Դեպրեսիա (տնտեսություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեպրեսիա (այլ կիրառումներ)

Դեպրեսիա (լատին․՝ depressio - զսպում), տնտեսական ցիկլի փուլերից մեկը, որը բնութագրվում է տնտեսական ակտիվության խորը և երկարատև անկմամբ։ Տնտեսական դեպրեսիան մեկ կամ մի քանի տնտեսություններում տնտեսական ակտիվության կայուն, երկարաժամկետ անկման շրջան է։ Դա ավելի լուրջ տնտեսական անկում է, քան ռեցեսիան, որը տնտեսական ակտիվության դանդաղում է նորմալ բիզնես ցիկլի ընթացքում։ Դեպրեսիայի ժամանակ նվազում են ներդրումները, արտադրանքը (Համախառն ներքին արդյունքը), ապրանքների և ծառայությունների համախառն պահանջարկը, գործազրկությունը զգալիորեն աճում են։

Դեպրեսիան ռեցեսիայի տեսակ է։ Նրանց միջև տարբերությունը միայն ռեցեսիայի խորության և տևողության մեջ է։ Դեպրեսիան լճացումից տարբերվում է նրանով, որ լճացման շրջանում ՀՆԱ-ն չի աճում կամ փոքր-ինչ աճում է, իսկ դեպրեսիայի ժամանակ այն կտրուկ նվազում է։ Երեք երևույթներն էլ՝ ռեցեսիան, դեպրեսիան և լճացումը, կարելի է դիտարկել որպես տնտեսական ճգնաժամի տարբեր դրսևորումներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դեպրեսիա» տերմինը սկսել է գործածվել XIX-XX դարի առաջին կեսերից։ Տնտեսական պատմության ընթացքում երկու իրադարձություն են վաստակել դեպրեսիա անվանումը։ Ի սկզբանե դեպրեսիա կոչվում էր 1873-1896 թվականների Երկարատև դեպրեսիան, որն ամբողջ աշխարհում էր։ Տարբեր երկրներում Երկարատև դեպրեսիան տարբեր կերպ է ընթացել։ Օրինակ, Միացյալ Նահանգներում կարծում են, որ Երկարատև դեպրեսիան տևել է 1873-1879 թվականներին։ Ռեցեսիան տևեց 65 ամիս և ամենաերկարն էր երկրի ողջ տնտեսական պատմության մեջ։ Ռեցեսիային հաջորդեցին ևս մի քանի տնտեսական ցիկլեր, բայց ընդհանուր առմամբ այս ընթացքում տնտեսությունը շատ արագ էր աճում։ Երկարատև դեպրեսիայից աշխարհում ամենաշատը տուժել են Արևմտյան Եվրոպայի երկրները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ այս եզրակացությունն արվել է՝ հաշվի առնելով առկա վիճակագրությունը[1]։ «Դեպրեսիա» տերմինը հատուկ նշանակություն է ձեռք բերել 1929-1933 թվականների իրադարձություններից հետո, որոնք կոչվում էին Մեծ դեպրեսիա կամ Մեծ ճգնաժամ[2]։ Տնտեսությունում ռեցեսիայի ընդհանուր տեւողությունը կազմել է 43 ամիս։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպրեսիան ռեցեսիայի տեսակ է։ Այն կարող է բնութագրվել որպես տնտեսական ցիկլի գագաթնակետի և ստորին հատվածի միջև ընկած ժամանակահատված, որի ընթացքում նկատվում է տնտեսական ակտիվության զգալի անկում, որը տարածվում է ամբողջ երկրում և կարող է տևել մի քանի ամսից մինչև մեկ տարուց ավելի։ Չկա հստակ չափանիշ, որը տարբերակում է ռեցեսիան դեպրեսիայից, ուստի դեպրեսիաներ սովորաբար կոչվում են ամենախորը և երկարատև անկումները։ Ամենից հաճախ փորձագետները դատողություններ են անում կատարվելուց հետո։ Օրինակ, ԱՄՆ-ում տնտեսական ցիկլի փուլերի թվագրման համար պատասխանատու է Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն[3]։

Աղյուսակում թվարկված են ԱՄՆ-ի տնտեսության հինգ ամենաերկար անկումները, ներառյալ երկարատև և մեծ դեպրեսիաները, որոնք զբաղեցնում են առաջին և երկրորդ հորիզոնականները[4].

