Երազների մեկնաբանություն

Երազների մեկնաբանություն, երազներին իմաստ հաղորդելու գործընթաց: Մի շարք հնագույն քաղաքակրթություններում, հատկապես Եգիպտոսում և Հունաստանում, երազները համարվում էին աստվածային միջամտության կամ գերբնական կապ հաստատելու միջոց, որոնց իմաստը կարող էր բացահայտվել միայն որոշակի կարողություններ ունեցող մարդկանց կողմից:
Ժամանակակից աշխարհում հոգեբանության և նյարդաբանության տարբեր դպրոցներ առաջարկել են երազների իմաստի և նպատակի տարբեր տեսություններ: ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Հարավային Կորեայում անցկացրած հարցումների համաձայն այդ երկրներում մարդկանց մեծամասնությունը հակված է երազները մեկնաբանել` հաշվի առնելով Ֆրոյդի «Երազների մեկնաբանություն» աշխատությունը[1]:
Մարդկանց մի մասը հավատում է, որ երազներն իմաստ ունեն: Նրանք ավելի շատ իմաստ են տալիս երազներին, քան արթուն ժամանակ առաջացած մտքերին: Օրինակ` նշում են, թե առավել հավանական է, որ կհետաձգեն իրենց ուղևորությունը, եթե երազում ավիավթար տեսնեն, քան եթե թռիչքից առաջ պարզապես մտածեն այդ մասին[1]:
Այնուամենայնիվ, մարդիկ բոլոր երազներին նույն կարևորությունը չեն տալիս: Առավել հավանական է, որ նրանք կտեսնեն երազներ, որոնք համապատասխանում են իրենց` արթուն ժամանակ առաջացած մտքերին և ցանկություններին, քան երազներ, որոնք հակասում կամ բացառում են դրանք[1]:
Վաղ Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևելյան Միջերկրական[խմբագրել | խմբագրել կոդը]
Երազների մեկնաբանության ամենավաղ գրավոր օրինակներից է բաբելոնական Գիլգամեշ էպոսը[2][3]: Ըստ էպոսի բովանդակության՝ Գիլգամեշը երազում տեսնում է, որ երկնքից կացին է ընկնում: Մարդիկ հավաքվում են կացնի շուրջ, որպեսզի երկրպագեն և հիանան դրանով: Գիլգամեշն այն նետում է իր մոր առջև և հետո գրկում այն որպես իր կին: Նրա մայրը` Նինսուն, մեկնաբանում է որդու երազն` ասելով, որ շուտով ինչ-որ հզոր մարդ է գալու: Գիլգամեշը պետք է կռվի նրա հետ և փորձի հաղթել, սակայն այդպես էլ չի կարողանալու: Ի վերջո նրանք կդառնան մոտ ընկերներ և մեծ հաջողությունների կհասնեն միասին: Նա ավելացնում է. «Այն, որ դու գրկեցիր նրան որպես կին, նշանակում է, որ նա երբեք չի դավաճանի քեզ: Այսպիսով, քո երազը բացահայտված է»[4]:
Այս օրինակը ցույց է տալիս, որ մարդիկ երազներին վերաբերվում էին որպես ապագան գուշակելու միջոց: Սակայն Նինսուի մեկնաբանությունը ժամանակակից մոտեցում է պահանջում: Կացինը խորհրդանշում է տղամարդ, ով սկզբում իրեն ագրեսիվ կդրսևորի, բայց հետո ընկեր կդառնա: Կացնին գրկելը նշանակում է ագրեսիան փոխարինել ջերմությամբ, ընկերասիրությամբ:
Հին Եգիպոսում կրոնական գործիչները հանդես էին գալիս որպես երազ մեկնաբանողներ: Պահպանվել են բազմաթիվ հիերոգլիֆներ, որոնց վրա կան երազների մեկնաբանություններ:
Հիմնականում բոլոր քաղաքակրթություններում երազներին մեծ և նշանակալից կարևորություն է տրվել:
Հին հույները կառուցել են տաճարներ, որոնք անվանել են ասկլեպիոններ: Դրանք նախատեսված էին հիվանդ մարդկանց բուժելու համար: Ենթադրվում էր, որ տաճարի դագաղներում փակված լինելիս աստվածները նրանց կօրհնեն, և նրանք կբուժվեն: Երազները կարող էին ունենալ մարգարեական կամ սատանայական բնույթ:
