ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոն
ԲուհԵՊՀ
Հիմնադրված է1991 թ.

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոն, Երևանի պետական համալսարանի ամբիոններից, հիմնվել է 1991 թվականին։

1919 թ. Հայաստանում համալսարանի հիմնադրման օրվանից 15 տարի անց՝ 1935-1936 ուսումնական տարում, ստեղծվել է արևմտաեվրոպական լեզուների ամբիոն։ Ամբիոնը ստեղծվել է շնորհիվ այն բանի, որ 1935-1936 ուսումնական տարում համալսարանում ձևավորվում և սկսում են գործել ութ ֆակուլտետներ, որոնց թվում՝ բանասիրական ֆակուլտետը։ Այն ուներ չորս բաժիններ, որոնցից մեկը արևմտա-եվրոպական լեզուների և գրականության բաժինն էր։ 1937-1938 թթ. ամբիոնը վերանվանվել է օտար լեզուների ամբիոն, որը ղեկավարել է Հակոբ Հարությունյանը։ Ամբիոնն ունեցել է փոքր դասախոսական կազմ, որոնք դասավանդել են երեք լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելնելով արխիվային սուղ տեղեկություններից՝ որոնք քաղված են 1945-1946 թթ. ամբիոնի վարիչ Ե. Տեր-Մինասյանի գիտխորհրդում ներկայացրած զեկուցումից, համառոտ կարելի է ներկայացնել հետևյալը։ Ամբիոնում աշխատել են 18 դասախոսներ, որոնք դասավանդել են բոլոր երեք լեզուներով։ Դասագրքերի ընտրությունը, հայթայթումը և բաշխումը եղել են ամբիոնի ամենադժվար խնդիրները։ Ուսումնական տարվա սկզբից ամբիոնում կազմվել է տարեկան աշխատանքների պլան, իսկ դասախոսները ունեցել են օրացուցային պլաններ։

Ամբիոնի ղեկավարը վերահսկել է բոլոր օրացուցային պլանների կատարումը, երեկույթների և պատի թերթերի հրապարակման աշխատանքների կազմակերպումը, գրավոր աշխատանքների կատարումը, ծրագրային և մեթոդական հարցերի քննարկումը, պլանների կատարման ընթացքը, քննական նյութերի նախապատրաստումը, ստուգարք-ների և քննությունների կազմակերպումը։ Օրացուցային պլանները կազմվել են ըստ ընդհանուր ծրագրի սկզբունքների, որտեղ ընդգրկված էին բոլոր տեսակի աշխատանք-ները՝ կարդալ, թարգմանել, հարց ու պատասխան (երկխոսություն), պատմել, քերականություն, գրավոր աշխատանքներ, տնային ընթերցանություն (կոնկրետ նշված գիրք)։ Ամբիոնի վարիչը լսում է ամբիոնի աշխատակիցների դասերը՝ տալով համապատասխան ցուցումներ և ուղղություններ։

Օտար լեզուների կաբինետը կազմակերպել է հետևյալ աշխատանքները.

  1. Գեղարվեստական ընթերցանություն – շաբաթը 3 անգամ։
  2. Ֆոնետիկայի կուրս – շաբաթը 2 անգամ։
  3. Լեզվական խմբակների պարապմունք – շաբաթը 2 անգամ։
  4. Կոնսուլտացիաներ – շաբաթը 2 անգամ։

Ամբիոնը ունեցել է նաև թեկնածուական թեզ պաշտպանողներ թե´ հեռակա և թե´ առկա ֆակուլտետներց։ Սովորողների թիվը կազմել է մոտավորապես 30 ասպիրանտ։

