Jump to content

Դպրոցական ավտոբուսի դեղին գույն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դպրոցական ավտոբուսի դեղին գույն
գույն Խմբագրել Wikidata
Ենթադաս• գույն
 • դեղին Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվդպրոցական ավտոբուս Խմբագրել Wikidata
Գույն (տասնվեցերորդական եռամասնյակ)F5A500 Խմբագրել Wikidata

Դպրոցական ավտոբուսի դեղինը գույն է, որը 1939 թվականին հատուկ մշակվել է Հյուսիսային Ամերիկայի դպրոցական ավտոբուսների համար։ Սկզբում դրա պաշտոնական անվանումը եղել է «Ազգային դպրոցական ավտոբուսի քրոմային դեղին» (անգլ.՝ National School Bus Chrome), իսկ այժմ Կանադայում և Միացյալ Նահանգներում այն պաշտոնապես հայտնի է որպես «Ազգային դպրոցական ավտոբուսի փայլուն դեղին» (անգլ.՝ National School Bus Glossy Yellow)։

Այս գույնի սկզբնական գունանյութը եղել է մոնոկլինային կապարի(II) քրոմատը՝ (քրոմային դեղինը)[1]: Այն, համեմատած այլ գունանյութերի հետ, պողպատը պաշտպանելու ավելի լավ հատկություններ է ունեցել։ Կապարի քրոմատի թունավորության պատճառով, որը պայմանավորված է ինչպես կապարի, այնպես էլ քրոմատի պարունակությամբ, ինչպես նաև օդի ազդեցությունից հետո կապարի սուլֆիդի մգանալու հետևանքով, սկզբնական գունանյութը փոխարինվել է կադմիումի սուլֆիդի («կադմիումային դեղին») և համապատասխան գույն ստանալու համար անհրաժեշտ քանակությամբ կադմիումային նարնջագույն կամ սելենային գունանյութերի խառնուրդով։ Սակայն կադմիումը նույնպես թանկարժեք և թունավոր ծանր մետաղ է, ուստի ներկայումս հագեցած գույներով բազմաթիվ գունանյութեր պատրաստվում են ազո-հիմքով օրգանական միացություններից։

1939 թվականի ապրիլին Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Ուսուցիչների քոլեջի պրոֆեսոր Ֆրենկ Վ. Սայրը կազմակերպել է համաժողով, որի ընթացքում սահմանվել են Ամերիկայի դպրոցական ավտոբուսների համար 44 միասնական ազգային նախագծային, կառուցվածքային և անվտանգության չափորոշիչներ, այդ թվում՝ թափքի արտաքին գույնը[2]։ Դեղնանարնջագույնը ընտրվել է այն պատճառով, որ դրա վրա սև գրառումները կիսամութ պայմաններում առավել ընթեռնելի են եղել,[2] և այն պատճառով, որ այդ գույնը հեռվից լավ նկատելի է եղել և բավականաչափ արտասովոր, որպեսզի ժամանակի ընթացքում ասոցացվի դպրոցական ավտոբուսների և երթուղով տեղափոխվող երեխաների խմբերի հետ[3]։

Սայրը հայտնի է դարձել որպես «դեղին դպրոցական ավտոբուսի հայր»[3]։

Համաժողովին մասնակցել են այն ժամանակ գոյություն ունեցող 48 նահանգներից յուրաքանչյուրի տրանսպորտի ոլորտի պաշտոնյաներ, ավտոբուսների շասսիների և թափքերի արտադրողների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Դյուպոն» և «Փիթսբուրգ Փեյնթս» ընկերությունների ներկերի մասնագետներ։ Համաժողովը ֆինանսավորվել է 5,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհով[4]) Ռոքֆելլերի հիմնադրամից[2]: Դեղնանարնջագույնը ներկայացվել է երեք փոքր-ինչ տարբեր երանգներով՝ ներկերի տարբեր բաղադրությունները հաշվի առնելու համար,[2] այն ընդունել է Ստանդարտների ազգային բյուրոն (այժմ՝ Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ)՝ որպես Դաշնային ստանդարտ № 595a, գույն 13432։

Հյուսիսային Ամերիկայից դուրս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսամերիկյան ոճի դեղին դպրոցական ավտոբուսները սկսել են ներդրվել նաև Միացյալ Թագավորության որոշ շրջաններում։ Դրան նպաստել են ինչպես ամերիկյան ոլորտի հետ կորպորատիվ կապերը, օրինակ՝ First Student UK-ի դեպքում, այնպես էլ դպրոցական ավտոբուսները նոր ապրանքանիշով ներկայացնելու ձգտումը, ինչպես օրինակ՝ West Yorkshire Metro-ի Mybus ծառայությունը[5]։

Ծանոթագրություներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Worobec, Mary Devine; Hogue, Cheryl (1992). Toxic Substances Controls Guide: Federal Regulation of Chemicals in the Environment. BNA Books. էջ 13. ISBN 978-0-87179-752-0.
  2. 1 2 3 4 Frank Cyr obituary, Columbia University
  3. 1 2 Barron, James (2013 թ․ փետրվարի 19). «Why the School Bus Never Comes in Red or Green». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  4. ↑ «$5,000 in 1939 → 2022 | Inflation Calculator». www.in2013dollars.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2022-10-16-ին.
  5. ↑ Executive Summary – Mybus report(չաշխատող հղում) on West Yorkshire Metro website, retrieved 2009-10-09

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]