Jump to content

Դենիզ Բայքալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Դենիզ Բայքալ
Կուսակցություն՝Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն[1], Social Democracy Party (Turkey)?[2] և Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն[3]
Ծննդյան օր՝ հուլիսի 20, 1938(1938-07-20)[4]
Ծննդավայր՝Անթալիա, Թուրքիա
Վախճանի օր՝փետրվարի 11, 2023(2023-02-11)[5] (84 տարեկան)
Վախճանի վայրը՝Անկարա, Թուրքիա[6]
Ամուսին ՝Olcay Baykal?

Դենիզ Բայքալ (թուրքերեն՝ Deniz Baykal, հուլիսի 20, 1938(1938-07-20)[4], Անթալիա, Թուրքիա - փետրվարի 11, 2023(2023-02-11)[5], Անկարա, Թուրքիա[6]), թուրք քաղաքական գործիչ։ Եղել է Հանրապետական-ժողովրդական կուսակցության (թուրքերեն՝ Cumhuriyet Halk Partisi-CHP) անդամ։ 1995-1996 թվականներին զբաղեցրել է փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոնները։ 1992 թվականից մինչև 1995 թվականի փետրվար բազմաթիվ պետական պաշտոններ զբաղեցնելով՝ 1995 թվականի սեպտեմբերից մինչև 1999 թվականը և 2000-2010 թվականներին Բայքալը ղեկավարել է ՀԺԿ-ն։ 2002-2010 թվականներին նա նաև եղել է ընդդիմության առաջնորդ՝ խորհրդարանում երկրորդ ամենամեծ կուսակցությունը ղեկավարելու շնորհիվ։ Առաջին անգամ խորհրդարանում ընտրվելով 1973 թվականին՝ Բայքալը 1974 թվականին ՀԺԿ-Ազգային փրկության կուսակցություն կոալիցիայում ծառայել է որպես ֆինանսների նախարար, իսկ 1978-1979 թվականներին՝ որպես էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բյուլենթ Էջևիթի երրորդ կառավարությունում։ 1980 թվականի թուրքական հեղաշրջման ժամանակ ՀԺԿ-ի փակվելուց հետո, նախքան 1987 թվականին նորաստեղծ Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցության կազմում խորհրդարանում հայտնվելը, Բայքալը կարճ ժամանակով բանտարկվել է։

Բայքալը 1992 թվականին վերստեղծված ՀԺԿ-ի առաջատար անդամներից մեկն էր։ Նա կուսակցության առաջնորդն էր մինչև 1995 թվականը, երբ ՀԺԿ-ն և Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցության միավորվել են համագումարի ժամանակ։ Բայքալը 1995 թվականի սեպտեմբերին վերընտրվել է որպես կուսակցության առաջնորդ, որից հետո Բայքալը մասնակցել է 1995 թվականի խորհրդարանական ընտրություններին և Թանսու Չիլլերի «Ճշմարիտ ուղի» կուսակցության հետ կազմել է կոալիցիոն կառավարություն։ 1995-1996 թվականներին նա միաժամանակ զբաղեցրել է փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոնները։ 1999 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀԺԿ-ին ջախջախիչ պարտության հասցնելով՝ Բայքալը հրաժարական է տվել․ կուսակցությունն ամբողջությամբ հեռացվել է խորհրդարանից՝ 10 % ընտրական շեմը չհաղթահարելու պատճառով։ Անկախ դրանից, նա 2000 թվականին վերընտրվել է կուսակցության առաջնորդ և արդեն 2002 թվականի խորհրդարանական ընտրություններում չափավոր հաջողություններ գրանցել՝ դառնալով ընդդիմության առաջնորդ։

