Երկաթահանքային արդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկաթհանքային արդյունաբերություն, լեռնային արդյունաբերության ճյուղ, զբաղվում է երկաթաքարի հանույթով և նախնական մշակմամբ՝ ագլոմերացմամբ մանրատում, տեսակավորում, հարստացնում և միջակացնում է հանքաքարը։ Սև մետաղագործության հումքային բազան է։ Երկաթաքարի հանույթը և երկաթի ստացումը հայտնի են հնագույն ժամանակներից։ Երկաթհանքային արդյունաբերությունը որպես ճյուղ սկսեց արագ զարգանալ XVIII դարի 1-ին կեսին՝ կապված թուջի և պողպատի ձուլման աճի հետ։

Հետազոտված երկաթաքարի պաշարների 3/4-ը գտնվում է ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Կանադայում, Հնդկաստանում, Ավստրալիայում։ 1969 թվականին ԱՄՆ արտադրել է 91, սպառել՝ 130 միլիոն ակր երկաթաքար։ Արևմտյան Եվրոպայում ամենախոշոր երկաթհանքային արդյունաբերությունը ունի Ֆրանսիան, ապա՝ Շվեդիան։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան գրեթե չունեն երկաթաքարի պաշարներ։

Հայաստանում մեր թվարկությունից առաջ XIII-XII դարերում Թեյշեբաինի բնակավայրում (Կարմիր բլուր) հայտնաբերվել է դարբնոցային արհեստանոց։ Նման արհեստանոց (թուջերկաթի և ածխի մնացորդներով) հայտնաբերվել է նաև Լճաշենում։ Ուրարտական մետաղագործությունը ապահովված էր տեղական երկաթի հանքաքարով, հարուստ էին Մուշի, Բիթլիսի, Վանի, Ուրմիա լճի շրջակայքի, Անուսի, Էրզրումի և այլ հանքավայրերը։ ՀՀ-ում հայտնաբերված են բարձրորակ երկաթահանքի պաշարներ (Աբովյան, Հրազդան, Սվարանց և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 594