Դավիթ Առուշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Նիկոլայի Առուշանյան
նոյեմբերի 25, 1989(1989-11-25) - սեպտեմբերի 29, 2020(2020-09-29) (30 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԱրեգասար, Մարտակերտի շրջան, Արցախ
ԳերեզմանԵռաբլուր պանթեոն
Քաղաքացիություն Հայաստան
Ծառայության տարիներ2006-2010 թթ․ (ռազմական կրթություն)
2010-2020 թթ․ (զինվորական ծառայություն)
Կոչում ՀՀ ԶՈՒ մայոր
ԶորամասԻվանյանի զրահատանկային զորամաս
Հրամանատարն էրՄոտոհրաձգային գումարտակի
Մարտեր/
պատերազմներ
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
ԿրթությունՎազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան
Պարգևներ

Դավիթ Նիկոլայի Առուշանյան (նոյեմբերի 25, 1989(1989-11-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 29, 2020(2020-09-29), Արեգասար, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ զինվորական, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մայոր[1], Արցախի հերոս[2][3]։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Առուշանյանը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 25-ին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում Նիկոլայ և Լիդիա Առուշանյանների ընտանիքում[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Առուշանյանը 1996-2006 թվականներին սովորել է Երևան քաղաքի Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցում։ 2006 թվականին ընդունվել է Հայաստանի Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որն ավարտել է 2010 թվականին բարձր առաջադիմությամբ և Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտի կոչումով[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Առուշանյանն ամուսնացած էր Լուսինե Թավադյանի հետ։ Կինը բնակվել է Շուշի քաղաքում, որտեղ էլ ծանոթացել են և ամուսնացել 2011 թվականին։ Ուներ 4 երեխա՝ 3 տղա (Ալեքս, Դանիել, Հայկ) և 1 աղջիկ (Լիդա)[2]։

Ծառայությունը զինված ուժերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Առուշանյանը, 2010 թվականին լեյտենանտ զինվորական կոչումով ավարտելով Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ծառայության է ուղարկվում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան բնակավայրի մոտակայքում գտնվող տանկային զորամաս[2]։

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Առուշանյանը՝ պատերազմի օրերին։

Լինելով Արցախի Պաշտպանության բանակի սպա՝ Դավիթ Առուշանյանը անմիջականորեն մասնակից է եղել 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսված հայ-ադրբեջանական պատերազմին, պաշտպանել Արցախի Հանրապետության Մատաղիս-Թալիշ պաշտպանական բնագիծը։

Սեպտեմբերի 29-ին Արեգասար լեռան մոտ մայոր Դավիթ Առուշանյանը իր զինակիցների հետ մարտի մեջ է մտնում ընդդեմ Ադրբեջանի զինված ուժերի մեծաքանակ զորքի։ Հրամանատարությունից երկու անգամ ստանալով նահանջի հրաման՝ չի ենթարկվում և իր անձնակազմով ոչնչացնում է ադրբեջանական չորսից ավել զրահատեխնիկա ու պատճառում մեծ քանակությամբ կենդանի ուժի կորուստ։ Մարտի ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից խոցվում է մայոր Առուշանյանի հետևակի մարտական մեքենան, ինչի հետևանքով ինքն էլ վիրավորվում է։ Մայոր Առուշանյանը դուրս է գալիս իր խոցված զրահամեքենայից և մտնում հետևակի մեկ այլ մարտական մեքենա և մինչև զինամթերքի վերջանալը շարունակում սկսված անհավասար մարտը։ Այնուհետև Դավիթ Առուշանյանը մտնում է 3-րդ զրահամեքենան և շարունակում մարտական գործողությունները՝ իր զրահամեքենայով մխրճվելով ադրբեջանական զինուժի խորքը[1][2]։ Մայոր Առուշանյանը զոհվում է իր վարած հետևակի մարտական մեքենայով ադրբեջանական զրահապատ մեքենայի մեջ մխրճվելով և այն պայթեցնելով։

Մայոր Դավիթ Առուշանյանի հետ միասին մարտնչում էին Հովիկ Ասատրյանը, Արեն Չոբանյանը։ Նրանց գործողությունների շնորհիվ ադրբեջանական զինված ուժերի մեծաթիվ ստորաբաժանումների առաջխաղացումը կանգնեցվում է[2]։

Արցախի հերոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար մայոր Դավիթ Առուշանյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում[2]։

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Առուշանյանը եղել է հայ զորավար Գարեգին Նժդեհի գաղափարախոսության կրողը։ Ըստ ընտանիքի անդամների՝ հաճախ էր մեջբերում Նժդեհի խոսքերը։ Կնոջ՝ Լուսինեյի պատմելով՝ Դավիթ Առուշանյանն այնքան հաճախ էր մեջբերումներ կատարում Նժդեհի գրած մտքերից, որ ինքն առօրյա զրույցների ընթացքում շփոթում էր արդյո՞ք այս անգամ Նժդեհին է ցիտում, թե՞ իր մտքերն են։ Ըստ Լիդա Առուշանյանի՝ Դավիթը հաճախ էր կրկնում Նժդեհի՝ «Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի» արտահայտությունը[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Առուշանյանը պարգևատրվել է «Արիություն», «Անբասիր ծառայութան համար» մեդալներով, իսկ հետմահու՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի և Արցախի հերոսի կոչումով ու «Ոսկե արծիվ» շքանշաններով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]