Jump to content

Եղիսաբեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղիսաբեթ
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 1-ին դար
ԾննդավայրՀևրոն, Հորդանանական Հուդեա
Մահացել է1-ին դար
ԱմուսինԶաքարիա
Ծնողներմայր՝ Sobe?
ԵրեխաներՀովհաննես Մկրտիչ
 Saint Elizabeth (biblical figure) Վիքիպահեստում
Եղիսաբեթ

Եղիսաբեթ (մ.թ.ա. 1-ին դար, Հևրոն, Հորդանանական Հուդեա - 1-ին դար), Հովհաննես Մկրտչի մայրը, Զաքարիայի կինը և Մարիամի՝ Հիսուսի մոր ազգականը, ըստ Ղուկասի Ավետարանի):

Եղիսաբեթն անցել էր ծննդաբերելու նորմալ տարիքը, երբ հղիացավ և ծնեց Հովհաննեսին։ Սուրբ է համարվում Հռոմի կաթոլիկ, Արևելյան ուղղափառ և Լյութերական եկեղեցիների կողմից, բացի իսլամում բարձր հարգված անձնավորություն լինելուց։

Աստվածաշնչյան պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ղուկասի Ավետարանի Առաջին գլխի՝ Եղիսաբեթը «Ահարոնի դուստրերից էր»։ Նա և իր ամուսինը՝ Զաքարիան, «արդար էին Աստծո առաջ՝ անմեղ քայլելով Տիրոջ բոլոր պատվիրաններով ու կանոններով», բայց անզավակ։ Երբ նա գտնվում էր Տիրոջ տաճարում, Զաքարիային այցելեց Գաբրիել հրեշտակը։

Հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքարիա, քո կինը՝ Եղիսաբեթը, քեզ համար որդի կծնի, և դու նրան Հովհաննես կանվանես։ Նա քեզ համար ուրախություն և ցնծություն կլինի, և շատերը կուրախանան նրա ծննդով, որովհետև նա մեծ կլինի Տիրոջ առաջ։ Նա երբեք գինի կամ այլ խմիչք չպետք է խմի, և նա Սուրբ Հոգով կլցվի դեռ ծնվելուց առաջ։
- Ղուկաս 1։13–15

Աստվածաբան Ադամ Ս. Ինգլիշի խոսքերով՝ տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ հիմնվելով հրեական օրացույցի հաշվարկների վրա՝ համաձայն Ղևտացիների 23-րդ գլխի՝ Քավության օրվա վերաբերյալ[1]։ Զաքարիան կասկածում էր, որ կարող է իմանալ դա, քանի որ և՛ ինքը, և՛ իր կինը տարեց էին։ Հրեշտակը ներկայացավ որպես Գաբրիել և ասաց Զաքարիային, որ նա «համր կլինի և չի կարողանա խոսել» մինչև խոսքերը կատարվեն, քանի որ չի հավատում։

Այնուհետև նրա կինը՝ Եղիսաբեթը, հղիացավ և հինգ ամիս մնաց մեկուսացած։ Նա ասում էր. «Տերը դա արեց ինձ համար։ Այս օրերին Նա ցույց տվեց Իր ողորմությունը և վերցրեց իմ ամոթը մարդկանց առջև»։
- Ղուկաս 1:24–25

Ըստ պատմության՝ Գաբրիել հրեշտակը ուղարկվեց Գալիլեայի Նազարեթ քաղաքը՝ Մարիամի տեսիլքում, ով կույս էր և նշանված մի տղամարդու՝ Հովսեփի հետ։ Նա հաղորդեց Մարիամին, որ Սուրբ Հոգուց հղիանալու է և որդի է ծնելու, որին պետք է անվանեն Հիսուս։ Մարիամին նաև հայտնեց, որ իր հարազատ Եղիսաբեթը արդեն հղիության վեցերորդ ամսում է։ Այդ լուրը լսելուց հետո Մարիամը ճանապարհվեց Հուդայի լեռնային մի քաղաք՝ այցելելու Եղիսաբեթին։