2015 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանի ամենատարեց պատգամավորը լինելով՝ Բայքալը կարճ ժամանակով զբաղեցրել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնը։ 2015 թվականի հունիս-հուլիս ամիսներին կայացած խոսնակի ընտրություններում նա եղել է ՀԺԿ-ի թեկնածուն Թուրքիայի 25-րդ խորհրդարանի մշտական խոսնակ դառնալու, սակայն պարտվել է «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Իսմեթ Յըլմազին։ Ընտրություններից հետո կոալիցիոն բանակցությունների խափանումից հետո Բայքալին առաջարկվել է նախարարական պաշտոն ԱԶԿ առաջնորդ Ահմեդ Դավութօղլուի ձևավորած հետագա ժամանակավոր ընտրությունների կառավարությունում, որը նա մերժել է կուսակցության գործադիր մարմնի որոշման համաձայն[7]։ Նա երկրորդ անգամ 2015 թվականի նոյեմբերի 17-ին դարձել է խորհրդարանի ժամանակավոր խոսնակ՝ լինելով 2015 թվականի նոյեմբերի ընդհանուր ընտրություններից հետո ամենատարեց պատգամավորը։ Բայքալին հաջորդել է ԱԶԿ պատգամավոր Իսմայիլ Քահրամանը, որը 2015 թվականի նոյեմբերի 22-ին ընտրվել է խորհրդարանի խոսնակ։

Դենիզ Բայքալը ծնվել է Անթալիայում Հուսեյն Հիլմիի և Ֆերիդեի ընտանիքում։ Նա կրթություն է ստացել Անկարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Ավելի ուշ սովորել է Կալիֆոռնիայի համալսարանում, Բերքլիի և Կոլումբիայի համալսարաններում՝ որպես Ռոքֆելլերի կրթաթոշակառու։ Դրանից հետո 1963 թվականին Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում նա ստացել է դոկտորական աստիճան։ Ավելի ուշ դարձել է նույն ֆակուլտետի դոցենտ, որտեղ դասավանդել է մինչև 1973 թվականը։

Քաղաքական գործունեություն (մինչև 1980 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայքալն առաջին անգամ քաղաքականության մեջ է մտել 1950-ական թվականներին՝ մասնակցելով Ադնան Մենդերեսի Դեմոկրատական կուսակցության (թուրքերեն՝ Demokrat Parti) կառավարության դեմ հանդես եկող ուսանողական շարժումներին։ 1965 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀԺԿ-ի պարտության մանրամասն վերլուծություն գրելուց հետո, որը հիմք է հանդիսացել նրա ակադեմիական թեզի համար, և որը նա ներկայացրել է դոցենտ դառնալու համար Դենիզ Բայքալին նկատել են ՀԺԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները։ 1973 թվականի խորհրդարանական ընտրություններում նա ընտրվել է ՀԺԿ-ի անդամ Անթալիայից։ Ընտրվելու պահին նա խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորն էր։

Ֆինանսների նախարար (1974 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուլենթ Էջևիթի կարճատև կոալիցիոն կառավարությունում, որը ձևավորվել էր Նեջմեթթին Էրբաքանի գլխավորած իսլամիստական «Ազգային փրկության կուսակցության» հետ, Բայքալը դարձել է ֆինանսների նախարար։ Նրա պաշտոնավարումը տևել է մեկ տարուց պակաս, քանի որ 1974 թվականի նոյեմբերին աշխարհիկ կողմնորոշում ունեցող ՀԺԿ-ի և իսլամիստական կողմնորոշում ունեցող ԱՓԿ-ի միջև անհամատեղելի գործընկերությունը փլուզվել է։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար (1978-1979 թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականի հունվարից մինչև 1979 թվականի նոյեմբերը իշխող Բյուլենթ Էջևիթի ձևավորած երրորդ կառավարությունում Դենիզ Բայքալը դարձել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Կառավարությունը խորհրդարանում վստահության փոքր քվե ուներ՝ անկախ պատգամավորների, Դեմոկրատական կուսակցության և Հանրապետական վստահություն կուսակցության հետ կազմած թույլ կոալիցիայի պատճառով։ Չնայած կառավարության փոքր մեծամասնությանը, ՀԺԿ-ն կորցրել է իր դիրքերը ԹԱՄԺ-ում և 1979 թվականի հոկտեմբերին անցկացվել են լրացուցիչ ընտրություններ, որտեղ Էջևիթը ստիպված է եղել հրաժարական տալ։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում ծառայելու հետ մեկտեղ, Բայքալը նաև ընտրվել է ՀԺԿ կուսակցության խորհրդում և ծառայել որպես կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ և գլխավոր քարտուղարի տեղակալ։ 1979 թվականի արտահերթ ընտրություններից հետո կայացած կուսակցական համագումարում նա խիստ քննադատել է կուսակցության գործադիր մարմնին։

