Դժոխք՝ ետնամուտքով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դժոխք՝ ետնամուտքով
անգլ.՝ Back Door to Hell
ԵրկիրԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ
ԹեմաՃապոնիայի կողմից Ֆիլիպինների գրավում և Խաղաղօվկիանոսյան պատերազմ
Թվական1964
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄոնթե Հելման
ՊրոդյուսերՖրեդ Ռոոս
ԴերակատարներՋեք Նիքոլսոն և Ջիմմի Ռոջերս
ՄոնտաժFely Crisóstomo?
Պատմվածքի վայրՖիլիպիններ
Նկարահանման վայրՖիլիպիններ
Տևողություն75 րոպե[1]

Դժոխք՝ ետնամուտքով (անգլ.՝ Back Door to Hell), ռեժիսոր Մոնթե Հելմանի՝ 1964 թվականին նկարահանած ամերիկյան ֆիլմը։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1944 թվականին և նկարագրում են ճապոնացիների կողմից շրջափակված ֆիլիպինյան Լուսոն կղզու՝ ամերիկյան բանակի ազատագրելու նախապատրաստական հետախուզական գործողությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի երեք զինվորներ` Քրեյգը (Ջիմմի Ռոջերս), Բարնետը (Ջեք Նիկոլսոն) և Ջերսին (Ջոն Հաքեթ) իջնում են ֆիլիպինյան Լուսոն կղզու վրա 1944 թվականի դեկտեմբերին` ազատագրման գործողությունից մի քանի շաբաթ առաջ։ Նրանք պետք է հանդիպեն ֆիլիպինցի պարտիզան Միգելի հետ, որը նրանց տեղեկություններ պետք է փոխանցի ճապոնական բանակի թվի և կոորդինատների մասին։ Պարզվում է, որ Միգելն սպանված է, և հետախուզները ստիպված են գործ ունենալ պարտիզանական խմբի հրամանատար Պակոյի հետ։ Պակոն անվստահությամբ է վերաբերվում ամերիկացիներին և չի շտապում համագործակցել նրանց հետ. ամերիկյան ռմբակոծության ժամանակ մահացել են նրա կինն ու երեխան։

Այդ ընթացքում ճապոնացի կապիտանը (Ջո Սիսոն), որը ղեկավարում էր մոտակա քաղաքի կայազորը, իմանում է ամերիկացիների հայտնվելու մասին և պարտիզաններին նրանց հանձնելու պահանջ է ներկայացնում` խոստանալով մերժման դեպքում սպանել գերեվարած ֆիլիպինցի երեխաներին։ Օգտագործելով անսպասելիության գործոնը` պարտիզանները ամերիկացիների հետ համատեղ հաղթում են ողջ կայազորին և ազատում են գերիներին։ Գերեվարած կապիտանի և շարքայինի հարցաքննությունն արդյունք չի տալիս, և պարտիզանները, չնայած ամերիկացիների դեմ լինելուն, գնդակահարում են նրանց։ Որոշ ժամանակ անց պարտիզաններն ու ամերիկացիները ջունգլիներում հանդիպում են ավազակների փոքր խմբի, որի ղեկավարը` Ռամունդոն (Ջոննի Մոնտեյրո), համաձայնում է ռադիոկայանի դիմաց տեղեկություններ տրամադրել ճապոնացիների շարժի մասին։ Ամերիկացիները համաձայնում են` տեղեկությունների նախնական ճշտման պայմանով (հետախուզության են գնում Պակոն և Ջերսին)։ Ռամունդոն, դժգոհ լինելով ուշացման պատճառով, վնասում է ռադիոկայանն ու իր խմբով հեռանում է։

Հետախուզական տեղեկությունները շտապ փոխանցելու անհրաժեշտությունն ստիպում է խմբին նոր փոխանցիչ գտնել։ Պակոն հայտնում է ոչ հեռվում գտնվող ճապոնական կարճալիք ռադիոկայանի մասին, որոշվում է այն գիշերը գրավել։ Ամերիկացիները կարողանում են անաղմուկ հեռացնել ժամապահներին, ներթափանցել շինության մեջ և սկսել տվյալների փոխանցումը, սակայն ճապոնացի զինվորներից մեկը նկատում է նրանց և ահազանգ է տալիս։ Սկսված փոխհրաձգության արդյունքում Բարնետը զոհվում է` հասցնելով ուղարկել ռադիոհաղորդագրությունը։ Քրեյգին ու Ջերսիին հեռանալու հնարավորություն տալու համար Պակոն որոշում է իր խմբի հետ շեղել ճապոնացիների ուշադրությունը։

Ջերսին ու Քրեյգը տանում են Բարետի մարմինը` պատրաստվելով նրան հուղարկավորել գետի մոտ։ Պակոյի սիրեցյալից` Մարիայից (անաբել Հագինս) նրանք իմանում են, որ Պակոն պարտիզանական խմբի մեծ մասի հետ զոհվել է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջիմմի Ռոջերս Քրեյգ լեյտենանտ Քրեյգ
Ջեք Նիկոլսոն Բարնետ Բարնետ
Ջոն Հաքեթ Ջերսի սերժանտ Ջերսի
Անաբել Հագինս Մարիա Մարիա
Կոնրադ Մագա Պակո Պակո
Ջոննի Մոնտեյրո Ռամունդո Ռամունդո
Ջո Սիսոն ճապոնացի կապիտան

Աշխատանք ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի աշխատանքների ավարտից հետո Մոնթե Հելմանը հիվանդացել է և ստիպված է եղել երեք շաբաթ անցկացնել հիվանդանոցում։ Այդ պատճառով ֆիլմի նախնական մոնտաժն արել է Ֆելի Քրիստոնոմոն։ Այդ տարբերակն այն աստիճան դուր չի եկել Հելմանին, որ նա որոշել է վերամոնտաժել ֆիլմը։ Ժամանակի սղության պատճառով (անհրաժեշտ էր անցնել «Թռիչք դեպի կատաղություն» ֆիլմի նկարահանումներին) նա ստիպված է եղել աշխատել գիշերները[2][3]։

«20th Century Fox» ընկերությունում դժգոհ էին ֆիլմի մռայլ ավարտից, այդ պատճառով վերջում ավելացվել է ռազմական կինոխրոնիկայի մի քանի րոպե ևս, և հենց այդպես ֆիլմը հայտնվել է ամերիկյան կինովարձույթում[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brad Stevens Монте Хеллман: его жизнь и фильмы = Monte Hellman: His Life and Films. — McFarland, 2003. — 210 p. — ISBN 0-7864-1434-0
  • Станислав Битюцкий (2013). «Филиппинское приключение». Сеанс. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]