Երբ Եղիսաբեթը լսեց Մարիամի ողջույնը, մանուկը ցատկեց նրա որովայնում, և Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով։ Բարձր ձայնով նա բացականչեց․ «Օրհնյալ ես դու կանանց մեջ, և օրհնյալ է քո պտուղը։ Բայց ո՞վ եմ ես, որ իմ Տիրոջ մայրը գա ինձ մոտ։ Քո ողջույնի ձայնը երբ հասավ իմ ականջներին, մանուկն ուրախությամբ ցատկոտեց իմ որովայնում։ Օրհնյալ է նա, ով հավատաց, որ Տերը կկատարի խոստումները նրան»։
- Ղուկաս 1:41–45

Մեթյու Հենրին մեկնաբանում է․ «Մարիամը գիտեր, որ Եղիսաբեթը հղի է, բայց չկա որևէ նշան, որ Եղիսաբեթին հայտնել էին իր հարազատ Մարիամի մասին՝ որ նա էր լինելու Մեսիայի մայրը։ Հետևաբար, նրա ունեցած այդ գիտելիքը հայտնությամբ ստացված է եղել, ինչը մեծ խրախուսանք էր Մարիամի համար»։ Երբ Մարիամը լսեց Եղիսաբեթի օրհնությունը, նա արտաբերեց այն խոսքերը, որոնք այժմ հայտնի են որպես «Մագնիֆիկատ»։

Մարիամը Եղիսաբեթի մոտ մնաց մոտ երեք ամիս, ապա վերադարձավ իր տուն։

Երբ հասավ Եղիսաբեթի ծննդաբերության ժամանակը, նա ծնեց որդի։ Նրա հարևաններն ու ազգականները լսեցին, որ Տերը մեծ ողորմություն է ցույց տվել նրան։ Ութերորդ օրը եկան մանուկին թլպատելու և պատրաստվում էին նրան անվանել նրա հոր՝ Զաքարիայի անունով։ Բայց մայրը ասաց․ «Ո՛չ, նա Հովհաննես է կոչվելու»։ Նրանք ասացին նրան․ «Քո ազգականների մեջ ոչ ոք այդ անունը չունի»։ Այնուհետև նշաններով հարցրեցին հորը՝ իմանալու, թե նա ինչպես է ուզում կոչել մանկանը։ Նա գրատախտակ խնդրեց և բոլորի զարմանքին գրեց․ «Նրա անունը Հովհաննես է»։

Նույն պահին նրա բերանը բացվեց, լեզուն՝ ազատվեց, և նա սկսեց խոսել՝ փառաբանելով Աստծուն։
- Ղուկաս 1:56–64

Դա Եղիսաբեթի վերջին հիշատակությունն է՝ նա այլևս չի հիշատակվում Աստվածաշնչի որևէ այլ հատվածում։ Գլուխը շարունակվում է Զաքարիայի մարգարեությամբ (հայտնի որպես Բենեդիկտուս) և ավարտվում է այն նշումով, որ Հովհաննեսը «աճում էր, զորանում հոգով և բնակվում էր անապատներում», մինչ սկսեց իր ծառայությունը Իսրայելում։ Ուստի անհայտ է, թե որքան ժամանակ Եղիսաբեթն ու նրա ամուսինը ապրեցին դրանից հետո։

Միջնադարից ի վեր Եղիսաբեթի ողջույնի խոսքերը՝ «Օրհնյալ ես դու կանանց մեջ, և օրհնյալ է քո որովայնի պտուղը», կազմել են «Ողջույն քեզ, Մարիամ» աղոթքի երկրորդ մասը[2]։

Երուսաղեմի մերձակայքում գտնվող Վանաձիթ Սուրբ Հովհաննես Մկրտչի ֆրանցիսկյան վանքում է ավանդական «Եղիսաբեթի դամբարանը»։

Մարիոտո Ալբերտինելլիիաջից՝ Եղիսաբեթը, Մարիամի հետ

Գաղտնի գրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիսաբեթը հիշատակվում է մի շարք գաղտնագրություններում (ապոկրիֆներում), հատկապես՝ Հակոբի նախամարգարեությունում։ Այս գրքում ներկայացված են Հովհաննես Մկրտչի ծնունդը, Զաքարիայի սպանությունը, ինչպես նաև Եղիսաբեթի և մանկան փրկությունը՝ «Մանկունքի կոտորածի» ժամանակ։

