Դրամական պատրանք
Դրամական պատրանք կամ գնային պատրանք (անգլ.՝ money illusion), տնտեսագիտության մեջ հայտնի երևույթ, երբ փողն ընկալվում է ոչ թե իրական, այլ անվանական արժեքով։ Այլ կերպ ասած՝ մարդիկ սխալմամբ կարծում են, թե փողի արժեքը միշտ նույնն է, մինչդեռ իրականում այն կախված է շուկայական գներից։ Ժամանակակից թղթադրամներն իրենցով արժեք չունեն և դրանց իրական ուժը որոշվում է միայն ապրանքների գներով։ Տերմինն առաջին անգամ կիրառել է Իրվինգ Ֆիշերը «Դոլարի կայունացումը» աշխատության մեջ: Այն հանրաճանաչ է դարձել 20-րդ դարի սկզբին՝ Ջոն Մեյնարդ Քեյնսի շնորհիվ, իսկ 1928 թվականին Իրվինգ Ֆիշերը այս թեմայով գրել է գիրք՝ «Դրամական պատրանքը» (անգլ.՝ The money illusion) վերնագրով[1]:
Որոշ դրամավարկային տնտեսագետներ վիճարկում են դրամական պատրանքի գոյությունը՝ պնդելով, որ մարդիկ իրենց հարստության հարցում գործում են ռացիոնալ (այսինքն՝ գիտեն իրական արժեքները)[2]: Էլդար Շաֆիրը, Փիթեր Ա. Դայմոնդը և Ամոս Տվերսկին (1997թ.) ներկայացրել են այս էֆեկտի գոյության փորձարարական ապացույցներ, և ցույց է տրվել, որ այն ազդում է վարքագծի վրա և՛ փորձարարական, և՛ կյանքի տարբեր իրավիճակներում[3]:
Շաֆիրը և գործընկերները նաև նշում են, որ դրամական պատրանքն ազդում է տնտեսական վարքագծի վրա երեք հիմնական ձևով[3].
- Գների <<կպչունություն>>. Դրամական պատրանքը առաջարկվել է որպես պատճառ, թե ինչու են անվանական գները դանդաղ փոփոխվում նույնիսկ այն դեպքում, երբ գնաճը հանգեցրել է իրական գների անկման կամ ծախսերի աճի:
- Պայմանագրերն ու օրենքները չեն ինդեքսավորվում (հարմարեցվում) գնաճին համապատասխան այն հաճախականությամբ, որքան կարելի էր ակնկալել ռացիոնալ տեսանկյունից:
- Սոցիալական դիսկուրսը պաշտոնական լրատվամիջոցներում և առհասարակ, առաջացնում է որոշակի շփոթություն իրական և անվանական արժեքների միջև:
Դրամական պատրանքը կարող է ազդել նաև արդյունքների վերաբերյալ մարդկանց ընկալումների վրա: Փորձերը ցույց են տվել, որ մարդիկ սովորաբար անվանական եկամտի մոտ 2% կրճատումը (առանց դրամական արժեքի փոփոխության) ընկալում են որպես անարդար, սակայն անվանական եկամտի 2% աճը 4% գնաճի պայմաններում համարում են արդարացի, չնայած դրանք գրեթե ռացիոնալ համարժեքներ են: Այս արդյունքը համահունչ է «Կարճաժամկետ կորստի նկատմամբ հակակրանքի տեսությանը» (անգլ.՝ Myopic Loss Aversion theory)[4]: Ավելին, դրամական պատրանքը նշանակում է, որ գների անվանական փոփոխությունները կարող են ազդել պահանջարկի վրա, նույնիսկ եթե իրական գները մնացել են հաստատուն[5]:
Բացատրություններ և հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամական պատրանքի բացատրությունները սովորաբար հիմնված են «էվրիստիկայի» (մտածողության պարզեցված կանոնների) վրա: Անվանական գները հարմար «կողմնորոշիչ» են արժեքը որոշելու համար, իսկ իրական գները հաշվարկվում են միայն այն դեպքում, երբ դա խիստ անհրաժեշտ է (օրինակ՝ գերաճի՝ հիպերինֆլյացիայի ժամանակ կամ երկարաժամկետ պայմանագրերում):
Որոշ տնտեսագետներ կարծում են, որ դրամական պատրանքը հաստատում է Ֆիլիպսի կորի այն գաղափարը, որ գնաճի և գործազրկության միջև կա հակադարձ կապ (երբ մեկը բարձրանում է, մյուսն իջնում է)[6]: Բանն այն է, որ աշխատողները աշխատավարձի առաջարկները գնահատելիս հիմնվում են միայն թվերի (անվանական աշխատավարձի) վրա, ուստի բարձր գնաճի պայմաններում ընկերությունները կարող են իրական աշխատավարձերը պահել ցածր մակարդակի վրա: Աշխատողները սիրով ընդունում են աշխատանքը, քանի որ տեսնում են «մեծ թվերով» աշխատավարձի բարձրացում, ինչը բարձր գնաճի ժամանակ թույլ է տալիս ընկերություններին իրական ցածր աշխատավարձերի շնորհիվ ավելի շատ մարդկանց աշխատանքի ընդունել:
Համարվում է, որ դրամական պատրանքը առանցքային դեր ունի Ֆրիդմանի առաջարկած Ֆիլիպսի կորի տարբերակում: Սակայն միայն պատրանքը բավարար չէ այս մեխանիզմը բացատրելու համար. անհրաժեշտ է ևս երկու պայման.
- Գների արձագանքի տարբերություն. Երբ պահանջարկն աճում է, ապրանքների գները բարձրանում են ավելի արագ, քան աշխատավարձերը: Այստեղից հետևում է, որ գործազրկության նվազումը իրականում տեղի է ունենում աշխատավարձերի նվազման հաշվին: Երբ աշխատողները վերջապես հասկանում են իրավիճակը (այսինքն՝ դուրս են գալիս դրամական պատրանքից), գործազրկությունը վերադառնում է իր նախկին բնականոն մակարդակին:
- Տեղեկատվական անհավասարություն. Ենթադրվում է, որ այն ամենը, ինչ աշխատողները չգիտեն գների և աշխատավարձերի փոփոխության մասին, գործատուները հստակ տեսնում և հասկանում են:
Չնայած Ֆիլիպսի կորի նոր դասական տարբերակը փորձում էր վերացնել այս լրացուցիչ ենթադրությունները, դրա մեխանիզմը դեռևս հիմնված է դրամական պատրանքի գաղափարի վրա[7]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fisher, Irving (1928), The Money Illusion, New York: Adelphi Company
- ↑ Marianne Bertran; Sendhil Mullainathan & Eldar Shafir (2004 թ․ մայիս). «A behavioral-economics view of poverty» (PDF). The American Economic Review. 94 (2): 419–423. doi:10.1257/0002828041302019. JSTOR 3592921. S2CID 2865749.
- 1 2 Shafir, E.; Diamond, P. A.; Tversky, A. (1997), «On Money Illusion», Quarterly Journal of Economics, 112 (2): 341–374, doi:10.1162/003355397555208
- ↑ Benartzi, Shlomo; Thaler, Richard H. (1995). «Myopic Loss Aversion and the Equity Premium Puzzle». Quarterly Journal of Economics. 110 (1): 73–92. CiteSeerX 10.1.1.353.2566. doi:10.2307/2118511. JSTOR 2118511. S2CID 55030273.
- ↑ Patinkin, Don (1969), «The Chicago Tradition, The Quantity Theory, And Friedman», Journal of Money, Credit and Banking, 1 (1): 46–70, doi:10.2307/1991376, JSTOR 1991376
- ↑ Romer, David (2006), Advanced macroeconomics, McGraw-Hill, էջ 252, ISBN 9780072877304
- ↑ Galbács, Peter (2015). The Theory of New Classical Macroeconomics. A Positive Critique. Contributions to Economics. Heidelberg/New York/Dordrecht/London: Springer. doi:10.1007/978-3-319-17578-2. ISBN 978-3-319-17578-2.
Լրացուցիչ ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fehr, Ernst; Tyran, Jean-Robert (2001), «Does Money Illusion Matter?» (PDF), American Economic Review, 91 (5): 1239–1262, doi:10.1257/aer.91.5.1239, hdl:20.500.11850/146556, JSTOR 2677924, S2CID 15342301
- Howitt, P. (1987), «money illusion», The New Palgrave: A Dictionary of Economics, vol. 3, London: Macmillan, էջեր 518–519, ISBN 978-0-333-37235-7
- Weber, Bernd; Rangel, Antonio; Wibral, Matthias; Falk, Armin (2009), «The medial prefrontal cortex exhibits money illusion», PNAS, 106 (13): 5025–5028, Bibcode:2009PNAS..106.5025W, doi:10.1073/pnas.0901490106, PMC 2664018, PMID 19307555
- Akerlof, George A.; Shiller, Robert J. (2009), Animal Spirits, Princeton University Press, էջեր 41–50, ISBN 9780691142333
- Thaler, Richard H.(1997) "Irving Fisher: Modern Behavioral Economist" in The American Economic Review Vol 87, No 2, Papers and Proceedings of the Hundred and Fourth Annual Meeting of the American Economic Association (May, 1997)
- Huw Dixon (2008), New Keynesian Economics, New Palgrave Dictionary of Economics New Keynesian macroeconomics.