Դերվիշն ու մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դերվիշն ու մահը
Derviš i smrt
Գրքի հայերեն հրատարակության (1989) շապիկը
ՀեղինակՄեշա Սելիմովիչ
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուսերբախորվաթերեն
Կերպար(ներ)Ահմեդ Նուրուդին
Ստեղծման տարեթիվ1962 և 1966
Երկիր ՀՍՖՀ
Հրատարակված էSarajevo Publishing?
Հրատարակման տարեթիվ1966

Դերվիշն ու մահը (սերբախորվաթ․՝ „Derviš i smrt“/„Дервиш и смрт“), սերբ արձակագիր Մեշա Սելիմովիչի վեպը։

Վեպի բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դերվիշն ու մահը» քաղաքական հնչեղություն ունեցող ստեղծագործություն է, որում արծարծվում են առաջին հայացքից պատմական ու տեղային թվացող, սակայն ըստ էության համընդհանուր և հույժ արդիական խնդիրներ։ Վեպում արծարծվող գլխավոր խնդիրը մարդու (հատկապես մտավորականի, «պարզամտորեն հավատացող» մարդասերի) և իշխանության ու նրա ինքնակոչ սպասարկուների փոխհարաբերության խնդիրն է, բայց դա, ինչքան էլ առաջնային ու հիմնարար, այդուամենայնիվ, արծարծվող խնդիրներից միայն մեկն է։ Վեպը գիրք է մարդու ամբողջական փորձի մասին, մի մարդու, որը ոչ զտարյուն հերոս է, ոչ էլ հարյուր տոկոսանոց զոհ, ոչ կատարելապես բարի է, ոչ էլ միանշանակորեն չար, այլ պարզապես մարդ է, իսկ նրա և նրան ստեղծողի հիմնական արժանիքը անկեղծությունն է, ինչը մեզ հնարավորություն է տալիս տեսնելու այդ մարդու արտաքին ու ներքին կյանքը, դրանց փոխհակասություններն ու բախումները։ Մեշա Սելիմովիչը հաճախ ինքն է փորձել մեկնաբանել սեփական ստեղծագործությունը, մատնանշելով վեպի բազմաշերտությունն ու համապարփակությունը.

Ես հանրագումարի բերեցի իմ կենսափորձը, ուզեցի արտահայտել բազմանշանակ կյանքի հարափոփոխությունը, ինձ ապշեցնում էին մարդկային մտքի անհետևողականությունը, հոգեբանության փոփոխականությունը, տրամադրությունների և զգացմունքների արագ ու կտրուկ շրջադարձումները։ Ես գնացի սեփական ճանապարհով՝ համարձակորեն, առանց անձս վտանգներից ապահովագրելու։ Փորձեցի պատմել, բայց չապացուցել։ Այդպես ստեղծվեցին կերպարները, որոնք ակնհայտորեն անհետևողական են, որոնք հակասում են իրենց, որոնք չեն հիշում երեկվա կամ քիչ առաջվա իրենց մտքերը, իսկ նրանց արարքները տրամաբանորեն չեն տանում դեպի ճակատագրական, վճռորոշ քայլը։ Եվ կարող է թվալ, թե ես իզուր ժամանակ եմ վատնում՝ վերլուծելով մարդկային տարակուսանքները, թե վերջին գործողությունը վրա է հասնում հանկարծակի, որպես հոգեբանական անակնկալ։ Այդուամենայնիվ, ո՞րն է պատումը կանգուն պահող հիմնական գաղափարը։ Այն, որ մարդիկ բարի ու չար են միաժամանակ, որ սերը մարդկանց մեծամասնության ամենանվիրական երազանքն է, բայց որ մարդկանց նույն մեծամասնությունը աննշան բաների համար հրաժարվում է երջանկությունից, որ իշխանության ձգտելը միայնության դժոխքը տանող ամենաստույգ ճանապարհն է, որ յուրաքանչյուր կյանք դրամա է, եթե, իհարկե, ուզում ենք տեսնել, որ պետք չէ ակնկալել, թե կփոխվի մարդկային էությանը, այլ որ պետք է փոխել հասարակական հարաբերությունները։

Վեպի ընդունելությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեշա Սելիմովիչը «Դերվիշն ու մահը» վեպն ավարտեց, երբ վաղուց անցել էր հիսունի սահմանը։ Հենց այս վեպով էլ նա միանգամից փշրեց տիրապետող այն կարծիքը, որ գրողի մասին ունեին քննադատներն ու ընթերցողները։ Նա արդեն հեղինակ էր պատմվածքների երկու ժողովածուի, երկու վեպի, էսսեների և համարվում էր միջակ ու անհետաքրքիր գրող։ Սելիմովիչի նոր ստեղծագործությունը ցնցեց բոլորին, քննադատներն երբեմն ընկան չափացանցությունների գիրկը, իսկ խանդավառված ընթերցողներից ոմանք գրողին մեծահոգաբար խորհուրդ տվեցին այլևս ոչինչ չցրել. «Դուք «Դերվիշում» ամեն ինչ ասել եք։ Մարդու մասին ուրիշ էլ ի՞նչ կարելի է ասել», հարցնում կամ վստահորեն պնդում էին նրանք։ Վեպի այդօրինակ հաջողությունը անակնկալ էր նաև Սելիմովիչի համար։ Երբ սկսեց փնտրել պատճառը, երբ փորձեց հասկանալ, թե ինչո՞ւ հենց «Դերվիշը» երջանիկ բախտի արժանացավ, հանգեց այն մտքին, որ «մեղավորը» անկեղծություն է.

Այն ամենը, ինչ գիտեի «Դերվիշը» գրելիս, գիտեի նաև առաջ, երբ ցրում էի նախորդ գործերս, բայց «Դերվիշը» սկսելու ժամանակ այդ ամենը հարազատորեն իմը դարձան, ես լցվեցի համարձակությամբ, որից զուրկ էի նախկինում, ես ազատագրվեցի նախապաշարմունքներից, ներքին արգելակներից, վարանումներից, հաշվենկատ զիջողամտությունից, գերակշոող դարձավ անկեղծանալու պահանջը, ինչը նշանակում է չխնայել ո՛չ քեզ, ո՛չ ուրիշին։ Մնացյալն արդեն համեմատաբար, հեշտ էր...:

[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թարգմանչի կողմից։ Միշա Սելիմովիչ, Դերվիշն ու մահը, Ե., «Խորհրդային գրող», էջ 412։