Դափնյակ անդրկովկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դափնյակ անդրկովկասյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Գոճմակածաղկավորներ
Ընտանիք Գոճմակազգիներ
Ցեղ Դափնյակ
Տեսակ Դափնյակ անդրկովկասյան
Լատիներեն անվանում
Daphne transcaucasica


Դափնյակ անդրկովկասյան (լատին․՝ Daphne transcaucasica), գոճմակազգիների ընտանիքի դափնյակ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար թուփ է բաց գորշավուն կեղևով և թափված տերևների հետքերով ծածկված ճյուղերով։ Տերևները հավաքված են խիտ աղվամազով ծածկված ընձյուղների գագաթին, մանր են, երկարավուն էլիպսաձև, 1,5-3 սմ երկարությամբ և 0,5-0,7 սմ լայնությամբ, կաշվեկերպ են, նստադիր, ներքևի կողմից ծածկված ցրված սպիտակ մազմզուկներով։ Ծաղիկները 3-5-ական, գտնվում են ճյուղերի գագաթներին, սպիտակ են։ Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտուղները կարմիր են, հասունանում են օգոստոսին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Փոքր Ասիայում, Իրանում։ Հանդիպում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական շրջաններում, Արագածոտնում, Սևանի ավազանում, մերձալպյան գոտու չոր, քարքարոտ լանջերում, գետահունային ավազուտներում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրկովկասյան դափնյակը խիստ թունավոր, բայց միաժամանակ նաև բարձր դեկորատիվ բույս է։ Աճում է միայն պարարտ, չեզոք կամ թույլ թթվային հողերում, խիստ տուժում է օդի չորությունից, վատ է աճում վերատնկման դեպքում։ Բազմանում է սերմերով և արմատային մացառներով։ Անդրկովկասյան դափնյակը արժեքավոր դեղաբույս է, նրանից ստանում են մի շարք կարևոր դեղամիջոցներ։ Ունի նաև մանրէասպան հատկություն[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 305։