Դևիկա Ռանի
հինդի՝ देविका रानी | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 30, 1908[1][2] |
| Ծննդավայր | Վիշակհապատնամ, Անդհրա-Պրադեշ, Հնդկաստան |
| Մահացել է | մարտի 9, 1994[2] (85 տարեկան) |
| Մահվան վայր | Բանգալոր, Հնդկաստան |
| Կրթություն | Երաժշտության թագավորական ակադեմիա, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա և South Hampstead High School? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կինոդերասանուհի, դերասանուհի և պրոդյուսեր |
| Ծնողներ | հայր՝ Manmathanath Chaudhuri?[3], մայր՝ Leela Devi Chaudhuri?[3] |
| Ամուսին(ներ) | Սվյատոսլավ Ռերիխ և Himanshu Rai? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Դևիկա Ռանի (բենգալ.` দেবিকা রাণী (Devika Rani), իրական անունը` Դևիկա Չոուդհարի (Devika Choudhuri), մարտի 30, 1908[1][2], Վիշակհապատնամ, Անդհրա-Պրադեշ, Հնդկաստան - մարտի 9, 1994[2], Բանգալոր, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և պրոդյուսեր։ Նրան համարել են «հնդկական էկրանի առաջին տիկին» և համեմատել Գրետա Գարբոյի հետ։ Բանաստեղծուհի Սարոջինի Նայդուն Դևիկա Ռանիին անվանել է «Հնդկաստանի մոգական ծաղիկ»։ 1958 թվականին արժանացել է Հնդկաստանի մեծությամբ չորրորդ` «Պադմա Շրի» պետական պարգևին։ 1970 թվականին առաջինը նա է արժանացել Դադասահեբ Փհալկեի անվան բարձրագույն պարգևին։ 1989 թվականին նրան շնորհվել է նաև Ջավահառլալ Ներուի անվան խորհրդային պարգևը։
Կենսագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևիկա Ռանին ծնվել է Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի Վիշակհապատնամ քաղաքում` հնդկական բանակի գնդապետ Մանմաթհա Նաթհ Չոուդհարիի ընտանիքում, ով Չեննայի (Մադրաս) բժշկական վարչության պետն էր։ Դևիկան Ռաբինդրանաթ Թագորի հարազատ քրոջ թոռնուհին էր։
Դևիկա Ռանին սովորել է Լոնդոնի մասնավոր դպրոցներից մեկում, միաժամանակ ուսումնասիրել է տարբեր արվեստներ` երաժշտություն, թատրոն, դիզայն և ճարտարապետություն։ Դպրոցում սովորելու տարիներին արժանացել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի մրցանակին և դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է նշված ակադեմիա, իսկ հետո նաև Երաժշտության թագավորական ակադեմիա։ Այնուհետև ավարտել է կիրառական արվեստի կուրսերը և աշխատանքի անցել Լոնդոնում գտնվող կտորեղենի նկարազարդման գեղարվեստական ստուդիայում։
Այնուհետև մասնակցել է Բի-բի-սիի առաջին լայնահաղորդչային հեռուստահաղորդմանը, վարել Բի-բի-սիի` Հնդկաստանի համար հեռարձակվող կարճալիք ռադիոհաղորդումներ։ 1926 թվականին, որպես նկարիչ-ձևավորող, աշխատել է Բուդդայի կյանքի մասին պատմող «Լույսը Ասիայից» կինոնկարի ստեղծագործական խմբում։
1933 թվականին նկարահանվելով «Կարմա» կինոնկարում, Դևիկա Ռանին դարձել է առաջին մեծության կինոաստղ։ Այնուհետև նկարահանվել է Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կինոստուդիաներում։ Գերմանիայում իշխանությունը նացիստների կողմից զավթելուց հետո վերադարձել է Հնդկաստան և ամուսնու` Հիմանշու Ռայի հետ միասին, 1934 թվականին հիմնադրել է երկրում առաջին հնչյունային «Bombay Talkies» կինոստուդիան։ Ամուսնու մահից հետո ևս նրա կինոստուդիան թողարկել է մի քանի տասնյակ ֆիլմեր։ 1945 թվականին Դևիկա Ռանին լքել է կինեմատոգրաֆը։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևիկա Ռանին 1929-1940 թվականներին ամուսնացած է եղել հնդկական կինեմատոգրաֆի պիոներներից մեկի` Հիմանշու Ռայի հետ։ 1945 թվականին ամուսնացել է ազգությամբ ռուս նկարիչ Սվյատոսլավ Ռերիխի հետ և դարձել վերջինիս ստեղծագործությունների գլխավոր մուսան։ Դևիկա Ռանին երեխաներ չի ունեցել։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
|---|---|---|---|
| 1933 | Կարմա | Karma | Մահառանի |
| 1935 | Պատանեկության քամին | Jawani Ki Hawa | Քամալա |
| 1936 | Անձեռնմխելի կույսը | Achhut Kanya | Կաստուրի |
| 1936 | Կյանքի նավակը | Jeevan Naya | Լատա |
| 1937 | Սավիտրի | Savitri | Սավիտրի |
| 1943 | Ընդհանուր զրույց | Hamari Baat | - |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիկա Ռանի» հոդվածին։ |
| ||||||||||