Երկակի ստանդարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երկակի ստանդարտ կամ երկակի բարոյականություն[1] (երբեմն օգտագործվում է նաև «կրկնակի ստանդարտ» ձևը), բնակչության խմբերի, երկրների, ռասաների գործողությունների և իրավունքների գնահատման նկատմամբ խտրական մոտեցումների լայնորեն տարածված, բայց պաշտոնապես մերժվող կիրառումը գործնականում[2]։ Երկակի ստանդարտները բնութագրվում են տարբեր սուբյեկտների նույնատիպ գործողությունների սկզբունքների, օրենքների, կանոնների, գնահատականների տարբեր կիրառությամբ (որոնցից մեկը կարող է լինել գնահատողը)՝ կախված այդ սուբյեկտների լոյալության աստիճանից կամ գնահատողի համար օգուտների այլ նկատառումներից։ Տերմինը լայնորեն օգտագործվում է ժամանակակից քաղաքագիտության, ժուռնալիստիկայի, տնտեսության, հասարակագիտության և այլ հումանիտար գիտությունների երևույթների բացասական նկարագրության համար:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից նշանակությամբ «double standard» ( անգլ. թարգմանաբար՝ «Երկակի ստանդարտ») տերմինը հայտնվել է 19-րդ դարի կեսերի անգլերենում, ի սկզբանե տղամարդկանց և կանանց հանդեպ անհավասար բարոյական պահանջները նշելու համար[3]։ Տերմինը նաև օգտագործվում էր ավելի վաղ չափման երկու տարբեր մեթոդների համար, օրինակ՝ բիմետալիզմի, ինչպես նաև բարության և չարության մասին աստվածաբանական դատողություններում[4]:

ԽՍՀՄ-ում այն կիրառվել է կապիտալիստական երկրներում ռասային և դասային անհավասարությունը նշելու համար[5]։

Ի տարբերություն տերմինի, երևույթը հնագույն արմատներ ունի, և ժամանակակից հետազոտողները ազատորեն օգտագործում են տերմինն, օրինակ, հռոմեական իրավունքի[6] կամ աստվածաշնչյան տեքստերի համար հավելվածում[7]:

Երկակի ստանդարտների տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկակի ստանդարտների տարածված դրսևորումներից մեկը նույն կամ շատ մոտ օբյեկտների, գործողությունների, երևույթների անվանումն է տարբեր տերմիններով, որոնք տարբեր հուզական երանգներ ունեն․ «նրանց մոտ պատերազմ է, մեզ մոտ՝ խաղաղության պայքար, նրանց մոտ ինտերվենտներ են, մեր մոտ՝ ռազմիկ ինտերնացիոնալիստներ, մենք հետախույզներ ենք, նրանք՝ լրտեսներ»[8]։

Երկակի ստանդարտներին է վերաբերում նաև «հոտենտոտների բարոյականությունը»։ Սա աֆրիկյան աբորիգենին վերագրվող արտահայտություն է․ «Չարը՝ երբ հարևանս հարձակվի ինձ վրա, խլի անասունն ու կնոջս…», - «Իսկ բարի՞ն», - «Իսկ բարին՝ երբ ես խլեմ հարևանից նրա անասունն ու կնոջը»[9]։

Երկակի ստանդարտների քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկակի ստանդարտների քաղաքականություն ընդունված է անվանել մի իրավիճակ, երբ նույն երևույթի, միջազգային հարաբերություններում տեղի ունեցող գործընթացի կամ իրադարձության գնահատականը կախված է գնահատման օբյեկտների հետ գնահատող կողմերի հարաբերությունների բնույթից։ Նույն էության դեպքում մի շարք երկրների գործողությունները ստանում են աջակցություն և արդարացում, Իսկ մյուսները՝ դատապարտվում և պատժվում են։

Երկակի ստանդարտների քաղաքականության դասական օրինակ է դարձել «Ում համար ահաբեկիչ, իսկ ում համար՝ ազատամարտիկ» (անգլ.՝ One man's terrorist is another man's freedom fighter) արտահայտությունը[10], որը շրջանառության մեջ է դրվել 1975 թվականին բրիտանացի գրող Ջերալդ Սեյմուրի կողմից նրա «Հարիի խաղ» (անգլ.՝ Harry's game) գեղարվեստական ստեղծագործության մեջ[11]։

Պատճառներ և բացատրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ երկակի ստանդարտները զարգանում են մարդկանց մտքերում բազմաթիվ հնարավոր, այդ թվում՝ իրենց համար արդարացման որոնման, դատողությունը մթագնեցնող զգացմունքների և համոզմունքների աջակցման համար փաստերի խեղաթյուրման պատճառներով, ինչպիսիք են հաստատման և ուշադրության կանխակարծությունները, կոգնիտիվ աղավաղումը, նախապաշարմունքները կամ ճիշտ լինելու ցանկությունը։ Մարդիկ հակված են գնահատել տարբեր արարքները՝ ելնելով այն բանից, թե ով է դրանք կատարել։

