Դեմքի դիմակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմքին դիմակ դնելու գործընթացը

Դեմքի դիմակ, մաշկի խնամքի միջոց, որը դրվում է դեմքին[1], բաղկացած է որոշակի նյութերից՝ կոսմետիկ կամ բուժական արդյունք ստանալու համար։ Դիմակներն դնում են լավացնելու մաշկի վիճակը, խոնավեցնում և մաքրում են այն, արագացնում են մաշկի վերականգնումն ու հարթեցնում են կնճիռները։ Դիմակ կարելի է դնել և գեղեցկության սրահներում, և տանը։ Բաղադրությունից կախված՝ դիմակը մի անգամ օգտագործելուց հետո կարող է տալ ինչպես արագ արդյունք, այնպես էլ՝ արդյունք կարելի է արձանագրել երկարաժամկետ կիրառումից հետո։

Դիմակները նախատեսված են լինում նորմալ, յուղոտ և չոր ու համակցված մաշկի համար։ Ըստ նշանակության դեմքի դիմակները բաժանվում են հետևյալ տեսակների՝ սնուցող, հարթեցնող, մաքրող, սպիտակեցնող և երիտասարդացնող։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսմետիկ դիմակների պատմությունը կապված է կոսմետիկ միջոցների ի հայտ գալու և զարգացման հետ։ Եգիպտական թագուհի Կլեոպատրայի անունով են պայմանավորում կաթնամեղրային և սպիտակեցնող կավե դիմակները, որոնց բաղադրության մեջ մտել են կավ, մեղր, թթվասեր, կիտրոնի հյութ[2]։

Աշխարհի տարբեր տեղերում եղել են դիմակների տարբեր բաղադրատոմսեր, տարբեր բաղադրիչներից պատրաստված դիմակների օգտագործումը հանգեցրել է ցանկալի արդյունք ստանալուն․ մաշկի գույնը սպիտակում է և մաշկը հարթեցվում է։ Այդ պատճառով Անգլիայում օգտագործել են սև թեյի թուրմ, իսկ Բուլղարիայում՝ բանջարեղենի հյութ և քաղցր պղպեղի խյուս, Իսպանիայում՝ եփած լոբի։ Աստիճանաբար բաղադրատոմսերը բարդացել են, ավելացել են լրացուցիչ բաղադրիչներ։

Տանը պատրաստվող դիմակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնուրույն պատրաստման դիմակների ժամանակակից բաղադրատոմսերն իրենց մեջ ներառում են կոսմետոլոգների կողմից փորձված ժողովրդական միջոցներ, մրգերի, բանջարեղենների և կաթնային մթերքների բաղադրությունների մասին ժամանակակից գիտելիքներ։ «Ժողովրդական բաղադրատոմսերում» օգտագործվում են այնպիսի մթերքներ, որոնք հայտնի են դարձել համեմատաբար վերջերս։ Տանը պատրաստվող դիմակները կարող են օգնել՝ չեզոքացնելու մաշկի փոքր թերությունները, սակայն նախատեսված չեն լուրջ բուժական կամ երիտասարդացնող արդյունք ապահովելու համար։ Ինքնուրույն պատրաստման դիմակի բաղադրության ընտրության դեպքում անհրաժեշտ է կողմնորոշվել նախևառաջ դեմքի մաշկի տեսակով։

Բանջարեղեններից և մրգերից պատրաստված դիմակները արգելվում է պահել, դրանք պետք է օգտագործել անմիջապես պատրաստելուց հետո։ Բաղադրիչները պետք է զգուշությամբ ընտրել։ Չի կարելի կիրառել այնպիսի մթերքներ, որոնց նկատմամբ կա սննդային ալերգիա։

Դեմքի պատրաստի դիմակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրական եղանակով պատրաստված դեմքի դիմակների բաղադրության մեջ կարող են մտնել այնպիսի դժվար հասանելի բաղադրիչներ, ինչպիսիք են հազվագյուտ ջրիմուռներ, էկզոտիկ բույսերի մզվածքներ, ինչպես նաև հատուկ սինթեզված նյութեր։ Վայրկենական նշանակություն ունեցող դիմակների բաղադրության մեջ կարող են մտնել ցորենի ձեթ, վիտամին Е, պանտենոլ, վաղենակի յուղ, մենթոլ և այլն։

Դեմքի պատրաստի դիմակները սովորաբար վաճառվում են տարաների կամ սրվակների մեջ լցված կոսմետիկ կրեմների կամ անհատական փաթեթներով կտորե անձեռոցիկների ձևով։ Վաճառքում առկա են նաև կոլագենային թերթիկներ, որը թրջվում է ջրով, որից հետո խնամքով դրվում է դեմքին։

Կիրառման սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմակների կիրառման գլխավոր նպատակը հանդիսանում է դեմքի մաշկի մանրակրկիտ մաքրումը։ Դիմակ դնելուց առաջ պետք է լվացվել, դեմքը մաքրել հատուկ լոսյոնով, հստակ հետևել դիմակ դնելու և մաքրելու կարգին։ Գործընթացի ավարտից հետո անհրաժեշտ է երկու ժամ չօգտագործել դեկորատիվ կոսմետիկ միջոցներ, մասնավորապես՝ դիմափոշի, որը ծածկում է մաշկի ծակոտիները և չի թողնում, որպեսզի օգտակար նյութերը ներծծվեն մաշկի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [Хотя само слово «маска» и означает какую-либо накладку на лицо, подобные процедуры для кожи рук или других частей тела также называются «масками»]
  2. «Маска Клеопатры: рецепты царицы Египта – Красота – Домашний». domashniy.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.