Արտեմիդոր Դալդիանը իր «Օնեյրոկրիտիկա» գրքում նշում է, որ երազները կարող են ապագան կանխատեսել[5]: Նա կարծում էր, որ երազային պատկերները հուշումներ ունեն, և դրանք վերլուծելով կարելի է հասկանալ, թե ինչ բառի փոխարեն է օգտագործված տվյալ պատկերը: Օրինակ` Ալեքսանդր Մակեդոնացին Տյուրոսի դեմ պատերազմ մղելիս երազում տեսնում է, որ մի սատիր իր վահանի վրա պարում է: Ըստ Արտեմիդորի՝ սատիրի հայտնվելը նշանակում է, որ Ալեքսանդրին կհաջողվի գրավել Տյուրոսը: Ֆրոյդը համաձայն է Արտեմիդորի այս բացատրության հետ և ինքն էլ նշում է, որ երազները նկարահանելուկի նման կարող են մեկնաբանվել[6]:
Միջնադարյան իսլամական հոգեբանությունում նշվում է, որ երազները երեք մասից են բաղկացած: Անտիկ մուսուլման փիլիսոփաները երազների երեք տեսակ էին տարբերակում՝ կեղծ, ենթագիտակցական և իրական երազներ[7]: Երազների մասին Իբն Սիրինի գիրքը բաղկացած է 25 մասից: Իբնը նշում է, որ յուրաքանչյուր հավատացյալ մարդ պետք է իր երազները մեկնաբանելիս ուլեմների` մուսուլման գիտակների օգնությանը դիմի: Նրանք կարող են հասարակ մարդկանց ճիշտ մեկնաբանություն տրամադրել` հիմնվելով կրոնական և մշակութային գաղափարների վրա[8]: Ալ-Քինդին նույնպես անդրադարձել է երազների մեկնաբանությանը իր «Քնի և երազների մասին» աշխատությունում[9]: Ալ-Ֆարաբին առաջինն էր, որ տարբերակեց երազների մեկնաբանությունը և դրանց բնույթն ու առաջացման պատճառները[10]: Աբու Ալի իբն Սինան իր «Կանոն բժշկության» ձեռնարկում խառնվածքների տեսությանն է անդրադարձել` ներառելով «հուզական ասպեկտները, մտավոր կարողությունները, բարոյական վերաբերմունքը, ինքնագիտակցություն, շարժումները և երազները»[11]: Իբն Խալդունի «Ալ-Մուկադդիմա» գրքում նշվում է, որ անհասկանալի, շփոթեցնող երազները երևակայության պատկերներն են, որոնք պահպանվում են ընկալման կողմից, և որոնց հաղորդվում է մտածելու ունակություն, երբ մարդն արդեն անկարող է օգտագործել իր գիտակցական ընկալումը[12]:
Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Երազների մեկնաբանության մասին չինական ավանդական գիրքը «Երազների մեկնաբանության վեհ սկզբունքներն» է[13][14][15][16]: Չինացի փիլիսոփաներին հատկապես հետաքրքրում էր, թե ինչպես է, որ մարդիկ հասկանում են` երբ են երազ տեսնում և երբ են արթուն:
Չժուան-ցզիի գրքերից մեկում ասվում է. «Մի անգամ Չժուան Չուն երազում տեսնում է, թե ինքը թիթեռնիկ է: Նա ուրախ թռվռում է, բավականին գոհ իր կարգավիճակից և չգիտեր, որ ինքն իրականում Չժուան Չուն է: Ահա նա արթնանում է և հասկանում, որ իրականում ինքը Չժուան Չուն է կրկին»: Այսպիսով, արդյո՞ք Չուն երազում տեսել է, որ ինքը թիթեռնիկ է, թե՞ թիթեռնիկը հիմա երազում տեսնում է, որ ինքը Չուն է: Այստեղից էլ հարց է առաջանում, թե որքանով են երազները համապատասխանում իրականությանը: Այս հարցը ժամանակակից ճանաչողական նյարդաբանության առանցքային թեմաներից է[17][18]:
Ժամանակակից Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]
17-րդ դարում անգլիացի բժիշկ և գրող Թոմաս Բրաունը կարճ տրակտատ է գրում երազների մեկնաբանության վերաբերյալ: 19-րդ դարի վերջում երազների մեկնաբանությունը հոգեվերլուծության անբաժան մասն էր դարձել: Վերլուծելով երազների բնույթը` բացահայտվում է դրանց թաքնված իմաստը մարդու փսիքեում: Այս թեմային առնչվող մեկ այլ նորարարական աշխատություն է Զիգմունդ Ֆրոյդի «Երազների մեկնաբանություն»:
Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Հարավային Կորեայում իրականացրած ուսումնասիրությունների համաձայն ամերիկացիների 56%-ը, հնդիկների 74%-ը և հարավկորեացիների 65%-ը հավատում են, որ իրենց երազների բովադակությունն արտահայտում է իրենց անգիտակցական համոզմունքներն ու ցանկությունները: Այսպիսով, նրանք առավել մեծ նշանակություն են տալիս երազներին, քան արթուն, գիտակից ժամանակ առաջացած մտքերին:
Հիմնականում մարդկանց մեծամասնությունը դրական երազներ է տեսնում այն մարդկանց մասին, ում նկատմամբ դրական վերաբերմունք ունի, և բացասական երազներ` այն մարդկանց մասին, ում նկատմամբ բացասական վերաբերմունք ունի:
Հոգեբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրոյդ[խմբագրել | խմբագրել կոդը]
1899 թվականին լույս տեսած «Երազների մեկնաբանություն» աշխատությունում Ֆրոյդն առաջին անգամ նշում է, որ երազների հիմնական բովանդակությունը ցանկությունների իրականացումն է և որ երազների առաջացման խթան են հանդիսանում նախորդ օրվա իրադարձությունները: Այս տեսակետը հատկապես գործում է փոքր երեխաների երազները վերլուծելիս: Սակայն մեծահասակների դեպքում ամեն ինչ ավելի բարդ է: Ըստ Ֆրոյդի՝ մեծահասակների երազները աղավաղված և խեղաթյուրված են, ինչն էլ բարդացնում է դրանք վերլուծելու, բացահայտելու գործընթացը: Նրանք այլևս ի վիճակի չեն գիտակցելու իրենց երազների իրական նշանակությունը, ինչպես հոգեկան խնդիրներ ունեցողները չեն կարողանում հասկանալ իրենց նյարդային պահվածքը:
Ըստ Ֆրոյդի նախնական ձևակերպման՝ թաքնված երազները մարդու ներքին հոգեբանական ուժի ազդեցության արդյունք են: Ավելի ուշ նա տվյալ երևույթն անվանել է սուպեր էգո: Արթուն վիճակում մարդը կարողանում է կանխարգելել անգիտակցական մակարդակում առաջացած մտքերի` գիտակցական մակարդակ անցնելը: Ֆրոյդի տեսակետն այն էր, որ երազները քնի իրական լինելու երաշխիքն են: Երազներում մարդու ցանկությունները ներկայացվում են որպես իրական, որպեսզի նա չարթնանա և չանհանգստանա[19]:
Ֆրոյդը համարում էր, որ տագնապալի երազները և մղձավանջերը երազում ի հայտ եկած ձախողումների արդյունք են: Այս երևույթը ցույց է տալիս, թե ինչպես է էգոն արձագանքում ճնշված ցանկություններին, որոնք առավել հզոր են և ոչ բավարար կերպով թաքնված:
Յունգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երազները մեկնաբանելիս Յունգը երկու հիմնական մոտեցում է առաջարկել՝ օբյեկտվի և սուբյեկտիվ[20]: Օբյեկտիվ մոտեցման համաձայն երազներում յուրաքանչյուր մարդ համապատասխանում է իրական կյանքում գոյություն ունեցող մարդկանց, օրինակ՝ մայրը մայր է, ընկերուհին` ընկերուհի: Սուբյեկտիվ մոտեցման համաձայն երազում յուրաքանչյուր մարդ երազը տեսնողի որևիցե մի բնավորության գիծն է ներկայացնում: Յունգը նշում էր, որ մարդու համար շատ ավելի դժվար է ընդունել սուբյեկտիվ մոտեցումը, սակայն համապատասխան աշխատանքներից հետո հնարավոր է հասնել նրան, որ հենց երազ տեսնողը գիտակցի և կարողանա վերլուծել իր երազները: Այսպիսով, եթե երազում մարդուն հետապնդում է մարդասպան, նշանակում է, որ տվյալ մարդու մոտ դրսևորվում են մարդասպանի ազդակներ: Գեշտալտ թերապիայի համաձայն անգամ անշունչ առարկաները կարող են մարդու որոշակի ապրումների, զգացմունքների արտացուլումը լինեն:
