Դդմի յուղ
Դդմի յուղ, ստացվում է դդմի սերմերից՝ սառը սեղման եղանակով։ Արտադրանքի քիմիական կազմ. տրիգլիցերիդներ, եթերայուղեր, ֆոսֆոլիպիդներ, տոկոֆերոլներ, կարոտինոիդներ, պեկտիններ, Ստերիններ, A, E և F վիտամիններ, սելեն։ Յուղը հարուստ է սպիտակուցներով, պոլիչհագեցած ճարպաթթուներով, ցինկով[1]։ Առանձնահատուկ կարևորություն է տալիս ռուտինի առկայությունը, որը մարդու մարմինը չի սինթեզում ինքնուրույն, և նիկոտինաթթուն։
Դդմի յուղն ունի ընկույզի բույր, թեթև մանանեխի համ։ Գույնը՝ մուգ դեղին և բաց կարմիրից մինչև մուգ կանաչ և նույնիսկ գրեթե սև, որի պատճառով Արևելյան Եվրոպայի երկրներում այն երբեմն կոչվում է «սև ոսկի»։ Գերմանիայում, օրինակ, այն միշտ գնահատվում է ոչ պակաս, քան լավագույն ձիթապտղի յուղի նմուշների։ Յուղի պարունակությունը կորիզներում կարող է հասնել 48-54%, սպիտակուցը՝ մինչև 40 %[2]։ Բացի այդ, բազմաթիվ հեղինակներ, սկսած Ավիցեննայից, դդմի յուղն անվանում են դեղամիջոց գրեթե բոլոր հիվանդությունների համար։
Արտադրության շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դդմի սերմերի յուղը դարեր շարունակ մեծամասամբ կիրառվում է գրեթե ողջ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։ Բարձր որակի են հասել Ավստրիայում դաշնային Շտիրիայի (գերմ. Steirisches Kürbiskernöl) և Սլովենիայում ստորին Շտիրիայի պատմական տարածքների և Պրեկուրյեի (սլովեներեն. Štajersko prekmursko bučno olje) արտադրողները։ Այդ երկու ապրանքներն էլ 1996 և 2012 թվականներին համապատասխանաբար Եվրոպական հանձնաժողովը գրանցել է PGI կարգավիճակով (պաշտպանված աշխարհագրական ցուցում)[3][4]։
Ներքին կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դդմի յուղը բավականաչափ սուր հոտ ունի, բացի այդ, տաքացման ժամանակ անհետանում են բոլոր օգտակար տարրերը, ուստի այն գործնականում չի ենթարկվում ջերմային մշակման։ Այն օգտագործվում է հում ձևով. որպես աղցանի և շիլայի լցոնում, նաև՝ որպես հիմք սոուսների համար։ Այն օգտակար է ստամոքս-աղիքային տրակտի, լյարդի և լեղապարկի համար։ Այն կարգավորում է աղիների թթվայնությունը և փոքր-ինչ թուլացնող ազդեցություն ունի։ Պարունակվող ցինկն օգտակար է ենթաստամոքսային գեղձի և արական միզասեռական համակարգի համար։
Արտաքին կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դդմի յուղը արտաքին կիրառմամբ օգտագործվում է ակնեների հեռացման, դիաթեզի և սնկային ախտահարումների բուժման համար, օգնում է միջատների խայթոցների ժամանակ։ Այն օգտագործվում է ջերմային կամ քիմիական այրվածքների ժամանակ՝ մաշկի վնասված մասերը պատվում են յուղով։ Զգայուն մաշկ ունեցող մարդկանց մոտ յուղը կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Туманова Е. (2015). «Энциклопедия эфирных масел» (ռուսերեն). Рипол Классик. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Труды по прикладной ботанике, генетике и селекции. Физиология, биохимия и анатомия растений.. — Институт растениеводства, 1932. — С. 74—87.
- ↑ Registered EC SI/PGI/0005/0418
- ↑ Registered EC AT/PGI/0017/1460