Jump to content

Երգ Թրիմրի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երգ Թրիմրի մասին
Տեսակչափածո շարադրանք
Ժանրառասպել
ԹեմաՍկանդինավյան դիցաբանություն, Մյոլնիր, feather cloak?, cross-dressing? և Brísingamen?
Մասն էսկանդինավյան Ավագ Էդդա էպոսի
Բնօրինակ լեզուհին իսլանդերեն
Կերպար(ներ)Թոր, Լոկի, Ֆրեյա և Þrymr?
Նկարագրում էՅոտունհեյմ և Ասգարդ
Հրատարակման տարեթիվIX դար
 Þrymskviða Վիքիպահեստում

Երգ Թրիմրի մասին (իսլ.՝ Þrymskviða), սկանդինավյան «Ավագ Էդդա» էպոսի առասպելներից մեկը, որը համարվում է իսլանդական սկալդների կողմից երգված և հետագայում գրառված երգերից մեկը։ Այն պահպանված է միայն «Codex Regius 2365» ձեռագրերում։ Ուսումնասիրող գիտնականներից շատերն այն համարում են երգերից ամենահինը, իսկ գրառման ժամկետ են սահմանում 9-րդ դարի սկիզբը։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգն աստվածների ու հսկաների միջև խաղարկվող մի կատակերգություն է։ «Երգ Թրիմրի մասին» առասպելում պատմվում է, թե ինչպես է Թորը վերադարձնում Թրիմր անունը կրող և յոտունների տիրակալը համարվող հսկայից իր գողացված Մյոլնիր մուրճը։ Այն բարձրակարգ գեղագիտական ոճով իրականացրած՝ իրար հաջորդող իրավիճակների մի շարան է, որն ընթանում է գրոտեսկային հումորի ուղեկցությամբ։ Լեզվաբանական առումով պարզ ու մատչելի նյութն իր մեջ ներառում է թաքնված գաղտնագրություն։

«Երգ Թրիմրի մասին» առասպելում կրկնվող դարձվածքները ևս մեկ անգամ ընդգծում են սկալդական արվեստի յուրահատուկ ոճաբանական կառուցվածքի առանձնահատկությունները։

Երգը սկսվում է նկարագրությամբ, թե ինչպես է Թորն արթնանում և տեսնում, որ իր Մյոլնիր անունով մուրճը չկա։ Նա ձայնում է իր եղբորը՝ Լոկիին և հայտնում, որ իր մուրճը գողացել են։ Նրանք երկուսով գնում են Ֆրեյայի մոտ և խնդրում վերջինիս փետուրե հանդերձները, որպեսզի դրանց օգնությամբ թռչելով որոնեն մուրճը։ Ֆրեյան տալիս է իր զգեստները, որոնք հագնելով՝ Լոկին թռչում է դեպի հսկա յոտունների տիրույթները։ Նա հանդիպում է սառցե հսկաների գլխավոր Թրիմրին, որը ցուրտ ձմռան հովանավորն էր։ Հսկան հարցնում է Լոկիին, թե ինչու է նա հեռավոր Ասգարդից եկել իր մոտ։ Լոկին հայտնում է, որ կորել է Մյոլնիր մուրճը, և հարցնում, թե արդյոք Թրիմրը չի հափշտակել։ Թրիմրը խոստովանում է, որ ինքն է տարել այն և ութ ասպարեզ խորությամբ թաղել է հողի տակ։ Եվ պայման է դնում, որ այն կվերադարձնի, եթե իրեն որպես հարսնացու բերեն չքնաղ Ֆրեյային։

Լոկին վերադառնում է Ասգարդ, որտեղ նրան սպասում էր Թորը։ Լոկին պատմում է, թե ուր հասավ և ինչ իմացավ Մյոլնիր մուրճի մասին, նաև այն, թե ինչպես միայն կարելի է վերադարձնել մուրճը։ Իմանալով այդ՝ Թորը եղբոր՝ Լոկիի հետ կրկին գնում է Ֆրեյայի մոտ և ասում, որ նա պետք է իսկույն հարսի շորեր հագնի ու իր հետ գնա հսկա յոտունների երկիրը հարսնության։ Բայց Ֆրեյան խիստ զայրանում է՝ ասելով, որ եթե համաձայնվի, իրեն անառակ կհամարեն։ Դրանից հետո ասերը ժողով են գումարում, որպեսզի որոշեն, թե ինչ հնարով վերադարձնեն Թորի մուրճը։ Ի վերջո որոշում են Թորին հագցնել հարսի զգեստներ և Ֆրեյայի փոխարեն ուղարկել Թրիմրի մոտ։ Հզոր աստվածը նախ ընդդիմանում է, թե իրեն կնաբարո կհամարեն, բայց ի վերջո համաձայնում է։ Երբ նա հասնում է Թրիմրի պալատը, հսկաների առաջնորդը մեծ սեղան է գցել տալիս, ապա իր քրոջն ուղարկում բերելու Մյոլնիր մուրճը, որպեսզի այն դնեն հարսի ծնկներին և օծեն նրան։ Բայց երբ Թորը կրկին տիրանում է իր ահեղ զենքին, իսկույն սպանում է Թրիմրին, ապա կոտորում մյուս հսկաներին։

  • Ավագ Էդդա, Անտարես հրատարակչություն, Երևան 2018 թ.: Թարգմանիչ՝ Հակոբ Սարգսյան։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգ Թրիմրի մասին» հոդվածին։