Եվրասիայի կլիմայական գոտիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քանի որ Եվրասիա մայրցամաքը ունի մեծ ձգվածություն ինչպես հյուսիսից-հարավ, այնպես էլ արևմուտքից-արևելք՝ այստեղ նկատվում են բոլոր կլիմայական գոտիները` սկսած հասարակածայինից մինչև արկտիկական։

Հասարակածային և Մերձհասարակածային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակածային և Մերձհասարակածային կլիմայական գոտիներում Արեգակի ճառագայթները համարյա ամբողջ տարին ընկնում են գրեթե ուղղահայաց։ Այստեղ տիրապետում են տաք և խոնավ հասարակածային օդային զանգվածները։ Այս գոտիները Եվրասիայում զբաղեցնում են համեմատաբար փոքր տարածք (Հինդուստան և Հնդկաչին թերակղզիները և Ինդոնեզիայի կղզեխումբը

Արևադարձային[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևադարձային կլիմայական գոտին Եվրասիայում զբաղեցնում է շատ փոքր տարածություն (Արաբական թերակղզի և Իրանի հարավարևմտյան մասերը):Այստեղ ամբողջ տարին տիրապետում են արևադարձային չոր և տաք օդային զանգվածները, այդ պատճառով այս շրջանները գրեթե ամբողջովին անապատային տարածքներ են։ Ձմռանը տաք է, ամռանը` շոգ։ Տեղումներ լինում են հազվադեպ, այն էլ աննշան քանակությամբ (տարեկան 50 - 100 մմ.)։

Մերձրևադարձային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձարևադարձային կլիմայական գոտին բաժանվում է երեք ենթամարզերի.

Միջերկրածովային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձարևադարձային միջերկրածովային կլիմայի մարզին են պատկանում Միջերկրական ծովի հարակից շրջանները։ Ձմռանը գերիշխում են բարեխառն լայնությունների ծովային խոնավ օդը, այդ պատճառով ձմռանը կլիման մեղմ է ու խոնավ։ Ամռանը գերիշխում են Արևադարձային օդային զանգվածները, այդ պատճառով ամռանը կլիման չոր է ու տաք։

Ցամաքային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձարևադարձային ցամաքային մարզը գտնվում է օվկիանոսներից բավականին հեռու և այդ պատճառով օվկիանոսային օդային զանգվածները չեն ազդում տեղի կլիմայի վրա։ Ջերմաստիճանները տարվա ընթացքում ենթարկվում են մեծ տատանումների։ Այս շրջաններում մեծ է նաև տեղի ռելիեֆի դերը։

Մուսսոնային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձարևադարձային մուսսոնային կլիման առաջանում է մուսսոնային քամիներից։ Այդ շրջաններին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռները և տաք ու խոնավ ամառները։

Լեռնաշղթաները պատնեշներ են հանդիսանում Մերձհասարակածային գոտուց եկող տաք ու խոնավ օդային զանգվածների համար։ Օրինակ. Հիմալայների հարավային լանջերին թափվում են միջինը 12.000 մմ. (առավելագույնը՝ 23.000 մմ.), իսկ լեռնաշղթայից հարավ գտնվող շրջաններում՝ 200 մմ.-ից էլ քիչ տեղումներ։

Բարեխառն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեխառն կլիմայական գոտին տարածվում է լայն շերտով (մինչև հյուսիսային լայնության 40°-ը, Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ)։ Զբաղեցրած մեծ տարածքի շնորհիվ նրա տարբեր շրջաններում կլիման տարբեր է։ Արևմուտքից-արևելք ուղղությամբ առանձնացվում են կլիմայական չորս մարզեր.

Ծովային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեխառն ծովային կլիմայի մարզը ընդգրկում է Արևմտյան Եվրոպայի ծովափնյա մասը։ Ատլանտյան տաք օվկիանոսի և Հյուսիս-Ատլանտյան տաք ծովային հոսանքի ազդեցության շնորհիվ ձմեռը մեղմ է (+7 +8 °C), իսկ ամառը՝ զով (+16 +18 °C)։ Տարեկան ջերմաստիճանային տատանումները մեծ չեն (մոտ 10 °C)։

Ձմռանը եղանակները փոփախական են, մեծ մասամբ մառախլապատ՝ մաղող անձրևներով։ Ձյուն հազվադեպ է լինում և արագ հալչում է (հարթավայրային շրջաններում)։ Ամռանը գերակշռում են ամպամած եղանակները, արևոտ օրերը քիչ են։ Տարեկան տեղումների քանակը կազմում է մոտ 1000 մմ., որոնց մեծ մասը դիտվում են ձմռան ամիսներին։

Չափավոր ցամաքային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեխառն չափավոր ցամաքային կլիմայի մարզում դեպի արևելք Ատլանտյան օվկիանոսի ազդեցությունը աստիճանաբար թուլանում է։

Ձմեռը ցուրտ է (բայց ուժեղ սառնամանիքներ չեն լինում), ամառը՝ տաք։ Տարեկան ջերմաստիճանային տատանումները մեծանում են և կազմում 25-ից 30°: Տեղումների քանակը 600 - 800 մմ. է, որոնք հիմնականում թափվում են ամռանը։ Դեպի արևելք նրանց քանակը նվազում է։

Ցամաքային, խիստ ցամաքային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեխառն ցամաքային կլիմայական մարզը ձգվում է Ուրալյան լեռներից մինչև Ամուր գետի միջին ավազանը։

Ձմեռը խիստ սառնամանիքային է (-30 -45 °C), ամառը՝ տաք (+20 +26 °C)։ Տարեկան ջերմաստիճանային տատանումները 50°-ից անցնում են։ Տեղումների քանակը 200 - 300 մմ. է։ Ձյուն քիչ է գալիս։

Մուսսոնային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեխառն մուսսոնային կլիմայական մարզը ընդգրկում է Եվրասիայի արևելյան շրջանների մեծ մասը։ Դեպի արևելք ավելի զգալի է դառնում Խաղաղ օվկիանոսի ազդեցությունը։ Ամռանը օվկիանոսից ցամաք են փչում խոնավ ամառային, իսկ ձմռանը՝ ցամաքից օվկիանոս՝ ձմեռային չոր և սառը մուսսոնները։

Մերձարկտիկական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձրկտիկական կլիմայական գոտին տարածվում է Արկտիկական կլիմակայան գոտուն զուգահեռ նեղ շերտով։ Արևմուտքում ընդգրկում է Իսլանդիան, Սկանդինավյան թերակղզու հյուսիսը, իսկ արևելքում լայնանում է և հասնում մինչև հյուսիսային լայնության 60°-ը (մինչև Կամչատկայի նեղ պարանոցը)։

Ձմռանը տիրապետում են արկտիկական սառը, իսկ ամռանը՝ բարևեխառն զով և խոնավ օդային զանգվածները։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 250 - 300 մմ.:

Արկտիկական[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկտիկական կլիմայական գոտին ընդգրկում է Եվրասիա մայրցամաքի ծայր հյուսիսային շրջանները և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի կղզիները։ Բնորոշ է ցուրտ կլիմայով։ Մշտապես իշխում են արկտիկական սառը և չոր օդային զանգվածները։

Ձմեռը երկարատև է, խիստ սառնամանիքային, Արեգակը կես տարի չի երևում։ Ամառը շատ կարճատև է և ցուրտ, թեպետ Արեգակը միշտ հորիզոնում է ու մայր չի մտնում։ Երկրի մակերևույթը շատ թույլ է տաքանում, քանի որ Արեգակի ճառագայթների անկման անկյունը շատ փոքր է։