Նախամարգարեությունը պատմում է այն մասին, որ Հերովդես թագավորը հրամայում է սպանել բոլոր տղա մանուկներին՝ Մեսիայի ծննդի վախից, Եղիսաբեթը Հովհաննեսին տանում է լեռները՝ թաքցնելու։ Երբ զինվորները գալիս են որոնելու նրանց, Աստված հրաշքով նրանց պահպանում է։ Միաժամանակ Զաքարիան՝ մանկան հայրը, հրաժարվում է հայտնել, թե որտեղ են իր կինն ու որդին, ինչի համար էլ սպանվում է տաճարի ներսում։

Այս պատմությունները ընդգծում են Եղիսաբեթի հավատը, մայրական քաջությունն ու Աստծո միջամտությունը՝ Հովհաննես Մկրտչի կյանքում։

Եղիսաբեթը Հռոմեական կաթոլիկ եկեղեցում սրբացվել է և ամեն տարի տոնվում է նոյեմբերի 5-ին, իսկ ուղղափառ, լյութերական եւ անգլիկանական եկեղեցիներում իր ամուսնու՝ Զաքարիայի հետ միասին, կրկին ամեն տարի՝ սեպտեմբերի 5-ին։ Լյութերական եկեղեցու սուրբ օրացույցում նշվում է որպես մայրացու, իսկ Զաքարիան՝ մարգարե։

Արևելյան ուղղափառ եկեղեցում Եղիսաբեթի տոնը նշվում է մարտի 30-ին՝ «Այցելության» տոնին[3][4]։

Եղիսաբեթը իսլամում մեծ հարգանք է վայելում։ Թեև Զաքարիան բազմաթիվ անգամներ հիշատակվում է Ղուրանի մեջ։ Եղիսաբեթը, թեև անունով չի նշվում, սակայն ակնարկվում է որպես իմաստուն, բարեպաշտ և հավատավոր կին, որը ինչպես իր ազգական Մարիամը, Աստծո կողմից բարձր աստիճանի է հասցվել։ Համարվում է, որ նա մարգարեի և քահանա Հարոնի ժառանգն է։

Զաքարիան և նրա կինը՝ Եղիսաբեթը, երկուսն էլ բարեպաշտ և հաստատուն էին իրենց կրոնական հավատամքի մեջ, սակայն նրանք երկուսն էլ ծեր էին և զավակ չունեին, այդ պատճառով Զաքարիան հաճախ աղոթում էր Աստծուն, խնդրելով որդի։

Սակայն նրա խնդրանքը միայն հայր դառնալու ցանկությունից չէր բխում, նա ցանկանում էր, որ իր մահից հետո ինչ-որ մեկը շարունակեր հոգևոր ծառայությունները և Տիրոջ քարոզչությունը Իսրայելի ժողովրդի համար։ Աստված հրաշքով բուժեց Եղիսաբեթի անպտղությունը և պարգևեց Զաքարիային որդի՝ Հովհաննես Մկրտչին, ով դարձավ մարգարե։ Աստված այսպիսով լսեց ամուսինների աղոթքները՝ նրանց հավատքի, վստահության և Աստծո հանդեպ սիրո պատճառով։

Ղուրանում Աստված հիշատակում է Զաքարիային, նրա կնոջը և Հովհաննեսին՝ նկարագրելով նրանց որպես խոնարհ և Աստծուն նվիրված ծառաներ։

«Եվ Մենք պատասխանեցինք նրա աղոթքին, պարգևեցինք նրան որդի՝ Հովհաննես անունով, և նրա կինը պտղաբեր դարձավ։ Իրոք, նրանք մրցում էին բարի գործերի մեջ, մեզ էին գոչում հույսով ու երկյուղով և խոնարհությամբ իրենց նվիրում Մեզ»։ Այս մեջբերումը փառաբանում է Զաքարիայի, Եղիսաբեթի և Հովհաննեսի բարեպաշտությունը՝ ընդգծելով նրանց աղոթքների անկեղծությունն ու Տիրոջ հանդեպ խոնարհ հնազանդությունը։
- Ղուրան, Սուրա Ալ-Անբիա 21։90

