եղնիկներ Երուսաղեմի կենդանաբանական այգում

Երուսաղեմի կենդանաբանական այգու ներկայիս ղեկավարությունը և հիմնադիրները իրենց առջև խնդիր էին դրել ցուցադրության հավաքածուում ներկայացնել Աստվածաշնչում հիշատակված կենդանիների հնարավորինս շատ տեսակներ։ Վարչակազմի կողմից ջանքեր էին գործադրվում ներկայացված տեսակներն աստվածաշնչյան տեքստերին առավելագույնս համապատասխանեցնելու նպատակով, այսպես օրինակ, կենդանաբանական այգու ցուցադրությունում ներկայացված է Պաղեստինի տարածքից հարյուր տարի առաջ անհետացած գորշ արջի ենթատեսակ, իսկ լայնորեն հայտնի աֆրիկյան առյուծի փոխարեն հավաքածուում ներառված է ասիականը, քանի որ ենթադրաբար հենց այդ տեսակի առյուծներ են գոյություն ունեցել Պաղեստինում դեռևս 800 տարի առաջ[24]։ Արդեն 20-րդ դարի 80-ական թվականներին Աստվածաշնչում հիշատակված 130 տեսակի կենդանիները ներկայացված էին կենդանաբանական այգու հավաքածուում[24]։

21-րդ դարի սկզբին Երուսաղեմի կենդանաբանական այգու հավաքածուում պահվում էին ավելի քան 200 տեսակի կենդանիներ, ընդ որում 2007-2009 թվականների ընթացքում ներկայացված տեսակների թիվը աճել է՝ 208-ից հասնելով մինչև 271-ի։ 2009 թվականին կենդանաբանական այգու ցուցադրություններում ընդգրկված էին կաթնասունների 68 տեսակ, 28 տեսակի սողուններ, 11 տեսակի երկկենցաղներ, ձկների 60 տեսակ և թռչունների ավելի քան 100 տեսակ, ընդհանուր առմամբ 2200 նմուշ[25]։

Սննդի մատակարարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուբիակա քարայծը կերակրման պահին

Կենդանաբանական այգու կենդանիների կողմից օրական սպառվող մրգերի և բանջարեղենի հսկայական քանակը մատակարարվում է անվճար, Շուլովի կողմից իսրայելական ընկերությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ, ըստ որի, նրանք հրեական օրենքին համապատասխան իրենց արտադրանքի տասներորդ մասը հատկացնում են այդ նպատակին[3]։ Երուսաղեմի տաճարի տերումայի ժամանակներում գյուղատնտեսական արտադրանքի տասներորդ մասը հատկացվում էր քոհեններին (քահանաներին) և նրանց կենդանիներին։ Տաճարի կործանումից հետո ռաբբիները որոշեցին, որ արտադրանքի տասներորդ մասը չի կարելի օգտագործել և այն պետք է ոչնչացվի։ Բիբլիական կենդանաբանական այգու կենդանիները խորհրդանշական ձևով վաճառվեցին Քոհենին, որպեսզի հնարավոր լինի արտադրանքի տասներորդ մասը հատկացնել նրանց[26][27]։ Բիբլիական կենդանաբանական այգու կենդանիները տեղական կրոնական խորհրդի բաշխման համակարգի միջոցով օրական ստանում են շուրջ մեկ տոննա ընտիր մրգեր և բանջարեղեն[28]։ Գիշատիչների կողմից օգտագործվող միսը հատկացնում էին կաշերային մսագործները, անասնաբույժները և ձկնորսները[3]։ Այգում որպես կեր օգտագործվում էին առանձին ծառատեսակների` փյունիկյան արմավենու, ձիթենու և եղջերենու հատված ճյուղերը[29]։

Փեսախի ժամանակ ամբողջ կենդանաբանական այգին մաքրվում է, կենդանիներին հացամթերքների փոխարեն կերակրում են մացայով[30], իսկ թռչուններին բրնձով[31]։

Թեմաներ և առաջնահերթություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի բնության պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիական գորշ արջուկները կենդանաբանական այգում

Կենդանաբանական այգին իր գլխավոր նպատակն է համարում անհետացող տեսակների պահպանությունը[32]։ Այս խմբի մեջ են մտնում Աստվածաշնչում հիշատակված այն կենդանիները, որոնք ներկայումս անհետացել են Իսրայելից, ինչպիսիք են ասիական առյուծը, սիրիական գորշ արջը, ասիական վագրակատուն, նեղոսյան կոկորդիլոսը և իրանական եղնիկը[33]։ Այն իր մեջ ընդգրկում է աշխարհի տարբեր մասերում անհետացող այնպիսի կենդանատեսակներ, ինչպիսիք են ասիական փիղը, մակաո թութակի հազվագյուտ տեսակներ[33], կորելլան, իբիսը և ոսկեգույն թռվռան կապիկը։

