Երկտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երկտեսություն
Diplopia.jpg
1 օբյեկտը 2 հատ տեսնելու զգացողությունը
Բժշկական մասնագիտությունՆյարդաբանություն, Ակնաբուժություն
ՀՄԴ-9368.2
ՀՄԴ-10H53.2
ՀոմանիշներԴիպլոլիա
Diplopia Վիքիպահեստում

Երկտեսություն, (դիպլոպիա) մեկ օբյեկտի կրկնակի տեսնելու զգացողությունն է, որը կարող է լինել հորիզոնական և ուղղահայաց հարթություններում, ինչպես նաև դրանց զուգակցման դեպքում անկյունագծով, կամ պտտվող միմյանց նկատմամբ[1]։ Այն սովորաբար հանդիպում է ակնաշարժ մկանների գործունեության խանգարման արդյունքում, երբ երկու աչքն էլ տեսնում են, սակայն չեն կարողանում համահավասար թեքվել դեպի տեսադաշտի համապատախան թիրախ օբյեկտը[2]։ Նմանատիպ խանգարումներ կարող են առաջանալ ակնաշարժ համակարգի ցանկացած մակարդակում վնասման հետևանքով՝ մկանների վնասում, նյարդամկանային փոխանցման խանգարում, 3-րդ, 4-րդ, 6-րդ գանգուղեղային նյարդերի կամ դրանց կորիզների վնասում, գլխուղեղում վերկորիզային կենտրոնական ուղիների վնասում, ինչպես նաև ակնագնդի շարժմանը մեխանիկական խոչընդոտի առկայության դեպքում (օր. այտուց կամ ուռուցք ակնակապճի ներսում) և թույների ազդեցության հետևանքով[3]։ Երկտեսությունը կարող է տարբեր համակարգային կամ նյարդաբանական հիվանդություններ առաջին նշանը լինել[4] և խանգարել հավասարակշռության պահպանմանը, սահուն շարժումների իրականացմանը և կարդալու պրոցեսին[2][5]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկտեսությունը ունի բազմաթիվ պատճառներ՝ ակնաբուժական, վարակային, աուտոիմուն, նյարդաբանական և ուռուցքաբանական։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկտեսությունը հիմնականում ախտորոշվում է հիվանդի գանգատների հիման վրա։ Բժշկի կողմից կարող են կիրառվել արյան տարբեր քննություններ, զննում, համակարգչային շերտագրություն, մագնիսա-ռեզոնասային շերտագրություն և այլ լաբորատոր-գործիքային հետազոտման մեթոդներ պատճառը բացահայտելու համար[8]։ Շատ կարևոր է գնահատել ակնաշարժ համակարգը՝ ստուգելով առանձին աչքերի շարժումները բոլոր ուղղություններով (հորիզոնական, ուղղահայաց, անկյունային և պտտական), ինչպես նաև զույգ աչքերի համակցված շարժումները։ Պետք է փորձել հասկանալ պատկերների փոխադարձ դասավորությունը, մշտական է արդյոք երկտեսությունը թե անցողիկ, առկա է բոլոր դիրքերում, թե միայն կոնկրետ ուղղությամբ նայելիս։ Կարևոր է նաև հասկանալ երկտեսության վաղեմությունը և առաջացման հանգամանքները։ Այս ամբողջ ինֆորմացիան մեծապես կնպաստի ավելի արագ կողմնորոշվել պատճառի հայտնաբերման հարցում և խուսափել ավելորդ հետազոտություններից[9]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյոք երկտեսությունը առկա է միայն երկու աչքերը բաց վիճակում (երկակնային տեսողություն) թե պահպանվում է նաև մեկ աչքը փակելիս (մեկակնային տեսողություն) շատ կարևոր է երկտեսության պատճառը ճիշտ ախտորոշելու համար։ Ըստ այդմ դասակարգում են երկտեսության 2 հիմնական խումբ՝ երկակնային և մեկակնային[10]։

Երկակնային երկտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկակնային երկտեսությունը առաջանում է շլության առկայության դեպքում, երբ առկա է զույգ աչքերի շարժումների անհամապատասխանություն տարամիտող կամ համամիտող շլության տեսքով։ Այս պարագայում երբ մեկ աչքի դեղին բիծը (լավագույն տեսողության գոտի) ուղղված է թիրախային օբյեկտին, մյուս աչքը նայում է այլ ուղղությամբ և թիրախ օբյեկտի պատկերը հայտնվում է ցանցաթաղանթի այլ հատվածում։

