Երկրային կայան

Վերգետնյա կայանը, երկրային կայանը կամ երկրային տերմինալը ցամաքային ռադիոկայան է, որը նախատեսված է տիեզերանավերի հետ արտամոլորակային հեռահաղորդակցության համար՝ կազմելով տիեզերական համակարգի վերգետնյա հատվածի մասը, կամ աստղագիտական ռադիոաղբյուրներից ռադիոալիքների ընդունման համար։ Վերգետնյա կայանները կարող են տեղակայվել ինչպես Երկրի մակերևույթին, այնպես էլ նրա մթնոլորտում[1]։ Երկրային կայանները տիեզերանավերի հետ հաղորդակցվում են՝ ռադիոալիքներ փոխանցելով և ընդունելով գերբարձր հաճախականության, կամ ծայրահեղ բարձր հաճախականության, տիրույթներում, օրինակ՝ միկրոալիքներով, կամ Ազատ տարածության օպտիկական կապի տիրույթներում՝ տիեզերքում լազերային հաղորդակցության համար։ Վերջին դեպքում դրանք կոչվում են օպտիկական վերգետնյա կայաններ։ Երբ վերգետնյա կայանը հաջողությամբ ռադիոալիքներ է փոխանցում տիեզերանավին կամ ընդունում դրանցից, ստեղծվում է հեռահաղորդակցական կապուղի։ Վերգետնյա կայանի հիմնական հեռահաղորդակցական սարքը պարաբոլային ալեհավաքն է։
Վերգետնյա կայանները կարող են ունենալ հաստատուն կամ շարժական տեղակայում։ Հեռահաղորդակցության միջազգային միության, Ռադիոկապի կանոնակարգի 1-ին հոդվածի III բաժնում նկարագրվում են տարբեր տեսակի հաստատուն և շարժական վերգետնյա կայանները և դրանց փոխհարաբերությունները[2]։
Մասնագիտացված արբանյակային երկրային կայանները կամ արբանյակների հետևման կայանները օգտագործվում են արբանյակների, հիմնականում՝ կապի արբանյակների հետ հեռահաղորդակցության համար։ Այլ վերգետնյա կայաններ հաղորդակցվում են անձնակազմով տիեզերակայանների կամ անձնակազմ չունեցող տիեզերական զոնդերի հետ։ Այն վերգետնյա կայանը, որը հիմնականում ընդունում է հեռաչափական տվյալներ կամ հետևում է տիեզերական առաքելություններին կամ գեոհաստատուն ուղեծրում չգտնվող արբանյակներին, կոչվում է վերգետնյա հետևման կայան, տիեզերական հետևման կայան կամ պարզապես հետևման կայան։
Երբ տիեզերանավը կամ արբանյակը գտնվում է վերգետնյա կայանի ուղիղ տեսանելիության սահմաններում, համարվում է, որ կայանը տիեզերանավի նկատմամբ ունի տեսանելիություն՝ տե՛ս անցում։ Տիեզերանավը կարող է միաժամանակ հաղորդակցվել մեկից ավելի վերգետնյա կայանների հետ։ Համարվում է, որ երկու վերգետնյա կայաններ ունեն տիեզերանավի նկատմամբ փոխադարձ տեսանելիություն, երբ երկուսն էլ տիեզերանավի հետ միաժամանակ ունեն անարգել ուղիղ տեսանելիության կապ[3]։
Հեռահաղորդակցական պորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռահաղորդակցական պորտը, որն առավել հաճախ կոչվում է հեռահաղորդակցական տելեպորտ, արբանյակային վերգետնյա կայան է, որը գործում է որպես հանգույց՝ արբանյակը կամ երկրակենտրոն ուղեծրային ցանցը կապելով ցամաքային հեռահաղորդակցական ցանցի, օրինակ՝ Համացանցի հետ։
Տելեպորտները, ի թիվս այլ հեռահաղորդակցական գործառույթների, կարող են տրամադրել տարբեր հեռարձակման ծառայություններ[4], օրինակ՝ համակարգչային ծրագրերի վերբեռնում կամ վերելքային կապուղով արբանյակին հրամանների փոխանցում[5]։
1984 թվականի մայիսին Դալաս/Ֆորտ Ուերթ տելեպորտը դարձավ ԱՄՆ-ում շահագործման հանձնված առաջին տելեպորտը։
