Դրուժինա (Կիևյան Ռուսիա)

Դրուժինա (ռուս.՝ дружи́на, ռուսերենից թարգմանաբար՝ «ընկերակցություն»[1][2]), իշխանի կամ թագավորի շուրջը համախմբված զինվորականների ջոկատ միջնադարյան Լեհաստանում և Կիևյան Ռուսիայում։ Բնորոշ է եղել տոհմատիրական կարգերի քայքայման և ֆեոդալական կարգերի հաստատման շրջանին։
Դրուժինան պարտավոր էր պաշտպանել առաջնորդին, իսկ վերջինս՝ խնամակալել նրան․ այն նպաստել է սլավոնական երկրներում առաջնորդի իրավասությունների բարձրացմանը և թագավորական իշխանության առաջացմանն ու ամրապնդմանը։ Դրուժինայի անդամները նվաճումների և նվիրատվությունների հետևանքով ժամանակի ընթացքում դարձել են խոշոր հողատերեր՝ ձեռք բերելով տոհմական կալվածքներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ շրջանի ռուսական պետություններում դրուժինան օգնում էր իշխանին կամ թագավորին իրականացնել սեփական իշխանությունը, ինչպես նաև ձևավորել ռազմական որոշակի մասնավորեցված ուժ։ Ռուսական խագանության առաջին դրուժինան ձևավորվել է բացառապես վարյագներից[3] (բալթիկ ծագմամբ ժողովուրդ էին, ովքեր 9-11-րդ դարերում Արևելյան Եվրոպայի գետերով արշավում էին ներկայիս Ռուսաստան)։ Շուտով դրուժինայի մաս են սկսում կազմել նաև տեղացի ազնվականները, ովքեր կարճ ժամանակահատվածում մեծ հեղինակություն են ձեռք բերել երկրում[4]։ Կիևյան Ռուսիայի շրջանի դրուժինան կազմված էր երկու խմբերից՝ ավագ անդամներ (կոչվել են նաև բոյարներ) և կրտսեր անդամներ։ Բոյարները եղել են Կիևյան Ռուսիայի մեծ իշխանի գլխավոր խորհրդականները, որոնք ունեցել են բավականին բարձր պետական գործառույթներ[5]։
Կրտսեր անդամները գահակալի թիկնապահներն էին, ովքեր ձևավորում էին նաև ռուսական բանակի կարևորագույն ենթակառուցվածքները։ Կրտսեր ազնվականները կազմակերպում էին նաև պալատական արարողությունները, մասնավորապես՝ թագադրում կիևյան իշխանին։ Իշխանական դրուժինայի անդամներն ունեին ընդարձակ ազատություններ և ազատ էին կամովի կառավարել սեփական անձը։ Բացի այդ, դրուժինայի կրտսեր անդամները և բոյարները խոշոր հողատերեր էին և ձևավորում էին ավատատիրական հարաբերությունների առանձին ենթաշերտ։
Գերմանացի խաչակիրների «Սառցաջարդ»-ի ժամանակ Նովգորոդի հանրապետության բանակը կազմված էր 5000 մարտիկներից։ Հատկանշական է, որ նրանցից 3000-ն այդ վճռական մարտում եղել են Ալեքսանդր Նևսկու պալատական դրուժինայի անդամները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Online Etymology Dictionary». www.etymonline.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Zeno. «Drushine». www.zeno.org. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «druzhina - Russian history». Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Kievan Rus - historical state». Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Druzhina». Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին – via The Free Dictionary.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրուժինա (Կիևյան Ռուսիա)» հոդվածին։ |
|