Երկարակրունկներ (լատին․՝ Tarsiidae), պրիմատների կարգիկաթնասունների ընտանիք։ Մարմնի երկարությունը (արուի)՝ 8,5-16 սմ, պոչինը՝ 14,5-27,5 սմ, քաշը՝ 80-150 գ։ Ունեն շարժուն գլուխ, որը մինչև 360° կարող է պտտվել։ Ականջները երկար են, դունչը՝ կարճ, աչքերը՝ խոշոր։ Առջևի վերջավորությունները կարճ են, ետինները երկարացած են ի հաշիվ ուժեղ զարգացած կրունկների։ Բուրդը մոխրագույն է կամ մուգ դարչնագույն։ Պոչը մերկ է, վերջանում է վրձնաձև մազափնջով։ Բարակ, ոսկրոտ մատների ծայրերում ունեն ներծծող բարձիկներ։ Երկարակրունկերի անցողիկ ձևեր են լեմուրների և ստորին կապիկների միջև։ Հայտնի է մեկ սեռ (լատին․՝ Tarsius)՝ 3 տեսակով։ Երկարակրունկներն ապրում են Ֆիլիպինյան, Զոնդյան և Մալայան կղզեխմբի կղզիներում։ Հանդիպում են դժվար անցանելի ջունգլիներում։ Գիշերային կյանք են վարում։ Ապրում են զույգերով, Հազվադեպ՝ 3-4 անհատից բաղկացած խմբերով։ Սնվում են միջատներով, սարդերով, մողեսներով։ Հղիությունը 6 ամիս է։ Էգն ունենում է մեկ ձագ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 600)։