Դիեգո դե Ալմագրո (որդի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիեգո դե Ալմագրո
Ծնվել է1520[1]
ԾննդավայրՊանամա, Պանամա
Մահացել է1542[2][1]
Մահվան վայրԿուսկո
ՔաղաքացիությունԻսպանիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և ռազմական գործիչ
Ծնողներհայր՝ Դիեգո դե Ալմագրո
Զբաղեցրած պաշտոններViceroy of Peru?

Դիեգո դե Ալմագրո կրտսեր (իսպ.՝ Diego de Almagro el Mozo, 1520[1], Պանամա, Պանամա - 1542[2][1], Կուսկո), իսպանացի կոնկիստադոր, Ֆրանչեսկո Պիսառոյի սպանության կազմակերպիչ։ Նահանգապետ Կրիստոբալ Վակա դե Կաստրոյի օրոք Պերուում ապստամբության կազմակերպումից հետո եղել է գաղութի փաստացի կառավարիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիեգո դե Ալմագրո կրտսերը կամ «Դիեգո դե Ալմագրո երկրորդը» կամ ինչպես նրան կոչում էին «էլ Մոսոն» (el Moso, իսպաներեն` «պատանի») ծնվել է իսպանացի կոնկիստադոր Դիեգո Ալմագրոյի և պանամացի հնդկուհու ընտանիքում։ Անունը ստացել է հոր պատվին։

Մասնակցությունը Ամերիկայի կոնկիստայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1531 թվականին էլ Մոսոն ուղեկցում էր հորը Պերուում արշավանքի ժամանակ, հարյուրավոր իսպանացիներից կազմված ջոկատի կազմում, որոնք նվաճել էին Ինկերի Կայսրության հյուսիսային մասը։ Այդ ժամանակ Ֆրանչեսկո Պիսառոն մեկնել էր հարավ, որտեղ սպանդ էր կազմակերպել Կախամարկայում և գերի վերցրել ինկ Աթաուալպին։ Ալմագրոն հոր հետ Կախամարկա է հասել միայն 1553 թվականին և չի մասնակցել Աթաուալպի ետգնման բաժանմանը։ Հետագայում Ալմագրոյի մարդիկ ստացել են միայն 20000 պեսո ոսկով, այն դեպքում, երբ միայն Պիսառոն ստացել է 57220 պեսո։ Դիեգո Ալմագրո կրտսերն ամենուր ուղեկցել է իր հորը, շուտով նրանց և Պիսառո եղբայրների միջև կոնֆլիկտ է առաջանում։ 1534 թվականին Իսպանիայի թագավորը բաժանում է գրավված տարածքները 2 նահանգապետությունների միջև` Նոր Կաստիլիո (ներկայիս Պերուի տարածքում, 1-ին և 14-րդ զուգահեռականների միջև), որի նահանգապետ դարձավ Պիսառոն, և Նոր Տոլեդո (ներկայումս` Չիլի, 14-րդ և 25-րդ զուգահեռականների միջև), Ալմագրո մեծի հպատակը։ Ալմագրոյի կառավարմանն անցած տարածքի զգալի մասը դեռևս ենթակա էր ուսումնասիրության և գրավման, և 1535 թվականի հուլիսի 3-ին նա ուղևորվեց Կուսկոյից դեպի հարավ։ Սակայն այնտեղ նա ոսկի չգտավ, որը ձգտում էր գտնել, և բախվեց հնդկացիների համառ դիմադրությանը, որն էլ ստիպեց Ալմագրոյին հասնելով հարավային լայնության 30 աստիճանին, 1536 թվականի սեպտեմբերին ետ վերադառնալ։

