Եվրոպայի քաղաք-պետություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպայի քաղաք պետություններ

Աշխարհի պետությունների գրեթե մեկ քառորդը իրենց ամբողջ տարածքով կամ դրա մի մասով գտնվում են Եվրոպա աշխարհամասում։ Դրանց թվում են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, ձեզ հայտնի ուրիշ խոշոր պետություններ։

Դրանց կողքին հարյուրամյակներ անընդմեջ իրենց գոյությունը պահպանում են, ինչպես ընդունված է ասել, գաճաճները։ Դրանք սովորաբար մեկ քաղաք(քաղաք-պետություն)՝ միկրոպետություններ են, որոնց տարածքը ավտոմոբիլով կարելի է անցնել մի քանի րոպեում։ Դրանք են Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը, Անդորրան, Մոնակոն, Սան Մարինոն, Մալթան, Վատիկանը։ Վերջին հինգը Հարավային Եվրոպայում են։

Եվրոպայի միկրոպետությունները չունեն ոչ հարուստ բնական ռեսուրսներ և ոչ էլ հզոր արդյունաբերություն։ Բայց նրանք բոլորն էլ ունեն բնակչության եվրոպական չափանիշի կենսամակարդակ։ Այդ երկրների տնտեսության հիմքում, բացառությամբ Լյուքսեմբուրգի, ընկած է միջազգային զբոսաշրջությունը և դրա հետ կապված հուշանվերների, ինչպես նաև նամականիշների արտադրությունն ու վաճառքը։ Օրինակ, Անդորրայի 1 բնակչին տարեկան ընկնում է ավելի քան 250 արտասահմանյան զբոսաշրջիկ, որը մեծ եկամուտ է տալիս քաղաք-պետությանը։


Վատիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենափոքրը Վատիկանն է, որը զբաղեցնում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմի մի փոքր թաղամասը։ Չնայած դրան Վատիկանը համաշխարհային հռչակ ու ազդեցություն ունեցող պետություն է։ Այստեղ են գտնվում Սուրբ Պետրոսի՝ աշխարհի խոշորագույն կաթոլիկական տաճարը և Վատիկանի հռչակավոր թանգարաններն ու պատկերասրահները։ Վատիկանը, չնայած իր միկրոչափերի, աշխարհի հարուստ պետություններից է։ Այն խոշոր կապիտալ ունի՝ ներդրած արտասահմանյան շատ երկրներում, այդ թվում Իտալիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում։ Վատիկանը աշխարհի ամենատարբեր երկրներում 50 լեզուներով հրատարակում է 1500 թերթ ու ամսագիր։ Նրան է պատկանում աշխարհի ամենահզոր ռադիոկայաններից մեկը։

Անդորրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրենեյան լեռների մեջ աննկատ ծվարել է փոքրիկ Անդորրան։ Անդորրան հանրապետություն է, ունի իր կառավարությունը բայց երկրի համատեղ կառավարողներ են համարվում նաև Ֆրանսիայի նախագահը և Ուրխելի (Իսպանիա) եպիսկոպոսը։ Անդորրայով է անցնում Իսպանիան Ֆրանսիային միացնող խճուղին։ Ձյունապատ լեռները տարվա մեջ ութ ամիս անանցանելի են։ Իսկ ավելի ցածում, լեռնայի հրաշալի արոտավայրերում, արածում են ոչխարները։ Անդորրան հարևաններին վաճառում է բուրդ, պանիր և փայտածուխ։ Բնակիչները խոսում են ֆրանսերեն և իսպաներեն։ Անդորրա են գալիս օտարերկրյա շատ զբոսաշրջիկներ։