Գլխուղեղը վերամշակում է աչքերից ստացած ինֆորմացիան, համադրելով դրանք մեկ ընդհանուր պատկերում։ Կախված այն բանից, թե ցանցաթաղանթի որ հատվածից է գալիս ինֆորմացիան, ուղեղը պատկերը «տեղադրում» է տեսադաշտի համապատասխան հատվածում։ Այսպես, դեղին բծից եկած ինֆորմացիան «տեղավորվում» է տեսադաշտի կենտրոնական հատվածում, իսկ ցանցաթաղանթի այլ հատվածներից՝ ավելի ծայրամասում։ Երբ նույն առարկայի պատկերը գլխուղեղին հասնում է զույգ աչքերի ցանցաթաղանթների տարբեր հատվածներից, առաջանում է երկտեսություն, գլխուղեղը առարկան «տեսնում» է 2 հատ։

Մարդու ուղեղը ունի որոշակի պաշտպանական համակարգեր ընդդեմ երկտեսության։ Որպեսզի «խուսափի» երկտեսությունից, ուղեղը երբեմն կարող է անտեսել մեկ աչքից եկող ինֆորմացիան և բավարարվել միայն մեկով։ Այս գործընթացը կոչվում է «ընկճում»։ Ուղեղի այս հատկությունը առավել արտահայտված է երեխաների մոտ, երբ նրանց գլխուղեղը դեռևս զարգացման փուլում է։ Այդ իսկ պատճառով, մանկական տարիքում առաջացած շլությունը չի անհանգստացնում երեխային երկտեսությամբ, իսկ մեծահասակների մոտ առաջանալու դեպքում՝ անհանգստացնում է։ Չնայած, որ ընկճելու այս հատկությունը դրական ազդեցություն ունի շլություն ունեցող երեխաներ համար, այնուամենայնիվ զարգացող օրգանիզմում այն կարող է խանգարել ախտահարված աչքի տեսողության նորմալ զարգացմանը և բերել ամբլիոպիայի զարգացման։ Ընկճում երբեմն կարող է լինել նաև մեծահասակների մոտ, սակայն խիստ հազվադեպ դեպքերում ամբողջական և խորը, և զարգացման համար պահանջում է ավելի երկար ժամանակ։ Ահա թե ինչու, ընկճումը մեծահասակների մոտ երբեք չի բերում ախտահարված աչքում տեսողության խանգարման։

Մեկակնային երկտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկտեսություն կարող է առաջանալ նաև մեկ աչքով նայելիս և այն կոչվում է մեկակնային երկտեսություն, կամ 2-ից ավել տեսնելու դեպքում մեկակնային բազմատեսություն։ Չնայած որ մեկակնային երկտեսությունը խոսում է ավելի լուրջ և վտանգավոր խնդիրների մասին, այն հանդիպում է շատ ավելի հազվադեպ, քան երկակնայինը[10]։ Տարբերակիչ ախտորոշման մեջ ներառվում են կերատոկոնուսը, աչքի ոսպնյակի նորմալ դիրքից շեղումը, ակնագնդի կառուցվածքային շեղումները, առաջային տեսողական կեղևի (գլխուղեղ) վնասումը, և մի շարք այլ խնդիրներ կապված աչքի օպտիկական համակարգի հետ, օր.՝ աստիգմատիզմ[11]։

Ժամանակավոր երկտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակավոր երկակնային երկտեսություն կարող է առաջանալ ալկոհոլային թունավորման, գլխի վնասվածքների (օր.՝ ուղեղի ցնցում)։ Այն կարող է նաև առաջանալ որպես որոշ դեղորայքների կողմնակի էֆեկտ, հատկապես գերդոզավորման դեպքում։ Նման կողմնակի ազդեցությամբ օժտված են բենզոդիազեպինները, օփիոիդները, հակացնցումային ֆենիտոինը, զոնիսամիդը, լամոտրիջինը, ինչպես նաև քնաբեր զոլպիդեմը, ընդհանուր անզգայացնող կետամինը[12]։ Ժամանակավոր երկտեսություն կարող է առաջանալ նար աչքերում հոգնածության կամ լարվածության դեպքում։ Եթե երկտեսությունը արագ չի անցնում կամ սկսվում է այլ ախտանիշների (օր.՝ սուր ցավ ակնակապճում) հետ հարկավոր է դիմել նյարդաբանի կամ ակնաբույժի։