2000 թվականին անցկացված հետազոտությունում բժիշկ Մարթա Ֆոսկին դիտել է երկակի ստանդարտների կիրառումը խմբային իրավասության թեստերում։ Նա եկել է այն եզրակացության, որ կարգավիճակային բնութագրերը, ինչպիսիք են գենդերը, էթնիկ պատկանելությունը և սոցիալ-տնտեսական դասը, կարող են հիմք ծառայել երկակի ստանդարտների ձևավորման համար, որոնց դեպքում ավելի խիստ ստանդարտները կիրառվում են այն մարդկանց նկատմամբ, որոնք ընկալվում են որպես «ավելի ցածր» կարգավիճակում գտնվողներ: Բժիշկ Ֆոսկին նաև նշել է, որ երկակի ստանդարտները կարող են ձևավորվել այլ սոցիալական կարևոր հատկանիշների հիման վրա, ինչպիսիք են գեղեցկությունը, բարոյականությունը և հոգեկան առողջությունը[12]:Յեյլի կառավարման դպրոցի և Կոլումբիայի բիզնես դպրոցի դոցենտներ բժիշկ Տրիստան Բոտելոն և բժիշկ Մեյբլ Աբրահամը, ուսումնասիրել են գենդերի ազդեցությունն այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ գնահատում ուրիշներին ֆինանսական շուկայում: Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ միջին տղամարդիկ ավելի շատ են կասկածի առավելություն ստացել, քան միջին կանայք, որոնք ավելի հաճախ են «պատժվել» մարդկանց դատողություններում: Բոտելոն և Աբրահամը նաև ապացուցեl en, որ կանայք և տղամարդիկ հավասարապես հակված են ռիսկի, հակառակ տարածված կարծիքի: Ընդհանուր առմամբ, նրանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկակի ստանդարտները (առնվազն ֆինանսական շուկայի պայմաններում) իսկապես գոյություն ունեն գենդերի նկատմամբ: Նրանք խրախուսում են վերահսկողության միջոցների ձեռնարկումը՝ կազմակերպություններում գործադրման, վարձման և գնահատման գործընթացներում գենդերային նախապաշարմունքների վերացման համար: Նման վերահսկողության օրինակները ներառում են հայտերում միայն սկզբնատառերի օգտագործումը, որպեսզի թեկնածուների գենդերն ակնհայտ չլինի[13]։ Նման պրակտիկաներն, ըստ Բոտելոյի և Աբրահամի, արդեն ներդրվում են մի շարք կազմակերպություններում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [dic.academic.ru/dic.nsf/proverbs/31630/Двойная Двойная мораль] // Мокиенко В. М., Никитина Т. Г. Большой словарь русских поговорок. — М: Олма Медиа Групп, 2007.
  2. Двойной стандарт(չաշխատող հղում) // Словарь по общественным наукамԿաղապար:Мёртвая ссылка
  3. The Draytons and the Davenants. 1866. С. 181.
  4. Richard Hooker, Izaak Walton, John Keble, Walter Travers. The works of that learned and judicious divine, Mr. Richard Hooker. University Press, 1845. С. 225.
  5. Геевский И. А. Расистская политика американских империалистов. — М.: Гос. изд-во полит. лит-ры, 1952. — С. 135.
  6. Bruce W. Frier, Thomas A. J. McGinn, Thomas A. McGinn A casebook on Roman family law. — Oxford University Press, 2004. — P. 120.
  7. Andrew Davies Double standards in Isaiah: re-evaluating prophetic ethics and divine justice. — BRILL, 2000.
  8. Маслова В. А. Введение в когнитивную лингвистику. — М.: Флинта, 2004.
  9. «Готтентотская мораль»։ Аргументы Недели։ Վերցված է 2014-10-12 
  10. Satish Chandra Pandey. International Terrorism and the Contemporary World. Sarup & Sons, 2006. С. 17.
  11. Who said one man’s terrorist is another man’s revolutionary?
  12. Foschi Martha (2000)։ «Double Standards for Competence: Theory and Research»։ Annual Review of Sociology (English) (Annual Reviews) 26: 21–42։ JSTOR 223435։ doi:10.1146/annurev.soc.26.1.21 
  13. Dr. Tristan Botelho, Dr. Mabel Abraham (դեկտեմբերի 1, 2017)։ «Pursuing Quality: How Search Costs and Uncertainty Magnify Gender-based Double Standards in a Multistage Evaluation Process» (Journal article)։ Administrative Science Quarterly (English) 62 (4): 698–730։ doi:10.1177/0001839217694358։ Վերցված է մարտի 9, 2019 

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]