Դենդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դենդի
Dendy Junior with cart and joypads.jpg
ՏեսակԽաղային բարձակի մոդել
Ենթադաստնային խաղահամակարգ
ՄշակողՎիկտոր Սավյուկ
ԱրտադրողSteepler
Կենտրոնական պրոցեսորRicoh 2A03?

«Դենդի» (անգլ.՝ Dendy, վաղ 90-ականներին ճապոնական «Famicom» (ԱՄՆ-ում և Եվրոպայում հայտնի որպես՝ «Nintendo Entertainment System» [NES])՝ երրորդ սերնդի 8-բիթային տնային խաղահամակարգի չլիցենզավորված կլոն՝ նախատեսված հետխորհրդային պետությունների սպառման համար։

Առաջին անգամ արտադրվել է 1992 թվականի ավարտին։ Ապարատները հավաքվել են Թայվանում՝ չինական աշխատուժով, թայվանական «Steepler» ընկերության պատվերով։ Սկզբնապես, Ռուսաստանում Դենդիի մեկ օրինակը արժեցել է 39 000 ռուբլի։ Մինչև 1994 թվականը Ռուսաստանի Դաշնությունում վաճառվել է շուրջ մեկ միլիոն օրինակ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենդին շուկայում առաջին անգամ հայտնվում է 1992 թվականի ավարտին։ Ապարատի մեկ օրինակի շուկայական գինն սկզբնապես կազմել է 39 000 ռուսական ռուբլի։ Պլատֆորմը նույնիսկ ունեցել է սեփական մուլտիպլիկացիոն գովազդային հոլովակը՝ «Դե՛նդի, Դե՛նդի, բոլորս սիրում ենք Դենդիին, բոլորը խաղում են Դենդի» («Денди, Денди, мы все любим Денди! Денди - играют все!»)[2] կարգախոսով։

Պլատֆորմի հանդեպ պահանջարկն այնքան բարձր էր, որ 1993 թվականի ապրիլի դրությամբ «Steepler» ընկերությունն ուներ միանգամից չորս տարածաշրջանային դիստրիբյուտոր՝ գրանցելով 500 միլիոն ռուբլու վաճառք։

Դենդիի թալիսման փղիկի ստեղծման գաղափարը պատկանում է պրոֆեսիոնալ անիմատոր Իվան Մաքսիմովին[3]։

Չնայած շուտով «Steepler»-ը հայտնվում է պրակտիկորեն դատարկ խորշում, արևմտյան վիդեոխաղային արդյունաբերությունը տվյալ ժամանակահատվածում Ռուսաստան մուտք գործելու հետաքրքրություն չէր ցուցաբերում։ Տևական ժամանակով Դենդին շուկայում մրցակցում էր չինական արտադրության նմանատիպ կլոնների հետ։ 1994 թվականին շուկա է մուտք գործում մրցակից «Sega» ընկերության «Sega Mega Drive» համակարգը։ Նույն տարի «Steepler»-ը ենթարկվում է ներքին վերափոխման, ինչի արդյունքում «Steepler Trade» ցանցը ենթարկվում է ռեբրենդինգի և ստանում «Lamport» անվանումը։

Մինչև 1994 թվականի երկրորդ կեսը, «Steepler»-ը վաճառել էր Դենդիի շուրջ 1 միլիոն օրինակ, ինչպես նաև հետագա ամիսների ընթացքում վաճառում էր 100 000-ից մինչև 125 000 օրինակ՝ գրանցելով մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ։ Տվյալ ժամանակահատվածում պլատֆորմերի գինը կազմում էր 30-35 դոլար։

1994 թվականի օգոստոսին «Steepler»-ը և ռուսական Ինկոմբանկը հայտարարում են «Դենդի» համատեղ ծրագրի մասին, որի շրջանակներում բանկը ներդնելու էր իր միջոցները և հետագայում տիրելու վենչուրային եկամտի 30%-ին։ 1994 թ.-ի ավարտին շուկայում են հայտնվում Դենդիի նոր մրցակիցները (նույնպես NES-ի կլոններ)՝ Կենգան (արտադրված «Lamport» ընկերության կողմից՝ Թայվանում) և Բիթմենը (արտադրված «R-Style» ընկերության կողմից)։

1994 թվականի նոյեմբերին նորաստեղծ «Դենդի» համատեղ ձեռնարկությունը պայմանագիր է կնքում «Նինթենդոյի» հետ, որով հրաժարվում է Սեգայի արտադրանքները ներմուծելուց և ստանում Ռուսաստանում Super Nintendo (SNES) խաղային համակարգը վաճառելու բացառիկ լիցենզիա։

Ներկայումս հայտնվող Դենդի ապարատները դեռ որոշակի չափով առկա են տարբեր երկրների խանութներում։ Դրանք, սակայն, կապ չունեն օրիգինալ ապարտների հետ, որոնք արտադրվում էին «Steepler»-ի կողմից։ Վերջինս դադարեցնում է իր գործունեությունը 1996 թվականին։ Ըստ որոշ վարկածների, «Steepler»-ը պայմանագիր էր կնքել «Նինթենդոյի» հետ, որով ստացել էր լիցենզավորված քարթրիջներ վաճառելու բացառիկ իրավունք, սակայն քանի որ լիցենզավորված քարթրիջները մի քանի անգամ ավելի թանկ էին, քան ապօրինի պատճենները, «Steepler»-ին չէր հաջողվել վաճառքից շահույթ ստանալ, ինչն էլ հանգեցրել էր ընկերության փակմանը։

Մոդելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենդին ունեցել է 5 կազմաձևեր՝ «Dendy Classic», «Dendy Classic II», «Dendy Junior», «Dendy Junior II» և «Dendy Junior IVP»։ Առաջին և երկրորդ Դենդի Կլասիկները եղել են թայվանական «TXC Corporation»-ի կողմից արտադրված «Micro Genius» խաղային կլոնի համապատասխանաբար IQ-501 և IQ-502 մոդելների ռեբրենդինգային տարբերակները։

Համաձայն արտադրողի գովազդային բուկլետների, Դենդի Կլասիկն ունի երկու ելք՝ համատեղելի PAL և SECAM ստանդարտ անալոգային հեռուստատեսության գունային համակարգերի հետ։ Ապարատն ուներ միայն մեկ գործարանային ջոյստիկ, իսկ երկրորդը վաճառվում էր առանձին։ Դենդի Կլասիկ II-ը ունի այլ պլատֆորմային և կոնտրոլերային դիզայն։ Դենդի Ջունիորն ունի միայն PAL վիդեոհամակարգ։ Դենդի Ջունիոր II-ը նույնպես նախագծված էր «Famicom»-ի նմանությամբ։ Դենդի Ջունիոր IVP-ն վաճառվում էր խաղային ատրճանակի հետ։

Քարթրիջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենդիի խաղային քարթրիջներ

Դենդիի քարթրիջներն արտաքնապես նման են «Famicom»-ի (NES-ի սկզբնական անվանումը Ճապոնիայում) օրիգինալ քարթրիջներին։ Այնուամենայնիվ, NES-ի օրիգինալ քարթիջները չեն կարող օգտագործվել Դենդիի հետ, ինչը պայմանավորված է պլատֆորմի արտաքին կմաղքի և պլատայի տարբերություններով։ Դենդիի համար վաճառված վիդեոխաղերը մեծամասամբ եղել են ապօրինի պատճեններ։ Դենդիի քարթրիջներում տարածված էր այսպես կոչված մուլտիկարտային ձևաչափը, երբ մի քարթրիջում տեղադրված էին մի քանի խաղեր, երբեմն՝ նույն խաղերի տարբեր մակարդակներ և ձևափոխված տարբերակներ՝ կրելով «4-ը 1-ում», «120-ը 1-ում», «999-ը 1-ում» և այլ անվանումներ։ Գոյություն են ունեցել նաև մի շարք ռուսական, թայվանական կամ չինական օրիգինալ վիդեոխաղեր։ Առավել մեծ պահանջարկ վայելող վիդեոխաղերից էր «Super Mario Bros.» խաղաշարքը։ Շատ հաճախ Դենդիի խաղերում առկա էին խաղացվող հերոսի անօրինական փոխարինումներ, ինչի առավել պատկերավոր օրինակներից էր «Somari» (Sonic և Mario բառարմատներից) խաղը, որտեղ Սեգայի թալիսման Սոնիկը փոխարինված էր մրցակից Նինթենդոյի թալիսման Մարիոյով, ինչը նույնպես միջազգային իրավունքում հեղինակային իրավունքների կոպիտ խախտում էր համարվում։

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին շուկա մուտք գործելուց հոտո Դենդին Ռուսաստանում արժեր 39 000 ռուբլի (94 դոլար)[1], ինչը Ռուսաստանում, ինչպես նաև մնացյալ հետխորհրդային երկրներում հավասար էր միջին քաղաքացու մի քանի ամսավա աշխատավարձին։ Թանկարժեքության պատճառով պլատֆորմն սկզնբական շրջանում անհասանելի էր բնակչության լայն զանգվածներին[4]։ Այնուամենայնիվ, 1994 թվականին 1 միլիոն օրինակ վաճառելուց հետո, «Steepler» ընկերությունը նվազեցնում է Դենդիի շուկայական գինը՝ այն հասցնելով 35 դոլարի[1]։

Ներկայումս, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ բոլոր այն երկրներում, որոնք եղել են տվյալ համակարգի սպառողներ, առկա է որոշակի ռետրոգեյմինգային նոստալգիա, ինչի շնորհիվ Դենդիի հանդեպ որոշակի սպառողական հետաքրքրություն դեռ պահպանվել է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Полугодовые итоги по бизнесу Dendy - К "русскому Nintendo" добавилась японская Sega» [Talk of Japanese competitor Sega entering Russian market] (ռուսերեն)։ Kommersant։ հուլիսի 19, 1994 
  2. Dendy (Օստանկինո, 1993) գովազդ(ռուս.)
  3. Музей Dendy от Steepler / Интервью с Иваном Максимовым
  4. Շիլինգեր, Լեսլի. «Մանկության մահը Ռուսաստանում» «Օտավա Սիթիզեն». Pg.B3. հոկտեմբերի 24, 1993(անգլ.)
  5. Թուհի, Նաթան. "Retro-kitsch in Moscow's time machine." «The Moscow News». մարտի 11, 2010(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]