Դավիթ Սարապյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Սարապյան
Դավիթ Էդուարդի Սարապյան
Ծնվել էփետրվարի 4, 1966(1966-02-04)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 10, 1991(1991-12-10) (25 տարեկանում)
Մահվան վայրՇահումյան շրջան, Արցախ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ

Դավիթ Էդուարդի Սարապյան, Դև (1966, փետրվարի 4, Երևան - 1991, դեկտեմբերի 10, Շահումյան, գյուղ Թոդան), Ազգային-արցախյան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ, գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թվականի փետրվարի 4-ին Երևանում, ճարտարապետի ընտանիքում։ Հայրը՝ Էդուարդ Սարապյանը, Երևանի գլխավոր ճարտարապետն էր, մայրը՝ Էմմա Սարապյանը, ականավոր գիտնական։ Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը։
1984 թվականի մայիսին մեկնել է խորհրդային բանակ, ծառայել Բայկոնուրի զորամասում, ապա՝ Խմելնիցկու մարզում։ 1985 թվականի հոկտեմբերին նրան դատապարտել են 4 տարվա ազատազրկման ազգամիջյան կոնֆլիկտի համար։ Բանտից դուրս գալուց հետո ինստիտուտ չի վերադարձել։ Աշխատել է որպես ռեժիսոր, գրել «300 վայրկյան» վիպակը[1]։

Հայր և որդի Սարապյանների հուշատախտակը Երևանում

Մարտական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին մեկնել է ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվել հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը, ապա՝ «Տիգրան Մեծ» ջոկատում։
Մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Ադրբեջանցիները նրան անվանել են «Ահեղ Դև»։
1991 թվականի հոկտեմբերի 30-ին մասնակցել է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը։
Զոհվել է Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։ Դևի աճյունն ամփոփված է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում (Ձերժինսկի) բացվել է Դավիթ Սարապյանի անունը կրող դասարանը։

Կյանքն արվեստի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է «300 վայրկյան» վիպակը, որը հետո վերածել է սցենարի։ «300 վայրկյան»-ն արժանացել է կինոգործիչների բարձր գնահատականին, իսկ Օդեսայի կինոստուդիան հաստատել է այն նկարահանման։

Մեջբերումներ Դավիթ Սարապյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դավիթն անմիջապես աչքի ընկավ։ Բարձրահասակ, ինտելիգենտ, ներկայանալի։ Զարմացնում էր իր էրուդիցիայով, կարդացածությամբ, բայց, դրանով հանդերձ, երբեք չէր ընդգծում իր գերազանցությունը։ Բոլորիս հիացնում էր նրա հումորի զգացումը. նրանից կատակների ու սրախոսությունների տարափ էր հորդում։ Եվ, իհարկե, ապշեցնում էր նրա բնածին ռազմական տաղանդը։ Ընդունակ էր ամենաբարձր մասնագիտական մակարդակով մշակել ռազմավարական բարդ գործողություններ և նույն հաջողությամբ իրականացնել դրանք։ Օժտված էր մարտական ու մարդկային հազվագյուտ հատկություններով։ Երբեք որևէ բան ուրիշի վրա չէր գցի, ստանձնում էր ամենաբարդ ու վտանգավոր առաջադրանքները։ Իմ ամենալավ հրամանատարներից էր, ում անվերապահ վստահում էի։ Իր մարտական գերազանց կարողությունները դրսևորեց հատկապես Տող գյուղի ազատագրման ժամանակ։ Այդ գործողությունը, որ մշակեց ու ինքն էլ կատարեց, դարձավ ֆանտաստիկ իրականություն»։
Կոմանդոս

«Դավիթ Սարապյանը մեր հաղթանակի սյուներից է, մեր ազգի տաճարի անկյունաքարերից մեկը։ Դեռ կարող էր շատ հաղթանակների հասնել, շատ բարձունքներ նվաճել, բայց, ավաղ։ Նրա հերոսական մահն ավելի բարձրացրեց Դավթի լուսավոր կերպարը, որ կրում եմ իմ մեջ…»։
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]