Դդմից լապտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լապտերի դասական տարբերակ

Դդմից լապտեր (անգլ.՝ Jack-o'-lantern, թարգմանաբար նշանակում է «Ջեքի լապտեր»), Հելոուինի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը։ Սա սարսափելի կամ ուրախ դեմքով գլուխ հիշեցնող լապտեր է, որը հիմնականում պատրաստում են դդմից կամ շաղգամից։ Այն պատրաստելու համար պտղի վերին մասից կտրում են գլխիկը, որի միջով հանում են միջուկը, այնուհետև փորագրում դեմքը։ Որպես լույսի աղբյուր՝ նրա մեջ հիմնականում դնում են մոմ։ Հանդիպում են նաև էլեկտրական լուսավորմամբ դդումներ։

Այն սկիզբ է առել հարբեցող Ջեքի ժլատության մասին իռլանդական լեգենդից․ Ջեքը, Սատանային հիմարեցնելով, անիծվում է հավերժ թափառել երկրի վրա՝ դատարկ շաղգամի մեջ մի կտոր ածխով, որը պետք է լուսավորի նրա ճանապարհը։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորագրված դդմի տարատեսակներ

«Jack-o'-lantern» տերմինով սկզբում նկարագրում էին թափառող կրակների ֆենոմենը՝ անգլիական բանահյուսությունում հայտնի որպես «will-o'-the-wisp»։ «Will-o'-the-wisp» բառակապակցության մեջ օգտագործվում է «wisp» բառը («փաթեթ»-որպես ջահ օգտագործվող փայտիկներ կամ թղթեր) և «Will» հատուկ անունը («Ուիլ», «Ուիլիամ» անունից)։ Այսպիսով՝ «Will-o'-the-wisp» տերմինը նշանակում է «Ջահին պատկանող Ուիլ»։ Այս անվանումը կապված է Ջեքի մասին իռլանդական լեգենդի հետ, որը, մահվանից հետո չընկնելով դժոխք կամ դրախտ, թափառում է՝ դատարկ շաղգամի մեջ այրվող ածխի կտորով լուսավորելով իր ճանապարհը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլալեզու երկրներում դդմի վրա դեմք փորագրելու ավանդույթն ունի դարավոր պատմություն։ Առաջին անգամ «Ջեքի լապտերները» հայտնվել են Իռլանդիայում և Շոտլանդական լեռնաշխարհում։ Սկզբում դրանց պատրաստման համար օգտագործում էին գոնգեղ և շաղգամ[1][2]։ Ենթադրվում էր, որ «Բոլոր սրբերի օրը» տների մոտակայքում դրված այդ պտուղները կվանեն չար հոգիներին։ Կելտական ժողովուրդները «Բոլոր սրբերի օրն» ընդունում էին որպես հեթանոսական՝ հունձքի սեզոնի ավարտի տոնակատարության ավանդույթի շարունակություն, երբ չար ուժերը ներխուժում են մարդկային աշխարհ։ Հավանաբար, հնում բանջարեղենային լապտերները մարմնավորում էին մեկ տարվա ընթացքում մահացածների հոգիները, կամ էլ համարվում էին լապտերներ, որոնք օգնում են այդ հոգիներին գտնել քավարան տանող ճանապարհը[3]։