Մոնակո[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաճաճ պետություններից ամենափոքրը Մոնակոյի իշխանությունն է։ Այն գտնվում է Ֆրանսիայի խնամակալության ներքո, և այստեղ ֆրանսերեն են խոսում։ Միջերկրական ծովի ափին գտնվող մեղմ կլիմայով և մերձարևադարձային հարուստ բուսականությամբ գեղատեսիլ այդ անկյունը վեր է ածվել թանկ առողջավայրի։ Բայց ողջ աշխարհի հարուստներին Մոնակոն հրապուրում է ոչ միայն բնության հրաշալիքներով, օվկիանոսագիտական հիանալի թանգարանով, որտեղ օվկիանարիումի հաստ ապակիների ետևում լողում են ստորջրյա աշխարհի բնակիչները։ Նրանց գրավում է նաև Մոնտե Կարլոյի խաղատունը, ուր շահում կամ տանուլ են տալիս հսկայական գումարներ։ Եվ Մոնակոյի ամբողջ բնակչությունը, իշխանի գլխավորությամբ, հիմնականում ապրում է խաղատան և օտարերկրյա հարուստ զբոսաշրջիկների սպասարկման եկամուտների հաշվին։

Լիխտենշտայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռենոսի աջ ափին, Ավստրիայի և Շվեյցարիայի միջև, պատսպարվել է Լիխտենշտայնի իշխանությունը։ Նրա երեք քառորդը զբաղեցնում են փշատերև անտառներով և մարգագետիններով ծածկված լեռները։ Կլիման լեռներում խիստ է, հարթավայրում՝ մեղմ, տաք ամառով։ Բնակիչներն զբաղվում են անասնապահությամբ, մշակում հացահատիկ, խաղող, եփում գարեջուր։ Գործարաններն ու ֆաբրիկաները մշակում են փայտանյութ, արտադրում մեքենաներ, գործվածքներ, մսի պահածոներ։ Ֆաբրիկաներից մեկն էլ հայտնի է ողջ աշխարհին․ այնտեղ պատրաստում են արհեստական ատամներ։ Լիխտենշտայնի իշխանությունում խոսում են, հիմնականում, գերմաներեն։ Այս փոքր պետությունը բանակ չունի, իսկ ամբողջ ոստիկանությունը հաշվվում է 18 մարդ։ Պետությունը գլխավորում է իշխանը։

Սան Մարինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապենինյան լեռներում է գտնվում Սան Մարինո փոքրիկ պետությունը։ Այս երկրի բնակիչները մշակում են մրգի ու խաղողի այգիներ, զբաղվում անասնապահությամբ։ Այստեղ գալիս են բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Հատկապես հայտնի է տեղավորված մայրաքաղաքը՝ Սան Մարինոն։

Լյուքսեմբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում, այս չորս գաճաճ պետություններից բացի, կա նաև մեկ ուրիշ փոքր պետություն՝ Լյուքսեմբուրգի մեծ դքսությունը։ Նա համարվում է անկախ պետություն։ Բայց, այնուամենայնիվ, երկրում մեծ դեր են խաղում հարևան երկրների՝ Բելգիայի և Ֆրանսիայի, խոշոր կապիտալիստակաները։

Լյուքսեմբուրգում զարգացած է արդյունաբերությունը, առանձնապես սև մետալուրգիան, որն օգտագործում է տեղի երկաթի հանքաքարը։ Այստեղ ձուլում են ավելի շատ թուջ և պողպատ, քան որոշ, անհամեմատ ավելի խոշոր երկրներում։

Ինժեներները, բժիշկները, ուսուցիչները կրթություն են ստանում Լյուքսեմբուրգից դուրս, որովհետև այնտեղ բարձրագույն ուսումնական հաստատություններ չկան։

Լյուքսեմբուրգի ինքնատիպ բնությունը՝ արագահոս գետերը, ընդարձակ հովիտները, փարթամ անտառները և հինավուրց հուշարձանները հրապուրում են բազում զբոսաշրջիկների։


ՀԵտաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր է նաև, որ այդ երկրները մշտապես բանակ չեն պահում, կամ ունեցած բանակը բաղկացած է մի քանի տասնյակ մարդուց։ Այդ պետությունները չունեն սեփական կալանավայր, կամ էլ եթե այդպիսին կա, ապա սովորաբար դատարկ է։ Շատ հազվադեպ են հանցագործությունները, որոնց համար մարդիկ կարող են բանտարկվել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]