Երկրային տերմինալների համալիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Միացյալ Նահանգների Ընդհանուր ծառայությունների վարչության հրապարակած ստանդարտում երկրային տերմինալային համալիրը սահմանվել է որպես սարքավորումների և ենթակառուցվածքների ամբողջություն, որն անհրաժեշտ է երկրային տերմինալը՝ վերգետնյա կայանը, հեռահաղորդակցական ցանցում ինտեգրելու համար[6][7]։ Հետագայում այս ստանդարտը ներառվել է «ՀՈԼԴ Տելեկոմ Բառարան»-ում, որը վարում է Հեռահաղորդակցության ոլորտի լուծումների դաշինքը (ՀՈԼԴ), միջազգային, բիզնեսին ուղղված հասարակական կազմակերպություն։ Հեռահաղորդակցության արդյունաբերության ասոցիացիան նույնպես ընդունում է այս սահմանումը։
Արբանյակային կապի ստանդարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ITU-ի Ռադիոկապի հատվածը՝ ITU-R, որը Հեռահաղորդակցության միջազգային միության ստորաբաժանում է, համակարգում և կոդավորում է բազմակողմ քննարկումների միջոցով համաձայնեցված միջազգային ստանդարտները։ 1927-1932 թվականներին ստանդարտներն ու կանոնակարգերը ղեկավարում էր Ռադիոյի միջազգային խորհրդատվական կոմիտեն, ներկայումս դրանք կարգավորվում են ITU-R-ի կողմից։
ITU-R-ի սահմանած ստանդարտներից բացի, յուրաքանչյուր խոշոր արբանյակային օպերատոր սահմանում է տեխնիկական պահանջներ և ստանդարտներ, որոնց պետք է համապատասխանեն վերգետնյա կայանները՝ տվյալ օպերատորի արբանյակների հետ հաղորդակցվելու համար։ Օրինակ՝ Intelsat-ը հրապարակում է Intelsat Earth Station Standards-ը՝ IESS, որը, ի թիվս այլ հարցերի, վերգետնյա կայանները դասակարգում է ըստ դրանց պարաբոլային ալեհավաքների հնարավորությունների և նախապես հաստատում է որոշակի ալեհավաքների մոդելներ[8]։ Eutelsat-ը հրապարակում է համանման ստանդարտներ և պահանջներ, օրինակ՝ Eutelsat Earth Station Standards-ը՝ EESS[9][10]։ Միջգերատեսչական գործողությունների խորհրդատվական խումբը ներկայացնում է ստանդարտ ծառայությունները նկարագրող Ծառայությունների կատալոգը[11], Տիեզերանավերի արտակարգ փոխաջակցության ստանդարտը և Տիեզերական տվյալների համակարգերի խորհրդատվական կոմիտեի տվյալների ստանդարտները։
Տելեպորտի, որն ի սկզբանե կոչվում էր Հեռահաղորդակցական արբանյակային պարկ, գաղափարը մշակվել է Ջոզեֆ Միլանոյի կողմից 1976 թվականին՝ որպես ԱՄՆ Ազգային հետազոտական խորհրդի «Հեռահաղորդակցությունը մետրոպոլիտենային տարածքների համար. մոտակա կարիքներ և հնարավորություններ» ուսումնասիրության մաս։
Ցանցեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերգետնյա կայանների ցանցը կայանների խումբ է, որը տեղակայված է տիեզերանավերի հետ կապը, դրանց հետևումը կամ երկու գործառույթներն էլ ապահովելու համար։ Ցանցը ստեղծվում է որոշակի առաքելությանը, գործառույթին, ծրագրին կամ կազմակերպությանը նպատակային աջակցություն տրամադրելու համար[12]։
Վերգետնյա կայանների ցանցերից են՝
- ԱՄՆ տիեզերական ուժերի Արբանյակների կառավարման ցանցը
- ՆԱՍԱ-ի Մերձերկրյա տիեզերական ցանցը
- ՆԱՍԱ-ի խորը տիեզերքի ցանցը
- Ռուսաստանի հետևման ցանցը
- Եվրոպական տիեզերական հետևման ESTRACK ցանցը
- ՀՏՀԿ հեռաչափության, հետևման և հրամանատարության ցանցը
- ՃՕՀԳ-ի Մերձերկրյա հետևման և կառավարման ցանցը[13]
- Չինաստանի արբանյակների արձակման և հետևման կառավարման ցանցը
- Նորվեգական Կոնգսբերգ արբանյակային ծառայությունը
- Շվեդական տիեզերական կորպորացիայի CONNECT վերգետնյա կայանների ցանցը
- RBC Signals գլոբալ վերգետնյա կայանների ցանցը[14]
- Leaf Space վերգետնյա կայանների ցանցը[15]
- Amazon Web Services Ground Station ցանցը[16]
- SatNOGS ցանցը[17]
Պատմական այլ ցանցերից են՝
- Սմիթսոնյան աստղաֆիզիկական աստղադիտարանի, օպտիկական հետևման ցանցը
