Դերբենդի պարիսպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն

Даг-Бары 1.JPG

Դերբենդի պարիսպ, Սասանյան ժամանակաշրջանի կրկնակի պարիսպ, որը համընկնում է Դերբենդում գտնվող Կասպիական դարպասին (Ճորա պահակ)։ «Դերբենդ» տեղանունը նշանակում է «նեղ դարպասներ», իսկ պարիսպը փակում է այդ դարպասները ծովափից մինչև Նարին-Կալա բերդ։ 15 դար շարունակ պարիսպը պաշտպանական նպատակներով օգտագործվել է պարսիկների, արաբների և մոնղոլների (Իլխաններ, Թիմուրիդներ) կողմից։ Որպես հին պարսկական ճարտարապետության ամենալավ պահպանված հուշարձան, պարիսպը 2003 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցանկում։

Մեր թվարկության առաջին երեք դարերում Դերբենդը զգալի ծաղկում է ապրել, բայց 4-րդ դարում քոչվորական արշավանքների վերսկսումով (Ալանների, և այնուհետև հոների) վերականգնել է իր նախկին դերը՝ որպես սահմանապահ հենակետ և «խորհրդանշական սահման» քոչվորական և նստակյաց կյանքի միջև։ 4-րդ դարի վերջում Ալանիան հայտնվել է Սասանյան տիրապետության տակ, 5-րդ դարում այն ​​հանդիսացել է Սասանյանների սահմանային ամրոց և մարզային վերակացուի (մարզպան) նստավայր։

Պարսպի երկարությունը 3600 մետր է։ Հարավային և հյուսիսային պարիսպները միմյանց զուգահեռ են և գտնվում են միմյանցից 300-400 մ հեռավորության վրա։ Պարսպի լեռնային հատվածը (Դաղ-բար) տարածվում է 40 կմ դեպի Կովկասյան լեռնաշղթան. այս երբեմնի վեհաշուք կառույցը պահպանվել է մասնակիորեն։ Պարսպի մի մասը մտնում է ծով (500 մետր)՝ փակելով նավահանգստի մուտքը։ Քաղաքի ամենահին հատվածը ընկած է այս երկու պարիսպների միջև։ Հարավային պարիսպը, որն ավելի նոր էր, մեծ մասամբ քանդվել է 19-րդ դարում, մինչդեռ հյուսիսային պարիսպը հիմնականում պահպանել է իր սկզբնական տեսքը։

Պարսպի ստորին հատվածները պատրաստված են չթրծված աղյուսից, բայց դրա հիմնական մասը, որը 6-րդ դարի կառույց է, կառուցված է տաշած քարե մեծ բլոկներից (100x65x25սմ)։ Քարե բլոկների երկու շարքերի միջև ընկած տարածքը պատված է կոտրտված քարերով. որմնադիրները օգտագործել են կրաքարի խառնուրդ։ Հետագա շինարարության ժամանակահատվածները հեշտությամբ կարելի է տարբերել բլոկի տարբեր չափերով (միջինում 30x40 սմ)։ Շարելիս որմնադիրները բլոկները դնում էին ուղիղ և հակառակ «երեսով», որն ավելի դիմացկուն էր դարձնում շարվածքը։ Պատերի միջին բարձրությունը 12 մետր է, հաստությունը` 230-380 սմ։

Միմյանցից մոտավորապես հավասար հեռավորությունների վրա, պատի երկայնքով տեղադրվել են 73 պաշտպանական աշտարակներ։ Հյուսիսային պարսպի վրա պահպանվել է 46 աշտարակ, որոնք գտնվում են միմյանցից մոտ 70 մ հեռավորության վրա։ Սասանյանների ժամանակաշրջանում կառուցված դարպասները առանձնանում են իրենց ճարտարապետական ուրույն լուծումներով։ 14 սկզբնական դարպասներից փրկվել են ինը՝ 2-ը բերդում, 4-ը հարավային պարսպում և 3-ը՝ հյուսիսայինում։ Այսպես կոչված Քարե դարպասները վերակառուցվել են միջնադարում, Կաչաղակի դարպասները՝ 17-րդ դարում, իսկ Միջին և Գլաշաթայի դարպասները՝ Դաղստանի՝ Ռուսական կայսրության մեջ մտնելուց հետո։

Հետագա պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերբենդի պարիսպը համարվում է Դերբենդ քաղաքի և Դաղստանի Հանրապետության տեսարժան վայրերից մեկը։ Ծայրահեղական իսլամիստները 2015 թվականին կրակել են զբոսաշրջիկների վրա. սպանվել է 1 մարդ, վիրավորվել՝ 12-ը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]