Եվրոպական համագործակցություն տիեզերական ստանդարտացման համար
| Եվրոպական համագործակցություն տիեզերական ստանդարտացման համար | |
|---|---|
| Տեսակ | ստանդարտավորման կազմակերպություն |
| Երկիր | |
| Հիմնադրված | 1993 |
| Գլխադասային գրասենյակ | Նորդվեյկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ |
| Կայք | ecss.nl |
Եվրոպական համագործակցություն տիեզերական ստանդարտացման համար կամ ԵՀՏՍ (ECSS) Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ), Eurospace-ի կողմից ներկայացվող եվրոպական տիեզերական արդյունաբերության և մի շարք ազգային տիեզերական գործակալությունների համագործակցություն է։ Դրա նպատակն է մշակել և պահպանել միասնական, համահունչ և օգտագործման համար հարմար տեխնիկական ստանդարտների համակարգ՝ եվրոպական բոլոր տիեզերական գործունեությունների համար[1]։
ԵՀՏՍ-ը ստեղծվել է 1993 թվականին՝ Eurospace-ի կոչից հետո, որի նպատակն էր եվրոպական մակարդակով միավորել տիեզերական արտադրանքի ապահովման և ստանդարտացման մոտեցումները[2]։ ESA-ն այն պաշտոնապես ընդունել է 1994 թվականի հունիսի 23-ին՝ իր նախկին Procedures, Specifications and Standards (PSS) համակարգը փոխարինելու համար[3]։ Ներկայում ԵՀՏՍ համակարգը ներառում է 139 գործող ստանդարտ, որոնք վերաբերում են կառավարման, ճարտարագիտության, որակի ապահովման և տիեզերական կայունության ոլորտներին[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական տիեզերական ստանդարտացման հիմքերը կապված են Արիան ծրագրի, ԵԿՀՄԿ-ի և ԵՏՀԿ-ի միավորման, ինչպես նաև 1975 թվականին ԵՏԳ-ի ստեղծման հետ[5]։ ԵՏԳ-ում շուտով հասկացան, որ բարդ տիեզերական համակարգերի կառավարման, ժամկետների պահպանման և որակի ապահովման համար անհրաժեշտ են միասնական պահանջներ և ստանդարտներ։
1977 թվականին ԵՏԳ-ում ստեղծվեց Ծրագրային ապահովման ստանդարտացման և վերահսկողության խորհուրդը, որը մշակեց ծրագրային ապահովման կյանքի ցիկլի միասնական մոտեցումներ և հետագայում ձևավորեց PSS-05-0 ծրագրային ճարտարագիտության ստանդարտը։ 1980-ականների վերջին եվրոպական տարբեր տիեզերական գործակալություններ դեռ օգտագործում էին տարբեր ստանդարտներ, ինչի պատճառով Eurospace-ը առաջարկեց դրանք միավորել։ 1993 թվականին ԵՏԳ-ն, Eurospace-ը և մի շարք ազգային գործակալություններ ստորագրեցին ԵՀՏՍ-ի սկզբնական փաստաթղթերը, իսկ 1996 թվականին հրապարակվեցին առաջին 17 ԵՀՏՍ ստանդարտները։
Հետագայում ԵՀՏՍ-ը համագործակցություն հաստատեց ԷՍԵԿ-ի, ԵՍԿ-ի և ՍՄԿ-ի համապատասխան կառույցների հետ՝ կրկնություններից խուսափելու, ստանդարտները ներդաշնակեցնելու և եվրոպական տիեզերական ոլորտի համար միասնական հիմք ստեղծելու նպատակով[6]։
Կազմակերպություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԵՀՏՍ-ը վարչական և տեխնիկական տեսանկյունից կառավարվում է ԵՏԳ-ի Պահանջների և ստանդարտների բաժնի կողմից, որը գործում է որպես ԵՀՏՍ կենտրոնական քարտուղարություն և տեղակայված է ԵՏՀՏԿ-ում՝ Նորդվեյկում, Նիդերլանդներ[1]։ ԵՏԳ-ն ԵՀՏՍ անդամների անունից պահպանում է ԵՀՏՍ փաստաթղթերի հեղինակային իրավունքները։
ԵՀՏՍ-ի կառուցվածքը ներառում է ղեկավար խորհուրդ, տեխնիկական մարմին, գործադիր քարտուղարություն, փորձագետների ցանց և աշխատանքային խմբեր։ Ղեկավար խորհուրդը սահմանում է նպատակներն ու քաղաքականությունը, Տեխնիկական մարմինն ապահովում է դրանց իրականացումը, իսկ աշխատանքային խմբերը մշակում կամ թարմացնում են ստանդարտները[7]։
ԵՀՏՍ-ի լիիրավ անդամներն են ԵՏԳ-ն, ԻՏԳ-ն, ՄԹՏԳ-ն, ՏՀԱԿ-ը, ԳՕՏԿ-ն, ՆիՏԳ-ն, ՆոՏԳ-ն և Eurospace-ը՝ եվրոպական տիեզերական արդյունաբերության անունից։ Eurospace-ի միջոցով աշխատանքներին մասնակցում են նաև Airbus Defence and Space, ArianeGroup, OHB System և Thales Alenia Space ընկերությունները։ Կանադական տիեզերական գործակալությունը հանդիսանում է ասոցացված անդամ, իսկ դիտորդների թվում են ԵՍԿ-ը, ԷՍԵԿ-ը, ԵՕԱՇԿ-ը, Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական պաշտպանության գործակալությունը։