Յունգը հավատացած էր, որ այնպիսի արքետիպերը, ինչպիսիք են ստվերը, անիման և անիմուսը(«կյանքի սկիզբ» կամ «հոգի», իգական և արական սեռեր համապատասխանաբար) երազում հանդես են գալիս որպես խորհրդանիշեր: Դրանք կարող են ներկայանալ ծեր մարդու, երիտասարդ աղջկա կամ հսկա սարդի տեսքով: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է անգիտակից վերաբերմունք, որը խորը թաքնված է գիտակցականում[21]:
Յունգը զգուշացրել է, որ չի կարելի երազում տեսած սիմվոլներին նշանակություն տալ առանց տվյալ մարդու անհատական իրավիճակը վերլուծելու: Նա տարբերակել է երկու մոտեցում այդ սիմվոլները վերլուծելիս. պատճառահետևանքային մոտեցում և վերջնական մոտեցում[22]: Պատճառահետևանքային մոտեցման համաձայն երազում տեսած թուրը կամ օձը արական սեռական օրգանի խորհրդանիշ է: Վերջնական մոտեցման դեպքում հոգեբանը կհարցնի «Ինչո՞ւ այս խորհրդանիշը և ոչ թե մեկ այլ»: Այսպիսով, թուրը անշունչ է, սուր, կործանիչ: Իսկ օձը շնչավոր է, վտանգավոր, հավանաբար թունավոր: Վերջնական մոտեցումը հնարավորություն կտա լրացուցիչ տեղեկություններ ստանալ երազը տեսնողի վերաբերմունքի մասին:
Յունգը նշել է, որ երազները անգիտակցականի կողմից ստեղծած խճանկարներ չեն, որպեսզի վերծանվեն: Երազները գիտակցականում թաքնված ստերը բացահայտելու միջոց չեն: Երազները անգիտակցական մակարդակի նման իրենց յուրօրինակ լեզուն ունեն:
Յունգը հավատացած էր, որ երազները կարող են պարունակել անխուսափելի ճշմարտություններ, փիլիսոփայական գաղափարներ, պատրանքներ, հիշողություններ, նյարդայնացնող փորձություններ և անգամ հեռազգացություններ[23]: Երբ մարդն արթուն է, դրսևորվում է նրա փսիքեի գիտակցական կյանքը, իսկ երբ քնած է` անգիտակցական: Յունգը պնդում էր, որ անգիտակցական կյանքին չպետք է երկրորդական արժեք տալ. այն գիտակցական կյանքի նման նույն նշանակությունն ու ազդեցությունն ունի:
Քելվին Հոլ[խմբագրել | խմբագրել կոդը]
1953 թվականին Քելվին Հոլը երազների վերլուծության նոր տեսություն է առաջարկում, ըստ որի, երազները ճանաչողական գործընթացի արդյունք են[24]: Հոլը պնդում էր, որ երազները պարզապես քնած ժամանակ առաջացած մտքեր են, և որ երազում տեսած պատկերները այդ մտքերի տեսողական դրսևորումներն են: Օրինակ, եթե մեկը երազում տեսնում է, որ իր ընկերները հարձակվել են իր վրա, նշանակում է, որ նա վախենում է ընկերական հարաբերություններ հաստատելուց: Մեկ այլ առավել բարդ օրինակ է երազում կատու տեսնելը, ինչը հիմնականում նշանակում է, որ պետք է ապավինել սեփական բնազդներին: Այս երևույթը իրենից մշակութային փոխաբերություն է ներկայացնում: Անգլիացիների համար այդպիսի երազը նշանակում է, որ կան մեկից ավելի տարբերակներ որևիցե խնդիր լուծելու համար:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Morewedge Carey K., Norton Michael I.։ «When dreaming is believing: The (motivated) interpretation of dreams.»։ Journal of Personality and Social Psychology 96 (2): 249–264։ doi:10.1037/a0013264
- ↑ Thompson, R. (1930) The Epic of Gilgamesh. Oxford: Oxford University Press.
- ↑ George, A. trans. (2003) The Babylonian Gilgamesh Epic: Critical Edition and Cuneiform Texts. Oxford, UK: Oxford University Press.