1980 թվականի պետական հեղաշրջում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականների շատ քաղաքական գործիչների նման, Բայքալը Անկարայում ձերբակալվել և կալանավորվել է։ Զինվորական իշխանությունը Բայքալին 5 տարի ժամկետով արգելել է զբաղվել քաղաքական գործունեությամբ։ 1984 թվականին Բայքալը միացել է Սոցիալ-ժողովրդավարական կուսակցությանը։ 1987 թվականին անցկացված սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընտրողները քվեարկել են հեղաշրջման հետևանքով ընդունված բոլոր քաղաքական արգելքները վերացնելու օգտին։ Արդյունքում, Բյուլենթ Էջևիթը, Սուլեյման Դեմիրելը, Նեջմեթթին Էրբաքանը և 1980 թվականից առաջ եղած այլ կարևոր քաղաքական գործիչներ վերադարձել են քաղաքականություն Բայքալի հետ միասին։

Քաղաքական գործունեություն (1980 թվականից հետո)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալ-ժողովրդավարական ժողովրդական կուսակցություն (1987 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը միավորվել է Ժողովրդական կուսակցության հետ, և Բայքալը 1987 թվականի խորհրդարանական ընտրություններում կրկին ընտրվել է պատգամավոր Անթալիայից։ 1988 թվականին նա ընտրվել է Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցության երկրորդ նախագահ՝ որպես գլխավոր քարտուղար, և ծառայել որպես կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար։ Նա 1990 թվականի սեպտեմբերի 10-ին ստանձնել է գլխավոր քարտուղարի պաշտոնը, որից հետո երեք անգամ մրցել է կուսակցության առաջնորդ Թուրքիայի երկրորդ նախագահ Իսմեթ Ինյոնյուի որդու՝ Էրդալ Ինյոնյուի հետ, բայց չի կարողացել հաղթել նրան։ Արդյունքում Բայքալը դարձել է կուսակցության ներսում գործող ընդդիմության առաջնորդը։

Այս ժամանակահատվածում նա նաև Թուրքիա-Եվրամիություն միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն էր և խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ։

ՀԺԿ-ի վերականգնում (1992 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին, նախկին քաղաքական կուսակցությունների վերակազմակերպումն արգելող օրենքների չեղարկումից հետո, նա գլխավորել է նշանակալի շարժում և վերականգնել պատմական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, որի գործունեությունը արգելվել էր 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո։ Կուսակցության վերաբացումից հետո Բայքալը դարձել է դրա առաջնորդ։

1994 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀԺԿ-ն մասնակցել է կուսակցության բաժանմամբ՝ ՀԺԿ-ի, ՍԺԿ-ի և Բյուլենթ Էջևիթի Դեմոկրատական ձախ կուսակցության միջև։ 1995 թվականի փետրվարին կայացած կուսակցական համագումարում ՀԺԿ-ն պաշտոնապես միացել է ՍԺԿ-ին, մինչդեռ ԺԿ-ն հրաժարվել է քննարկել միավորման հարցը։ Բայքալը չի առաջադրվել այս համագումարում կուսակցության ղեկավարի պաշտոնում, փոխարենը Հիքմեթ Չեթինը ընտրվել է նոր ընդլայնված ՀԺԿ-ի առաջնորդ։