Այդ նպատակին հասնելու համար կենդանաբանական այգին միջոցներ է ձեռնարկում կենդանիների անազատության պայմաններում բազմացման և որոշ դեպքերում վայրի բնություն վերադարձնելու ուղղությամբ։ Երուսաղեմի կենդանաբանական այգին ակտիվ աշխատանքներ է տանում անհետացող կենդանատեսակների բնական պայմաններում վերաբնակեցման ուղղությամբ։ Այդ ծրագրի շնորհիվ բուծվել և բնական արգելոցներում վերաբնակեցվել են Իսրայելի տարածքից անհետացած 11 կենդանատեսակներ, ինչպիսիք են սիրիական գորշ արջը, աֆրիկյան այծքաղը, սպիտակագլուխ անգղը և եղնիկների երկու տեսակ, այդ թվում իրանական եղնիկը[7]։ Այս ծրագրի շնորհիվ կենդանաբանական այգին հաջողությամբ ավելացրել է իրանական եղնիկների թիվը Իսրայելում։ Ենթադրվում էր, որ այս տեսակը 20-րդ դարում ամբողջությամբ ոչնչացել է, մինչև 1956 թվականին Իրանում հայտնաբերվեց այդ եղնիկների ոչ մեծ քանակ։ 1978 թվականին այդ եղնիկներից չորսը բերվեց Իսրայել և այդ ժամանակից ի վեր դրանց թիվը աճեց հասնելով մի քանի հարյուրի, իսկ դրանց բուծման հիմնական վայրը համարվում է Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգին[34]։ Զուգահեռաբար իրականացվում է անհետացման եզրին գտնվող նեգևյան կրիայի պահպանության ծրագիրը, որը ենթադրում է դրանց բուծումը արհեստական ինկուբացիայի եղանակով։

Գիշատիչների ձվերի արհեստական ինկուբացիայի Ազգային կենտրոնում իրականացվում է այն գիշատիչ թռչունների ինկուբացիոն բազմացումը, որոնք Իսրայելում գրեթե անհետացել են կամ էլ դրանց թվաքանակը կրճատվել է անազատության պայմաններում չբազմանալու պատճառով։ Սպիտակագլուխ անգղն համարվում է անհետացող տեսակ և դրա արհեստական բուծման ուղղությամբ ակտիվ հետազոտական աշխատանքներ են իրականացվում։ Կենդանաբանական այգին կարողացավ հաջողությամբ կազմակերպել այլանդակված թևերով անգղերի բուծումը, որը թռչնաբաններն անհնարին էին համարում[35]։ Երկու տարեց անգղերին օգտագործում էին նաև ինկուբացիոն ձվերից ճտերին հանելու և դրանց աճեցման ժամանակ[36]։ Բացի այդ, կենդանաբանական այգին մասնակցում էր սպիտակագլուխ անգղերի վայրի բնության մեջ բուծման համազգային ծրագրին, որը համակարգվում էր Իսրայելի բնության և այգիների վարչության կողմից[37]։

Ամեն անգամ, երբ թռչունները վերադարձվում էին վայրի բնություն, կենդանաբանական այգին կազմակերպում էր ոչ մեծ արարողություններ։ 1996 թվականին, «Ազատություն» անվամբ, սպիտակագլուխ անգղին վայրի բնություն ազատ արձակելու արարողությանը կենդանաբանական այգին հրավիրել էր իսրայելցի գերեվարված շտուրման Ռոն Արադի մորը[38]։

Մեկամյա Գաբբին (ձախից) մոր՝ Թամարի փղի հետ, 2007 թվական, հունվար

Կենդանաբանական այգին համարվում է վերարտադրողական միջամտության բնագավառում համաշխարհային առաջատարը և զբաղվում է դրա ուսուցմամբ[39]։ Կենդանաբանական այգու կողմից ձեռք բերված ամենամեծ հաջողությունը դարձավ 2005 թվականի դեկտեմբերին Գաբի փղիկի ծնունդը, դա առաջին փղիկն էր Իսրայելում, որ ծնվել էր ձվաբջջի արհեստական բեղմնավորման արդյունքում[40]։ Կենդանաբանական այգիների կենդանիների վերարտադրության կենսաբանության և վայրի բնության ուսումնասիրության կառավարման բեռլինյան ինստիտուտի թիմի հետ համատեղ կենդանաբանական այգու անասնաբույժները բեղմնավորեցին իրենց փղերից մեկին, Թամարին, Անգլիայի Բերդֆորդշիրի կենդանաբանական այգու Էմմետա փղից վերցված սերմնահեղուկով[39]։ 2005 թվականի դեկտեմբերի 10-ին 108 երկրներում ավելի քան 350000 մարդ կենդանաբանական այգու վեբ կայքի ուղիղ հեռարձակման միջոցով դիտում էին Գաբբիի ծննդյան վեցժամյա գործընթացը[13][14]։ Ծնված փղիկը բնակվում է Թուրքիայի կենդանաբանական այգիներից մեկում[41]։