Նպատակներ և կիրառելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԵՀՏՍ-ի նպատակներն են բարձրացնել նախագծերի ծախսարդյունավետությունը, ապահովել տիեզերական արտադրանքի որակն ու անվտանգությունը, զարգացնել փոխգործելիությունը և ներդաշնակեցնել եվրոպական տիեզերական ոլորտը։ ԵՀՏՍ ստանդարտները լայնորեն կիրառվում են ԵՏԳ նախագծերում, օրինակ՝ ESTRACK կայանների, ծրագրային ապահովման, մեխանիկական բաղադրիչների, ճառագայթադիմացկուն սարքավորումների և նյութական գործընթացների որակավորման մեջ[1]։
ԵՀՏՍ փաստաթղթերը հասանելի են անվճար, սակայն դրանց կիրառումը պարտադիր չէ ինքնին։ Դրանք պարտադիր են դառնում, երբ ներառվում են պայմանագրում կամ այլ իրավական փաստաթղթում[8]։ ԵՀՏՍ-ը չի տրամադրում և չի ճանաչում համապատասխանության սերտիֆիկացում․ կիրառումը վերահսկում է այն կողմը, որը պայմանագրով պահանջում է ԵՀՏՍ-ի օգտագործումը։
ԵՀՏՍ համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԵՀՏՍ համակարգը դասակարգում է փաստաթղթերը ըստ տեսակների և ճյուղերի։ Փաստաթղթերի հիմնական տեսակներն են՝ ստանդարտներ (ST), ձեռնարկներ (HB), տեխնիկական հուշագրեր (TM), ստանդարտների ընդունման ծանուցումներ (AS) և ձեռնարկների ընդունման ծանուցումներ (AH)։
Համակարգը ունի յոթ հիմնական ճյուղ[9]․
- P-ճյուղ — քաղաքականություն, նպատակներ և կազմակերպություն,
- S-ճյուղ — ԵՀՏՍ համակարգի նկարագրություն, բառարան և tailoring,
- D-ճյուղ — փաստաթղթերի կազմաձևման և տեղեկատվության կառավարում,
- M-ճյուղ — նախագծերի կառավարում, պլանավորում, ծախսեր, ժամանակացույց և ռիսկերի կառավարում,
- E-ճյուղ — տիեզերական համակարգերի ճարտարագիտություն, ծրագրային ապահովում, կապ, կառավարման համակարգեր և ցամաքային գործողություններ,
- Q-ճյուղ — արտադրանքի ապահովում, որակ, անվտանգություն, հուսալիություն, նյութեր և բաղադրիչներ,
- U-ճյուղ — տիեզերական կայունություն, ներառյալ տիեզերական աղբի նվազեցում և մոլորակի պաշտպանություն։
Այս կառուցվածքի միջոցով ԵՀՏՍ-ը ապահովում է եվրոպական տիեզերական նախագծերի համար միասնական պահանջների, ստուգելի չափանիշների և կիրառական ուղեցույցների համակարգ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 «Requirements and standards». www.esa.int. European Space Agency. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Kriedte, W.; El Gammal, Y. (1995 թ․ փետրվար). «A New Approach to European Space Standards». ESA Bulletin. ESA (81): 38–43. Bibcode:1995ESABu..81...38K. ISSN 0376-4265. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Transition to ECSS software standards». www.esa.int. European Space Agency. 2006 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «ECSS Active Standards». ecss.nl. European Cooperation for Space Standardization. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «ESA turns 30! A successful track record for Europe in space» (Press release). ESA Media Relations Division. 2005 թ․ մայիսի 31. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
- ↑ European Cooperation for Space Standardization (2000 թ․ ապրիլի 4), ECSS-P-00A Standardization policy (Standard), Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին
- ↑ European Cooperation for Space Standardization (2013 թ․ մարտի 22), ECSS-P-00C Standardization objectives, policies and organization (Standard), Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին
- ↑ European Cooperation for Space Standardization (2020 թ․ հունիսի 15), ECSS-S-ST-00C Rev.1 Description, implementation and general requirement (Standard), Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին
- ↑ «Document Tree». ecss.nl. European Cooperation for Space Standardization. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||