Դյուվերժեի օրենք
Դյուվերժեի օրենք, քաղաքագիտական օրինաչափություն կամ կանոն, որը նկարագրում է ընտրական համակարգի ազդեցությունը կուսակցական համակարգի ձևավորման վրա։ Ըստ այս օրենքի՝ միամանդատ ընտրատարածքներով և հարաբերական մեծամասնական ընտրակարգով քաղաքական համակարգերում, ինչպես, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Միացյալ Թագավորությունում է, ձևավորվում է երկկուսակցական համակարգ, և իշխանությունը վերահսկում են երկու հիմնական խոշոր քաղաքական կուսակցություններ։ Քաղաքացիները խուսափում են փոքր կուսակցությունների օգտին քվեարկելուց, քանի որ վախենում են իրենց ձայները փոշիացնելուց և իրենց նախընտրած խոշոր կուսակցությունից ձայներ տանելուց (ինչը հայտնի է որպես ռազմավարական քվեարկություն)[1][2]։
Ի հակադրություն սրա՝ համամասնական ընտրակարգով կամ երկփուլ ընտրություններով երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Շվեդիան, Նոր Զելանդիան կամ Իսպանիան, չկա իշխանության երկկուսակցական մենաշնորհ (դուոպոլիա)։ Այնտեղ սովորաբար գործում են երկուսից ավելի ազդեցիկ քաղաքական կուսակցություններ[3]։ Քաղաքացիներն ակտիվորեն խրախուսվում են ստեղծել, միանալ և քվեարկել նոր քաղաքական կուսակցությունների օգտին, եթե դժգոհ են գործող կուսակցություններից[3]։

Մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկկուսակցական համակարգն ամենատարածվածն է մեծամասնական (հարաբերական մեծամասնության) ընտրակարգի դեպքում։ Ընտրողները սովորաբար մեկ ձայն են տալիս յուրաքանչյուր ընտրապայքարում։ Մորիս Դյուվերժեն պնդում էր, որ գոյություն ունի երկու հիմնական մեխանիզմ, որոնց միջոցով մեծամասնական ընտրակարգերը հանգեցնում են խոշոր կուսակցությունների թվի կրճատմանը. ա) փոքր կուսակցությունները ստեղծվելու խթան չունեն, քանի որ նրանց համար չափազանց դժվար է մանդատներ կամ ներկայացվածություն ստանալը, և բ) ընտրողները զգուշանում են քվեարկել այնպիսի փոքր կուսակցության օգտին, որի քաղաքականությունը իրականում հավանում են, քանի որ չեն ցանկանում իրենց ձայները «փոշիացնել» մի կուսակցության վրա, որը դժվար թե հարաբերական մեծամասնություն ստանա, և, հետևաբար, հակված են հակվելու երկու խոշոր կուսակցություններից մեկի կողմը, որն ավելի մեծ հավանականություն ունի հարաբերական մեծամասնություն ձեռք բերելու, ընտրություններում հաղթելու և քաղաքականություն իրականացնելու համար[4][5][6]։
Այն օրենսդիր մարմինների դեպքում, որտեղ յուրաքանչյուր մանդատ ներկայացնում է աշխարհագրական տարածք, և այդ մանդատը ստանում է ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն, փոքր կուսակցությունները, որոնք բավականին հավասարաչափ սփռված են բազմաթիվ ընտրատարածքներում, ավելի քիչ ներկայացվածություն են ստանում, քան աշխարհագրական առումով կենտրոնացված կուսակցությունները՝ ունենալով հանրային աջակցության նույն ընդհանուր մակարդակը։ Սրա օրինակ էր Միացյալ Թագավորության Լիբերալ դեմոկրատներ կուսակցությունը, որի մանդատների համամասնությունն օրենսդիր մարմնում, մինչև վերջերս, զգալիորեն պակաս էր համապետական քվեարկության ժամանակ նրանց ստացած ձայների համամասնությունից։ Կանադայի Կանաչների կուսակցությունը մեկ այլ օրինակ է. կուսակցությունը 2004-ից 2011 թվականներին ստացել է ժողովրդական ձայների մոտ 5%-ը, սակայն նույն ժամանակահատվածում Համայնքների