Կենդանաբանական այգու կողմից իրականացվում է նաև անազատության պայմաններում կույր քարանձավային ծովախեցգետինների բուծման Typhlocaris galilea ծրագիրը[42][43]։

Կենդանաբանական այգին համարվում է նաև կենդանիների ծնելիության նկատմամբ հսկողության իրականացման առաջամարտիկներից մեկը։ Այստեղ առաջին անգամ օգտագործվեց տեգային ատրճանակ, մայր ընձուղտի ազդրի մեջ դանդաղ ներգործության հորմոն ներարկելու համար, նա համարվում էր կենդանաբանական այգում բնակվող արու ընձուղտի ձագը և մերձազգակցական խաչասերումն անցանկալի է։ Կենդանաբանական այգին օգտագործում է դանդաղ արտազատվող հորմոններ, շիմպանզեի և մանդրիլի պոպուլյացիայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով, որոնց վերարտադրության արագությունը իրենց զբաղեցված տարածքի համեմատ չափազանց բարձր է, ուստի անասնաբույժների կարծիքով կենդանիներին բազմանալու հնարավորություն տալը և նրանց ընտանիքի անդամներին այլ կենդանաբանական այգիներ տեղափոխելը աննպատակահարմար է[39]։

Նորածին կենդանիները, որոնց համար նրանց ծնողները վտանգավոր են կամ նրանց կողմից անտեսված, խնամվում են անասնաբուժական անձնակազմի կողմից։ Օրինակ, 2008 թվականի դեկտեմբերի 31-ին նոր ծնված վագրիկին, որը անտեսված էր մոր կողմից, աշխատակիցներից մեկը տուն տարավ խնամելու և շշով կերակրելու նպատակով[44][45]։ Նորածին ընձառյուծը, որն անտեսված էր իր մոր կողմից, երեք ու կես ամիս ցերեկը խնամվում էր կենդանաբանական այգում, իսկ երեկոյան անասնաբույժների տանը[46]։

Կենդանաբանական այգին բժշկական օգնություն էր ցուցաբերում նաև ազատության մեջ գտնվող վնասված կամ վիրավոր կենդանիներին և թռչուններին, վայրի կենդանիները կամ նորից բաց էին թողնվում բնական միջավայր, (եթե նրանք առողջ են), կամ էլ տեղավորվում էին այլ կենդանաբանական այգիներում։ 2000-ական թվականների վերջերին կառուցվեց մեծավանդակ բվեճների համար, որտեղ կենդանաբանական այգու աշխատակիցները բուժում և խնամում են նրանց։

Հանրային կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանիչ պատուհանից երեխաները հետևում են օձերին

Հանրային կրթությունը համարվում է կենդանաբանական այգու առաջնահերթ խնդիրներից մեկը։ Կենդանաբանական այգու գլխավոր տնօրեն Շաի Դորոնի կարծիքով՝ սկսած 1993 թվականից[47] «իրենց բարոյական գոյության աղբյուրը համարվում է այցելուների կրթությունը և տեղեկացվածության բարձրացումը»[13]։

Շատ իսրայելցիների, ինչպես հրեաների, այնպես էլ արաբների համար կենդանաբանական այգի այցելելը անսովոր է և ցուցադրվող կենդանիներին տեսնելիս նրանք «ընկնում են էյֆորիայի մեջ»[3]։ Հանգստյան և տոնական օրերին կենդանաբանական այգու տասնյակ աշխատակիցներ հերթապահում են մեծ վանդակների մոտ, որպեսզի թույլ չտան, որ այցելուները սնունդ կամ այլ առարկաներ նետեն կենդանիներին։ Կենդանիները սիրում են ճաշակել ընկույզով և եգիպտացորենով պատրաստված հայտնի մանկական Բամբա խորտիկը (չնայած այն կապիկների մոտ լուծ է առաջացնում), բացի այդ այցելուների կողմից հաճախ վանդակ են նետվում շշեր, պոլիէթիլենային տոպրակներ և մանկական կոշիներ[48]։ 1997 թվականին մեծ սղոցակտուցին սատկած էին գտել իր վանդակում, կողքին ավոկադոյի կտորներ, որոնք հայտնի են որպես թույն թռչունների համար[48]։ 2006 թվականին գետաձին սատկել էր մեծ վանդակ նետված թենիսի գնդակը կուլ տալու պատճառով[49]։ Կենդանաբանական այգու անձնակազմը հավաստիացնում է, որ վերջին մեկ ու կես տասնամյակի ընթացքում այցելուների հանրային իրազեկման մակարդակը բարձրացել է[48]։

Դպրոցական խմբերի, հատուկ կրթական ծրագրերի և ճամբարային խմբերի կազմում այցելությունների շնորհիվ երեխաները տեղեկատվություն են ստանում կենդանիների մասին և համագործակցում նրանց հետ[11]։ Երեխաների համար անցկացվող հանրակրթական միջոցառումները, ներառյալ կենդանաբանական այգու կողմից կազմակերպվող երիտասարդական շարժումները նպաստում են հրեա և արաբ երիտասարդության միջև միջռասսայական կապերի ամրապնդմանը[50]։ Կենդանաբանական այգին կազմակերպում է նաև շարժական սեմինար «Զոոմոբիլ» անվանումով, որի միջոցով դպրոցներ, հիվանդանոցներ և այլ օբեկտներ են տարվում փոքրիկ կենդանիների վանդակներ և ավելի խոշոր կենդանիների ձայների հնչյունային վերարտադրման համակարգ[51]։

