«Երիտասարդության խնձորներ» (ռուս.՝ Молодильные яблоки), ռեժիսոր Իվան Ակսենչուկի 1974 թվականին համանուն ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվներով նկարահանված մուլտֆիլմը[2]։
Ծեր գյուղացին իր երեք որդիներին ուղարկում է երիտասարդության խնձորը գտնելու` պայմանով, որ նա, ով կկատարի հանձնարարությունը, ժառանգելու է տունը և մայր հողը։ Երեք եղբայրները հասնում են երեք ճանապարհների ճամփաբաժան և գտնում են քարե արձանագրություն. «Ով գնա այս քարից ուղիղ, քաղցած ու մրսած կլինի։ Ով գնա աջ, ողջ ու առողջ կլինի, իսկ ձիուն կկորցնի, իսկ ով գնա ձախ, փառք ու պատվի կարժանանա, սակայն նրան կսպանեն»։ Ավագ եղբայրները, չափսոսալով իրենց ձիերը, գնում են դեպի աջ և մի պանդոկ են ընկնում, որտեղ խմում են և խաղում խնձորների փնտրտուքների համար նախատեսված ամբողջ ժամանակը։ Կրտսեր որդի Իվանը որոշում է, որ «հոր համար մեռնելն էլ սարսափելի չէ» և գնում է ձախ։ Նա հանդիպում է Գորշ գայլին, ով դառնում է նրա ընկերն ու օգնականը։ Իվանը գայլի վրա հասնում է մինչև երիտասարդության խնձորների այգու տիրոջ ամրոցը։ Վերջինս խնձորների փոխարեն պահանջում է Ոսկեբաշ ձիուն, որը պահվում էր Կոշչեյի մոտ։ Կոշչեյը համաձայնում է ձիուն տալ կապուտաչյա գեղեցկուհու դիմաց։ Գայլն օգնում է գտնել կապուտաչյա գեղեցկուհուն, խաբում է և Կոշչեյին և չար արքային։ Իվանը հայրենի տուն է վերադառնում հիանալի ձիու վրա, գեղեցկուհի հարսնացուի հետ, հոր համար տանելով երիտասարդացնող խնձորները, սակայն նրան հանդիպում են ամեն ինչ կորցրած եղբայրները, ծեծում են նրան, խլում խնձորները և ավելի շուտ դրանք հասցնում հորը։ Կապուտաչյա գեղեցկուհին իր անկեղծ համբույրով կյանքի է վերադարձնում իր սիրեցյալին։ Իվանը տուն է գնում և բացահայտում խաբեբաներին։ Նրան, որպես ամենաազնիվ որդու, բաժին է հասնում հայրական հողը։
1990-ականների սկզբին ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում մուլտֆիլմը VHS ձևաչափով թողարկել է «Крупный план» կինոմիավորումը «Թռչող նավ» «Մի որևէ թագավորությունում» և «Եդեմական ծաղիկ» մուլտֆիլմերի հավաքածուի մեջ ։
2002 թվականին վերաթողարկվել է VHS ձևաչափով, «Союз видео» ստուդիայի կողմից, «Ռուսական հեքիաթներ» մուլտֆիլմերի ժողովածուի մեջ։ Նույն թվականին մուլտֆիլմը թողարկվել է DVD ձևաչափով, նույն ստուդիայի կողմից, համանուն ժողովածուի մեջ։
Մուլտֆիլմի թարմացված տարբերակը թողարկվել է DVD ձևաչափով, «Крупный план» ստուդիայում, «Ռուսական հեքիաթներ» մուլտֆիլմերի ժողովածուի մեջ։ Նույն սկավառակի վրա թողարկվել են նաև «Սագեր-կարապներ», «Քույրիկ Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան» հեքիաթները[3]։