Կոալիցիոն կառավարության շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի սեպտեմբերին կայացած համագումարի ժամանակ Դենիզ Բայքալը վերընտրվել է ՀԺԿ-ի առաջնորդ։ Նա կոալիցիա է կազմել «Ճշմարիտ ուղի» կուսակցության (ՃՈւԿ) հետ, որի առաջնորդ Թանսու Չիլլերը դարձել է վարչապետ։ Հետագայում Բայքալը դարձել է փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար։ Կոալիցիոն կառավարություն կազմելու նրա միակ պայմանը վաղաժամկետ ընտրությունների անցկացումն էր, որը տեղի է ունեցավ 1995 թվականի դեկտեմբերին։ ՀԺԿ-ն զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ ընդամենը 10.71 % ձայներով, և ՃՈւԿ-ՀԺԿ կոալիցիան դադարել է մեծամասնություն կազմել խորհրդարանում։

Չնայած ընտրություններում գրանցած վատ արդյունքին, Բայքալը 1998 թվականի փետրվարի 27-ի համագումարի ժամանակ վերընտրվել է ՀԺԿ-ի առաջնորդ։ 1999 թվականի ընդհանուր ընտրություններում ՀԺԿ-ն հավաքել է 10 % ընտրական շեմից ցածր արդյունք, որի արդյունքում բոլոր ՀԺԿ պատգամավորները հեռացվել են խորհրդարանից։ Հետագայում Բայքալը հրաժարական է տվել առաջնորդի պաշտոնից, և նրա փոխարեն Ալթան Օյմենը է ընտրվել։ Այնուամենայնիվ, նա 2000 թվականի արտահերթ համագումարում կրկին առաջադրվել է և հաղթանակ տարել Օյմենի նկատմամբ՝ երրորդ անգամ դառնալով ՀԺԿ-ի առաջնորդ։

Ընդիմության առաջնորդ (2002-2010 թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբդուլահ Գյուլի նախագահական թեկնածության դեմ ուղղված «Հանրապետություն» բողոքի ցույցեր, 2007 թվական
Դենիզ Բայքալի հանդիպումը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, 2015 թվական

2002 թվականի խորհրդարանական ընտրություններում Դենիզ Բայքալը գլխավորել է ՀԺԿ-ն։ Կուսակցությունը հավաքել է ձայների 19.38 %-ը և զբաղեցրել է երկրորդ տեղը։ Մինչդեռ նորաստեղծ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) խորհրդարանում դարձել է մեծամասնություն և վերջ դրել տարիների անկայուն կոալիցիոն կառավարություններին։ Հետագայում Բայքալը դարձել է ընդդիմության առաջնորդը՝ գլխավորելով խորհրդարանում միակ ընդդիմադիր կուսակցությունը։ Մյուս բոլոր կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել 10 %-ի շեմը, ինչի հետևանքով ԱԶԿ-ն 550 տեղերից բաղկացած Ազգային ժողովում ստացել է 363, իսկ ՀԺԿ-ն՝ 178 մանդատ։

Բայքալը կարևոր դեր է խաղացել ԱԶԿ-ին օգնելու օրենքը փոխելու գործում, որի արդյունքում ԱԶԿ-ի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պետք է թույլ տրվեր վերադառնալ խորհրդարան։ Էրդողանին արգելվել էր պետական պաշտոններ զբաղեցնել կրոնական անհանդուրժողականության պատճառով, և ԱԶԿ-ին անհրաժեշտ էր խորհրդարանում 367 ձայն՝ օրենքը Էրդողանի օգտին փոխելու համար։ ՀԺԿ-ն աջակցել է փոփոխությանը, և Էրդողանը 2003 թվականին լրացուցիչ ընտրություններում անցել է խորհրդարան՝ հետագայում փոխարինելով Աբդուլլահ Գյուլին վարչապետի պաշտոնը։

Դենիզ Բայքալը հավատարիմ է եղել ահաբեկչությանը կոպիտ արձագանքելուն[8]։

2004 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գլխավորելով ՀԺԿ-ն՝ Բայքալին հաջողվել է ավելացնել կուսակցության ձայների քանակը, այնուամենայնիվ հակառակ գրանցած հաջողություններին՝ Բայքալը իր հայրենի քաղաք Անթալիայում պարտվել է ԱԶԿ-ին։ Արդյունքում, Ստամբուլի Շիշլի շրջանի քաղաքապետ Մուսթաֆա Սարիըգյուլը 2005 թվականի հունվարին արտահերթ համագումարում Բայքալին մարտահրավեր է նետել առաջնորդի պաշտոնի համար։ Չնայած Բայքալը հաղթել է ընտրություններում, համագումարը կուսակցության պառակտվածության պատճառ է դարձել, որի արդյունքում Սարըգյուլը կողմնակիցների հետ հեռացվել է կուսակցությունից[9]։ Սարըգյուլը կուսակցությունից հեռացվելուց հետո սկզբում միացել է ՍԺԿ-ին, իսկ ավելի ուշ՝ 2009 թվականին, ստեղծել է «Թուրքական փոփոխությունների շարժում» կուսակցությունը։

