Դիվանագիտական աստիճաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դիվանագիտական աստիճաններ, արտասահմանում գտնվող դիվանագիտական ներկայացուցիչներին և տվյալ երկրի արտաքին գործերի մինիստրության ապարատի աշխատակիցներին տրվող կոչումներ։ Մինչև Վիեննայի կոնգրեսը (1815) դիվանագիտական աստիճանների միասնական համակարգ չի եղել։ Վիեննայի կոնգրեսում սահմանվեց դիվանագիտական աստիճանների հետևյալ համակարգը դեսպան (նրան հավասարվել են պապական լեգատներն ու նունցիաները), դեսպանորդ (նրան հավասարվել են պապական ինտերնունցիաները), գործերի հավատարմատար։ Ախենի արձանագրությամբ (1818) սահմանվեց նաև չորրորդ՝ մինիստր ռեզիդենտի (ըստ ավագության՝ դեսպանորդից հետո 3-րդ) աստիճանը (այժմ չի գործածվում)։ ՌԽՖՍՏՀ ժողկոմսովետի 1918 թվականի հունիսի 4-ի դեկրետով դիվանագիտական աստիճանի նախկին համակարգը վերացվեց։ Դիվանագիտական հարաբերություններում պետությունների հետ հավասարության սկզբունք հաստատելու նպատակով դիվանագիտական ներկայացուցիչները անվանվեցին լիազոր ներկայացուցիչներ։ Միջազգային հարաբերություններում նոր սկզբունքի հաստատումից հետո դիվանագիտական հարաբերություններում ընդունվեցին հանրաճանաչ միջազգային աստիճաններ։ ԽՍՀՄ Գերագույն սովետի 1941 թվականի մայիսի 9-ի հրամանագրով սահմանվեցին արտակարգ և լիազոր դեսպան, արտակարգ և լիազոր դեսպանորդ և գործերի հավատարմատար աստիճաններ։ ԽՍՀՄ Գերագույն սովետի 1943 թվականի մայիսի 28-ի հրամանագրով սահմանվեց ներկայումս կիրառվող համակարգը․ 1․ արտակարգ և լիազոր դեսպան, 2․ առաջին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ, 3․ երկրորդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ, 4․ առաջին դասի խորհրդական, 5․ երկրորդ դասի խորհրդական, 6․ առաջին դասի առաջին քարտուղար, 7․ երկրորդ դասի առաջին քարտուղար, 8․ առաջին դասի երկրորդ քարտուղար, 9․ երկրորդ դասի երկրորդ քարտուղար, 10․ երրորդ քարտուղար, 11․ կցորդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 403 CC-BY-SA-icon-80x15.png