Շրջակա միջավայրի մասին գիտելիքների տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային կասկադի վրա անիմացիոն կաթիլներ, որոնք «զրուցում են» «Wet Side Story» ցուցադրության այցելուների հետ

Կենդանաբանական այգին շրջակա միջավայրի մասին գիտելիքների դասավանդումը կազմակերպում է իր ցուցադրությունների միջոցով և անձնական օրինակով։ 1997 թվականից այստեղ ներկայացված է «բնապահպանական լաբիրինթոս», որը կարճ արահետ է շրջապատված բարձր թփերով և ցուցատախտակներով, որոնք արտացոլում են Իսրայելի առջև ծառացած բնապահպանական մարտահրավերները։ 2010 թվականի գարնանը մեկնարկեց «Wet Side Story» անվանումով ջրային ցուցադրությունը, որի արժեքը 1,5 միլիոն դոլար էր[52], որտեղ ընդգծվում է ջրի պահպանության նշանակությունը շրջակա միջավայրի վրա և այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է Մերձավոր Արևելքը և աշխարհի շատ երկրներ[53]։ Այս ցուցադրությունում ներկայացված են ծովային կենդանական աշխարհի հազվագյուտ և վտանգված նմուշներ[52], 17 մեծ ակվարիումներում և 2x4 մետր չափերով երեք մեծ ջրային տարողություններում։ Բացօթյա տարածքում գտնվում է նաև «կոնտակտային ջրավազան», որտեղ այցելուները կարող էին շփվել և կերակրել կարպ կոյերին։

Իր «կանաչ» քաղաքականությանը համապատասխան, կենդանաբանական այգին ունի հոսող ջրերի մաքրման իր սեփական համակարգը և այգիների ոռոգման նպատակով օգտագործում է վերամշակված ջուր։ Սննդամթերքի և կենդանական թափոնների հետ խառնվում են բուսական ծագում ունեցող նյութեր և այդ կոմպոստը օգտագորվծում է որպես պարարտանյութ ծառերի և recnfhybrjd-ի[53] պարարտացման նպատակով։ Կենդանաբանական այգին օրգանական պարարտանյութը վաճառում է իր հուշանվերների խանութում[29]։ 2006 թվականին խորտկարանների մոտ տեղադրվեցին օգտագործված պլաստիկ շշերի հավաքման արկղեր, իսկ օգտագործված մարտկոցները հավաքվում էին հուշանվերների խանութում։ Ջերմոցային գազերի և տրանսպորտային արտանետումների հոսքերի կարգավորման նպատակով կենդանաբանական այգու կողմից սահմանվել է տրանսպորտային միջոցների շարժի համապատասխան գրաֆիկ[29]։

Իսրայելական ակվարիում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին կենդանաբանական այգին հավաքեց շուրջ 100 միլիոն շեքել, այգու հարևանությամբ 6500 քառակուսի մետր մակերեսով առաջին հանրային ակվարիումը կառուցելու նպատակով[54][55]։ 2017 թվականի սեպտեմբերին կենդանաբանական այգու հարևանությամբ հանրության համար բացվեց նոր տեսարժան վայր, «Իսրայելական ակվարիում» անվանումով։ Ակվարիումում կենտրոնացված է Իսրայելի ծովային ողջ կենսաբազմազանությունը, այստեղ ներկայացված է Իսրայելը շրջապատող չորս ծովերի (Կարմիր, Միջերկրական, Գալիլեյան և Մեռյալ), բուսական և կենդանական աշխարհը[56]։ Չնայած կենդանաբանական այգու հետ հարևանությանը, այն իրենից ներկայացնում է առանձին զբոսաշրջային վայր։

Հասարակական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական անկյուն Երուսաղեմի կենդանաբանական այգում
«Սա խոզ չէ» վահանակ

21-րդ դարի սկզբին Բիբլիական կենդանաբանական այգին համարվում է Իսրայելի տուրիստական գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Dun & Bradstreet (Dun & Bradstreet Israel) ընկերության տվյալներով 2005-2007 թվականներին այն գլխավորում էր երկրում զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող վայրերի ցուցակը, իսկ 2008 թվականին զբաղեցնում էր երրորդ տեղը Մասադայի և Կեսարիայի ազգային պարկերից հետո։ 2013 թվականից սկսած այստեղ տարեկան հաճախում է 750000-ից ավելի այցելու[57]։ 2009 թվականին կենդանաբանական այգին ուներ շուրջ 55000 մշտական հաճախորդ (անդամակցության քարտ ունեցողներ)[53]։

