Եկատերինա II-ի հուշարձան (Նոր Նախիջևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Եկատերինա II-ի հուշարձան
Catherine II of Russia monument. Nakhichevan-on-Don 3.jpg
Եկատերինա II-ի հուշարձանը
Կոորդինատներ47°13′50.23″ հս․ լ. 39°45′45.44″ ավ. ե. / 47.2306194° հս․. լ. 39.7626222° ավ. ե. / 47.2306194; 39.7626222Կոորդինատներ: 47°13′50.23″ հս․ լ. 39°45′45.44″ ավ. ե. / 47.2306194° հս․. լ. 39.7626222° ավ. ե. / 47.2306194; 39.7626222
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Դոնի Ռոստով
Կառուցվել է1894
Շինության ձևըՀուշարձան
Կառուցել էՄ. Ա. և Մ. Մ. Չիժովներ
Ներկա վիճակըՔանդված է

Եկատերինա II-ի հուշարձան (ռուս.՝ Памятник Екатерине II), 1894 թվականին Ռուսաստանի Նոր Նախիջևան քաղաքում (այժմ՝ Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի մի մասը) կառուցված հուշարձան։ Հուշարձանի հեղինակներն էին քանդակագործներ Մատվեյ Աֆանասևիչ և Մատվեյ Մատվեևիչ Չիժովները (հայր և որդի)[1]։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Եկատերինա II-ի քանդակն ավերվեց բոլշևիկների կողմից, և նրա տեղում կանգնեցվեց Կարլ Մարքսի հուշարձանը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում Եկատերինա II-ի հուշարձան տեղադրել առաջին անգամ 1873 թվականին առաջարկել է Նախիջևանի քաղաքային դումայի իրավասու Յակով Խլիտչիևը։ Ենթադրվում էր, որ հուշարձանը տեղադրվելու է 1879 թվականին՝ քաղաքի հարյուրամյակի առթիվ։ Թեպետ այս առաջարկն աջակցություն էր ստացել, հուշարձանը կառուցելու համար գումարներ չեն եղել։ Հուշարձանի տեղադրման հարցին կրկին վերադարձավ 1883 թվականին քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Մինաս Իլյիչ Բալաբանովը։ 1890 թվականին նա ստաավ Ռուսաստանի ողջ հայ բնակչության շրջանում հուշարձանի համար դրամահավաք կազմակերպելու թույլտվություն։ Սանկտ Պետերբուրգում կայացավ հուշարձանի լավագույն նախագծի մրցույթ։ 15 մրցութային աշխատանքներից ընտրվեց քանդակագործության ակադեմիկոսներ հայր և որդի Մատվեյ Աֆանասևիչ և Մատվեյ Մատվեևիչ Չիժովների նախագիծը։ 1892 թվականին հուշարձանի բոլոր մանրամասներն ու տեքստերը վերջնականապես համաձայնեցվեցին։ Բրոնզե քանդակը ձուլվեց Սանկտ Պետերբուրգում և Նոր Նախիջևան տեղափոխվեց երկաթուղով։ 1894 թվականի սեպտեմբերի 18-ին Սոբորնայա հրապարակում տեղի ունեցավ հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը[1]։ Հետագայում հրապարակը վերանվանվեց Եկատերինայի անունով։ Հուշարձանն արժեցավ 30 հազար ռուբլի[3]։

1917 թվականին հուշարձանը հանվեց պատվանդանից, սակայն այն բանից հետո, երբ քաղաքը գրավեցին գերմանական զորքերը[4] (1918 թվական) և Սպիտակ գվարդիան, այն վերադարձվեց տեղը։ 1920 թվականին քաղաքը գրավեցին կարմիրբանակայինները, և քանդակը վերջնականապես ապամոնտաժվեց ու ձուլվեց «Կրասնի Ակսայ» գործարանում[2]։ 1925 թվականին հուշարձանի դատարկ պատվանդանի վրա տեղադրվեց Կարլ Մարքսի քանդակը։ Այս հուշարձանը ոչնչացվեց Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Այժմ այստեղ Կարլ Մարքսի հուշարձանն է, որը հիմնադրվել է 1959 թվականին[5]։

1990-ական թվականների վերջին տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն առաջարկեցին վերականգնել Եկատերինա II-ի հուշարձանը նույն տեղում, բայց այդ նախաձեռնությունը հավանության չարժանացավ։ Կարլ Մարքսի հուշարձանը տեղափոխելու և նրա տեղում Եկատերինա II-ի հուշարձանը վերականգնելու հարցը կրկին սկսեց ակտիվորեն քննարկվել 2005 թվականին, երբ Ռոստովում տեղափոխվել էր Կիրովի հուշարձանը[6]։ 2009 թվականի նախագծի համաձայն` հուշարձանի վերականգնումը կարժենա 11 միլիոն ռուբլի[7]։ Հուշարձանի տեղադրման բոլոր ծախսերը պատրաստ է ստանձնել հայ համայնքը։ Սակայն քաղաքի որոշ բնակիչներ դեմ են Կարլ Մարքսի հուշարձանի տեղափոխմանը[8], և Եկատերինա II-ի հուշարձանի վերականգնման հարցը դեռևս լուծված չէ[9]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա II-ի բրոնզե քանդակը կանգնած էր գրանիտե պատվանդանի վրա։ Նրա դեմքն ուղղված էր դեպի արևմուտք։ Կայսրուհու ձախ ձեռքին հրովարտակ էր, իսկ աջի մատն ուղղված էր դեպի քաղաքի թաղամասերը։ Պատվանդանի դիմերեսին գրված էր. «Կայսրուհի Եկատերինա II-ին, շնորհակալ հայեր»։ Պատվանդանի հակառակ կողմում գրված էր հուշարձանի ստեղծման ժամանակը։ Եկատերինա II-ի արձանը քանդակագործ Մ. Ա. Չիժովը պատրաստել է Մ. Օ. Միկեշինի ուրվագծով[1]։ Պատվանդանը պատրաստվել էր Ռոստովում գտնվող Ս. Ա. Տոնիտոյի իտալական ընկերությունում[10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Кукушин B. C. Разрушенные шедевры // История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГО, 1995. — 275 с. — ISBN 5-88616-027-2
  2. 2,0 2,1 Сергей Петрович Маркса разведут с Екатериной // Ростов Официальный. — 2006. — № 12 (591).
  3. Александр Шаповалов Меняем Маркса на Катьку? // Ростов официальный. — 2005. — № 34 (561).
  4. Смирнов В., Летопись Ростова-на-Дону — Ростов-на-Дону: ЗАО "Книга", 1912. — С. 145.
  5. Андрианов В. И., Терещенко А. Г. Памятники Дона. — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1981. — С. 92.
  6. Елена Мухина. Маркс поменяет прописку? // Ростов официальный. — 2006. — № 31 (558).
  7. «Памятник Екатерине II заменит Карла Маркса в Ростове к сентябрю 2010 года»։ РИА Новости։ 2009-01-04։ Վերցված է 2013-08-13 
  8. Юлия Банишевская (2006-02-16)։ «Самые нелепые памятники Ростова»։ Комсомольская правда։ Վերցված է 2013-08-04 
  9. «Место памятника Карлу Марксу в Ростове может занять скульптура Екатерины»։ vesti.ru։ 2011-08-11։ Վերցված է 2013-08-13 
  10. Илона Кувалдина։ «Война бронзовых немцев»։ Официальный портал городской Думы и Администрации города։ Վերցված է 2013-08-13