- ԱՄՆ-ի Minitrack ցանցը
- Ջոնս Հոփքինսի համալսարանի կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի Transit Network-ը[18]
- Ինտերկոսմոս ցանցը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Federal Standard 1037C - Earth Station». General Services Administration. 1996. Վերցված է 2009-04-23-ին.
This article incorporates text from this source, which is in the public domain. - ↑ «ITU Radio Regulations – Article 1, Definitions of Radio Services». International Telecommunication Union. Արխիվացված է օրիգինալից 2009-04-30-ին. Վերցված է 2009-04-23-ին.
- ↑ Underkoffler, C.; Webster, A.; Colombo, A., eds. (2007). «ATIS Telecom Glossary - View». Alliance for Telecommunications Industry Solutions. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009-04-22-ին.
- ↑ «Glossary» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Satellite Teleport». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Federal Standard 1037C - Earth terminal complex». General Services Administration. 1996. Վերցված է 2009-04-22-ին.
This article incorporates text from this source, which is in the public domain. - ↑ Underkoffler, C.; Webster, A.; Colombo, A., eds. (2007). «ATIS Telecom Glossary - Earth terminal complex». Alliance for Telecommunications Industry Solutions. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2009-04-22-ին.
- ↑ «Intelsat Earth Station Standards (IESS) – Document IESS–207 (Rev. 4)» (PDF). Eutelsat. 2005-05-10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006-10-17-ին. Վերցված է 2009-04-22-ին.
- ↑ «Earth Station Minimum Technical and Operational Requirements (Standard M, EESS 502 Issue 11 Rev. 1)». Eutelsat. Արխիվացված է օրիգինալից 2009-02-28-ին. Վերցված է 2009-04-22-ին.
- ↑ «Eutelsat Approved Equipment». Eutelsat. Արխիվացված է օրիգինալից 2008-11-17-ին. Վերցված է 2009-04-22-ին.
- ↑ Service Catalog IOAG.org
- ↑ Gnat, Marcin (2022). «Ground Station Network». Spacecraft Operations. Springer Aerospace Technology. էջեր 181–196. doi:10.1007/978-3-030-88593-9_10. ISBN 978-3-030-88592-2.
- ↑ SKY Perfect JSAT and KSAT to jointly provide ground station services to JAXA Arctic Business Journal, 2023
- ↑ NorthBase joins RBC Signals Network for global cooperation SatNews, 2023/12/13
- ↑ Vernile, Alessandra (2018) The Rise of Private Actors in the Space Sector Springer 9783319738024 pg 68
- ↑ Swinhoe, Dan (2025) AWS and KSAT sign ground station agreement Data Centre Dynamics
- ↑ R. Sante, J. Bhosale, S. Bhosle, P. Jangam et al (2023) Design and Development of Automated Groundstation System for Beliefsat-1 Proceedings of the International Conference on Paradigms of Computing, Communication and Data Sciences
- ↑ Dunnell, C.A. (1967) TRANET Doppler Tracking System Արխիվացված 2024-05-03 Wayback Machine APL
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- UplinkStation.com, a corporate directory of commercial teleports, satellite television operators, et al.
- World Teleport Association
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրային կայան» հոդվածին։ |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||