- ↑ Oppenheim, A. (1956) The interpretation of dreams in the ancient Near East with a translation of an Assyrian dreambook. Transactions of the American Philosophical Society, 46(3): 179–373. p. 247.
- ↑ Artemidorus (1990) The Interpretation of Dreams: Oneirocritica. White, R., trans., Torrance, CA: Original Books, 2nd Edition.
- ↑ Freud, S. (1900) The Interpretation of Dreams. New York: Avon, 1980.
- ↑ (Haque 2004, էջ 376)
- ↑ (Haque 2004, էջ 375)
- ↑ (Haque 2004, էջ 361)
- ↑ (Haque 2004, էջ 363)
- ↑ Lutz, Peter L. (2002), The Rise of Experimental Biology: An Illustrated History, Humana Press, p. 60, ISBN 0-89603-835-1
- ↑ Ibn Khaldun, Franz Rosenthal, N.J. Dawood (1967), The Muqaddimah, trans., p. 338, Princeton University Press, ISBN 0-691-01754-9
- ↑ Lofty Principles of Dream Interpretation, "Inner Chapters 1–4"
- ↑ Lofty Principles of Dream Interpretation, "Inner Chapter 5"
- ↑ Lofty Principles of Dream Interpretation, "Inner Chapters 6–9"
- ↑ Lofty Principles of Dream Interpretation, "Inner Chapter 10"
- ↑ Johnson M., Kahan T., Raye C. (1984)։ «Dreams and reality monitoring»։ Journal of Experimental Psychology: General 113: 329–344։ doi:10.1037/0096-3445.113.3.329
- ↑ Blechner M (2005)։ «Elusive illusions: Reality judgment and reality assignment in dreams and waking life»։ Neuro-Psychoanalysis 7: 95–101։ doi:10.1080/15294145.2005.10773477
- ↑ Matalon Nadav (2011)։ «The Riddle Of Dreams»։ Philosophical Psychology 24 (4): 517–536։ doi:10.1080/09515089.2011.556605
- ↑ Jung, C.G. (1948) General aspects of dream psychology. In: Dreams. trans., R. Hull. Princeton, NJ: Princeton University Press, 1974, pp. 23–66.
- ↑ Storr, Anthony (1983)։ The Essential Jung։ New York։ ISBN 0-691-02455-3
- ↑ Jung, C.G. (1948) op.cit.
- ↑ Jung, Carl (1934)։ The Practice of Psychotherapy. The Practical Use of Dream-analysis։ էջ 147։ ISBN 0-7100-1645-X
- ↑ Calvin S. Hall։ «A Cognitive Theory of Dreams»։ dreamresearch.net։ Վերցված է հոկտեմբերի 7, 2010
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Aziz Robert (1990)։ C.G. Jung's Psychology of Religion and Synchronicity (10 ed.)։ The State University of New York Press։ ISBN 0-7914-0166-9
- Aziz Robert (1999)։ «Synchronicity and the Transformation of the Ethical in Jungian Psychology»։ in Becker, Carl։ Asian and Jungian Views of Ethics։ Greenwood։ ISBN 0-313-30452-1
- Aziz Robert (2007)։ The Syndetic Paradigm: The Untrodden Path Beyond Freud and Jung։ The State University of New York Press։ ISBN 978-0-7914-6982-8
- Aziz Robert (2008)։ «Foreword»։ in Storm, Lance։ Synchronicity: Multiple Perspectives on Meaningful Coincidence։ Pari Publishing։ ISBN 978-88-95604-02-2
- Doniger O'Flaherty Wendy (1986)։ Dreams, Illusion, and Other Realities։ University of Chicago Press։ ISBN 0-226-61855-2
- Freud Sigmund (1966)։ Introductory Lectures։ W.W. Norton։ էջ 334
- Freud Sigmund (1900)։ The Interpretation of Dreams։ Macmillan
- Freud Sigmund (1920)։ A General Introduction to Psychoanalysis։ Boni & Liveright
- Hall James (1983)։ Jungian Dream Interpretation: A Handbook of Theory and Practice։ Inner City Books։ ISBN 0-919123-12-0
- Sechrist, Elsie with foreword by Cayce, Hugh Lynn (1974). Dreams, Your Magic Mirror. Warner Books. ISBN 0-446-31384-X.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dream Psychology: Psychoanalysis for Beginners – Full text of Sigmund Freud's revisitation of The Interpretation of Dreams
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |