Եղբայրացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Եղբայրացում, թշնամանքի կամ ռազմական գործողությունների տարերային դադարեցում կամ եղբայրական միության ամրագրում։ Հայտնի են իրավիճակներ, երբ որոշակի խմբերի մարդկանց միջև ընկերական կամ բարիդրացիական հարաբերություններն արգելվել են։ Տարբեր ժամանակներում այդ խմբերից են եղել.

  • հակառակորդ բանակների զինվորները,
  • օկուպանտները և գրաված տարածքների բնակիչները,
  • ժողովրդական խռովությունները ճնշելու համար ուղարկված զինվորներն ու ապստամբող ժողովուրդը,
  • տարբեր կրոնների հավատացյալները,
  • պահակներն ու բանտարկյալները,
  • տարբեր կաստաների, սոցիալական խավերի ներկայացուցիչները,
  • և այլն։

Այնուամենայնիվ, պատմությանը հայտնի են թշնամանքի չարտոնագրված դադարեցումներ, չնայած որոշ դեպքերում դրանք հետապնդվել են պետական մակարդակում և երբեմն անգամ հասցվել են պետական դավաճանության աստիճանի։

Եղբայրացում բառով ԱՄՆ-ում նաև բնութագրում են կոլեգաների միջև ոչ պրոֆեսիոնալ, նույնիսկ սիրային հարաբերությունները, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ղեկավարների ու ենթակաների հարաբերություններին[1]։

Եղբայրացում XIX դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում եղբայրացման հայտնի դեպքեր կան։ Զինվորները հրաժարվել են կրակել ամբոխի վրա, իսկ որոշ դեպքերում էլ ուղղակի անցել են ցուցարարների շարքերը։ Առավել հայտնի դեպքերից է Փարիզում Ֆրանսիական հեղափոխության ժամանակ տեղի ունեցած եղբայրացումը։

Եղբայրացում Առաջին աշխարհամարտի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայրացում ռուս-գերմանական ռազմաճակատում, 1917

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղբայրացումն արտահայտվել է չեզոք գոտում զինվորների հանդիպումներով և ռազմական գործողություններից հրաժարվելով։ Եղբայրացման դեպքերը մասսայական տարածում են գտել 1916 թվականի երկրորդ կեսին և 1917 թվականին։ Եղբայրացում տեղի էր ունենում Առաջին աշխարհամարտի ինչպես արևելյան, այնպես էլ` արևմտյան ռազմաճակատներում։

Եղբայրացում Առաջին աշխարհամարտի արևելյան ռազմաճակատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայրացման առաջին դեպքը ռուս-գերմանական ռազմաճակատում տեղի է ունեցել 1915 թվականի հոկտեմբերին, սակայն այն չի տարածվել և եզակի բնույթ է ունեցել` չսպառնալով ռուսական բանակի մարտունակությանը։ Եղբայրացումը զանգվածային տարածում է գտել 1916 թվականի վերջում և հատկապես, 1917 թվականին։ 1917 թվականի հունիսյան հարձակման ժամանակ պայքարելով եղբայրացման դեմ` ռուսական բանակի ղեկավարությունն անցել է ճնշումների։ 1917 թվականի հուլիսին Ժամանակավոր կառավարությունը հրաման է արձակել կրակել եղբայրացմանը մասնակցող հակառակորդի զինվորներին և դաշտային-ռազմական դատարանին հանձնել ռուս զինվորներին։ Բոլշևիկների ազդեցության մեծացումը ռազմաճակատում բերել է եղբայրացման զանգվածային տարածմանը։ Բոլշևիկների իշխանության գալուց հետո եղբայրացումն արդեն դարձել է պետական քաղաքականության գիծ, բոլշևիկների իշխանությունը հույս է ունեցել դրա միջոցով խուսափել մարդկային զոհերից, Գերմանիային մոտեցնել հեղափոխությանը կամ էլ գոնե թուլացնել գերմանական կողմից սպասվող հարձակումը։

Եղբայրացման արգելք 1945 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հիշի՛ր սա: Մի՛ եղբայրացիր». պաստառ ամերիկյան զինվորների համար

1945 թվականին գեներալ Էյզենհաուերը հայտարարել է. «որևէ եղբայրացում» ամերիկյան զորքերի ու գերմանացի բնակիչների միջև չպետք է լինի։ Սակայն պետդեպարտամենտի և առանձին կոնգրեսականների ճնշումների շնորհիվ այդ քաղաքականությունը քիչ-քիչ թուլացել է։ 1945 թվականի հունիսին գերմանացի երեխաների հետ խոսակցության արգելքն ավելի թույլ է եղել։ Հուլիսին արդեն հնարավոր է դարձել զրուցել գերմանացիների հետ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Սեպտեմբերին շփման արգելքը վերացվել է և՛ Գերմանիայում, և՛ Ավստրիայում։ Օկուպացիայի առաջին տարիներին ամերիկացի զինվորականներին արգելվում էր վճարել գերմանացի երեխաների կարիքների համար, քանի որ դա դիտարկվում էր որպես «օժանդակություն թշնամուն»։ Մինչև 1946 թվականի հունվար արգելվում էր ամերիկյան սպիտակամորթ զինվորների ամուսնությունը ավստրիացի կանանց հետ, նույն արգելքը գերմանացի կանանց համար գործել է մինչև 1946 թվականի դեկտեմբեր։ Խորհրդային ու ամերիկյան զինվորների միջև եղբայրացման առանձին դեպքեր տեղի են ունեցել այսպես կոչված «Էլբայի վրա հանդիպումների» ժամանակ, չնայած որ գոյություն ուներ Կարմիր բանակի հրահանգը` որևէ կերպ չընկերանալ դաշնակից զորքերի հետ։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է Ա. Պրովոյի «Ապստամբող ամբոխի եղբայրացումը զորքերի հետ Թյուիլրի պալատի մոտ, 1848 թվականի փետրվարի 24-ին» վիմագրությունը։ Առաջին աշխարհամարտի եղբայրացմանն է նվիրված Քրիստիան Քարիոնի 2005 թվականին նկարահանված Շնորհավոր Սուրբ ծնունդ ֆիլմը։ Ֆիլմի նախնական անվանումը եղել է «Joyeux Noël», անգլալեզու հրապարակումներում այն առավել հայտնի է «Merry Christmas» անվանումով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եղբայրացում բառը Մերիամ-Ուբստերի բառարանում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]