Դիրան Թավիջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիրան Թավիջյան
Ծնվել էփետրվարի 18, 1977(1977-02-18) (47 տարեկան)
ԾննդավայրՍկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ՔաղաքացիությունՄակեդոնացիներ
Մասնագիտությունդաշնակահար

Դիրան Գարաբեթի Թավիջյան (փետրվարի 18, 1977(1977-02-18), Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), հայազգի դաշնակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրան Թավիջյանը ծնվել է 1977 թվականի փետրվարի 18-ին, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում[1]։ Թմբկահար Գարաբեթ Թավիջյանի որդին է և թմբկահար Գարո Թավիջյանի եղբայրը, ում հետ հանդես է գալիս որպես «Թավիջյան եղբայրներ» դուետով[2]։ 6 տարեկան հասակից հաճախել է երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարան։ Սովորել է դաշնամուր և հարվածային գործիքներ, հետաքրքրվել է ջազ երաժշտությամբ[3]։

1995 թվականից աշխատել և նվագել է հոր հիմնադրած «Garo & Paramecium» խմբում, որտեղից սկսել է երաժշտական գործունեությունը՝ որպես դաշնակահար, երգահան, գործիքավորող[4]։ Խմբի շրջանակներում ունեցել է ավելի քան 400 համերգային շրջագայություն ամբողջ Եվրոպայով, համագործակցել և ելույթ է ունեցել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ջո Զավինուլը, Բրանֆորդ Մարսալիսը, ՄքՔոյ Թայները, Բլյուզ Բրադրզ և այլք։ Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Բուլղարիա, Ավստրիա, Էստոնիա, Խորվաթիա, Լեհաստան, Հարավսլավիա և այլ երկրներում մասնակցել է բազմաթիվ միջազգային ջազ փառատոների։

Հեղինակել է նաև ֆիլմերի երաժշտություն, որոնցից է ամերիկյան «Կյանքի տատանումներ» («Variations of Life») գեղարվեստական ֆիլմը։ Որպես գործիքավորող աշխատել է բազմաթիվ հանրահայտ փոփ-երգիչների հետ և երաժշտական նախագծերի շրջանակներում։ Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ 2002 թվականին Մակեդոնիայի մշակույթի նախարարության «Անկախ արտիստ» կոչման։ «Թավիջյան եղբայրներ»-ով ձայնագրել է «Tavitjan Brothers Trio» սկավառակը, որը Մեծ Բրիտանիայի «Սոնի» միջազգային երաժշտական մրցույթի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին։ Եղբոր հետ միասին, 2012 թվականին, արժանացել է «Մակեդոնիայի երաժշտության դեսպաններ» կոչման։ 2013 թվականին առաջին անգամ այցելել է Երևան, որտեղ համերգով հանդես է եկել եղբոր հետ՝ հայկական ջազի 75-ամյակի համերգի ժամանակ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայերն ուժեղ են ամենուր. Թավիջյան եղբայրներ». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  2. «AV Production - Գարո Թավիջյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  3. «AV Production - Դիրան Թավիջյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  4. «Փետրվարի 16-ից 18։ Այս օրերը». Բազմաբնույթ նյութեր (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 17. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  5. «Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Թավիջյան եղբայրներին». www.yerevan.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]