Դիանա Բուդիսավլևիչ
Դիանա Բուդիսավլևիչ Diana Budisavljević | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 15, 1891 |
Ծննդավայր | Ինսբրուք, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | օգոստոսի 20, 1978 (87 տարեկան) |
Մահվան վայր | Ինսբրուք, Ավստրիա[1] |
Գերեզման | Westfriedhof |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Մասնագիտություն | բժիշկ և հումանիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Դիանա Բուդիսավլևիչ (գերմ.՝ Diana Budisavljević, ծննդյան ազգանունը՝ Օբեքսեր, հունվարի 15, 1891, Ինսբրուք, Ավստրո-Հունգարիա - օգոստոսի 20, 1978, Ինսբրուք, Ավստրիա[1]), ավստրիական ծագմամբ հարավսլավացի բժիշկ և հասարակական գործիչ, ով ավելի քան 12000 երեխաների փրկել է ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներից[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիանա Բուդիսավլևիչը ծնվել է 1891 թվականի հունվարի 15-ին Ավստրո-Հունգարիայի Ինսբրուք քաղաքում՝ հայտնի Օբեքսեր ընտանիքում (գերմ.՝ Obexer)։
1917 թվականին ամուսնացել է սերբ բժիշկ Յուլիյե Բուդիսավլևիչի հետ (Julije Budisavljević, 1882-1981), որն Ինսբրուքի վիրաբուժական կլինիկայում աշխատում էր որպես օրդինատոր։ 1919 թվականին Յուլիյե Բուդիսավլևիչը Զագրեբի համալսարանի բժշկական դպրոցում նշանակվում է վիրահատության բժիշկ և կնոջ հետ տեղափոխվում Զագրեբ, այդ ժամանակ՝ Հարավսլավիայի Թագավորություն։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը մասնակցել են քաղաքի հասարակական կյանքին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի ապրիլին, գերմանական զորքերը գրավել էին Հարավսլավիան և սկսել սերբերի, հրեաների և գնչուների ցեղասպանությունը՝ համակենտրոնացման բազմաթիվ ճամբարներ ստեղծելով Խորվաթիայում։ Իմանալով մահվան ճամբարներում գտնվող երեխաների մասին՝ Դիանան սկսեց «Action Diana Budisavljević» ակցիան, որի նպատակն էր փրկել Հարավսլավիայի տարածքի համակենտրոնացման տարբեր ճամբարներում (այդ թվում՝ Յասենովացի) գտնվող երեխաներին և կանանց։ Օգտվելով ավստրիական իր արմատներից և ամուսնու ազդեցությունից՝ նա կազմակերպեց Ավստրիայի ճամբարներից երեխաների դուրսբերումն ու հետագա որդեգրումը։ Այդ նպատակների իրականացման գործի մեջ ներգրավեց նաև Կարմիր խաչի խորվաթական մասնաճյուղին։
Դիանայի և նրա կողմնակիցների գործունեության արդյունքում համակենտրոնացման ճամբարներից փրկվեցին 15536 երեխաներ, որոնցից 3254-ը զոհվեց փրկարարական աշխատանքների ժամանակ՝ խոշտանգումներից, քաղցից, հիվանդություններից թուլացած լինելու պատճառով։ Միևնույն ժամանակ զոհվեցին փրկարարական ակցիայի 11 մասնակիցներ։ 1945 թվականի մայիսին Բուդիսավլևիչը Հարավսլավիայի սոցիալական քաղաքականության նախարարությանը հանձնեց քարտարանը, որը վարում էր 4 տարի։ Նույն թվականին Հարավսլավիայի անվտանգության հանձնաժողովն առգրավեց Դիանա Բուդիսավլևիչի ամբողջ արխիվը, և իշխանությունները նրան արգելեցին խոսել իր սխրագործությունների մասին[2]։ Հասարակությունն այդպես էլ չէր իմանա այդ սխրագործության մասին, եթե Դիանայի թոռնուհին չգտներ իր մահացած տատիկի օրագիրը[3]։ Դիանան իր գործունեության ապացույցները թողել էր օրագրում, որը պահում էր 1941 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 1947 թվականի փետրվարի 23-ը (օրագիրը հրապարակվել է 2003 թվականին Խորվաթիայում)[4]։ Զագրեբում բնակվելով մինչև 1972 թվականը՝ Դիանա Բուդիսավլևիչն ամուսնու հետ տեղափոխվեց Ինսբրուք, որտեղ էլ մահացավ 1978 թվականի օգոստոսի 20-ին։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2011 թվականին Զագրեբի Hulahop կինոստուդիայում նկարահանվել է Dianina lista վավերագրական ֆիլմը[5]։
- 2012 թվականի փետրվարի 15-ին՝ Սերբիայի պետականության տոնին, հանրապետության նախագահ Բորիս Թադիչը Դիանա Բուդիսավլևիչին արիության և անձնական հերոսության համար հետմահու պարգևատրեց Միլոշի ոսկե մեդալով[6]։
- 2013 թվականի հոկտեմբերի 18-ին սերբ Սուրբ պատրիարք Իրինեյը Դիանա Բուդիսավլևիչին հետմահու պարգևատրեց Սերբիայի ուղղափառ եկեղեցու պարգևով՝ Միլիցա թագուհու շքանշանով[4][7]։
- 2014 թվականի հունիսին սերբ ռեժիսոր Տիխոմիր Ստանիչն սկսեց Դիանա Բուդիսավլևիչի օրագրերի վրա հիմնված ֆիլմի նկարահանումները[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #12940327X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Подвиг достойный Нобелевской премии
- ↑ 3,0 3,1 «Продюсер "Списка Шиндлера" взялся за фильм о женщине, спасшей в годы войны 12 тысяч детей»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-16-ին։ Վերցված է 2016-04-24
- ↑ 4,0 4,1 Сербская Церковь посмертно наградила Диану Будисавлевич, спасшую 12 тыс. детей из концлагерей
- ↑ «‘Dianina lista’ hrvatskih autorica osvojila Trst»։ Slobodna Dalmacija (Croatian)։ հունվարի 26, 2012։ Վերցված է մարտի 22, 2015
- ↑ «Tadić odlikovao Đokovića» (Serbian)։ Radio Television of Serbia։ Վերցված է մարտի 22, 2015 (սերբ.)
- ↑ «Diana Budisavljevic posthumously awarded with high church dinstinction» (Serbian)։ Serbian Orthodox Church։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-11-ին։ Վերցված է մարտի 22, 2015 (սերբ.)