Կենդանաբանական այգու ղեկավարությունը զգալի ջանքեր է գործադրում այգուն վերազգային միջմշակութային նշանակություն տալու ուղղությամբ։ Կենդանաբանական այգու աշխատակիցների գրեթե կեսը պաղեստինցի է և ղեկավարությունը նպատակային մեծ չափերի զեղչեր է տրամադրում այգի այցելող արաբ և ծայրահեղ ուղղափառ հրեաների երեխաներին, դրանով նպաստելով հաճախելության մակարդակի բարձրացմանը։ Դրա արդյունքում բնակչության այս երկու խմբերից տարեկան կենդանաբանական այգի են այցելում շուրջ 40 հազար երեխաներ։ Այգու վարչակազմի կողմից ջանքեր են գործադրվում, որպեսզի չվիրավորեն այցելուների կրոնական համոզմունքները։ Այսպես, երբ կենդանաբանական այգու ցուցադրությունը համալրվեց ամերիկյան երկսմբակավոր վարազներով, որոնք արտաքինից շատ նման են խոզերի, որը հուդայականության և իսլամի տեսանկյունից համարվում է պիղծ անմաքուր կենդանի, նրա մեծավանդակի մոտ տեղադրվեց ցուցատախտակ, որի վրա չորս լեզուներով գրված էր «Սա խոզ չէ» և տեղեկություն էր ներկայացված այդ արտասովոր կենդանու մասին։ Վերափոխվեց նաև ցուցադրությունների ավստրալիական բաժնի վահանակը, որտեղ նշված էր, որ այդ մայր ցամաքը միլիոնավոր տարիներ առաջ առանձնացել է Ասիայից, որն էլ չէր համապատասխանում աշխարհի ստեղծման աստվածաշնչյան պատմությանը[58]։ Կենդանաբանական այգում պահպանվում է կաշրութի ավանդույթը և Փեսախի ժամանակ կենդանիներին հացամթերքների փոխարեն տալիս են մացա, իսկ թռչուններին բրինձ[59]։

Հետազոտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմի Բիբլիական կենդանաբանական այգին մասնակցում է կենդանաբանության, բուսաբանության և շրջակա միջավայրի բնագավառում իրականացվող ազգային և միջազգային գիտահետազոտական նախագծերին և դրանց վերաբերյալ հոդվածներ հրապարակում ամսագրերում և գիտական ժողովածուներում[60][61][62][63][64]։ Անազատության մեջ ապրող կենդանիների ոսումնասիրության իր հիմնադրամից Ահարոն Շուլովը դրամաշնորհներ է տրամադրում կենդանիների պահման պայմանների բարելավման և անասնաբուծական հետազոտությունների իրականացման, կենդանիների վերաինտեգրման, անհետացող տեսակների վերարտադրության, պահպանողական գենետիկայի և էկզոտիկ կենդանիների կերակրման և բժշկական սպասարկման նպատակով[65]։ Հիմնադրամը հովանավորվում է Շուլովի ընտանիքի, կենդանաբանական այգու բարեկամների ասոցիացիայի և Երուսաղեմի կենդանաբանական այգու կողմից[66]։

Կենդանաբանական այգին իր տարածքում գտնվող Գաբի կենտրոնը տրամադրում է ակադեմիական սեմինարների և ուսանողական հետազոտությունների անցկացման նպատակով։ Կենտրոնը կոչվել է դոկտոր Գաբի Էշկարի հիշատակին, որն ավելի քան 17 տարի եղել է կենդանաբանական այգու գլխավոր տնօրենի տեղակալը և գլխավոր անասնաբույժը և զոհվել է ավտովթարի հետևանքով 2004 թվականին[67]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլամինգոներ կենդանաբանական այգում

Երուսաղեմի Բիբլիական կենդանաբանական այգին համարվում է Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրոպական ասոցիացիայի (EAZA) լիիրավ անդամ[68]։ 2009-2012 թվականներին Իսրայելից EAZA-ի Խորհրդի միակ անդամը եղել է կենդանաբանական այգու գլխավոր տնօրեն Շայ Դորոնը[69], մինչդեռ Շմուլիկ Իյեդվաբը 1995 թվականից համարվում է EAZA-ի «Անհետացող տեսակների եվրոպական ծրագրի», Եվրոպայում և Ասիայում սպիտակապոչ արծվի պոպուլյացիայի համակարգողը[39][70]։ Կենդանաբանական այգին համարվում է նաև Կենդանաբանական այգիների և ակվարիումների Համաշխարհային ասոցիացիայի (WAZA)[71], Կենդանաբանական այգիների Իսրայելական ասոցիացիայի (որի կազմավորմանը նա օժանդակել է)[72] և Տեսակների գծով Միջազգային տեղեկատվական համակարգի (ISIS) անդամ[73]։ Անասնաբուժական անձնակազմի աշխատակիցները ամերիկյան ասոցիացիայի անդամներ են, Եվրոպայի անասնաբուժական ասոցիացիայի անդմաներ են[74]։