Ջեքի լամպ

1835 թվականի աշնանը դուբլինյան «Dublin Penny Journal» ամսագիրը տեղադրել է նմանատիպ լեգենդ, որը բացատրում էր «Ջեքի լամպ» արտահայտությունը։ Ըստ այդ տարբերակի՝ ագահ դարբին Ջեքը մի անգամ պանդոկում դժոխքի տիրակալին առաջարկել է մի քանի բաժակ խմել։ Երբ եկել էր վճարելու ժամանակը, ձեռնարկատեր իռլանդացին Սատանային խնդրել է մետաղադրամ տալ։ Դրանից հետո Ջեքը մետաղադրամն արագ գցել է իր գրպանը, որտեղ արծաթյա փոքրիկ խաչ կար։ Սատանան հայտնվել է ծուղակում, և որքան էլ փորձել, չի կարողացել իր առաջվա տեսքն ընդունել։ Սատանան վերջ ի վերջո ազատվել է՝ խոստանալով դրա փոխարեն մեկ տարի Ջեքին չտանջել, ինչպես նաև նրա մահվանից հետո չպահանջել նրա հոգին։ Երկրորդ անգամ խորամանկ դարբինը դյուրահավատ Սատանային մատների վրա պտտեցրել է՝ խնդրելով բարձրանալ ծառը՝ մրգերի հետևից։ Հենց որ նա ծառն է բարձրացել, Ջեքը բնի վրա խաչ է փորագրել։ Այդպես նա ևս տասը տարվա անհոգ կյանք է պահանջել։ Սակայն Ջեքը չի կարողացել վայելել ստացածը, քանի որ որոշ ժամանակ անց մահացել է։ Մահվանից հետո մեղսավորին չեն թողել մտնել դրախտ․ Ջեքը պետք չէր ո՛չ Սատանային, ո՛չ էլ Աստծուն։ Այդպես, անհանգիստ Ջեքը, սպասելով դատաստանի օրվան, թափառում էր երկրի վրա` իր ճանապարհը լուսավորելով մի փոքրիկ ածխի կտորով, որը նրան տվել էր Սատանան։ Ջեքը մարող կրակը դրել է դատարկ դդմի մեջ և գնացել ուխտագնացության։ Այստեղից էլ ծագել է լամպի անվանումը (անգլ.՝ Jack-o-lantern, անգլ.՝ Jack of the Lantern արտահայտության կրճատ տարբերակը)։ Վաղ հրապարակումներում հաճախ հանդիպում էր նաև Jack McLantern տարբերակը։

Երբ Հելոուին նշելու ավանդույթը տարածվել է ԱՄՆ-ում, լամպերն սկսել են պատրաստվել միայն դդմից՝ որպես մատչելի և էժան նյութ[1]։ Առաջին անգամ նմանատիպ լապտերների պատրաստումը ԱՄՆ-ում գրանցվել է 1837 թվականին։ Այս ծեսը, որն իրականացվում էր բերքահավաքի ժամանակ, Հելոուինի հետ կապ չուներ մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը[4]։

2013 թվականի հոկտեմբերին Քին քաղաքում կայացած դդմի փառատոնի ժամանակ վառվել են ռեկորդային քանակով Ջեկի լապտերներ (30 518 հատ)[5]։

Դդմի պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայի պատկերանիշը դդմից լապտերի տեսքով

Դդմի կամ շաղգամի փորագրությունը շատ պարզ գործընթաց է․ պտղի վերևի մասում կտրվում է անցք-կափարիչ, որի միջով հանվում է միջուկը, այնուհետև փորագրվում դեմքը՝ ուրախ կամ սարսափելի (երբեմն դրանք համակցվում են)։

Ներկայումս փորագրման համար ընտրվում են ավելի բարդ պատկերներ՝ տարբերանշաններ և խորհրդանշաններ։ Որոշակի փորձ ունենալուց հետո կարելի է փորագրել բարդ նախշեր, որոնք պահանջում են նկարչական հմտություններ։ Փորագրման համար օգտագործվում են ինչպես սովորական դանակներ և գդալներ, այնպես էլ հատուկ գործիքներ, որոնք խանութներում վաճառվում են տոնի ժամանակ։ Բարդ նախշերի համար կարող են օգտագործվել նաև հատուկ կաղապարներ։ Դդումը փորագրելուց հետո նրա մեջ դնում են լույսի աղբյուր (մոմ կամ էլեկտրական լամպ) և փակում կափարիչը։ Դա թույլ է տալիս լուսավորել պատկերը և ընդգծել սարսափի մթնոլորտը։

Շատ երկրներում անցկացվում են դդմի փորագրման մրցույթներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The Oxford companion to American food and drink p.269. Oxford University Press, 2007. Retrieved February 17, 2011
  2. «Frank Leslie's popular monthly, Volume 40, November 1895, p. 540—543»։ Books.google.com։ 2009-02-05։ Վերցված է 2011-10-23 
  3. Rogers, Nicholas (2002). Halloween: From Pagan Ritual to Party Night, pp. 29, 57. New York: Oxford University Press. ISBN 0-19-516896-8.
  4. As late as 1900, an article on Thanksgiving entertaining recommended a lit jack-o'-lantern as part of the festivities. «The Day We Celebrate: Thanksgiving Treated Gastronomically and Socially», The New York Times, November 24, 1895, p. 27. «Odd Ornaments for Table», The New York Times, October 21, 1900, p. 12.
  5. Most lit jack-o'-lanterns displayed | Guinness World Records

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]