Բարձրակետ՝ պիկ Ստորին կետ Անկման տևողությունը ամիսներով
1973 թվականի հոկտեմբեր 1979 թվականի մարտ 65
1929 թվականի օգոստոս 1933 թվականի մարտ 43
1882 թվականի մարտ 1885 թվականի մայիս 38
1865 թվականի ապրիլ 1867 թվականի դեկտեմբեր 32
1910 թվականի հունվար 1912 թվականի հունվար 24

Պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության դեպրեսիայի՝ ճգնաժամի, պատճառ կարող է լինել ցանկացած իրադարձություն, որն այս կամ այն կերպ ի վիճակի է ապրանքների շուկայում սպառողական պահանջարկի նկատելի անկում առաջացնել։

Գործոններ, որոնք կարող են հրահրել տնտեսական դեպրեսիայի սկիզբը[5].

  • Քաղաքական իրադարձություն։ Դրանք կարող են լինել պետությունների միջև քաղաքական հակամարտություն, այդ թվում՝ զինված (պատերազմ), անկայուն քաղաքական իրավիճակ պետության ներսում, ներքին քաղաքականության անկատարություն և այլն։
  • Պետական ծախսերի փոփոխություն։ Պետությունը շուկային մասնակցում է այլ սպառողների հետ հավասար հիմունքներով, և նման խոշոր կազմակերպության ծախսերի կառուցվածքի և մեծության տատանումները ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում են ամբողջ բնակչության պահանջարկի վրա։
  • Արտադրության ծախսերի փոփոխություն։ Ցանկացած իրադարձություն կարող է էապես փոխել ապրանք արտադրողների ծախսերը։ Նման իրադարձությունները, օրինակ, ներառում են արտադրության մեջ օգտագործվող հումքի գնի կտրուկ աճ, արտերկրից ներկրվող ռեսուրսների ինքնարժեքի բարձրացում, նոր հարկի ներդրում կամ երկրում գործող հարկի բարձրացում (օրինակ՝ ԱԱՀ) և այլն։ Ապրանքների արտադրության ինքնարժեքի բարձրացումը հանգեցնում է գների բարձրացման, և դրա հետևանքն իր հերթին կարող է լինել ապրանքների պահանջարկի կտրուկ անկումը։
  • Տեխնոլոգիական հայտնագործություն։ Ապրանքներ արտադրողների կամ սպառողների պահանջարկի միաժամանակյա փոփոխության պատճառը կարող է լինել արտադրության նոր եղանակի կամ նոր ապրանքի գյուտը։ Արտադրության նոր մեթոդի գյուտը կհանգեցնի ապրանք արտադրողների պահանջարկի ավելացմանը նոր սարքավորումների և տեխնոլոգիաների նկատմամբ և «հին» պահանջարկի կտրուկ անկում։ Նոր ապրանքի գյուտը կհանգեցնի նմանատիպ հետևանքների, համապատասխանաբար, սպառողների համար։
  • Բիզնես ցիկլեր։ Այլ պատճառների բացակայության դեպքում ապրանքների շուկայում պահանջարկը կարող է փոխվել այնպիսի բանի հետևանքով, ինչպիսին է բիզնես ցիկլերը՝ տարբեր շուկաներում իրավիճակի պարբերական փոփոխություններ[6]։

