Դավիթ Դվնեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դավիթ Դվնեցի (ծ. թ. անհայտ – նահ. 701, ըստ այլ աղբյուրների՝ 693, հանգչում է Դվինի Ս. Կաթողիկե եկեղեցու վկայարանում), վկա, տոնելի։ Պարսիկ հոր և քրիստոնյա մոր զավակ, իշխանական տոհմից։ Նախկինում՝ իսլամական (Սուրհան անունով)։ Ծառայել է Հայաստանում՝ արաբ. բանակում։ Մոր միջոցով ծանոթանալով քրիստ. վարդապետությանը՝ կամեցել է մկրտվել Հիսուս Քրիստոսի անունով։ Նրան կնքել է Անաստաս Ա Ակոռեցի կաթողիկոսը՝ անվանակոչելով Դավիթ. կնքահայր է կանգնել Գրիգոր Ա Մամիկոնյան իշխանը (պատրիկը)։ Դ. Դ. բնակություն է հաստատել Դվինում և մոտ 30 տարի ապրել այնտեղ՝ առաքինազարդ քրիստ. կյանքով։ Երբ Սահակ Գ Ձորոփորեցի կաթողիկոսի օրոք (677–703) Հայաստանի վրա ոստիկան է կարգվել «ժանտ» Աբդուլլահը, հալածանքներ են սկսվել քրիստոնյաների նկատմամբ։ Դ. Դ-ուն առաջարկվել է ուրանալ քրիստոնեությունը և դառնալ նախկին կրոնին։ Հրաժարվելու պատճառով նրան խաչել են՝ երեսը դեպի արևմուտք։ Ավանդությունը պատմում է, որ խաչափայտը հրաշքով շրջվել է դեպի արևելք։ Գեղարդով խոցել են Դ. Դ-ու սիրտը, կողերը և նահատակել։ Այդ գեղարդը, խաչի ձև տալով, հայերը դրել են նրա վկայարանի վրա։ Հայ եկեղեցին ս. Դ. Դ-ու հիշատակը տոնում է Խաչվերացի 3-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը։ Նրան է նվիրված երեք տնից բաղկացած «Մանկունք» անվանումով շարականը («Լցեալ աստուածային շնորհիւ...»)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբերու կյանքը, Բեյրութ, 1994։
  • Գալուստյան Շ., Հայազգի սուրբեր, Երևան, 1997։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002։