Պայքար Պիսառո եղբայրների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1537 թվականին, երբ Ալմագրոն վերադարձավ, Պերուում ընթանում էին հակաիսպանական խռովություններ, որը գլխավորում էր Մանկո Ինկա Յուպանկին։ Օգտվելով Պիսառոյի համար ծանր իրավիճակից` Ալմագրոն գրավեց Կուսկոն և պարտության մատնեց այն բանակին, որը ղեկավարում էին Պիսառո եղբայրները` Էռնանդոն և Գոնսալոն, Պիսառո եղբայրները գերի վերցվեցին, իսկ Ալմագրոն 1537 թվականի ապրիլի 8-ին իրեն հռչակեց Պերուի նոր նահանգապետ։ Հուլիսի 12-ին նա ջախջախեց Ալոնսո դե Ալվարադոյի բանակը, որը եկել էր Պիսառո եղբայրներին գերությունից ազատելու։ Գոնսալո Պիսառոյին և Ալոնսո դե Ալվարադոյին հաջողվում է փախչել գերությունից։ Պիսառոն բանակցություններ է սկսում Ալմագրոյի հետ, ձգտելով ժամանակ ձգել, վերջ ի վերջո հաջողվեց համոզել Ալմագրոյին բաց թողնել Էռնանդոյին և կոնֆլիկտը վերջնականապես լուծելու համար նրան ուղարկել Իսպանիա։

Սակայն իր եղբորն ազատելուց հետո Պիսառոն խախտեց հաշտությունը և շարունակեց պատերազմն Ալմագրոյի դեմ, որի դրությունը ավելի բարդացավ նրա մոտ սկսված հիվանդության պատճառով։ 1538 թվականի ապրիլի 26-ին Կուսկոյի մոտ տեղի ունեցավ վճռական ճակատամարտ, որտեղ հաղթեց Պիսառոն։ Ալմագրոն գերի ընկավ, դատապարտվեց մահվան և հուլիսի 8-ին գլխատվեց։ Էլ Մոսոն երդվեց լուծել հոր վրեժը, կազմակերպեց Ֆրանսիսկո Պիսառոյի սպանությունը, որից հետո իրեն հռչակեց Պերուի նոր նահանգապետ։ Սակայն չստանալով Լիմայի բնակչության մեծ մասի օժանդակությունը՝ ստիպված եղավ փախչել Կուսկո։ Դիեգո դե Ալմագրո կրտսերի ապստամբությունը դարձավ առաջին անհնազանդության գործողությունը Պերուում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով Պերու եկավ Կրիստոբալ Վակա դե Կաստրոն՝ լիազորված լինելով զբաղեցնելու Պերուի նահանգապետի պաշտոնը Ֆրասիսկո Պիսարրոյի մահվան դեպքում։ Զբաղեցնելով նահանգապետի պաշտոնը՝ Վակա դե Կաստրոն վճռական միջոցներ ձեռք առավ, Ալմագրո կրտսերի ապստամբությունը ճնշելու ուղղությամբ։ Գոնսալո Պիսառոն իր օգնությունն առաջարկեց ապստամբությունը ճնշելու համար, սակայն Վակա դե Կաստրոն մերժեց առաջարկը։ 1542 թվականի սեպտեմբերի 16-ին Չուպասի մոտ տեղի ունեցավ վճռական ճակատամարտ, որտեղ Ալմագրո կրտսերը պարտություն կրեց, փորձեց փախչել, բայց գերի ընկավ։ Պիսառոյի կլանի ազդեցության ներքո նահանգապետ Վակա դե Կաստրոն հրամայեց մահապատժի ենթարկել Դիեգո դե Ալմագրոյին։ Դիեգո դե Ալմագրո կրտսերը ենթարկվեց դաժան տանջանքների և մահապատժի ենթարկվեց քաղաքային հրապարակում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Del Busto Duthurburu, José Antonio: Diccionario Histórico Biográfico de los Conquistadores del Perú. Tomo I. Lima, Editorial Arica S.A., 1973.
  • Del Busto Duthurburu, José Antonio: La pacificación del Perú. Librería STUDIUM S.A., Lima, 1984.
  • Enciclopedia Ilustrada del Perú. Tomo 1. Alberto Tauro del Pino. Lima, PEISA, 2001.
  • Huerta, Carlos: Cronología de la Conquista de los Reinos del Perú (1524 - 1572). Lima, 2013.
  • Inca Garcilaso de la Vega: Historia general del Perú. Tomo I. Editorial Universo S.A. Lima, 1972.
  • Prescott, Guillermo: Historia de la conquista del Perú. Tomo III. Editorial Universo S.A. Lima, 1972.
  • Vargas Ugarte, Rubén: Historia General del Perú. Tomo I. Editor: Carlos Milla Batres. Lima, Perú, 1981.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sapere.it (իտալ.)De Agostini Editore, 2001.
  2. 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]