Jump to content

Դավիթ Գյուրջինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Գյուրջինյան
Ծնվել էօգոստոսի 26, 1962(1962-08-26) (63 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունլեզվաբան, խմբագիր և հայագետ
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1984) և Գևորգյան հոգևոր ճեմարան (1993)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Դավիթ Սևանի Գյուրջինյան (օգոստոսի 26, 1962(1962-08-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, հայերենագետ, խմբագիր։ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1962 թվականի օգոստոսի 26-ին Երևանում, գերմաներենի ուսուցչի ընտանիքում։ 1979 թվականին ոսկե մեդալով ավարտել է Կամո (Գավառ) քաղաքի համար 1 միջնակարգ դպրոցը։ 1984 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մայրենի լեզվի և գրականության ֆակուլտետը։ 1984-1995 թվականներին որպես փորձալրող, ասիստենտ, դոցենտ աշխատել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնում։ 1985-1986 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։

1989 թվականի փետրվարի 13-ին «Նախդիրների բառակազմական արժեքը հայերենում» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1993 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած «Երիտասարդ գիտնականներ» մրցույթի հաղթող է ճանաչվել հայոց լեզվի բառակազմական իմաստաբանությանը նվիրված ուսումնասիրությունների համար[1][2]։

1993-2018 թվականներին հայոց լեզու է դասավանդել Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 1995-2020 թվականներին աշխատել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում՝ որպես հայագիտության ամբիոնի դոցենտ, դասավանդել հայերենագիտական տարբեր առարկաներ։

Մասնակցել է միջազգային, հանրապետական և այլ գիտաժողովների, լեզվաբանական գործնական հանդիպումների։ 2011-2014 թվականներին համատեղությամբ եղել է Հայաստանի աստվածաշնչային ընկերության խմբագրական-հրատարակչական բաժնի տնօրենը։

2018 թվականի հունիսից մինչև 2023 թվականի մարտի 16-ը եղել է ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահը։

2023 թվականի մարտի 14-ին նշանակվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պատասխանատու։ 2024 թվականի ապրիլի 18-ին նշանակվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր։

Մանկական «Ուրախ գնացք» և պատանեկան «Իմ մոլորակը» ամսագրերի հիմնադիր գլխավոր խմբագիր։

Շուրջ 150 գիտական, ուսումնական, մեթոդական գրքերի, հոդվածների, աշխատանքների հեղինակ (և համահեղինակ) է։ Անկուսակցական է։

Ամուսնացած է, ունի երկու դուստր և երեք թոռ։

  • «Հայերեն բառարան-տեղեկատու. միասին, անջատ կամ գծիկով գրվող բառեր»
  • «Մեծատառ, թե փոքրատառ»
  • «Անուն խոսքի մասերի թվի կարգը արդի հայերենում. քերականական բառարան-տեղեկատու»
  • «Կրոնաեկեղեցական լեզվական միավորների քննություն»
  • «Հայոց լեզու. գործնական աշխատանքների ձեռնարկ բուհերի ուսանողների համար»
  • «Հայերենում գործածվող տառային հապավումների բառարան» (վերջին երկուսը՝ Ն. Հեքեքյանի համահեղինակությամբ։ Գրքերի մի մասն ունեցել է բազմաթիվ հրատարակություններ։

Հայաստանի հանրակրթական դպրոցների մայրենիի և հայոց լեզվի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, ինչպես նաև 7-րդ և 10-րդ (հումանիտար հոսք, դասարանների դասագրքերի հեղինակ (համահեղինակներ՝ Ն. Հեքեքյան, Թ. Ալեքսանյան, Ա. Գալստյան)։

Տասը տարուց ավելի ղեկավարել է դպրոցականների հայոց լեզվի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի աշխատանքները։ Հայոց լեզվի ու գրականության համահայկական բոլոր օլիմպիադաների հանձնաժողովի փոխնախագահ, նախագահ։

Արբանյակային Հ1 հեռուստատեսությամբ վարել է «Խոսում ենք հայերեն» հեղինակային հաղորդումը։

Հրատարակության է պատրաստել Նոր Կտակարանը (իմաստային թարգմանություն, որն ունեցել է բազմաթիվ հրատարակություններ), «Սաղմոսագիրքը» (սրանց դասական ուղղագրությամբ տարբերակները մի քանի անգամ լույս են տեսել Թեհրանում)։ Խմբագրել է «Աստվածաշնչի հանրագիտարանը», «Աշակերտի Աստվածաշունչը», «Մանուկների Աստվածաշունչը» (տարիքային տարբեր խմբերի երեխաների համար), «Աստվածաշնչի ամփոփ ուղեցույցը» և այլն։ Գրաբար Աստվածաշնչի համաբարբառի պատասխանատու խմբագիրն է (Ս. Էջմիածին, 2012 թվական, 1908 մեծադիր էջ)[3][4]։

Հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «HARTAK.am». HARTAK.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.(չաշխատող հղում)
  2. «Հայոց լեզվին ոչինչ չի պատահել, մենք պետք է այն լավ գործածենք.Դավիթ Գյուրջինյան». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  3. «Հայերենը վտանգված է, որը գալիս է մեր տնաբույծ քաղքենիներից. Դավիթ Գյուրջինյան». news.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  4. «Հայոց լեզվի խնդիրները. Դավիթ Գյուրջինյան | :Բուն TV». boon.am. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  5. «Մայրենի 6». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  6. «The Armenian Church - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին». www.armenianchurch.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  7. «Մեծատառ, թե փոքրատառ. հայերեն բառարան-տեղեկատու». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]