Եվրոպայի կամուրջը (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Եվրոպայի կամուրջը
ֆր.՝ Le Pont de l'Europe
Caillebotte-PontdeL'Europe-Geneva.jpg
տեսակգեղանկար
նկարիչԳյուստավ Կայբոտ
տարի1876
բարձրություն125
լայնություն181
նյություղաներկ, կտավ
գտնվում էMusée du Petit Palais?
հավաքածուMusée du Petit Palais?
հիմնական թեմաԵվրոպայի կամուրջ

Եվրոպայի կամուրջը (ֆր.՝ Le Pont de l'Europe), ֆրանսիացի գեղանկարիչ Գյուստավ Կայբոտի կտավը՝ ստեղծված 1876 թվականին։ Գտնվում է Ժնևի ժամանակակից արվեստի Պտի-Պալե թանգարանում (ֆր.՝ Musée du Petit Palais, Genève)։ Նկարի չափերն են 124,7×180,6 սմ[1]: Կտավը նկարչի առավել հայտնի գործերից է[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ նկարը Կայբոտի երկու այլ գործերի հետ՝ «Փարիզյան փողոց անձրևոտ եղանակին» և «Ճակատամասի ներկարարները», ներկայացվել է իմպրեսիոնիստների 3-րդ ցուցահանդեսում 1877 թվականին[1][3]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է մի մասը Եվրոպայի կամրջի, որը կառուցվել է 1860-ական թվականների երկրորդ կեսին։ Կամուրջը գտնվում է Փարիզի Սեն-Լազար երկաթուղային կայարանի գծերի վերևում։ Կամրջի կենտրոնական մասի հարևանությամբ գտնվում է Եվրոպայի հրապարակը, որից տարբեր ուղղություններով անցնում է վեց փողոց՝ եվրոպական վեց քաղաքների պատվին անվանված՝ Լոնդոնի, Վիեննայի, Մադրիդի, Կոստանդնուպոլսի, Սանկտ Պետերբուրգի և Լիեժի։ Այն տեղը, որտեղից բացվում է նկարում պատկերված տեսարանը, Վիեննայի փողոցում է (ֆր.՝ Rue de Vienne), որը հետին պլանում հատում է Սանկտ Պետերբուրգի փողոցը (ֆր.՝ Rue de Saint-Pétersbourg)[1]:

Կայարանը նկարում չի երևում. նկարիչը պատկերել է կամրջի մայթը, առջևի երթևեկելի մասը։ Կամրջի բազրիքին կանգնած է դեմքով շրջված տղամարդ, կողքին՝ շուն, որը նկարի առջևի պլանում է։ Մայթով նկարին նայողին ճիշտ դեմ դիմաց քայլում են լավ հագնված տղամարդ և կին։ Բազրիքից այն կողմ երևում է կամրջի մյուս մասը, որով Եվրոպայի հրապարակին է միանում Լոնդոնի փողոցը (ֆր.՝ Rue de Londres)[1]:

Անսովոր է կտավի հեռանկարը. հեռավոր պլանը կրճատված է, իսկ առջևի պլանում ամեն ինչ մեծացված է։ Սա լուսանկարչական խցիկի մեծ անկյունով օբյեկտիվ օգտագործած լինելու տպավորություն է թողնում։ Այս եղանակը Կայբոտը կիրառել է նաև «Փարիզյան փողոց անձրևոտ եղանակին» կտավում[4]:

Էսքիզներ և այլ նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայբոտի «Եվրոպայի կամուրջը» կտավի էսքիզներից մեկը (նկարված է 1876 թվականին, չափերը՝ 33 × 45 սմ) գտնվում է Ռենի գեղարվեստի թանգարանում (ֆր.՝  Musée des beaux-arts de Rennes)[5]: Մեկ այլ էսքիզ (նկարված 1876 թվականին, չափերը՝ 54 × 73 սմ) գտնվում է մասնավոր հավաքածուում։

Կայբոտի մեկ այլ կտավ՝ «Եվրոպայի կամրջին» (1876-1877 թթ.) գտնվում է Տեխասի նահանգում՝ Ֆորտ-Ուերտ քաղաքի՝ արվեստի Կիմբելա թանգարանում անգլ.՝ Kimbell Art Museum[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Kirk Varnedoe Gustave Caillebotte. — New Haven: Yale University Press, 1987. — 220 с. — ISBN 0-300-08279-7
  2. Holland Cotter։ «Gustave Caillebotte» (HTML)։ Նյու Յորք Թայմս — topics.nytimes.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 26.04.2013 
  3. «Gustave Caillebotte (1848—1894)» (HTML)։ apeuroarthistoryproject.weebly.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 26.04.2013 
  4. Андре Будье Гюстав Кайботт (Великие художники, часть 147). — Киев: Иглмосс Юкрейн, 2005. — 32 с.
  5. David Galenson։ «Gustave Caillebotte, Conceptual Impressionist» (HTML)։ www.huffingtonpost.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-02-ին։ Վերցված է 26.04.2013 
  6. «On the Pont de l'Europe, Gustave Caillebotte» (HTML)։ www.kimbellart.org։ Վերցված է 26.04.2013