Այցելուներ և կամավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին կենդանաբանական այգի այցելեցին ռեկորդային թվով 738000 մարդիկ[57]։ Կենդանաբանական այգին ակտիվորեն աշխատում էր զբոսաշրջային և դպրոցական խմբերի հետ և ամառային ճամբարներում։ Հատու կարիքավոր հրեա և արաբ երեխաների խմբերի համար կազմակերպվում են կենդանիների միջոցով թերապիայի շաբաթական կուրսեր։ Լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատելու դեպքում կենդանաբանական այգին կարող է սպասարկել 11000 այցելուի։

Կենդանաբանական այգու գործունեությանը իրենց օժանդակությունն են բերում ավելի քան 50 կամավորներ[75]։ Կենդանաբանական այգու երիտասարդական շարժումը կոչվում է Թնուաթ Նոախ (եբրայերեն՝ תנועת נח‎, «Նոյի շարժում»), որտեղ ընդգրկված են 13-15 տարեկան անչափահաս կամավորականներ, որոնք աշխատում են մանկական կենդանաբանական այգում և խնամում են փոքրիկ կենդանիներին ու թռչուններին[76]։ Շարժման մասնակիցները շաբաթը մեկ անգամ հանդիպում են կենդանաբանական այգու աշխատակիցներին և մասնակցում բնական արգելոցներում կազմակերվող արշավներին[77]։

2013 թվականի մարտին թողարկվեց «Կենդանաբանական այգու ուղեցույց» հավելվածը iPhone-ի և iPad-ի համար, որն իր մեջ ներառում էր կենդանաբանական այգու տարածքում գործող GPS նավիգատորը, որն էլ մանրամասն տեղեկատվություն էր տրամադրում կենդանիների մասին (տեքստեր, նկարներ և ձայնագրություններ) և ներկայացնում կերակրման ու միջոցառումների ժամանակացույցը[78]։

Հատուկ միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանաբանական այգին բաց է տարվա բոլոր օրերին, բացի Յոմ Կիպուրի (Քավության օր), Յոմ հա Շոաի (Աղետի օր), Յոմ հա Զիկարոնի (Զոհերի հիշատակի օր) հատուկ օրերից։ Թու բի-Շվատի ամենանյա ավանդույթը համարվում է ծառերի տնկման միջոցառում։ Պուրիմի երկու օրվա ընթացքում անցկացվում են շքերթեր, ընտանեկան հագուստների մրցույթներ, պարանի ձգում Երուսաղեմի Հապոել բասկետբոլային թիմի և փղերից մեկի միջև (փիղը միշտ հաղթում է)։ Իսրայելի Ընտրությունների օրը կենդանաբանական այգու այցելուներին առաջարկում են քվեարկել իրենց նախընտրած կենդանու օգտին։ Ամառվա ընթացքում լուսադեմին կենդանաբանական այգին կազմակերպում է էքսկուրսիաներ գիշերային կենդանիներին այցելելու նպատակով։ Դպրոցական արձակուրդների ընթացքում կազմակերպվում են ջազային համերգներ, աճպարարական միջոցառումներ և սեմինարներ[79]։