Կամավոր երկտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մարդիկ գիտակցաբար առաջացնել «շլություն», կա՛մ գերֆոկուսացնելով տեսողությունը մոտիկ առարկայի վրա, կա՛մ ընդհակառակը ապաֆոկուսացնելով։ Այլ պարագայում, որևէ օբյեկտի հետևում գտնվող մեկ այլ օբյեկտի նայելիս առաջին օբյեկտը կրկնակի է երևում (օր.՝ մատը պահելով էկրանի և աչքերի մեջտեղում, էկրանին տեքստ կարդալիս, մատը 2 հատ է երևում։ Այպիսի երկտեսությունը վտանգավոր չէ և նույնիսկ կարող է զվարճալի թվալ։ Մեկակնային երկտեսություն կարելի է հարուցել նույնիսկ առողջ մարդկանց մոտ, տեսողական ապաֆոկուսավորմամբ՝ օգտագործելով բարակ բարձր-կոնտրաստային գծեր[11]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկակնային երկտեսության համապատասխան բուժումը մեծապես կախված է առաջացման պատճառից։ Նախ ջանքերը պետք է ուղղված լինեն հայտնաբերելու և բուժելու խնդրի հիմքում ընկած պատճառը։ Բուժում կարող է ներառել աչքերի վարժություններ[2], առողջ աչքի փակում ակնակապով[2], ոսպնյակներով շտկում[13], իսկ ավելի արտահայտված դեպքերում վիրահատական միջամտություն[5] կամ բոտուլոտոքսինով բուժում[14]։ Եթե այս ամենի արդյունքում երկտեսությունը մնում է չբուժված, ապա ծայրահեղ դեպքերում կարող է կատարվել մեկ աչքի տեսադաշտի մթնեցում անթափանց լիզայի կամ հատուկ անթափանց նյութերի ներակնային ներարկման միջոցով[15][16]։

Թեմատիկ հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cassin, B. & Solomon, S. (1990) Dictionary of Eye Terminology. Gainesville, Florida: Triad Publishing Company
  2. 2,0 2,1 2,2 2,3 O'Sullivan, S.B & Schmitz, T.J. (2007). Physical Rehabilitation. Philadelphia, PA: Davis. 978-0-8036-1247-1.
  3. Blumenfeld, Hal (2010). Neuroanatomy through Clinical Cases. Sunderland MA: Sinauer. 978-0-87893-058-6.
  4. Rucker, JC. (2007)։ «Oculomotor disorders»։ Semin Neurol. 27 (3): 244–56։ PMID 17577866։ doi:10.1055/s-2007-979682 
  5. 5,0 5,1 Kernich, C.A. (2006)։ «Diplopia»։ The Neurologist 12 (4): 229–230։ PMID 16832242։ doi:10.1097/01.nrl.0000231927.93645.34 
  6. «Diplopia and fluoroquinolones»։ Ophthalmology 116 (9): 1814–7։ September 2009։ PMID 19643481։ doi:10.1016/j.ophtha.2009.06.027 
  7. «Diplopia - Eye Disorders - Merck Manuals Professional Edition»։ merck.com։ Վերցված է 27 March 2018 
  8. «An Overview of Double Vision»։ WebMD (en-US)։ Վերցված է 2018-09-23 
  9. Glisson Christopher C. (2019-10)։ «Approach to Diplopia:»։ CONTINUUM: Lifelong Learning in Neurology (անգլերեն) 25 (5): 1362–1375։ ISSN 1080-2371։ doi:10.1212/CON.0000000000000786 
  10. 10,0 10,1 Karmel, Miriam (November 2009), «Deciphering Diplopia», EyeNet, արխիվացված օրիգինալից March 16, 2016-ին, https://web.archive.org/web/20160316113719/http://www.aao.org/eyenet/article/deciphering-diplopia?novemberdecember-2009 
  11. 11,0 11,1 Steven M. Archer, MD (December 2007), «Monocular Diplopia Due To Spherocylindrical Refractive Errors», Trans Am Ophthalmol Soc. 105: 252–271, PMID 18427616 
  12. Alves Mariana, Miranda Ana, Narciso Marco R., Mieiro Luis, Fonseca Teresa (2015-04-13)։ «Diplopia: a diagnostic challenge with common and rare etiologies»։ The American Journal of Case Reports 16: 220–223։ ISSN 1941-5923։ PMC 4410729։ PMID 25865898։ doi:10.12659/AJCR.893134 
  13. Phillips PH. (2007)։ «Treatment of diplopia»։ Semin Neurol. 27 (3): 288–98։ PMID 17577869։ doi:10.1055/s-2007-979680 
  14. Taub, M.B. (2008)։ «Botulinum toxin represents a new approach to managing diplopia cases that do not resolve»։ Journal of the American Optometric Association 79 (4): 174–175։ doi:10.1016/j.optm.2008.01.003 
  15. Burger D. S., London R. (1993-03)։ «Soft opaque contact lenses in binocular vision problems»։ Journal of the American Optometric Association 64 (3): 176–180։ ISSN 0003-0244։ PMID 8454834 
  16. Hadid O. H., Wride N. K., Griffiths P. G., Strong N. P., Clarke M. P. (2008-07)։ «Opaque intraocular lens for intractable diplopia: experience and patients' expectations and satisfaction»։ The British Journal of Ophthalmology 92 (7): 912–915։ ISSN 1468-2079։ PMID 18556424։ doi:10.1136/bjo.2007.132639 

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]