Եսայի մարգարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եսայիա մարգաարե[խմբագրել | խմբագրել կոդը]

Եսայիա
եբր.՝ יְשַׁעְיָהוּ
Isaiah (Bible Card).jpg
Ծնվել է մ.թ.ա. 7-րդ դար
Մահացել է մ.թ.ա. 6-րդ դար
Կրոն հուդայականություն
Մասնագիտություն մարգարե և scribe
Ծնողներ հայր՝ Amoz
Երեխաներ Maher-shalal-hash-baz
Isaiah Վիքիպահեստում

Եսայիա մարգաարե (եբր.՝ יְשַׁעְיָהוּ‎ Եշայահու, նշ. է՝«փրկություն Եհովայից»։

Ծառայությունը սկսվել է մ.թ.ա. մոտ 778թ.-ին, երբ մահացավ Օզիա թագավորը (կամ հնարավոր է՝ ավելի շուտ), և շարունակվել է Եզեկիայի թագավորության 14-րդ տարուց (մ.թ.ա. 732թ.) հետո ևս մի որոշ ժամանակ (Ես 36:1, 2;37:37, 38)։

Մարգարե՝ Ամոզի որդին (չպետք է շփոթել Ամոս մարգարեի հետ)։ Եսայիան ծառայել է Հուդայում և Երուսաղեմում Հուդայի թագավորներ Օզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրոք (Ես 1:1)։ Եսայիայի՝ որպես մարգարե ծառայելու ընթացքում Իսրայելի հյուսիսային թագավորությունում, որը կործանվեց մ.թ.ա. 740թ.-ին, իշխում էին Փակեե և Օսեա թագավորները։ Եսայիայի ժամանակակիցներն էին Միքիա, Օսեե և Օդեդ մարգարեները։ Ըստ երևույթին, Եսայիան սկսել է մարգարեանալ Օսեեից ավելի ուշ, սակայն Միքիայից ավելի շուտ (2Տգ 28:9; Օս 1:1; Մք 1:1)։

Այն ժամանակ, երբ Եսայիան Հուդայում մարգարե էր ծառայում, հատկապես Աքազ թագավորի օրոք, թագավորությունը բարոյապես անկում էր ապրում։ Թե՛ իշխանները և թե՛ ժողովուրդը ըմբոստ ոգի էին դրսևորում։ Թեև Եսայիան հիմնականում խոսում էր Հուդայի մասին, նա նաև մարգարեանում էր Իսրայելի և շրջակա ազգերի մասին, քանի որ նրանք որոշակի դեր ունեին Հուդայում տեղի ունեցող իրադարձություններում։ 

Ընտանիքը։[խմբագրել | խմբագրել կոդը]

Եսայիան ամուսնացած էր։ Նրա կնոջ մասին խոսվում է որպես «մարգարեուհու» (Ես 8:3)։ Դա թերևս նշանակում է, որ նա մարգարեի կին լինելուց ավելին էր։ Հավանաբար, ինչպես դատավորների ժամանակ ապրած Դեբորան և Հովսիայի իշխանության օրոք ապրած Օլդան, այնպես էլ նա Եհովայից մարգարեանալու հանձնարարություն էր ստացել (Դտ 4:4; 2Թգ 22:14)։

Աստվածաշնչում խոսվում է Եսայիայի երկու որդիների մասին, որոնք նրան տրվել էին «Իսրայելում որպես նշան և հրաշք» (Ես 8:18)։ Սեար-Հասուբը Աքազի օրոք արդեն այնքան մեծ էր, որ կարող էր ուղեկցել իր հորը, երբ վերջինս գնացել էր թագավորին պատգամ հաղորդելու։ Սեար-Հասուբ անունը նշանակում է «միայն մնացորդը (մնացածները) կվերադառնա»։ Այս անվան մարգարեական նշանակությունը հետևյալն էր. որքան հաստատ էր այն, որ Եսայիայի որդին ստացել էր այդ անունը, նույնքան հաստատ էր այն, որ Հուդայի թագավորությունը ժամանակի ընթացքում կործանվելու էր, և միայն մնացորդն էր գերությունից հետո հայրենիք վերադառնալու (Ես 7:3; 10:20–23)։ Իսկապես որ, փոքր մնացորդը 70 տարի տևած բաբելոնյան գերությունից հետո վերադարձավ հայրենիք։ Դա տեղի ունեցավ մ.թ.ա. 537-ին, երբ հրեաները Պարսկաստանի Կյուրոս թագավորի հրամանով ազատ արձակվեցին (2Տգ 36:22, 23; Եզր 1:1; 2:1, 2)։

Եսայիայի մյուս որդուն անուն էր տրվել նախքան նրա բեղմնավորվելը։ Այդ անունը գրվել էր տախտակի վրա ու հաստատվել հավատարիմ վկաների կողմից։ Հավանաբար, դա գաղտնի էր պահվել մինչև երեխայի ծնվելը։ Դրանից հետո վկաները կկարողանային հաստատել, որ մարգարեն կանխատեսել էր նրա ծնունդը, ինչով և կապացուցեին, որ այդ իրադարձությունը մարգարեական նշանակություն ուներ։ Աստծու պատվերով տղայի անունը դրվել էր Մահեր-Շալալ-Հաշ-Բազ, ինչը նշանակում է «շտապի՛ր, ո՛վ ավար [կամ դեպի ավարը]։ Նա արագ եկավ կողոպուտի համար»։ Կանխավ ասվել էր, որ մինչև տղան կսկսեր ասել «հայրիկ» և «մայրիկ», Հուդային սպառնացող վտանգը, որի պատճառը Իսրայելի տասցեղ թագավորության հետ Ասորիքի կազմակերպած դավադրությունն էր, վերացած կլիներ (Ես 8:1–4)։

Այս մարգարեությունը ցույց էր տալիս, որ շուտով Հուդան ազատագրվելու էր։ Եվ այդ ազատագրումը եկավ այն ժամանակ, երբ Ասորեստանը միջամտեց Ասորիքի Ռասին ու Իսրայելի Փակեե թագավորների՝ Հուդայի դեմ մղած պատերազմին։ Ասորեստանցիները գրավեցին Դամասկոսը և հետագայում՝ մ.թ.ա. 740թ.-ին, կողոպտեցին ու կործանեցին Իսրայելի թագավորությունը, ինչով և լիովին կատարվեց տղայի անվան նշանակության մեջ պարփակված մարգարեությունը (2Թգ 16:5–9; 17:1–6)։ Սակայն քանի որ Աքազ թագավորը չէր ապավինել Եհովա Աստծուն և փորձել էր վերացնել ասորա-իսրայելական սպառնալիքը՝ կաշառելով Ասորեստանի թագավորին, որպեսզի ստանա նրա պաշտպանությունը, Աստված թույլ տվեց, որ Հուդայի վրա մեկ այլ ահազդու սպառնալիքի ամպեր հավաքվեն՝ ասորեստանցիները, որոնք, ինչպես և նախազգուշացրել էր Եսայիան, հեղեղեցին երկիրը և հասան մինչև Երուսաղեմ (Ես 7:17–20)։

Եսայիան հաճախ խոսում էր այն «նշանների» մասին, որոնք տալու էր Աստված՝ Եհովան։ Այդ նշաններից էին նրա երկու որդիները։ Մեկ անգամ էլ հենց ինքը՝ Եսայիան, ծառայեց որպես նշան։ Աստված պատվիրեց նրան երեք տարի մերկ ու ոտաբոբիկ ման գալ որպես նշան և նախանշան ընդդեմ Եգիպտոսի ու Եթովպիայի։ Դա նշանակում էր, որ Ասորեստանի թագավորը գերության էր տանելու նրանց (Ես 20:1–6; հմմտ. Ես 7:11, 14;19:20; 37:30; 38:7, 22; 55:13; 66:19)։

Գերության ու վերականգնման մասին մարգարեություններ։ [խմբագրել | խմբագրել կոդը]

Եսայիան նաև առանձնաշնորհում էր ունեցել կանխատեսելու, որ ոչ թե Ասորեստանը, այլ Բաբելոնն էր գահընկեց անելու Հուդայի թագավորներին և կործանելու Երուսաղեմը (Ես 39:6, 7)։ Երբ ասորեստանցիները «մինչև պարանոցը» հեղեղեցին Հուդան, Եսայիան Եզեկիա թագավորին մխիթարական լուր հայտնեց այն մասին, որ Ասորեստանի զորքը չի մտնելու քաղաք (Ես 8:7, 8)։ Աստված կատարեց իր խոսքը՝ ուղարկելով մի հրեշտակի, որը բնաջինջ արեց Ասորեստանի զորքի 185000 հզոր ռազմիկների ու առաջնորդների, և այդպիսով պաշտպանեց Երուսաղեմը (2 Տարեգրություն կամ (2 Մնացորդաց (Արարատ, Բեյրութի թարգմանություններ)) 32:21)։

Թեև Աստված թույլ էր տալու, որ ժողովուրդը գերության գնար Բաբելոն իր դեմ ապստամբ լինելու պատճառով, սակայն հետագայում դատելու էր Բաբելոնին, քանի որ վերջինս չարությամբ էր գործելու և մտադիր էր լինելու Աստծու ժողովրդին հավիտյան պահել գերության մեջ։ Եսայիայի հայտնած մի շարք մարգարեություններ վերաբերում են Բաբելոնի հանդեպ Աստծու դատաստանին ու նրան սպասվող ապագային. այդ քաղաքը ավերակների էր վերածվելու և այլևս չէր վերականգնվելու երբեք(Ես 45:1, 2; գլ. 13, 14, 46–48)։

Վերականգնման մասին մարգարեությունները, որոնք հանդիպում են ողջ «Եսայիա» գրքում, կանխատեսում էին այն ժամանակը, երբ Երուսաղեմի դիրքը Աստծո առաջ փոխվելու էր, և այդ քաղաքը բարձրացվելու էր. բոլոր ազգերը տեսնելու էին նրա փառքը։ Երուսաղեմն իսկապես վերականգնվեց, վերաշինվեց և օրհնվեց Հիսուս Քրիստոսի՝Մեսիայի ներկայությամբ (2Տմ 1:10)։ Երուսաղեմի վերականգնման մասին մարգարեությունները նաև ավելի մեծ ու ավելի վեհ կատարում ունեն (Հռ 15:4; 1Կթ 10:11; Գղ 4:25, 26)։

Եսայիայի գործունեության արդյունքը։ [խմբագրել | խմբագրել կոդը]

Եսայիան գրել է ոչ միայն իր անունը կրող աստվածաշնչյան գիրք, այլև, ըստ երևույթին, առնվազն մեկ պատմական գիրք, որում պատմել է Օզիա թագավորի գործերի մասին։ Այն, անկասկած, դասվել է ազգի պաշտոնական տարեգրությունների թվին (2Տարեգրություն 26:22)։ Եսայիան, հավատարմորեն կատարելով մարգարեի գործը, մեծ ազդեցություն է թողել հրեա ազգի պատմության վրա։ Հատկապես կարևոր նշանակություն է ունեցել այն, որ նա խորհուրդներ և առաջնորդություն է տվել արդար Եզեկիա թագավորին։ Եսայիայի հայտնած շատ մարգարեություններ նաև ավելի մեծ կատարում ունեն և կապված են Հիսուս Քրիստոսի՝Մեսիայի ու նրա Թագավորության հետ։ 

Մարգարեություններ Հիսուս Քրիստոսի մասին։[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՐԵԱՆԵՐԸ դարեր շարունակ սպասել են Հիսուս Քրիստոսի՝ Մեսիայի գալստին, քանի որ գիտեին, թե ինչ են մարգարեցալ Եսայիան և այլ մարգարեներ։ Եսայիան մարգարեացել էր, որ Մեսիան՝ Քրիստոսը, ծնվելու է կույսից։ Իսկ Մատթեոս առաքյալը Հիսուսի ծնունդը նկարագրելուց հետո գրեց. «Այս բոլորը եղավ, որպեսզի կատարվի մարգարեի միջոցով Եհովայի ասած խոսքերը, որ ասում է՝ «ահա կույսը կհղիանա և մի որդի կծնի»» (Մատթեոս 1։22, 23;Եսայիա 7։14)։ Եսայիան նաև կանխատեսել էր, որ Քրիստոսը գալու է Հեսսեի՝ Դավթի հոր սերնդից։ Ճիշտ այդպես էլ եղավ (Մատթեոս 1։6, 16;Ղուկաս 3։23, 31, 32)։ Նախքան Հիսուսի ծնվելը Գաբրիել հրեշտակն ասաց Մարիամին. «Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը» (Ղուկաս 1։32, 33; Եսայիա 11։1–5, 10; Հռոմեացիներ 15։12)։