Ընդլայնման նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանաբանական այգու պլանավորման գլխավոր մամնի, Միջազգային Կենդանաբանական կոմիտեի կազմում ընդգրկված են վայրի բնության պահպանման, կենդանաբանական այգիների կառավարման, կրթության, զբոսաշրջության և էկոնոմիկայի բնագավառի մասնագետներ, որոնց կողմից կազմվել է այգու ընդլայնման գլխավոր պլանը։ Կազմվել են նոր նախագծեր կրթական կենտրոնի և Իեմեի Բերշիտ (Արարման օրեր), կոչվող ցուցահանդեսի համար, որտեղ վերարտադրվել են բիբլիական պայմանները, բացառելով ժամանակակից սարքավորումների օգտագործումը։ 30 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը պետք է իրականացվի մասնավոր հանգանակությունների միջոցով[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lis, Jonathan (2011 թ․ ապրիլի 1). «Zoo managers from around the world go biblical in Jerusalem». Haaretz. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Greenbaum, Avraham (2006 թ․ օգոստոս). «The Jerusalem Biblical Zoo». Society of Biblical Literature. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Kammen, Michael (1983 թ․ մարտի 6). «Jerusalem's Modern Ark». The New York Times. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. «Christian Victory». 56. The Company. 1982: 6. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. Shulov, Aharon (1980). The Leopard. Jerusalem: The Jerusalem Zoo Educational Series, p. 13.
  6. Grooters, Sarah (2010 թ․ մայիսի 13). «Doing Noah Proud». Houston Chronicle. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. 7,0 7,1 7,2 Vernon N. Kisling. Zoo and Aquarium History: Ancient Animal Collections To Zoological Gardens. — Boca Raton, FL: CRC Press, 2001. — P. 220-221. — ISBN 978-1-4200-3924-5
  8. «The Tisch Family Biblical Zoo». Israel Ministry of Tourism. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  9. Shulov, Aharon (1981). The Wolf Shall Dwell with the Lamb: 40 years of the Jerusalem Biblical Zoo (in Hebrew). Jerusalem: Jerusalem Biblical Zoo, pp. 4-5.
  10. Doron, Shai (2007 թ․ փետրվարի 4). «The Zoo's No. 1 Friend». The Jerusalem Post. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Oestermann, Richard (1999 թ․ հունիս). Born Again. Gefen Books. էջեր 94–98. ISBN 978-965-229-214-8. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  12. 12,0 12,1 12,2 «About the Zoo». Jerusalem Zoo. 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Stromberg, David (2010 թ․ օգոստոսի 22). «A Life of Its Own». The Jerusalem Post. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  14. 14,0 14,1 David Stromberg. (2010 թ․ օգոստոսի 22). «A life of its own». The Jerusalem Post. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  15. «The Biblical Zoo in Jerusalem – An Exciting Experience for Everyone». Yad Sarah. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  16. «Biblical Zoo – The Tisch Family Zoological Gardens». Jerusalem Municipality. 2009 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  17. Hecht, Aaron (2009). «Bible Animals are Still Found in Israel». The Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  18. «Where the Wild Things Art». designistdream.com. 2007 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  19. «Niki de Saint Phalle Chronology (1930–2002)» (PDF). ci.escondido.ca.us. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  20. «Been There, Done That». The Independent Traveler. 2010. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  21. Marks, Harry. «Top 10: Zoos – Number 4: Jerusalem Biblical Zoo, Jerusalem, Israel». AskMen.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  22. «Zoo Hospital». Jerusalem Zoo. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  23. «Zoos and Animal Farms». koogle.co.il. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  24. 24,0 24,1 Michael Kammen. (1983 թ․ մարտի 6). «Jerusalem's Modern Ark». The New York Times. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  25. Aviel Yelinek. (2010 թ․ ապրիլի 16). «Animal attraction». The Jerusalem Post. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
  26. Slifkin, Nosson (1999). «The Torah Universe: Great Apes and Wild Men». Ohr Somayach International. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  27. Lyons, Craig. «The Biblical Tithe...Taught Correctly». Jewish Roots. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  28. Vered, Ronit (2013 թ․ հուլիսի 11). «Animal attraction». Haaretz. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.(subscription)
  29. 29,0 29,1 29,2 Kaufman, Dr. Elizabeth (2009 թ․ հունիս). «Green Team» (PDF). Profile (newsletter of the Tisch Family Zoological Gardens in Jerusalem). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  30. Burge, Beverly (2005). «Jerusalem Biblical Zoo is Kosher for Passover». myrehovot.info. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  31. Sofer, Barbara (2005 թ․ մայիսի 13). «57 More Reasons I Love Israel». The Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  32. «Animal Reintroductions». jerusalemzoo.org.il. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  33. 33,0 33,1 «Tisch Family Zoological Gardens». Fodor's. 2010. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  34. Heller, Aron (2006 թ․ մարտի 8). «At the Zoo, Two-By-Two». Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  35. «Israeli scientists help vultures spread their wings». Israel21c. 2004 թ․ հունիսի 6. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  36. Harrison, Donald H. (2000 թ․ ապրիլի 7). «Preying for peace». San Diego Jewish Press-Heritage. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  37. Pomerantz, Batsheva (2009 թ․ հոկտեմբերի 22). «Waiting in the Wings». The Jerusalem Post. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  38. Harrison, Donald H. (1998 թ․ դեկտեմբերի 11). «Judaic Park: S.D. Zoo helps Israel in quest to return biblical animals to the wild». San Diego Jewish Press-Heritage. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  39. 39,0 39,1 39,2 39,3 Eisen, Sarah K. (2007 թ․ հունիսի 28). «Jerusalem Biblical Zoo a World Leader in Protecting Endangered Species». Israel21c.
