Դաշտային հետազոտության մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
FMIB 39962 Lower Laboratory, Port Side -of the Albatross-.jpeg

Դաշտային (արշավախմբային) հետազոտությունն աշխարհագրության համալիր հետազոտության դասական և ամենահին մեթոդն է, որը կիրառվել է աշխարհագրության սկզբնավորման ժամանակաշրջանից։ Դաշտային հետազոտության նպատակը դիտարկումների միջոցով առաջնային տեղեկույթ ստանալն է ուսումնասիրվող աշխարհագրական օբյեկտների, դրանց տարածական բաշխման, քանակական և որակական ցուցանիշների մասին։ Դաշտային հետազոտություն կարելի է իրականացնել անշարժ (ստացիոնար), կիսաանշարժ և երթուղային եղանակներով։ Առաջին երկու եղանակներով իրականացվում են երկարաժամկետ և հիմնարար, իսկ երթուղային եղանակով՝ կարճաժամկետ ու քիչ ծախսատար հետազոտություններ։ Նկատի ունենալով, որ դաշտային հետազոտության մեթոդով տարածքի համատարած ուսումնասիրությունը ծախսատար է, հաճախ ընտրվում են փոքր տարածքներ կամ առանցքային առանձին օբյեկտներ, այնուհետև արդյունքներն ընդհանրացվում են ավելի մեծ տարածքների ու օբյեկտների համար։

Դաշտային հետազոտության փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտային հետազոտության աշխատանքները սովորաբար կատարվում են երեք փուլով՝ նախապատրաստական, բուն դաշտային և հետդաշտային կամ ավարտական։ Աստիճանաբար ավելանում են հետազոտությանը վերաբերող ընդհանուր տեղեկույթի աղբյուրները՝ առավել մանրամասն և որակյալ տեղագրական քարտեզներ, օդատիեզերական լուսանկարներ և բազմաթիվ այլ նյութեր։ Դրանց տվյալներն օգտագործվում են դաշտային հետազոտության նախապատրաստական աշխատանքների փուլում։ Բնականաբար, կրճատվում են բուն դաշտային հետազոտությունները։ Իսկ համակարգչային տեխնոլոգիաների կիրառումը, տվյալների մաթեմատիկական մշակումը, տարբեր գծապատկերային մոդելների ստեղծումը, քարտեզների կազմումն ընդլայնում են հետդաշտային աշխատանքների ծավալները։ Նախքան հետազոտության նախապատրաստական աշխատանքներին անցնելը ճշտվում է խնդրի դրվածքը, հստակեցվում նպատակը և կազմվում համապատասխան ծրագիր։

Նախապատրաստական աշխատանքների փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատրաստական աշխատանքների փուլում կատարվում են ընտրված տեղամասի և աշխատանքի ուղվածության վերաբերյալ նյութերի հավաքագրում և ուսումնասիրում։ Մասնավորապես հավաքագրում են հրապարակումները, թվային, գծապատկերային, քարտեզագրական, արխիվային նյութերը։ Նախապատրաստվում է անհրաժեշտ գործիքներ սարքավորումներ՝ դաշտում համապատասխան դիտարկումներ և չափումներ կատարելու համար։ Եվ ամենակարևորը՝ պատրաստվում է գրառումների գրքույկ, որը նախատեսված է դաշտային հետազոտությունների արդյունքների գրանցման համար։ Հաճախ գրառումների գրքույկի փոխարեն օգտագործվում է համակարգիչը։

Դաշտային աշխատանքների փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտային աշխատանքների փուլում՝ մինչև բուն հտազոտությանն անցնելը, կատարվում են տեղամասի նախնական հետախուզում (ծանոթացում տեղանքին) և հետազոտության համար առանցքային տեղամասի ընտրություն։ Առանցքային տեղամասը ենթարկվում է համալիր ուսումնասիրության։ Տեղամասում պետք է լինեն օբյեկտներ (օրինակ՝ լանդշաֆտներ), որոնք բնորոշ են ուսումնասիրվող ամբողջ տարածքին։ Առանցքային տեղամասում ընտրվում են դիտարկումների հենակետեր։ Այնտեղ կատարվում են աշխարհագրական թաղանթի բաղադրիչների (լեռնային ապարների, հողերի, բույսերի, ջրերի և այլն) քանակական և որակական հատկանիշների մանրամասն դիտարկում ու նկարագրում։

Հետդաշտային կամ ավարտական փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտային հետազոտության աշխատանքներում չափազանց կարևոր են նմուշների հավաքում, փաթեթավորումը, նշագրումը և տեղափոխումը՝ հետդաշտային ուսումնասիրությունների համար։ Նմուշները սովորաբար վերցվում են աշխարհագրական թաղանթի տարբեր բաղադրիչներից՝ ապարներից, բույսերից, հողերից, ջրերից և այլն։ Հետազոտության համար արժեքավոր են նաև դաշտում կատարված լուսանկարները։ Բուն դաշտային աշխատանքներից հետո սկսվում է հետազոտությունների հետդաշտային կամ ավարտական փուլը։ Այս փուլում կատարվում են հավաքագրված տվյալների և նմուշների մշակման, մոդելավորման, վերլուծման և եզրահանգման աշխատանքներ։ Ստացված արդյունքները կիրառվում են ինչպես աշխարհագրության (քարտեզագրության, մոդելավորման և այլն), այնպես էլ զարգացնելու տնտեսության տարբեր ոլորտներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 10-րդ դասարանի հումանիտար հոսքի աշխարհագրության գիրք, Մաքսիմ Մանասյան, Թրահել Վարդանյան