Երիտքերականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երիտքերականություն, նեոգրամատիզմ, պատմահամեմատական լեզվաբանության ուղղություն։ Առաջացել է 19-րդ դարի 70-ական թվականներին Գերմանիայում։ Ըստ երիտքերականների, լեզուն մարդու հոգեկան ու ֆիզիոլոգիական գործունեություն է և մշտապես փոխվում է խոսելու պրոցեսում։ Տ․ Օստհոֆը և Կ․ Բրուգմանը «Ձևաբանական հետազոտություններ հնդեվրոպական լեզուների բնագավառում» աշխատության առաջին հատորի (1878) առաջաբանում, որ համարվում է րիտքերականության մանիֆեստը, նշել են, որ լեզուն մարդկանցից դուրս և ինքն իր համար գոյություն չունի, այն իրապես միայն անհատի մեջ Է, ուստի և լեզվի կյանքում կատարվող բոլոր փոփոխությունները կարող են սկիզբ առնել միայն խոսող անհատներից։ Երիտքերականներն իրենց հետազոտություններում գլխավոր ուշադրությունը դարձրել են համաբանական (անալոգիական) նորակազմությունների ու հնչյունական օրենքների վրա։ Նրանց կարծիքով ավելի շատ պետք է ուսումնասիրել կենդանի, քան մեռած լեզուները, քանի որ սրանք ավելի հարուստ նյութ են տալիս լեզվի օրինաչափությունների բացահայտման համար։ Աչքի ընկնող ներկայացուցիչներից են՝ Ա․ Լեսկինը, Տ․ Օստհոֆը, Կ․ Բրուգմանը, Տ․ Պաուլը, Բ․ Դելբրյուկը, Մ․ Բրեալը, Ա․ Ֆորտունատովը, հայ լեզվաբաններից՝ Մ․ Աբեղյանը։ Երիտքերականությունը դադարեց լեզվաբանական հիմնական ուղղություն լինելուց 20-րդ դարի սկզբին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 591