պալատում շահել էր ընդամենը մեկ մանդատ (308-ից): Մեկ այլ օրինակ 1992 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում, երբ Ռոս Պերոյի թեկնածությունը ստացավ զրո ընտրական ձայն՝ չնայած ստացել էր ժողովրդական ձայների 19%-ը։ Ջերիմենդերինգը (ընտրատարածքների սահմանների արհեստական ձևափոխումը) երբեմն օգտագործվում է աշխարհագրական առումով համախմբված ընտրատարածքում համախոհ ընտրողների հավաքելու համար, որպեսզի նրանց ձայները «չփոշիանան», բայց դա սովորաբար պահանջում է, որ փոքր կուսակցություններն ունենան և՛ աշխարհագրական կենտրոնացվածություն, և՛ ընտրատարածքների սահմանների վերաձևման այնպիսի գործընթաց, որը նպատակ ունի ներկայացնել նրանց։ Այս թերությունները հակված են ճնշելու երրորդ կուսակցության՝ քաղաքական գործընթացին մասնակցելու կարողությունը։
Երրորդ կուսակցության առջև ծառացած երկրորդ մարտահրավերը և՛ վիճակագրական է, և՛ տակտիկական։ Դյուվերժեն բերում է ընտրության օրինակ, որտեղ 100,000 չափավոր ընտրողներ (կամ «տատանվող ընտրողներ», այն քաղաքացին, ով չի հարում ծայրահեղ ձախ կամ ծայրահեղ աջ քաղաքական հայացքների) և 80,000 արմատական ընտրողներ (կամ ծայրահեղական/ռադիկալ հայացքներ ունեցող ընտրողներ) պետք է քվեարկեն մեկ մանդատի կամ պաշտոնի թեկնածուների օգտին։ Եթե երկու տատանվող կուսակցություններ և մեկ արմատական կուսակցություն առաջադրեին թեկնածուներ, և յուրաքանչյուր ընտրող քվեարկեր, ապա արմատական թեկնածուն հակված կլիներ հաղթելու, քանի դեռ տատանվող թեկնածուներից մեկը չէր հավաքել 20,000-ից պակաս ձայն։ Գիտակցելով այս ռիսկը՝ տատանվող ընտրողները հակված կլինեին քվեարկել այն տատանվող թեկնածուի օգտին, որն, իրենց կարծիքով, ավելի շատ ձայներ կհավաքեր՝ նպատակ ունենալով հաղթել արմատական թեկնածուին։ Հետևաբար, հաղթելու համար կա՛մ երկու տատանվող կուսակցությունները պետք է միավորվեն, կա՛մ տատանվող կուսակցություններից մեկը պետք է ձախողվի, քանի որ ընտրողները հակվում են դեպի երկու ամենաուժեղ կուսակցությունները։ Դյուվերժեն այս միտումն անվանեց երկբևեռացում (անգլ.՝ polarization[7]):
Ազդեցության ուղղություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենեթ Բենուան ենթադրել է, որ պատճառահետևանքային ազդեցությունը ընտրական և կուսակցական համակարգերի միջև կարող է լինել երկկողմանի կամ երկու ուղղություններից որևէ մեկով[8]: Խոսեպ Կոլոմերը համաձայնել է՝ պնդելով, որ մեծամասնական համակարգից համամասնական համակարգի անցմանը սովորաբար նախորդում է երկուսից ավելի գործուն կուսակցությունների հայտնվելը, իսկ արդյունավետ կուսակցությունների թվի աճը տեղի է ունենում ոչ թե կարճաժամկետ, այլ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում[9]:
Կուսակցությունների փոխարինում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգներում Քաղաքացիական պատերազմին անմիջապես նախորդած քաղաքական քաոսը հնարավորություն են տվել Հանրապետական կուսակցությանը փոխարինել Վիգերի կուսակցությանը՝ որպես ամերիկյան քաղաքական դաշտի առաջադեմ ուղղության հիմնական ուժ[10]։ Երկրի տնտեսական բարեփոխումների և դաշնային ֆինանսավորմամբ արդյունաբերականացման ընդհանուր ծրագրի շուրջ համախմբված լինելով՝ ապակենտրոնացված Վիգերի կուսակցության ղեկավարությունը չկարողացավ հստակ դիրքորոշում ընդունել ստրկության հարցում, ինչի հետևանքով