Մանրամասներ Հիսուս Քրիստոսի՝ Մեսիայի կյանքի վերաբերյալ։ [խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովարանում Հիսուսը բարձրաձայն մի հատված կարդաց Եսայիայի մարգարեությունից. «Եհովայի ոգին ինձ վրա է, որովհետև նա օծեց ինձ, որ աղքատներին բարի լուր հռչակեմ»։ Հիսուսը մատնանշեց, որ այդ մարգարեությունը իրեն է վերաբերում։ Նա ասաց. «Այս գրությունը, որ դուք լսեցիք, այսօր կատարվեց» (Ղուկաս 4։17–21; Եսայիա 61։1, 2)։ Եսայիան նաև կանխատեսել էր, որ Հիսուսը խոնարհ անձնավորություն է լինելու, բարությամբ ու մեղմությամբ է վերաբերվելու հիվանդներին։ Իսկ Մատթեոսը գրեց. «Շատերը գնացին նրա հետևից, և նա բոլորին էլ բժշկեց, սակայն խստորեն պատվիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի չհայտնեն, որպեսզի կատարվի Եսայիամարգարեի միջոցով ասված խոսքը. «.... Նա չի հակաճառի, չի բղավի.... չի կոտրի վնասված եղեգը»» (Մատթեոս 8։16, 17; 12։10–21; Եսայիա 42։1–4; 53։4, 5)։

Մանրամասներ Հիսուս Քրիստոսի՝ Մեսիայի չարչարանքների վերաբերյալ։ [խմբագրել | խմբագրել կոդը]

Եսայիան կանխատեսել էր, որ իսրայելացիների մեծ մասը չի ընդունելու Մեսիային, փոխարենը՝ նրանց համար գայթաքար է դառնալու (1 Պետրոս 2։6–8; Եսայիա 8։14, 15)։ Եվ իրոք, թեև Հիսուսը բազմաթիվ հրաշքներ էր կատարում, մարդիկ «չէին հավատում նրան, որպեսզի կատարվի Եսայիա մարգարեի խոսքերը, որ ասաց. «Ո՞վ հավատաց մեր լսած լուրին»» (Հովհաննես 12։37, 38; Եսայիա 53։1)։ Եսայիան հստակ ասել էր, որ մինչ թագավոր դառնալը Քրիստոսը չարչարվելու է։

Եսայիա գրքում կան հատվածներ, որտեղ առկա են Քրիստոսին առնչվող իրադարձություններ, որոնք ապագայում ճշտորեն կատարվեցին։ Օրինակ՝ «Իմ թիկունքը տուի հարուածողներին.... իմ երեսը չ’ծածկեցի նախատինքիցը եւ թուքիցը»։ Մատթեոսի Ավետարանում հստակ տեսնում ենք այս մարգարեության կատարումը. Հիսուսին դատելու ժամանակ թքեցին նրա երեսին և բռունցքներով հարվածեցին։ Մյուսներն էլ ապտակեցին նրան (Եսայիա 50։6; Մատթեոս 26։67)։ Ահա մեկ ուրիշ մարգարեություն։ Եսայիան գրեց. «Նա.... չարչարուեցաւ, բայց իր բերանը չ’բացաւ»։ Այս մարգարեությունը ևս կատարվեց։ Երբ Պիղատոսը հարցրեց Հիսուսին, թե ինչում են հրեաները մեղադրում նրան, «նա մի բառ անգամ չպատասխանեց նրան, այնպես որ կուսակալը շատ զարմացավ» (Եսայիա 53։7; Մատթեոս 27։12–14; Գործեր 8։28, 32–35)։

Մանրամասներ Մեսիայի մահվան վերաբերյալ։ [խմբագրել | խմբագրել կոդը]

Եսայիա գրքում կան մարգարեություններ, որոնք վերաբերում են Հիսուսի մահվանն ու դրան հաջորդող դեպքերին։ Մարգարեն կանխատեսել էր. «Ամբարիշտների հետ որոշուեցաւ նորա գերեզմանը, բայց հարուստի հետ եղաւ նա մեռած ժամանակը» (Եսայիա 53։9)։ Ինչպե՞ս կատարվեց այս մարգարեությունը։ Երբ Հիսուսը մահացավ, Հովսեփ անունով արիմաթեացի մի հարուստ մարդ Հիսուսի մարմինը դրեց իր նոր գերեզմանում, որը փորել էր ժայռի մեջ (Մատթեոս 27։57–60)։ Եվ ամենակարևորը, Հիսուսի մահով իրականացավ մի մարգարեություն ևս։ Խոսելով Հիսուս Քրիստոսի՝ Մեսիայի մասին՝ Եսայիան ասաց. «Պիտի արդարացնե իմ արդար ծառան շատերին, որովհետեւ նորանց անօրէնութիւնը ինքը կրեց»։ Իրոք, Հիսուսի մահը բոլոր հավատարիմ մարդկանց ազատելու էր մեղքի լծից (Եսայիա 53։8, 11; Հռոմեացիներ 4։25)։