Ամբիոնի ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում ամբիոնը ղեկավարել են այնպիսի հայտնի և վաստակաշատ գիտնականներ, ինչպիսիք են՝ բանասիրական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Ա. Ջահուկյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Էդվարդ Աթայանը, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հ. Թոքմաջյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Դորա Սաքայանը։ 1960-ական թվականների սկզբին բանասիրական ֆակուլտետի ներսում գոյություն ունեցող օտար լեզուների ամբիոնը բաժանվում է երկու ամբիոնների՝ ռոմանագերմանական լեզուների ամբիոն և օտար լեզուների ամբիոն։ Վերջինս համարվում էր համահամալսարանական, քանի որ այն համալսարանի բոլոր ֆակուլտետներին ապահովում էր օտար լեզուների բարձրորակ մասնագետներով։ Օտար լեզուների ամբիոնը սկսում է ղեկավարել Հ. Թոքմաջյանը։ Սակայն նա ղեկավարել է ոչ լրիվ ընտրաշրջան, և 1960-ականների կեսերից ամբիոնը գլխավորում է բանասիրական գիտությունների թեկնածու Դորա Սաքայանը։ Նրա ղեկավարման ժամանակահատվածում ամբիոնը ձևավորվեց և դարձավ մի կուռ համակարգ, ամբիոնի դասախոսները դասավանդում էին երեք լեզուներով։ Այդ ժամանակահատվածը համարվել է ամբիոնի աննախադեպ զարգացման տարիները։ Ուսումնական դասագրքերի և ձեռնարկների հրատարակմանը զուգընթաց ամբիոնի դասախոսները տարբեր ամսագրերում հրատարակել են գիտական հոդվածներ։ Դ.Սաքայանի հեռանալուց հետո ամբիոնի ղեկավարությունը ստանձնեց Մ. Հարությունյանը (մինչև 1987 թ.)։ 1987 թ. Մոսկվայում թեկնածուական թեզ պաշտպանած Կարո Կարապետյանը ընտրվում է օտար լեզուների ամբիոնի վարիչ։ Մինչև 2000 թ. Կ. Կարապետյանի ղեկավարությամբ ամբիոնը գրավեց իր ուրույն տեղը և դիրքը համալսարանում՝ ունենալով մեծ առաջադիմություն թե՛ կադրերի, թե՛ հրատարակվող դասագրքերի, ձեռնարկների և թե՛ գիտական հոդվածների առումով։ Կ. Կարապետյանի ղեկավարման տարիներին, երբ ստեղծվեց ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, օտար լեզուների ամբիոնը բաժանվեց երեք ամբիոնների՝ ըստ լեզուների։ Այսպես ստեղծվեց անգլերենի թիվ 1 ամբիոնը։

2000 թ. Կ. Կարապետյանը նշանակվեց ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան, և ամբիոնը սկսեց ղեկավարել Մոսկվայում թեկնածուական թեզ պաշտպանած երիտասարդ մասնագետ Մարգարիտա Ապրեսյանը, որը մինչ օրս ղեկավարում է այն։ Մ. Ապրեսյանի կատարած աշխատանքը լի է նորամուծություններով և հաջողություններով։ Սկսած 2001 թ-ից՝ Մ.Ապրեսյանի անխոնջ ջանքերի շնորհիվ հրատարակվեց և մինչ օրս հրատարակվում է FLSP (օտար լեզուները մասնագիտական նպատակների համար) միջազգային ամսագիրը, որտեղ տպագրվում են ոչ միայն համալսարանի դասախոսների և հանրապետության մյուս բուհերի աշխատակից¬ների գիտական հոդվածները, այլև բազմաթիվ օտար երկրներից ստացվող գիտական հոդվածներ։

Ներկա ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Անգլերենի թիվ 1 ամբիոնն ունի 9 դոցենտ և 12 գիտության թեկնածու։ Ամբիոնը հաստատել է սերտ կապեր Անգլիայի և ԱՄՆ-ի մի շարք համալսարանների հետ։ Ամեն տարի կազմակերպվում են գիտական կոնֆերանսներ, որտեղ հրավիրվում են նաև օտարերկրյա գիտնականներ։ Շատ հաճախ ամբիոնը հյուընկալում է մեթոդիստ – մասնագետների օտար երկրներից, որոնց դասախոսությունները շատ օգտակար են ամբիոնի դասախոսների մեթոդական հմտությունների զարգացման և ընդլայնման համար։ Մարգարիտա Ապրեսյանը ոչ միայն քաջալերում է դասախոսներին ընդլայնել իրենց գիտամեթոդական գործունեությունը, այլև իր գործունեությամբ օրինակ է ծառայում։ Նա ունի 63 հրատարակված գործեր, որոնք ընդգրկում են գիտական հոդվածներ, դասագրքեր, ձեռնարկներ և մենագրություններ։ Մարգարիտա Ապրեսյանը նաև «Կրթությունը և գիտությունը Արցախում» հանդեսի անգլերեն մասի պատասխանատուն է։

Այսօր ամբիոնը ստեղծել է դասընթացներ TOEFL-ի քննություններին մասնակցել ցանկացողների համար, ինչպես նաև հատուկ մասնագիտական անգլերենի խմբեր տարբեր մասնագիտությունների դասախոսների համար։ Ամբիոնը կապեր է հաստատել Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ։ Այսօր ամբիոնի նպատակն է ժամանակի պահանջներին համապատասխանող մասնագետ – գիտնականների մի խումբ պատրաստել, որին հնարավորություն կընձեռնվի ազատ դուրս գալ միջազգային ասպարեզ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]