կուսակցությունը փաստացի բաժանվեց Մեյսոն-Դիքսոնի գծով։ Հարավային գյուղական պլանտատորները (խոշոր հողատերերը), որոնց սկզբնապես գրավում էր դաշնային ենթակառուցվածքների և դպրոցների հեռանկարը, հարել են ստրկատիրությանը կողմնակից Դեմոկրատներին, մինչդեռ հյուսիսային նահանգների քաղաքային բանվորներն ու մասնագետները, վախենալով քաղաքական ու տնտեսական իշխանության հանկարծակի տեղաշարժից և կորցնելով հավատը ձախողվող Վիգերի թեկնածուների նկատմամբ, զանգվածաբար անցան գնալով ավելի ակտիվորեն հանդես եկող և ստրկատիրությանը դեմ արտահայտվող Հանրապետական կուսակցության կողմը։
Ազդեցության ուժգնությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Քլարկը և Մեթ Գոլդերը (2006 թվական) գտնում են, որ այս ազդեցությունը մեծամասամբ պահպանվում է՝ նշելով, որ տվյալների վերլուծության տարբեր մեթոդները կարող են հանգեցնել տարբեր եզրակացությունների։ Նրանք ընդգծում են այլ փոփոխականների դերը, ինչպիսիք են տարբեր ընտրական ինստիտուտների նրբությունները, ինչպես նաև սոցիոլոգիական գործոնների կարևորությունը, որոնց մեծ տեղ էր հատկացնում նաև Դյուվերժեն[11]։ Թոմաս Ռ. Փալֆրին պնդում էր, որ Դյուվերժեի օրենքը կարող է մաթեմատիկորեն ապացուցվել այն սահմանային դեպքում, երբ մեկ մանդատով ընտրատարածքում ընտրողների թիվը ձգտում է անվերջության, և երբ ձայների հավանականային բաշխումը հայտնի է (կատարյալ տեղեկատվության պայմաններում[12])։
Դյուվերժեն այս սկզբունքը բացարձակ օրենք չէր համարում։ Նա ենթադրում էր, որ մեծամասնական ընտրակարգը պարզապես դանդաղեցնում է նոր քաղաքական ուժերի առաջացումը և արագացնում թուլացող կուսակցությունների անհետացումը, մինչդեռ համամասնական ընտրակարգը գործում է հակառակ ուղղությամբ[7]։
ԱՄՆ-ի քաղաքական համակարգում երկու խոշոր կուսակցությունները միջին հաշվով շահել են նահանգային և դաշնային մակարդակներում բոլոր մանդատների շուրջ 98 տոկոսը[1]։ Միայն մի քանի հազվադեպ ընտրությունների ընթացքում են փոքր կուսակցությունները կարողացել մրցակցել երկու խոշոր կուսակցությունների հետ, իսկ 19-րդ դարում առանձին դեպքերում նույնիսկ փոխարինել դրանցից մեկին[2][10]։
Մեթ Գոլդերը 2016 թվականին կատարած էմպիրիկ ուսումնասիրությունների ամփոփման մեջ եզրակացրել է, որ, չնայած կան օրենքին հակասող որոշ առանձին դեպքեր, Դյուվերժեի օրենքը շարունակում է մնալ որպես ընդհանուր առմամբ վավեր օրինաչափություն[13]։
Սթիվեն Ռ. Ռիդը 2001 թվականին պնդել է, որ Դյուվերժեի օրենքը կարելի է դիտարկել նաև Իտալիայում, որտեղ ընտրատարածքների շուրջ 80 տոկոսը աստիճանաբար, բայց զգալիորեն անցել է դեպի երկու խոշոր կուսակցությունների մրցակցություն[14]։ Նա նմանատիպ երևույթ է արձանագրել նաև Ճապոնիայում՝ նշելով, որ փորձի և սխալի աստիճանական գործընթացի արդյունքում խոշոր կուսակցությունների թիվը մոտեցել է օրենքով կանխատեսվող արդյունքին[15]։
Էրիկ Դիքսոնը և Քենեթ Շևը 2007 թվականին պնդում էին, որ Դյուվերժեի օրենքն ամենաուժեղն է այն դեպքում, երբ հասարակությունը համասեռ է կամ գրեթե հավասարապես կիսված, բայց թուլանում է, երբ գոյություն ունեն բազմաթիվ միջանկյալ ինքնություններ[16]։ Որպես դրա ապացույց՝ Դյուամելը բերում է Հնդկաստանի օրինակը, որտեղ ընտրողների ավելի քան 25 տոկոսը քվեարկում է երկու հիմնական դաշինքներից դուրս գտնվող կուսակցությունների օգտին[17]։
Երկկուսակցական քաղաքականությունը կարող է ի հայտ գալ նաև այնպիսի համակարգերում, որոնք կիրառում են համամասնական ընտրակարգի որևէ ձև։ Դյուվերժեն և այլոք պնդում են, որ Դյուվերժեի օրենքը այլ համակարգերում ավելի շատ հանդիսանում է խոշոր կուսակցությունների թվի սահմանափակող գործոն (ինչպես արգելակ), քան հավասարակշռության կանխատեսում ավելի ընդգծված համամասնական ներկայացվածությամբ կառավարությունների համար[11][18]։
Բացառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկ փոխանցելի քվեի համակարգը կարող է հանգեցնել խոշոր առավելությամբ հաղթանակների, երբ մեկ կուսակցություն ստանում է մանդատների մեծ մասը կամ բոլորը, ինչպես, օրինակ, Բարբադոսի 2022 թվականի համապետական ընտրություններում։
Տարածաշրջանային կուսակցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքով գործող համակարգերում որոշ փոքր կուսակցությունների հաջողվել է իրենց աջակցությունը վերածել կառավարությունում մանդատների՝ կենտրոնանալով տեղական ընտրապայքարների վրա, զբաղեցնելով խոշոր կուսակցություններից մեկի տեղը կամ փոխելով քաղաքական համակարգը։
Ուիլյամ Հ. Ռայկերը, հղում անելով Դուգլաս Վ. Ռեյին, նշել է, որ ուժեղ տարածաշրջանային կուսակցությունները կարող են հանգեցնել նրան, որ երկուսից ավելի կուսակցություններ մանդատներ ստանան ազգային օրենսդիր մարմնում, նույնիսկ եթե ցանկացած առանձին ընտրատարածքում մրցունակ են միայն երկու կուսակցություն[10][19]։ Միացյալ Նահանգներից դուրս գործող համակարգերում, օրինակ՝ Կանադայում[10], Միացյալ Թագավորությունում և Հնդկաստանում, բազմակուսակցական խորհրդարանների ձևավորումը պայմանավորված է նաև նրանով, որ փոքր կուսակցությունները կարողանում են ամուր դիրքեր ձեռք բերել որոշակի տարածաշրջաններում։ Սա կարող է նվազեցնել ընտրողների հոգեբանական վախը, թե իրենց ձայնը «կփոշիանա», եթե այն տան փոքր կուսակցության թեկնածուին օրենսդիր մարմնի ընտրություններում[20]։ Ռայկերը Կանադայի կառավարման բարձր ապակենտրոնացված համակարգին է վերագրում փոքր կուսակցությունների խրախուսումը՝ տեղական մակարդակում մանդատներ շահելու միջոցով աջակցություն կառուցելու հարցում, ինչը հետագայում հնարավորություն է տալիս այդ կուսակցություններին ներկայացուցիչներ ունենալ Կանադայի Համայնքների պալատում[10]:
Տարբեր ընտրական համակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Համամասնական ընտրակարգի անցնելու նման արմատական բարեփոխումների բացակայության դեպքում նույնիսկ ավելի փոքր փոփոխությունները, օրինակ՝ դասակարգված ընտրությունը, կարող են «հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքով գործող համակարգերում ընտրողներին ապահովել ավելի լայն ընտրության հնարավորություններով[21]։ Համամասնական ընտրակարգ համակարգում օրենսդիր մարմնի մանդատները բաշխվում են ըստ այն ձայների տոկոսի, որը ստացել է յուրաքանչյուր կուսակցությունը։ Հետևաբար, կուսակցության հաջողությունը կախված է նրա ստացած ընտրական աջակցությունից։ Համամասնական ընտրակարգը թուլացնում է երկկուսակցական գերակայությունը, քանի որ փոքր կուսակցություններն այլևս պարտավորված չեն ստանալ հարաբերական մեծամասնություն հաղթելու համար և ունեն ընտրություններում հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություն[22]։
Դասակարգված ընտրության (անգլ.՝ ranked-choice voting system կամ RCV) համակարգում ընտրողները թեկնածուներին դասավորում են ըստ իրենց նախընտրության հերթականության՝ մեկ թեկնածուի օգտին միայն մեկ ձայն տալու փոխարեն։ Այս համակարգը կիրառվում է բազմակուսակցական քաղաքական համակարգ ունեցող երկրներում, ինչպիսիք են Ավստրալիան, Իռլանդիան և Նոր Զելանդիան։ Միացյալ Նահանգներում «RCV» համակարգը կիրառվել է կուսակցությունների ներսում խմբավորումների (ֆրակցիաների) միջև մրցակցությունը կառավարելու կամ ձևավորելու նպատակով, սակայն հետագայում այն վերացվել է նահանգների մեծ մասում՝ դրա արդյունքների անկանխատեսելի լինելու պատճառով[23]։
Դյուվերժեն պնդում էր, որ «երկու փուլով անցկացվող մեծամասնական քվեարկությունը նպաստում է բազմակուսակցական համակարգի ձևավորմանը, որը հակված է կոալիցիաներ ստեղծել»։ Այլ կերպ ասած՝ նա գտնում էր, որ երկփուլ մեծամասնական ընտրակարգը խրախուսում է բազմակուսակցական համակարգի զարգացումը, սակայն այդ ազդեցությունն ավելի թույլ է, քան համամասնական ներկայացուցչության համակարգի դեպքում[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արդյունավետության բաց - Ընտրատարածքների արդարության չափանիշը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Masket, Seth (Fall 2023). «Giving Minor Parties a Chance». Democracy (journal)|Democracy. 70.
- 1 2 Blake, Aaron (2021-11-25). «Why are there only two parties in American politics?». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2023-09-25-ին.
- 1 2 Duverger, Maurice (1964). Political parties: their organization and activity in the modern state. Internet Archive. London: Methuen. էջ 239. ISBN 978-0-416-68320-2.
- ↑ Schlesinger, Joseph A.; Schlesinger, Mildred S. (2006). «Maurice Duverger and the Study of Political Parties» (PDF). French Politics. 4: 58–68. doi:10.1057/palgrave.fp.8200085. S2CID 145281087. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011-12-17-ին.
- ↑ Wada, Junichiro (2004-01-14). The Japanese Election System: Three Analytical Perspectives. Taylor & Francis. ISBN 9780203208595.
- ↑ Alston, Eric (2018). «The Legislature and Executive». In Alston, Lee J.; Mueller, Bernardo; Nonnenmacher, Tomas (eds.). Institutional and Organizational Analysis: Concepts and Applications. Cambridge University Press. էջեր 173–206. doi:10.1017/9781316091340.006. ISBN 9781316091340. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին. (չաշխատող հղում)
- 1 2 3 Duverger, Maurice (1972). «Factors in a Two-Party and Multiparty System». Party Politics and Pressure Groups. New York: Thomas Y. Crowell. էջեր 23–32.
- ↑ Benoit, Kenneth (2007). «Electoral Laws as Political Consequences: Explaining the Origins and Change of Electoral Institutions». Annual Review of Political Science. 10 (1): 363–390. doi:10.1146/annurev.polisci.10.072805.101608.
- ↑ Colomer, Josep M. (2005). «It's Parties that Choose Electoral Systems (or Duverger's Law Upside Down)» (PDF). Political Studies. 53 (1): 1–21. CiteSeerX 10.1.1.563.7631. doi:10.1111/j.1467-9248.2005.00514.x. hdl:10261/61619. S2CID 12376724. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2009-05-31-ին.
- 1 2 3 4 5 Riker, William H. (1982 թ․ դեկտեմբեր). «The Two-party System and Duverger's Law: An Essay on the History of Political Science». American Political Science Review. 76 (4): 753–766. doi:10.1017/s0003055400189580. JSTOR 1962968. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
- 1 2 Clark, William Roberts; Golder, Matt (2006 թ․ օգոստոս). «Rehabilitating Duverger's Theory: Testing the Mechanical and Strategic Modifying Effects of Electoral Laws». Comparative Political Studies (անգլերեն). 39 (6): 679–708. doi:10.1177/0010414005278420. ISSN 0010-4140. S2CID 154525800. «The central hypothesis Duverger's theory generates is that social heterogeneity should increase the number of parties only once the electoral system is sufficiently permissive.»
- ↑ Palfrey, T. (1989) ‘A mathematical proof of Duverger’s law’, in P. Ordeshook (ed.) Models of Strategic Choice in Politics, Ann Arbor: University of Michigan Press, 69–91.
- ↑ Golder, M. (2016). "Far from equilibrium: The state of the field on electoral system effects on party systems." In E. Herron, R. Pekkanen, & M. Shugart (Eds.), The Oxford Handbook of Electoral Systems. Oxford University Press.
- ↑ Reed, Steven R. (2001 թ․ ապրիլ). «Duverger's Law is Working in Italy». Comparative Political Studies. 34 (3): 312–327. doi:10.1177/0010414001034003004. S2CID 154808991.
- ↑ Reed, Steven R. (1990). «Structure and Behaviour: Extending Duverger's Law to the Japanese Case». British Journal of Political Science. 20 (3): 335–356. doi:10.1017/S0007123400005871. JSTOR 193914. S2CID 154377379.
- ↑ Dickson, Eric S.; Scheve, Kenneth (2007 թ․ փետրվարի 20). «Social Identity, Electoral Institutions and the Number of Candidates» (PDF). British Journal of Political Science. 40 (2): 349–375. CiteSeerX 10.1.1.75.155. doi:10.1017/s0007123409990354. JSTOR 40649446. S2CID 7107526. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018-07-21-ին. Վերցված է 2017-10-26-ին.
- ↑ Duhamel, Olivier; Tusseau, Guillaume (2019). Droit constitutionnel et institutions politiques [Constitutional law and political institutions] (ֆրանսերեն) (5e ed.). Paris: Éditions du Seuil. էջ 297. ISBN 9782021441932. OCLC 1127387529. «[L]a loi selon laquelle le scrutin majoritaire à un tour tend à produire le bipartisme ne vaut que dans une société relativement homogène et un État assez centralisé. Dans le cas contraire, le système de parti national se voit concurrencé par des sous-systèmes régionaux.»
- ↑ Cox, Gary W. (1997). Making votes count: strategic coordination in the world's electoral systems. Cambridge: Cambridge University Press. էջեր 273–274. ISBN 9780521585163. OCLC 474972505.
- ↑ Rae, Douglas W. (1971). The political consequences of electoral laws (Rev. ed.). New Haven: Yale University Press. ISBN 0300015178. LCCN 74161209. OCLC 993822935.
- ↑ Dunleavy, Patrick; Diwakar, Rekha (2013). «Analysing multiparty competition in plurality rule elections». Party Politics. 19 (6): 855–886. doi:10.1177/1354068811411026. S2CID 18840573.
- ↑ Kuo, Didi (Fall 2023). «Why Big Reform is Possible». Democracy. 70..
- ↑ Forand, Jean Guillaume; Maheshri, Vikram (2015 թ․ դեկտեմբեր). «A dynamic Duverger's law». Public Choice. 165 (3–4): 285–306. doi:10.1007/s11127-016-0309-8. ISSN 0048-5829.
- ↑ Santucci, Jack (2021-06-15). «Variants of Ranked-Choice Voting from a Strategic Perspective». Politics and Governance. 9 (2): 344–353. doi:10.17645/pag.v9i2.3955. ISSN 2183-2463.