Սուննի իսլամի կարևոր պատմագիրներ աթ-Թաբարիի և ալ-Մասուդիի հաղորդումների համաձայն՝ Եղիսաբեթը համարվում է Իմրանի դուստրը, այսինքն՝ Մարիամի քույրը։ Այսպիսով, ըստ այդ աղբյուրների, նրանց զավակները՝ Հիսուսը և Հովհաննեսը եղել են բարեկամներ կամ մերձավոր զարմիկներ։

Մյուս ավանդույթների համաձայն, Եղիսաբեթը եղել է Ֆակուհդի դուստրը և Իմրանի կնոջ՝ Հաննայի քույրը, ինչը նույնպես հաստատում է ընտանիքի մերձավոր կապը Մարիամի հետ։

Այս տարբերակները տարածված են իսլամական վերլուծություններում և մեկնաբանություններում, հատկապես ընդգծելու համար մարգարեական առաքելության ժառանգական և ընտանեկան կապը՝ Հիսուսի ու Հովհաննեսի միջև[5]։

Շիա իսլամական ավանդույթում՝ հատկապես հադիսների մեջ, Եղիսաբեթը հայտնի է որպես Հանանահ, և համարվում է Մարիամի մոր՝ Հաննայի քույրը։

Աբու Բասիրը գրառել է, որ Իմամ Ջաֆար ալ-Սադիղը ասել է.

«Հաննան՝ Իմրանի կինը, և Հանանան՝ Զաքարիայի կինը, քույրեր էին։ Մարիամը ծնվեց Հաննայից, իսկ Հովհաննեսը՝ Հանանայից։ Մարիամը ծնեց Հիսուսին, և այսպիսով Հիսուսը եղավ Հովհաննեսի մորաքրոջ դստեր որդին, իսկ Հովհաննեսը՝ Մարիամի մորաքրոջ որդին։ Իսկ մորաքույրը՝ ինչպես հորաքույրը՝ մերձավոր հարազատ է համարվում»։

Այս մեկնաբանությունը շեշտում է Մարիամի և Հովհաննես Մկրտչի մերձավոր ընտանեկան կապը, իսկ Հիսուսի ու Հովհաննեսի միջև հարաբերությունը նկարագրվում է որպես զարմիկներ՝ մորական կողմից։ Շիայում սա նաև խորացնում է մարգարեական ընտանեկան սրբության գաղափարը՝ որպես աստվածային հավատքի մաս։

Մանդայականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդայականությունում Եղիսաբեթը՝ Հովհաննես Մկրտչի մայրը, հայտնի է Է Նիշբայ անունով։ Նա հիշատակվում է Մանդայական Հովհաննեսի Գրքի 18-րդ, 21-րդ և 32-րդ գլուխներում։

Մանդայականությունն աղանդային բնույթի կրոն է, սերում է Մերձավոր Արեւելքից, որը մեծարում է Հովհաննես Մկրտչին որպես գերագույն մարգարե։ Այդ պատճառով էլ նրա մայրը՝ Նիշբայը, առանձնահատուկ հարգանք է վայելում մանդայական աղանդում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Luke 1:36 niv
  2. Lutheran Church–Missouri Synod (2006). Lutheran Service Book. St. Louis, MO: Concordia Publishing House. էջեր x–xiii. ISBN 978-0-7586-1217-5.
  3. Stowasser, Barbara Freyer (1994). Women in the Qur'an, Traditions, and Interpretation. New York: Oxford University Press. էջեր 68–69. doi:10.1093/acprof:oso/9780195111484.001.0001. ISBN 9780199879694.
  4. Կաղապար:Bibleref2: "There was in the days of Herod, the king of Judæa, a certain priest named Zacharias, of the course of Abia: and his wife [was] of the daughters of Aaron, and her name [was] Elizabeth."
  5. Muntazir Qa'im, Mahdi (2007). Jesus Through the Qur'an and Shi'ite Narrations (Bilingual ed.). Queens, New York: Tahrike Tarsile Qur'an. էջեր 14–15. ISBN 978-1879402140.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Stained glass depiction of Elizabeth and Zachary, Cathédrale Saint-Etienne de Bourges

Եղիսաբեթ
Նախորդող՝
Ավետում
Եղիսաբեթ Հաջորդող:
Սուրբ ծնունդ: