Ելենա Մազանիկ
Ելենա Մազանիկ բելառուս․՝ Алена Рыгораўна Мазанік | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 22 (ապրիլի 4), 1914 |
Ծննդավայր | Paddziahciarnia, Pukhavichy Volost, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 7, 1996 (82 տարեկան) |
Մահվան վայր | Մինսկ, Բելառուս |
Գերեզման | Արևելյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարան և Բելոռուսի կրթական համալիր մանկապարտեզ հիմնական դպրոց Մ Չեպիկայի անվան |
Մասնագիտություն | պարտիզան, մատուցող և գրադարանավար |
Աշխատատու | Yakub Kolas Central Scientific Library? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ելենա Գրիգորևնա Մազանիկ (բելառուս․՝ Алена Рыгораўна Мазанік, մարտի 22 (ապրիլի 4), 1914, Paddziahciarnia, Pukhavichy Volost, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 7, 1996, Մինսկ, Բելառուս), խորհրդային հետախույզ, Բելառուսի գլխավոր կոմիսար Վիլհելմ Կուբեի սպանության անմիջական կատարող, Խորհրդային Միության հերոս (1943):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Պոդդեգտյարնյա գյուղի (ներկայում՝ Մինսկի շրջանի Պուխովիչի շրջան) կողքին գտնվող ֆերմայում՝ գյուղացիական ընտանիքում։ Ավարտել է 6-րդ դասարանը։ 1931 թվականին Ելենան՝ որպես մատուցողուհի, աշխատանքի է ընդունվել Բելառուսական ԽՍՀ Ժողկոմխորհի ճաշարանում։ Շուտով ամուսնացել է վարորդ և ՆԳԺԿ աշխատակից Բոլեսլավ Անտոնովիչ Տարլեցկիի հետ: 1935 թվականին ծնվել է նրանց որդին՝ Եվգենին, որը մահացել է մեկուկես տարի անց։ Երեխայի ծնվելուց հետո Ելենան աշխատանքի է անցել Բելառուսի Ժողկոմխորհի հանգստյան տանը։ 1939 թվականին նա վաղաժամ ծննդաբերություն է ունեցել, երեխային փրկել չի հաջողվել[1]։ Նույն թվականին Ելենան աշխատանքի է անցել Բելառուսի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ճաշարանում:
Մինսկի գրավումից հետո Ելենան (ընկերուհիները նրան անվանում էին Գալինա, այդ անունով էր նա հայտնի և՛ գերմանացիների, և պարտիզանների շրջանում)՝ որպես հավաքարար, աշխատանքի է անցել գերմանական զորամասերից մեկում, այնուհետև աշխատել է որպես մատուցողուհի ֆաբրիկա-խոհանոցում և գերմանացի սպաների համար նախատեսված կազինոյում: 1943 թվականի հունիսի սկզբին աշխատանքի է ընդունվել Թատերական փողոց, 27 հասցեում գտնվող եռահարկ առանձնատանը, որտեղ ընտանիքի հետ ապրում էր Բելառուսի գլխավոր կոմիսար Վիլհելմ Կուբեն:
Կուբեի սպանության նախապատրաստություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Ելենան սկսել է աշխատել Կուբեի առանձնատանը, վերջինիս դեմ արդեն սպանության փորձեր էին նախապատրաստվում։ Ստանալով Մոսկվայի սանկցիան՝ Մինսկի շրջանում գործող պարտիզանական ջոկատները ձեռնամուխ են եղել գլխավոր կոմիսարի ոչնչացման նախապատրաստմանը։ Այսպես, օրինակ, 1943 թվականի հուլիսի 22-ին Մինսկի թատրոնում ռումբ է պայթեցվել, որը ոչնչացրել է 70 գերմանացի զինծառայողների։ Սակայն Կուբեն հեռացել էր շենքից պայթյունից ընդամենը մի քանի րոպե առաջ։ 1943 թվականի սեպտեմբերի 6-ին սպայական ճաշարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են 36 բարձրաստիճան պաշտոնյաներ և սպաներ, սակայն գլխավոր կոմիսարը ներկա չի եղել այդ խնջույքին։ Անարդյունք է եղել նաև այն ճանապարհի դարանակալումը, որով Կուբեն հաճախ էր երթևեկում[2]։

1943 թվականի օգոստոսի 8-ին Կուբեի տանն աշխատած նախկին հավաքարարներից մեկը՝ Տատյանա Կալիտան («Տալա»), Ելենա Մազանիկին ծանոթացրել է ՆԳԺԿ-ի օպերատիվ խմբի աշխատակցուհի («Արթուր» ջոկատ, որը գործում էր «Քեռի Կոլյայի» բրիգադի կազմում) Նադեժդա Տրոյանի («Կանսկայա») հետ։ Մի շարք հանդիպումների արդյունքում Ելենան համաձայնել է վերացնել Կուբեին (ենթադրվում էր ականի տեղադրում կամ թույնի օգտագործում) և դրա փոխարեն պահանջել է առաջին հերթին իր ընտանիքի (քրոջ՝ Վալենտինա Շուցկայայիև նրա հարազատների) տարհանումը Մինսկից, ապա անձնական հանդիպում Նադեժդա Տրոյանի ղեկավարի՝ Իվան Զոլոտարի հետ։ Սակայն հանդիպման անհնարինությունը հանգեցրել է նրան, որ Ելենա Մազանիկը, թեև շարունակել է հանդիպումները Նադեժդա Տրոյանի հետ, այնուամենայնիվ դադարել է վստահել նրան և սեպտեմբերի 16-ին հայտարարել է Կուբեի ոչնչացման օբյեկտիվ պատճառներով անհնարինության մասին[3]։
Նադեժդա Տրոյանից բացի Ելենա Մազանիկի հետ փորձել է կապ հաստատել մեկ այլ պարտիզանական գործակալ՝ Նիկոլայ Խոխլովը։ 1943 թվականի օգոստոսին գերմանացի հակաֆաշիստ Կառլ Քլայնյունգի հետ միասին նա՝ որպես օբեր-լեյտենանտ Օտտո Վիտգենշտեյն, ուղարկվել է գերմանական թիկունք: Գործելով «Յուրի» օպերատիվ խմբի (հրամանատար՝ Էմանուիլ Կուցին) կողմից՝ Խոխլովն արդեն 1943 թվականի սեպտեմբերի 18-ին հանդիպել է Ելենա Մազանիկի հետ և փորձել համոզել նրան կազմակերպել Կուբեի սպանությունը։ Սակայն խոսակցությունն ավարտվել է անարդյունք. Ելենան չի հավատացել Խոխլովին և չի համաձայնել համագործակցել նրա հետ[4]։
Այս երկու մերժումները կարող էին կապված լինել այն փաստի հետ, որ այդ ժամանակ Ելենա Մազանիկի հետ կապ էր հաստատել մի շարք պարտիզանական ջոկատների կապավոր Մարիա Օսիպովան («Չյորնայա», «Ցապլյա»): 1943 թվականի սեպտեմբերի 3-ին Մինսկի կինոթատրոնի տնօրեն Նիկոլայ Պոխլեբաևի միջոցով նա ծանոթացել է Ելենայի քրոջ՝ Վալենտինայի հետ, իսկ Վալենտինայի միջոցով հանդիպել է Գալինայի հետ։ Օսիպովային Ելենա Մազանիկը ներկայացրել է նույն պայմանները, ինչ Նադեժդա Տրոյանին՝ քրոջ ընտանիքի տարհանումը և հրամանատարի հետ անձնական հանդիպումը։ Քանի որ ինքը՝ Գալինան, չէր կարող հեռանալ Մինսկից, պարտիզանական հրամանատար մայոր Նիկոլայ Ֆեոդորովի («Կոլոկոլ», «Դիմա» հատուկ ջոկատի ղեկավարներից մեկը) հետ հանդիպմանը գնացել է Վալենտինան, և միայն դրանից հետո է Ելենան համաձայնել քննարկել Կուբեին վերացնելու որոշակի առաջարկները:
Օսիպովայի առաջ քաշած առաջին առաջարկը՝ ահաբեկչությունն իրականացնելու համար մկնդեղ օգտագործելը, անմիջապես մերժվել է Ելենայի կողմից, քանի որ Կուբեի փոքրիկ երեխան առաջինն էր ճաշում, ինչը կարող էր հանգեցնել գործողության ձախողմանը։ Արդյունքում որոշվել է Կուբեին պայթեցնել[5]։
1943 թվականի սեպտեմբերի 20-ին գործողության նախապատրաստումն ավարտվել է. Մարիա Օսիպովան Ելենա Մազանիկին հանձնել է մի փոքր ական և թույն ինքնասպանության համար։
Կուբեի սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1943 թվականի սեպտեմբերի 21-ի գիշերը Ելենան և Վալենտինան գործարկել են ականի ժամացույցի մեխանիզմը, որը նախատեսված էր 24 ժամվա համար։ Ժամը 6։30-ի սահմաններում Ելենան, ականը թաշկինակով փաթաթելով և պայուսակի մեջ դնելով, գնացել է աշխատանքի: Նա ուներ նաև թույն (ձախողման դեպքում)։ Միևնույն ժամանակ, Մասյուկովշչինա գյուղում Վալենտինայի ընտանիքը հավաքել է իրերը. բեռնվելով երկու սայլերի վրա՝ նրանք գնացել են նախ Մինսկի ուղղությամբ, իսկ հետո՝ պարտիզանների մոտ։
Մուտքի մոտ կանգնած Կուբեի տան պահակները չեն խուզարկել իրենց լավ ծանոթ հավաքարարին. նրանք ուշադրություն են դարձրել շարֆի վրա, որով փաթաթված էր ականը, բայց վստահել են Ելենայի խոսքերին, որն ասել է, թե շարֆը նվեր է տանում Կուբեի կնոջը՝ Անիտային։ Հագուստը փոխելուց հետո Ելենան ականը կապել է զգեստի տակ։ Գոգնոցը չի կապել, և պայթուցիկ սարքը դրա տակ ամբողջովին աննկատ է մնացել։ Որոշ ժամանակ անց Ելենան Անիտային խնդրել է իրեն թույլ տալ գնալ՝ պատճառաբանելով, որ ատամը ցավում է։
Առավոտյան ժամը 10-ի սահմաններում Կուբեն գնացել է աշխատանքի, ավագ երեխաները գնացել են դպրոց, իսկ որոշ ժամանակ անց Անիտան կրտսեր երեխայի հետ գնացել է խանութ: Քանի որ տանը մնացել էր միայն մեկ աղախին՝ Յանինան, Ելենան կարողացել է ներթափանցել Կուբեի ննջասենյակ (երկրորդ հարկում) և տեղադրել ականը։ Դրանից անմիջապես հետո նա լքել է շենքը՝ օգտվելով տանտիրուհու թույլտվությունից։
Մոտավորապես նույն ժամանակ Վալենտինան նույնպես հեռացել է աշխատանքի վայրից: Նստելով կինոթատրոնի տնօրեն Նիկոլայ Պոխլեբաևի կողմից հատկացված իրենց սպասող մեքենան՝ Ելենան, Վալենտինան և Մարիա Օսիպովան շուտով դուրս են եկել քաղաքից։ Վարորդ Նիկոլայ Ֆուրսը նրանց իջեցրել է անտառում, որտեղից կանայք անարգել հասել են պարտիզանական բազա։
1943 թվականի սեպտեմբերի 22-ին ժամը 00.40-ին ականը գործել է[Ն 1]: Կուբեն տեղում մահացել է, իսկ նրա հղի կինը՝ Անիտան, չի տուժել։
1943 թվականի հոկտեմբերի 12-ին ժամը 22։00-ին Ելենա Մազանիկը Կուբեյի սպանության կազմակերպման մյուս մասնակիցների հետ միասին ինքնաթիռով ուղարկվել է խորհրդային թիկունք: Զեկույցը գրելուց հետո նրան դեռ հանգամանալից հարցաքննության են ենթարկել։ Գործի առանձնահատուկ կարևորության պատճառով հարցաքննությունը վարել են պետանվտանգության ժողկոմ Վսևոլոդ Մերկուլովը, նրա տեղակալ Բոգդան Կոբուլովը և Կարմիր բանակի գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետ Ֆեոդոր Կուզնեցովը։
Կուբեի ոչնչացումը նախատեսվել է նաև խորհրդային հետախուզության այլ խմբերի կողմից: Հաջողությամբ իրականացված գործողությունից հետո այդ խմբերի մի շարք ղեկավարներ, չհասցնելով հավաստի տեղեկություններ ստանալ, հաջողության մասին հաղորդող զեկույցներ են ուղարկել Մոսկվա: Այսպես, պարտիզանական շարժման Կենտրոնական և Բելառուսական շտաբին կից հատուկ խմբի հրամանատար, մայոր Ստեպան Կազանցևը հայտնել է, որ Կուբեն զոհվել է ականի պայթյունի հետևանքով, որը նրա մահճակալի ներքնակի տակ դրել էր Մինսկի գետտոյի բանտարկյալ Լև Լիբերմանը, ով Կուբեի բնակարանում աշխատում էր որպես սևագործ[8]։ Բացի այդ, կեղծ տեղեկություններ են նշվել Բելառուսական ԽՍՀ ՆԳԺԿ-ի «Վրիժառուներ» օպերատիվ խմբի հրամանատար Ս. Վ. Յուրինի կողմից. ըստ նրա՝ Ելենա Մազանիկը, որը իրականացրել էր Կուբեի սպանությունը, կապված էր հենց իր խմբի հետ[Ն 2]: Գործողության հանգամանքները ստուգելուց հետո 1943 թվականի հոկտեմբերի 29-ին Ելենա Մազանիկը (Մարիա Օսիպովայի և Նադեժդա Տրոյանի հետ միասին) ստացել է Խորհրդային Միության հերոսի կոչում։
Պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենան պատերազմից հետո չի ամուսնացել: 1946 թվականին միացել է ՀամԿ(բ)Կ-ին: Ապրել է Մինսկում։
1948 թվականին ավարտել է Բելառուսի Կոմկուսի Կենտկոմին կից բարձրագույն հանրապետական կուսակցական դպրոցը, 1952 թվականին՝ Մինսկի պետական մանկավարժական ինստիտուտը։
1952-1960 թվականներին Ելենա Մազանիկն եղել է Բելառուսական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հիմնարար գրադարանի փոխտնօրեն։ Բելառուսի ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ:
Ելենա Մազանիկը մահացել է 1996 թվականի ապրիլի 7-ին, թաղված է Մինսկի Արևելյան գերեզմանատանը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորհրդային Միության հերոսի «Ոսկե աստղ» մեդալ № 1208 (1943 թվականի հոկտեմբերի 29)
- Լենինի շքանշան (1943 թվականի հոկտեմբերի 29)
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
- ԽՍՀՄ մեդալներ
- Բելառուսական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1958 թվականին Բելառուսի Գլխավոր կոմիսար Վիլհելմ Կուբեի սպանության պատմության հիման վրա թողարկվել է խորհրդային գեղարվեստական ֆիլմ՝ «Ժամացույցը կանգ առավ կեսգիշերին» (ռուս.՝ «Часы остановились в полночь»):
- 2012 թվականին Մինսկի գաուլյայտերի սպանության պատմության հիման վրա նկարահանվել է «Գաուլյայտերի որսը» հեռուստասերիալը (ռեժիսոր՝ Օլեգ Բազիլով)։
- 2013 թվականին թողարկվել է «Դիվերսանտները» վերնագրով վավերագրական շարք, որի երրորդ սերիան նկարագրում է գաուլյայտեր Վիլհելմ Կուբեի սպանության նախապատրաստումն ու իրականացումը։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мазаник Е. Г. Возмездие. — Минск: Мастацкая литаратура, 1981.
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նիկոլայ Ֆեոդորովը կատարված աշխատանքի մասին իր զեկույցում գրել է, որ ականը պայթել է 02։15-ին, սակայն գեստապոյի զեկույցը (որին տվյալ իրավիճակում պետք է վստահել) պայթյունի ժամանակը նշում է 00։40[6][7]։
- ↑ Ս. Վ. Յուրինը կեղծ տեղեկություններ ներկայացնելու համար ձերբակալվել է և դատապարտվել 6 տարվա ազատազրկման[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Анита Кубе писала письма убийце своего мужа // Комсомольская правда — Беларусь.
- ↑ Попов А. Ю. Диверсанты Сталина. НКВД в тылу врага. — М.: Яуза, Эксмо, 2008. — С. 344—345. — ISBN 978-5-699-26217-5
- ↑ В. Селеменев, В. Шимолин, 2007, էջ 157
- ↑ В. Селеменев, В. Шимолин, 2007, էջ 121
- ↑ В. Селеменев, В. Шимолин, 2007, էջ 145
- ↑ В. Селеменев, В. Шимолин, 2007, էջ 143
- ↑ [1]/ Արխիվացված 2009-08-11 Wayback Machine
- ↑ Иоффе Э. Г. 800 дней воли и борьбы // Беларусь сегодня. — 21.10.2003. — В. 150 (23541). Архивировано из первоисточника 21 սեպտեմբերի 2010.
- ↑ Надтачаев В. Погоня за гауляйтером// Белорусская военная газета. — 2011. — № 214 (10 ноября) Արխիվացված 2012-04-18 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мазаник Елена Григорьевна // Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — С. 10. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2.
- Абакумовская Т., Кузнецова Н. Эхо судьбы // Советская культура. — 1987. — 26 марта.
- Аркадьев Л. Она казнила палача // Труд: газета. — 2000. — № 129 (14 июля).
- Бакшеева Г. 3. В памяти навсегда… — М.: 1979.
- Волков Ю. С. Казнь гауляйтера // Война без прикрас и героических подвигов. — СПб., 1999.
- Климашевская И. Когда пробил час… // Героини: очерки о женщинах — Героях Советского Союза / ред.-сост. Л. Ф. Торопов; предисл. Е. Кононенко. — М.: Политиздат, 1969. — 447 с.
- Люди легенд. — М., 1966. — Вып. 2.
- Навечно в сердце народном / Редкол.: И. П. Шамякин (гл. ред.) и др. — 3-е изд., доп. и испр. — Мн.: Белорусская советская энциклопедия, 1984. — 607 с. — 65 000 экз.
- Перминов Ст. Выбор пал на мину // Встретимся после задания. — М.: Издательство ДОСААФ, 1973. — С. 176—222.
- Попов А. Ю. Ликвидация генерального комиссара и гауляйтера Белоруссии Вильгельма Куба. // Военно-исторический архив. — 2001. — № 8. — С.101.
- Селеменев В. Д., Шимолин В. И. Охота на гауляйтера. — Минск: НАРБ, 2006. — 246 с.
- Селеменев В., Шимолин В. Охота на палача // Нёман. — 2007. — № 6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենա Մազանիկ «Երկրի հերոսներ» կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Մազանիկ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 4 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ապրիլի 7 մահեր
- 1996 մահեր
- Մինսկ քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կանայք Երկրորդ համաշխարհային պատերազմում
- Բելառուս կանայք
- Հայրենական մեծ պատերազմի պարտիզաններ