Տարածման մեխանիզմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպրեսիայի զարգացման առաջին ազդանշանը ապրանքների պահանջարկի կտրուկ և անսպասելի անկումն է։ Պահանջարկի նման հանկարծակի նվազումը հրահրում է վաճառքի նվազում։ Նման իրավիճակում ապրանք արտադրողներին այլ բան չի մնում, քան նվազեցնել «աշխատանքի» պահանջարկը՝ աշխատակազմը կրճատվում է, աշխատանքից ազատնում են «ավելորդ» աշխատողները։ Բացի այդ, արտադրողները ստիպված կլինեն նվազեցնել միջանկյալ ապրանքների գնումների ծավալը, հետևաբար, միջանկյալ ապրանքներ արտադրողները նույնը կանեն իրենց աշխատուժի հետ։ Արդյունքում մեծ թվով գործազուրկներ են առաջանում, ինչը հանդիսանում է ժգնաժամի՝ դեպրեսիայի, առաջին նշաններից մեկը[7]։ Աշխատանք փնտրելիս նվազում է նաև գործազուրկների գնողունակությունը (Purchasing power): Գործազրկության աճը տեղի է ունենում կուտակային՝ հաջորդական փոփոխությունների կուտակման միջոցով։ Դեպրեսիայի զարգացման հաջորդ փուլը արտադրողների և սպառողների ակնկալիքների՝ սպասումների, փոփոխությունն է։ Արտադրողների ակնկալիքների փոփոխությունն այն է, որ արտադրողները, ակնկալելով իրենց արտադրանքի ապագա պահանջարկը, կայացնում են ներդրումային որոշումներ։ Սակայն հետագայում պահանջարկի աճ չի նկատվում, և արտադրողները կրկին մեծ վնասներ են կրում։ Արտադրողների ակնկալիքները կարող են փոխվել նաև այլ կերպ՝ նրանք կսկսեն վախենալ, որ իրենց արտադրանքի պահանջարկը ապագայում ցածր կլինի, և չեն գնի նոր կապիտալ ապրանքներ՝ արտադրությունը պահպանելու կամ ընդլայնելու համար։ Սա իր հերթին կհանգեցնի լճացման։

Սպառողների սպասումները նույնպես կարող են փոխվել։ Նրանք, ովքեր դեռ աշխատում են, վախենալով կորցնել իրենց աշխատանքը և, հետևաբար, եկամտի աղբյուրը, կարող են մեծ գնումներ չանել և գումար խնայել «հետագայի համար»։ Սա կրկին բերում է ապրանքների պահանջարկի հերթական անկմանը։

Տեղի է ունենում շղթայական ռեակցիա՝ վատթարացումները ծնում են միմյանց։ Թե որքան արագ հասարակությունը կարող է հաղթահարել դեպրեսիան, կախված է շուկաների կատարելությունից և այնպիսի գործոններից, ինչպիսիք են աշխատավարձի և գների ճկունությունը, տեղի ունեցողի իրազեկությունը և այլն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абель Э., Бернанке Б. Макроэкономика. — СПб: Питер, 2010. — 768 с.
  • Musson, A.E. The Great Depression in Britain, 1873-1896: A Reappraisal(անգլ.) : journal. — Cambridge University Press, 1959. — Т. 19. — № 2. — С. 199—228.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Musson, 1959
  2. «Экономическая депрессия». Информационное агентство «Банки.ру».
  3. «The NBER's Business Cycle Dating Committee». NBER. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  4. US Business Cycle Expansions and Contractions
  5. Сторчевой М. А. Основы экономики / под ред. П. А. Ватника. — СПб.: Экономическая школа, 1999. — 432 с. — ISBN 5-900428-47-8
  6. Носова С. С. Экономическая теория / рец. В. В. Горлопанов, О. А. Трифонов. — 4-е изд., стер. — М.: КНОРУС, 2017. — С. 317. — 792 с. — ISBN 978-5-406-05558-8
  7. Бойко М. Азы экономики / под ред. А. Бремзена. — М.: Издатель «Книга по Требованию», 2015. — С. 376. — 470 с. — ISBN 978-5-519-48971-3