  40. Lidman, Melanie (2010 թ․ հոկտեմբերի 4). «Israeli 'aid ships' carry 4-legged animals to Turkey». The Jerusalem Post. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  41. Jonathan Lis. (2011 թ․ ապրիլի 1). «Zoo managers from around the world go biblical in Jerusalem». Haaretz. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  42. M. Tsurnamal (1978). «The biology and ecology of the blind prawn, Typhlocaris galilea Calman (Decapoda, Caridea)». Crustaceana. 34 (2): 195–213. doi:10.1163/156854078X00736. JSTOR 20103268.
  43. Kloosterman, Karin (2013 թ․ մայիսի 6). «Blind Shrimp Spared from Extinction at Bible Zoo in Jerusalem». Green Prophet. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
  44. «One Big Kitten: Tiger cub at the Jerusalem Zoo». zooborns.com. 2009 թ․ մարտի 12. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  45. «Feb 27 Week in Photos: Tiger Cub, Pancake Race, More». Interesting Things. 2008. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  46. «Dr. Elizabeth (Elisheva) Kaufman». Jewish Alliance for Women in Science. 2009. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  47. Saar, Yuval (2010 թ․ սեպտեմբերի 17). «The Human Zoo». Haaretz. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  48. 48,0 48,1 48,2 Alexander-Hurst, Nina (2006 թ․ մայիսի 11). «Beastly Behavior». The Jerusalem Post. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  49. «Hippopotamus swallows ball, dies at Biblical Zoo». The Jerusalem Post. 2006 թ․ մայիսի 5. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  50. «The Tisch Family Biblical Zoo». Israel Ministry of Tourism. 2005. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  51. Ben-David, Na'ama Y. (October–November 2003). «The Itinerant Ark: Insights from the Wandering Zoo». 50 (7). International Zoo News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  52. 52,0 52,1 Lis, Jonathan (2010 թ․ մայիսի 23). «Everything but the beach». Haaretz. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  53. 53,0 53,1 53,2 «The Tisch Family Zoological Gardens Annual Report 2009» (PDF). Jerusalem Foundation. 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  54. «הפארק התת ימי הגדול בארץ יוקם בירושלים». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.(եբրայերեն)
  55. «ירושלים תתחרה במצפה התת ימי». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.(եբրայերեն)
  56. «В Иерусалиме открылся "Израильский аквариум", рассказывающий о четырех морях». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.(ռուս.)
  57. 57,0 57,1 Yelinek, Aviel (2010 թ․ ապրիլի 16). «Animal Attraction». The Jerusalem Post. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  58. Peter Schwartzstein. (2014 թ․ օգոստոսի 19). «Jerusalem Zoo Struggles to Remain Common Ground for Israelis, Palestinians». National Geographic. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  59. Barbara Sofer. (2005 թ․ մայիսի 13). «57 more reasons I love Israel». The Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  60. Ofri, Ron; Barishak, Robert Y.; Eshkar, Gabi; Aizenberg, Itzhak (1996 թ․ մարտ). «Feline Central Retinal Degeneration in Captive Cheetahs (Acinonyx Jubatus)». Journal of Zoo and Wildlife Medicine. 27 (1): 101–108. JSTOR 20095551.
  61. Burge, Beverly; Mumcuoglu, Madeleine; Simmons, Tal (1999). «The Effect of Sambucol on Flu-like Symptoms in Chimpanzees: Prophylactic and symptom-dependent treatment» (PDF). International Zoo News. 46 (1): 16–19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  62. Eshkar, G.; Avni-Magen, N.; Ofri, R. (31 May – 4 June 2000). «Periodic Recurrent Keratitis in Asian Elephants» (PDF). European Association of Zoo and Wildlife Veterinarians, Third Scientific Meeting. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  63. Avni-Magen, Nili; Elad, Daniel; Friedman, Michael; Gati, Irith; Kaufman, Elizabeth; Lavy, Eran (2008 թ․ մարտ). «Use of a sustained release preparation of clotrimazole to treat dermatophytosis in a siamang (Hylobates syndactylus)». Journal of Zoo and Wildlife Medicine. 39 (1): 115–117. doi:10.1638/2007-0018.1. PMID 18432106. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  64. Bakal-Weiss, Meytal; Steinberg, Doron; Friedman, Michael; Gati, Irith; Avni-Magen, Nili; Kaufman, Elizabeth; Lavy, Eran (2010 թ․ հունիս). «Use of a Sustained Release Chlorhexidine Varnish as Treatment of Oral Necrobacillosis in Macropus spp». Journal of Zoo and Wildlife Medicine. 41 (2): 371–373. doi:10.1638/2010-0004.1. PMID 20597238.(չաշխատող հղում)
  65. «List of research projects». Jerusalem Biblical Zoo. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  66. «Shulov Fund». Jerusalem Zoo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  67. «Gabi Center». Jerusalem Zoo. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  68. «EAZA Member Zoos and Aquariums». Европейская ассоциация зоопарков и аквариумов. 2010. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  69. «Council Members 2009–2012» (PDF). EAZA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  70. «Complete List of EEPs and ESBs». EAZA. 2010. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  71. «Member Zoos and Aquariums». World Association of Zoos and Aquariums. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  72. Gleit, Heidi J. (2010). «Redefining Zoos» (105). ERETZ Magazine. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  73. «Appendix F – ISIS Members» (PDF). International Species Information System. 2004 թ․ դեկտեմբեր. էջ 37. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  74. «Alphabetized Institution List». egzac.org. 2010. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  75. «Volunteering». Jerusalem Zoo. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  76. «Zoo names a lake for Ellen Barnett». San Diego Jewish Press-Heritage. 2001 թ․ հուլիսի 27. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  77. «The Zoo Youth Group». Jerusalem Zoo. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  78. «Iphone App for the Jerusalem Biblical Zoo!». Jerusalem Zoo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  79. «Biblical Zoo». funinjerusalem.com. 2010 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգի» հոդվածին։