Բայքալը կտրականապես դեմ է արտահայտվել ԱԶԿ-ից 2007 թվականի նախագահական ընտրություններում Աբդուլահ Գյուլի առաջադրվելուն՝ Գյուլի քաղաքական-իսլամական անցյալի պատճառով։ Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը մի քանի «Հանրապետություն» անունով բողոքի ցույցեր է անցկացրել խորհրդարանական գործընթացի դեմ, որոնց ժամանակ ՀԺԿ պատգամավորները բոյկոտել են ընտրական գործընթացը։ Նախագահ ընտրելու համար անհրաժեշտ 67 % քվորումի պատճառով առանց ՀԺԿ-ի ներկայության ԱԶԿ-ն չի կարողացել Գյուլին ընտրել հանրապետության նախագահ։ Արդյունքում, 2007 թվականի հուլիսին նշանակվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Բայքալը միավորել է իր ուժերը «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հետ, չնայած երկու կուսակցությունները միասին միայն աննշան բարելավել են իրենց 2002 թվականի արդյունքը՝ ստանալով ձայների 20.88 %-ը։ ԱՇԿ-ի 10 %-ի շեմը հաղթահարելու պատճառով ՀԺԿ-ի տեղերը զգալիորեն նվազել են՝ 178-ից հասնելով 112-ի։ 112 պատգամավորներից 13-ը ԱՇԿ-ից էին։ Այնուամենայնիվ, ընտրվելուց հետո ԱՇԿ-ի շատ պատգամավորներ միացել են ՀԺԿ-ին։ ԱՇԿ-ի օգնությամբ Գյուլը ընտրվեցլ է նախագահ, չնայած որ ՀԺԿ-ն ևս կորցրել էր տեղեր խորհրդարանում (363-ից նվազեցնելով մինչև 341)․ պատճառն այն էր, որ այս անգամ քվորումը կազմել է 67 %։ 2009 թվականի հունվարին Բայքալը քննադատել է TRT 6-ի ստեղծումը, որը եթեր է հեռարձակվել քրդերեն լեզվով, քանի որ Բայքալը կարծում էր, որ Թուրքիան որևէ օգուտ չէր ստանալու եթե փորձեր լուծել որևէ անորոշ խմբի էթնիկ պահանջները[10]։

ՀԺԿ-ի ձայների չափավոր աճը շարունակվել է մինչև 2009 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնցում կուսակցությունը հավաքել է ձայների 23.08 %-ը և վերադարձրել վստահությունը Անթալիայում: ԱԶԿ-ն զիջել է իր դիրքերը, ամենայն հավանականությամբ, ընտրություններից մեկ տարի առաջ տեղի ունեցած 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի պատճառով: Չնայած 2002 թվականից ի վեր իր մասնակցած բոլոր ընտրություններում ՀԺԿ-ի ձայների մասնաբաժնի աճի, կուսակցությանը չի հաջողվել հաղթել դրանցից և ոչ մեկում:

2010 թվականի մայիսի 10-ին Դենիզ Բայքալը հրաժարական է տվել ՀԺԿ առաջնորդի պաշտոնից։ Սա պայմանավորված էր նրա անձնական կյանքի քննադատությամբ, որն առաջացել է այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում տարածվել է տեսաերիզ, որտեղ Բայքալը նույն ննջասենյակ է եղել իր նախկին քարտուղար և խորհրդարանի անդամ Նեսրին Բայթոքի հետ[11]։ Սկզբում նա պլանավորել է 2010 թվականի սովորական համագումարում կրկին առաջադրվել ղեկավարության պաշտոնի համար, քանի որ Կենտրոնական գործադիր կոմիտեի շատ անդամներ պնդել են, որ Բայքալը վերադառնա կուսակցության ղեկավարի իր նախկին պաշտոնին։ Սակայն, քանի որ ՀԺԿ-ի շատ նահանգային մասնաճյուղերի ղեկավարներ աջակցել են Քեմալ Քըլըչդարօղլուին, Բայքալը հրաժարվել է կրկին առաջադրվել, ինչի արդյունքում Քըլըչդարօղլուն առանց մրցակցի ընտրվել է կուսակցության նոր նախագահ։

Քաղաքական գործունեությունը 2010 թվականից ի վեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 և 2015 թվականների հունիսի խորհրդարանական ընտրություններում Բայքալը ԹԱՄԺ-ում վերընտրվել է պատգամավոր։ Քանի որ նա 2015 թվականի ընտրություններից հետո նորընտիր խորհրդարանի ամենատարեց անդամն էր, 2015 թվականի հունիսի 23-ին դարձել է խորհրդարանի ժամանակավոր խոսնակ։ Նա եղել է ՀԺԿ-ի թեկնածուն Թուրքիայի 25-րդ գումարման խորհրդարանի մշտական խոսնակի պաշտոնում։ Բայքալը մասնակցել է 2015 թվականի հունիս-հուլիս ամիսներին կայացած խոսնակի ընտրություններին, սակայն 2015 թվականի հուլիսի 1-ին վերջնական փուլում պարտվել է «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Իսմեթ Յըլմազին՝ ստանալով 182 ձայն Յըլմազի 258 ձայների դեմ[12]։

Բայքալը 2015 թվականի օգոստոսին «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուի կողմից նախարարական պաշտոններում առաջարկված ՀԺԿ-ի հինգ քաղաքական գործիչներից մեկն էր։ Դավութօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հանձնարարություն էր ստացել ձևավորել ժամանակավոր ընտրական կառավարություն, այն բանից հետո, երբ կոալիցիոն բանակցությունները արդյունք չեն տվել և հանգեցրել են Էրդողանի կողմից վաղաժամկետ ընտրությունների նշանակմանը։ Քանի որ ժամանակավոր կառավարության ձևավորման ժամանակ ՀԺԿ-ն ուներ 131 պատգամավոր, կուսակցությունն իրավունք ուներ կաբինետում ունենալ 5 նախարարություն, չնայած Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ ՀԺԿ-ն չի մասնակցի և իր հինգ նախարարությունները կզիջի անկախ քաղաքական գործիչներին։ Հետագայում Բայքալը, ինչպես ՀԺԿ-ի մյուս չորս պատգամավորները, մերժել է Դավութօղլուի առաջարկը[13]։ Առաջարկից հրաժարվելու Բայքալի նամակը երեք էջ էր և նա նամակը նկարագրել է որպես «պատմական փաստաթղթին համարժեք» գրություն[14]։

2015 թվականի նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում վերընտրվելով որպես պատգամավոր՝ Բայքալը ևս մեկ անգամ Թուրքիայի նոր գումարված 26-րդ խորհրդարանի ամենատարեց պատգամավորն էր, իսկ հետագայում՝ 2015 թվականի նոյեմբերի 17-ին, նա դարձել է խորհրդարանի ժամանակավոր խոսնակ։ Բայքալին հաջորդել է Իսմայիլ Քահրամանը, որը ԱԶԿ-ի թեկնածուն էր խորհրդարանի խոսնակի պաշտոնում, և երեք փուլով ընտրությունների արդյունքում 2015 թվականի նոյեմբերի 22-ին ընտրվել է այդ պաշտոնում։ ՀԺԿ-ի թեկնածուն եղել է Այշե Գյուլսյուն Բիլգեհանը՝ նախկին նախագահ Իսմեթ Ինյոնյուի թոռնուհին։

Անձնական կյանք և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դենիզ Բայքալի գերեզմանը Անկարայի թուրքական պետական գերեզմանատանը

Դենիզ Բայքալը մահացել է 2023 թվականի փետրվարի 11-ին 84 տարեկան հասակում[15]։ Նրան ժամը 05:00-ի սահմաններում իր մահճակալում մահացած է գտել կինը՝ Օլջայը[16]։ Դուստրը՝ Ասլը Բայքալը հայտարարել է, որ Դենիզ Բայքալի մահվան պատճառը սրտի կաթվածն էր[17]։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել Ահմեդ Համդի Աքսեքի մզկիթում։ Դենիզ Բայքալը թաղված է Անկարայի թուրքական պետական գերեզմանատանը[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deniz Baykal: Siyasette geçen 55 yıl: Doçent olduğu 1968'de CHP'ye girerek siyasal yaşama atılan Deniz Baykal, yarım asırdan fazla süren siyasi yaşamında, parti genel başkanlığından bakanlığa, milletvekilliğinden geçici TBMM Başkanlığına kadar birçok görevde bulundu.Anadolu Agency, 2023.
  2. 2,0 2,1 https://www.aa.com.tr/tr/politika/deniz-baykal-siyasette-gecen-55-yil-/2815466
  3. 3,0 3,1 Deniz Baykal: Siyasette geçen 55 yıl: Doçent olduğu 1968'de CHP'ye girerek siyasal yaşama atılan Deniz Baykal, yarım asırdan fazla süren siyasi yaşamında, parti genel başkanlığından bakanlığa, milletvekilliğinden geçici TBMM Başkanlığına kadar birçok görevde bulunduAnadolu Agency, 2023.
  4. 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 SON DAKİKA HABERİ: Deniz Baykal vefat etti (Deniz Baykal kimdir?) — 2023.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Eski CHP Genel Başkanı Baykal hayatını kaybetti: CHP Genel Başkanı Kemal Kılıçdaroğlu, eski CHP Genel Başkanı ve Antalya Milletvekili Deniz Baykal'ın vefat ettiğini bildirdi.Anadolu Agency, 2023.
  7. «Deniz Baykal bakanlık teklifine 'tarihi' yanıtı». 2015 թ․ օգոստոսի 27.
  8. «Baykal: Terörle Mücadelede Kararlı Olunmalı». turktime.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  9. «SABAH - 29/01/2005 - Olaylı Kurultay».
  10. Guzeldere, Ekrem Eddy (2009 թ․ հունիսի 22). «Turkey: regional elections and the Kurdish question». Caucasian Review of International Affairs (English). 3 (3): 291–307.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Turkey's opposition: Sex, lies and video». The Economist. 2010 թ․ մայիսի 13.
  12. «AK Party candidate İsmet Yılmaz becomes Turkey's new Parliament Speaker». Daily Sabah. 2015 թ․ հուլիս.
  13. «İşte Bakanlık teklifini reddeden isimler». MİLLİYET HABER - TÜRKİYE'NİN HABER SİTESİ. 2015 թ․ օգոստոսի 26.
  14. «Deniz Baykal HABERTÜRK'e konuştu: Cevabımın sorulmasını bile hakaret sayarım». 2015 թ․ օգոստոսի 26.
  15. «CHP eski Genel Başkanı Deniz Baykal vefat etti» (թուրքերեն). Milliyet. 2023 թ․ փետրվարի 11. Վերցված է 2023 թ․ փետրվարի 11-ին.
  16. «SON DAKİKA: CHP Eski Genel Başkanı Deniz Baykal vefat etti! Cenaze programı detayları belli oldu - Deniz Baykal neden öldü?» (թուրքերեն). Sabah. 2023 թ․ փետրվարի 11. Վերցված է 2023 թ․ փետրվարի 11-ին.
  17. «Deniz Baykal hayatını kaybetti» (թուրքերեն). Sözcü. 2023 թ․ փետրվարի 11. Վերցված է 2023 թ․ փետրվարի 11-ին.
  18. «Deniz Baykal son yolculuğuna uğurlandı» (թուրքերեն). Dunya.com. 2023 թ․ փետրվարի 14. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիզ Բայքալ» հոդվածին։